HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոգու սովը եկել է կամ «Եւ դու՞, Աշոտյան»…

Ստեփան Գյոզալյան

«Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով». Ավետիք Իսահակյան

 Ընտրությունների ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, թե Աշոտյանին դեսպան են նշանակելու որեւէ երկրում, անհանգստացա: Մտածում էի, որ տեղը մի բառիս բուն իմաստով չինովնիկ կդնեին: Ոնց որ` Պոլիտեխնիկի ռեկտորին: Ինքը շփվող է, ավելի մարդամոտ, գիտության ու կրթության խնդիրներին արդեն քաջածանոթ, եւ կարծում էի, որ իր ենթակայության տակ գործող հաստատությունների աշխատողների համար վերեւներում ինքը կարող է հարկ եղած դեպքում իր ծանրակշիռ խոսքն ասել:

Բայց այսօր բյուջետային քննարկումներ էին ու.

«Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Հայաստանում գիտնականների աշխատավարձերը պետք է ավելի բարձր լինեն, սակայն պետությունը ֆինանսավորում է իր հնարավորությունների սահմաններում: «Մեզ համար սա իսկապես ցավոտ թեմա է, քանի որ գիտնականները արժանի են ավելի բարձր վարձատրության»,- ասաց նա:

Ես էլ մտածում էի՝ Աշոտյանն ու՜ր, վարչապետն ու՜ր…

Նախ ասեմ, որ «հնարավորությունների սահմաններում»-ը ոչինչ չասող, անորոշ, վարչապետին հատուկ բառեր են: Իրականում «հնարավորությունների սահմաններում»-ը երկրի ՀՆԱ-ն է: Մենակ ես չէ. շատերն են ասել, որ պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ երեւում է ՀՆԱ-ից հատկացվող տոկոսներով, որ դրա 1 տոկոսից պակասի դեպքում գիտությունը հետզհետե մահանում է: Եթե համաձայն եք, որ մեր «հնարավորությունների սահմաններում»-ի 0.3 տոկոսն էլ չհատկացվի գիտությանը, այդպես էլ ասեք:

Օրինակ, ինձ թվում էր, որ «հնարավորությունների սահմաններում» իմաստ չուներ մի մարդու գոհացնելու համար ճարտպետկոմ ստեղծել, հետո էլ ձեռը կրակն ընկնել, թե ճարտպետկոմի համար պետք է սահմանադրական փոփոխություններ անել: Բա այդ դեպքերում նախարարները չեն ընդվզում ու ասում, ա՛յ մարդ, իմ ոլորտին ֆինանսները կատաստրոֆիկ չեն հերիքում. ի՞նչ ճարտպետկոմ-մարտպետկոմ… «Հնարավորությունների սահմաններում» էլ ինչքա՜ն հանցավոր ու անիմաստ բաներ են արվում…

Պարոն Աշոտյանն ասում է, որ ստեղծագործ գիտնականները կարող են գրանտներ ստանալ ու յոլա գնալ: Բա որ մի անգամ չստացվի գրանտ ստանալը… Էլ ստեղծագո՞րծ չեն… Բա մի քիչ նվազ «ստեղծագործ» գիտնականնե՞րը. գրանտները հո թափա՞ծ չեն… Կոտորվեն, հա՞…  Այսինքն` ով գրանտ չի ստանում, վա՞տ գիտնական է ու արժանի «հնարավորությունների սահմաններում»-ի նետած գրոշներին:  Արմեն Կուզանյանը ժամանակին այդ մասին գրել է՝ «Если бы утверждение маленькая зарплата = плохой ученый соответствовало действительности, то решить проблему можно было бы очень просто. Сократить всех ученых у кого маленькая зарплата и сразу получить зарплаты на уровне развитых стран. Правда, тогда окажется, что науки и не осталось. Ну, не могут 300 человек делать науку даже маленькой страны».

Այսօր անկեղծ չէր պարոն Աշոտյանը… Ու եթե մի օր իր զավակները հարցնեն, թե արդյո՞ք լավ է աշխատում հայրիկը, հո չե՞ն բողոքում իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատողները, կուզեի, որ մեր նախարարը պատասխանի անկեղծ, որ բողոքում են ու ինքն էլ այնքան լավ չի աշխատում…

Վերջում մի պարզ թվաբանություն անեմ. կառավարությունումս կարող է այդքան մանր բաների ուշադրություն չեն դարձնում: Ուրեմն, ամռան ամիսներին կոմունալ ծախսերի համար վճարվում է նվազագույնը 15-20 հազար դրամ: Կարող է մի քիչ ոչ նվազագույնը լինի 25-30 հազար դրամ: 45 հազար ստացողի ձեռքին մնում է մի 25 հազար դրամ, իսկ հանրապետության միջին 150 հազար ստացողի ձեռքին՝ 125: Դատավորների համար դե սա հարց չի: Ստացվում է, որ հանրապետության միջին ու նվազագույն աշխատավարձ ստացողի (հիմա՝ գիտության ոլորտի աշխատողի) փաստացի գումարի հարաբերակցությունը 5:1…

25 հազարով էլ ապրել չի լինում…

Հ.Գ. Կարո՞ղ է ուզում են, որ բոլոր գիտնականներն ստիպված տաքսիստ դառնան ու հաճելի, մատչելի, օգտակար զրույցներով լուսավորեն ազգիս տաքսուց օգտվող ուղեւորների հատվածին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter