HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմությու՞ն, թե՞ պատմության իմիտացիա. Գառնու կամրջի վերականգնման մասին

Եվա Սարգսյան, ճարտարապետության տեսաբան, UCL, Bartlett School of Architecture

2006թ. մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղավ Գառնու կամրջի վերականգնման աշխատանքներին, որոնց նպատակն էր ամրակայել վթարային վիճակում գտնվող կամուրջը և վերականգնել դրա «իրական»՝ նախնական տեսքը: Սակայն ո՞րն է այդ տեսքը, և ի՞նչ տեսքով, ի վերջո, կամուրջը վերականգնվեց: Սա հիմնական հարցերից մեկն է:

Գառնու կամուրջը միաթռիչք կամուրջ է՝ Գառնու ձորով հոսող Գողթ գետի վրա: Մինչ վերականգնման աշխատանքները կամրջի պատերը շարված են եղել ճեղքված բազալտե քարերով, իսկ կրկնակամարն ու թաղը՝ սրբատաշ տուֆով: Վերջինները պահպանվել են նաև վերականգնումից հետո: 

Կամրջի կառուցման մասին հստակ պատմական տեղեկություններ չկան, սակայն, ըստ մասնագետների փաստարկի, մասնավորապես՝ Վ. Հարությունյանի, այն կառուցվել է միջնադարում (X-XIII դդ.): Կամրջի կերպարի մասին փաստող պահպանված հիմնական նյութը, որին հղում է արվում, 1945թ. Բալասանյանի արած չափագրությունն է (նկ.1), որտեղ կամուրջը ներկայացված է կանոնավոր շարով (սրբատաշ թե ոչ՝ կդիտարկենք ստորև):

Բալասանյանի չափագրությունը (նկ.1)

Կամրջից պահպանված ևս երկու գծագրեր կան, որոնցից մեկում՝ արված ավելի ուշ՝ 1950-ականներին Խալփախչյանի կողմից (նկ.2), կամուրջն արդեն ակնհայտորեն պատկերվում է անկանոն ձևի քարերի շարվածքով, իսկ Վ. Հարությունյանի չափագրության մեջ շարվածքը ներկայացված է պայմանական գրաֆիկական պատկերմամբ, առանց քարերի շարի և մշակման հստակ պատկերման (նկ.3):

Խալփախչյանի գծագիրը(նկ.2)

Մինչ մեր օրերը կամուրջը հասել էր հենց այդ կերպարով՝ հարակից տարածքից հավաքված ճեղքված բազալտի քարերից շարված պատերով, որը համարվում է գյուղական բնակչության՝ կիսաքանդ կամուրջը ինքնուրույն վերականգնելու փորձ:

Հարությունյանի չափագրությունը(նկ.3)

Ներկա սերունդների հիշողության մեջ կամուրջը մնացել և սիրվել էր հենց այդ, ոչ թե իր նախնական՝ ենթադրելի սրբատաշ տեսքով, այլ անկանոն ձևի և շարվածքի, կարծես տեղի լանդշաֆտի մի մաս դարձած կառուցվածքով, որը թեկուզև նաիվ, նույնիսկ կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ ճարտարապետական կառուցվածք էր, սակայն ինքնին մշակութային արժեք էր որպես վերնաքուլար՝ ժողովրդական պարզ, կոնտեքստային ճարտարապետական ստեղծագործություն: Հաշվի առնելով նաև այն գեղանկարչականությունը, որը կամուրջը ստացել էր տասնամյակների ընթացքում՝ տեղ-տեղ ավերվելով ու պատվելով կանաչով՝ կարելի է հստակ պատկերացնել այն կերպարը, որը և դարձել էր ճանաչելի ու այդքան սիրելի (տես` առաջին լուսանկարը):

Վերականգնման նախագծում առաջարկ արվեց անկանոն շարվածքը փոխարինել տուֆե սրբատաշ շարվածքով և ավելացնել պարապետ: Այս մոտեցման ընտրության հիմնավորումն այն էր, որ փաստերը՝ Բալասանյանի չափագրությունը և այն ընդհանրական տեղեկությունը, որ միջնադարում Հայաստանում կամուրջներն ընդհանրապես արվում էին սրբատաշ շարով, վկայում են այն մասին, որ Գառնու կամուրջը նույնպես ի սկզբանե ունեցել է հենց այդպիսի կառուցվածք, որն էլ, ըստ երևույթին, պահպանվել էր առնվազն մինչ 1945թ., երբ արվել էր Բալասանյանի վերոնշյալ չափագրությունը: 2006թ. սկսված և ընդհատումով 2013-ին ավարտված վերականգնողական աշխատանքների արդյունքում կամուրջը վերականգնվեց սրբատաշ շարվածքով և ստացավ աստիճանաձև պարապետ (նկ.5):


Կամրջի վերականգնողական աշխատանքների պատմությունն ընդհանրապես բավականին բարդ է: 2006թ. կամուրջը մասամբ վերականգնվեց պատերի սրբատաշ շարվածքով, ինչից հետո աշխատանքներն ընդհատվեցին, վերսկսվեցին 2012թ. և վերջնականապես ավարտվեցին 2013-ին: Սակայն, երբ երկրորդ փուլով շինարարական աշխատանքները վերսկսվել էին նույն նախագծային առաջարկով, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանման ծառայություն ՊՈԱԿ-ը առաջ քաշեց կամրջի սրբատաշ շարվածքի և պարապետերի ավելացման խնդրահարույց լինելու հանգամանքը, ինչի արդյունքում կրկին հրավիրվեց գիտամեթոդական խորհուրդ՝ հարցը նորից քննելու: Այս քննարկումների արդյունքում շատ բան չփոփոխվեց, կամուրջն, ի վերջո, վերականգնվեց աստիճանաձև պարապետերով, իսկ շարվածքն արվեց սրբատաշի և կոպտատաշի միջանկյալ տարբերակով:

Սիրված կամրջի կերպարի նման «նորացումը» մեծ ռեզոնանս առաջացրեց մասնագիտական եւ լայն հասարակայնության շրջանում: Քննադատությունները շատ էին և տարբեր՝ մասնագիտականից մինչև զգայական և անհատական մեկնաբանություններ: Այստեղ ուզում ենք ի մի բերել բոլոր այն կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք այդ օրերին հնչել են մասնագետների և հանրության կողմից՝ փորձելով վերլուծաբար անդրադառնալ դրանց բովանդակությանը:

Վերականգնման նախնական նախագծի, ինչպես նաև դրա վերջնական տարբերակի և իրականացված աշխատանքի առնչությամբ հնչող քննադատությունները հետևյալն էին.

  1. Կամուրջը կորցրել է, ոչ թե վերագտել իր կերպարը: Այն, ինչ արվել է, ոչ մի կապ չունի կամրջի ճանաչելի կերպարի հետ, բացի այդ՝ վերակառուցված կերպարով այն կորցրել է իր գեղարվեստականությունն ու թե՛ պատմական, թե՛ ճարտարապետական հետաքրքրությունը:
  2. Նախնական նախագծով առաջարկվող և սկզբնապես իրականացված սրբատաշ երեսպատման շարվածքն իրականում չի համապատասխանում այն սրբատաշին, որը կիրառվում էր կամրջի կառուցման պատմական ժամանակներում: Նույնը կարելի է ասել նաև վերջնական արդյունքի՝ կիսակոպտատաշ մշակման մասին:
  3. Պարապետերը, որոնք ավելացվել են վերակառուցման նախագծում, ոչ մի կապ չունեն հուշարձանի հետ, դրանց գոյության մասին փաստող ոչ մի նյութ չի պահպանվել:

Սրանք այն հավաքական կարծիքներն ու փաստարկներն են, որոնք ներկայացվել են հանրության և մասնագետների կողմից: Դիտարկենք այս փաստարկները ըստ հերթականության:

1. Արդյոք կամուրջը կորցրե՞լ, թե՞ վերագտել է իր կերպարը:

Դեռ չանդրադառնալով կամրջի պատմական կերպարի մասին փաստող պատմա-արխիվային նյութերի հավաստիությանը՝ ենթադրենք, իրոք, կամուրջը ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շարված է եղել սրբատաշ քարերով, որն էլ իր նախնական կառուցվածքն է եղել: Այդ դեպքում ո՞րն է համարվում կարևոր պատմական շերտ՝ այն, որը մնացել է ներկայի հիշողության մեջ, թե՞ այն, որը միայն պատմությանն է պատկանում: Ի վերջո, չէ՞ որ անկանոն և կոպտատաշ շարվածքով այն կերպարը, որը գուցե ընդամենը մի քանի տասնամյակի պատմություն ունի (ենթադրելի է` 60-70 տարվա), ևս մի քանի տասնամյակ հետո, եթե ոչ արդեն հիմա, կարող է համարվել լիիրավ պատմական շերտ: Այդ դեպքում ինչու՞ նախապատվությունը չտալ այն կերպարին և պատմական շերտին, որով այն հասել է մեզ և կարևորվել մեր մշակույթի ու ներկայի համար:

Այստեղ պետք է ասել, որ հուշարձանի հարցերը քննարկող գիտամեթոդական խորհրդի վերոնշյալ՝ N1, 20.01.2012-ին կայացած նիստի արձանագրության[1] մեջ կարդում ենք, որ  կամրջի երեսպատման բնույթի վերաբերյալ երկար քննարկումների արդյունքում մասնագետներն առաջարկեցին կամրջի վերականգնված երեսպատման մեջ ցույց տալ դրա բոլոր հնարավոր պատմական շերտերը: Այսինքն, առաջարկություն էր արվել՝ համարելով, որ կամրջի նախնական կառուցվածքը սրբատաշ շարվածքով երեսպատումն է, վերականգնումն իրականացնել այդպես, բայց որպես վերջին տարիներին ձևավորված պատմական շերտի մասին փաստարկ՝ կամրջի խելի մոտ այդ կոպտատաշ, անկանոն շարվածքից թողնել մի հատված (նկ. 6): Այս մոտեցումն, իհարկե, վերականգնման պրակտիկայի տեսանկյունից գրագետ և ընդունելի, եթե ոչ՝ պարտադիր մոտեցում է:


Սակայն վերականգնման պրակտիկան, նեղ գիտական լինելուց զատ, նաև որոշակի առումով ստեղծագործական կարող է համարվել, այսինքն՝ որոշ դեպքերում հնարավորություն է ընձեռում վերականգնող ճարտարապետին մեթոդական պարտադիր և անզանցելի սկզբունքների սահմաններում իրականացման տեսանկյունից որոշակի մեկնաբանություն մտցնել: Կարծում եմ, որ Գառնու կամուրջն այդ դեպքերից մեկն էր: Հնի և նորի համատեղման թեման ճարտարապետության միջազգային պրակտիկայում հատկապես այսօր առանձին ուղղություն է դառնում թե՛ գաղափարական-էսթետիկական, թե՛ տեխնիկական տեսանկյունից: Կարծում եմ, որ կամրջի կառուցվածքի մեջ խելերի հատվածում նախկին կոպտատաշ շարից թողնված հատվածները կարող էին ճարտարապետականորեն շատ ավելի հնչեղ թեմա դառնալ, մինչդեռ իրականացված տարբերակում այդ հատվածները ընդհանուր շարվածքի մեջ ճարտարապետականորեն չեն ներգծվում և ընթերցվում են որպես ամբողջին արհեստականորեն պարտադրված էլեմենտ:

2. Որքանո՞վ է շարվածքի այն ձևը, որով, ի վերջո, վերականգնվեց կամուրջը, համապատասխանում դրա պատմական կերպարին:

Նախ՝ քննարկենք սրբատաշ շարվածքի տարբերակը, որով իրականացվեց կամրջի պատերի նախնական շարվածքը: Ընդունենք, թե սրբատաշով վերականգնման օգտին խոսող պատմական փաստերը բավարար են: Այնուհանդերձ, ակնհայտ խնդիրն այն է, որ այսօր՝ 21-րդ դարում իրականացվող սրբատաշ շարվածքը, որը և կիրառվել էր կամրջի վերակառուցման աշխատանքների ընթացքում սկզբնապես, իրականացման տեխնիկայի տեսանկյունից տարբերվում է միջնադարում կիրառվող մոտեցումից, ինչի արդյունքում էլ բացարձակ այլ պատկեր է ստացվում: Ավանդաբար սրբատաշ քարերի կտորներ ստանալու համար դրանք տաշվում էին ձեռքով, ինչի արդյունքում քարի սրբատաշ մակերևույթը որոշակի ֆակտուրա էր ունենում, մինչդեռ այսօր դրանք կտրվում և հղկվում են էլեկտրական գործիքներով, ինչն էլ քարի մակերևույթը զրկում է իր ֆակտուրայից, այն նմանեցնում հարթ սվաղի: Բացի այդ, որպես կապակցանյութ է օգտագործվել ցեմենտակրային շաղախը, մինչդեռ նախկինում կամրջի շարվածքն արված էր միայն կրային շաղախով: Նաև պետք է շեշտել շարվածքի մեջ քարերի միջև շաղախի շերտի առկայությունը, որոնք քարերն արտաքնապես պարուրում են չորս կողմից, ինչը սրբատաշ շարվածքում չի կիրառվում: Եվ ամեն դեպքում ոչ մի փաստ չկա, որ կամուրջը նախապես շարված է եղել նման շարվածքով (նկ. 6):

Սակայն այսքանով կամրջի շարվածքի իրականացման տեխնիկական խնդիրները չեն ավարտվում: Գիտամեթոդական խորհրդի վերոնշյալ նիստում խոսվեց սրբատաշ շարվածքի ընտրության խնդրահարույց լինելու հանգամանքի մասին: Խորհդրի անդամներից շատերը համաձայնեցին այն կարծիքի հետ, որ արդեն մասամբ շարված սրբատաշ շարի քարերը պետք է տաշել՝ հաղորդելով որոշակի ֆակտուրա, որն ավելի հարազատ կարող էր լինել ավանդական տաշվածքի ֆակտուրային, իսկ նոր շարվածքը նույնպես շարունակել իրականացնել նմանատիպ տաշված քարերով: Սակայն, նման մոտեցման արդյունքում պատկերը նույնքան արհեստական է և պատմական, իրական կերպարի հետ կապ չունեցող, որքան և «սվաղած» սրբատաշը: Բացի այդ, նման ֆակտուրա ստանալը չի կարող ինքնանպատակ լինել: Աուտենտիկ տեխնոլոգիաների կիրառման դեպքում այդ ֆակտուրան ինքնաբերաբար է ստացվում, մինչդեռ վերականգնման այս տարբերակում հակառակ մոտեցումն է եղել՝ չպահպանելով հուշարձանին հարազատ, աուտենտիկ տեխնոլոգիաները՝ փորձել միայն ստանալ վերջնական արդյունքի պատկերը:  

 Հին և նոր կիսակոպտատաշ քարերով շարվածքների տարբերությունն ակնհայտորեն երևում է պահպանված կամարների և նոր շարված պատերի համեմատության մեջ (նկ.6): Իհարկե, կարելի է որպես փաստարկ բերել այն հանգամանքը, որ նոր շարվածքը պետք է տարբերվի հնից, նախնականից: Սակայն եթե խնդիր է դրված վերստեղծել կամ վերականգնել նախնական հուշարձանը, ապա այն պետք է ամբողջովին վերարտադրի հինը ՝ թե՛ կիրառված տեխնոլոգիայի, թե՛ կերպարի տեսանկյունից: Հակառակ դեպքում կամրջի վրա կատարված աշխատանքները հնարավոր չէ բնութագրել ոչ միայն որպես վերականգնում, այլև նույնիսկ որպես վերստեղծում:

 3. Արդյո՞ք բազրիքների ավելացումը հարիր էր դրա պատմական և ճարտարապետական կերպարին:

 Բազրիքները, միանշանակ, կարևոր ֆունկցիոնալ դեր ունեն, դրանց անհրաժեշտությունն այսօր կա և գուցե միշտ էլ եղել է: Սակայն կա՞ն, արդյոք, դրանց նախնական գոյության մասին փաստեր: Եվ եթե այո, որքանո՞վ է դրանց՝ նման ձևով իրականացումը ճարտարապետականորեն տրամաբանական: Բազրիքների նախնական գոյությունը փաստվում է նույն տրամաբանությամբ, ինչով հիմնավորվում է նաև սրբատաշ շարվածքի հանգամանքը՝ նույն ժամանակաշրջանի նմանատիպ այլ կամուրջների բազմաթիվ օրինակները: Սակայն որևիցե այլ հիմնավորում կամ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված բեկոր չի փաստում դրանց նախնական գոյության մասին:

 Նման իրավիճակում, կարծում եմ, ավելի ընդունելի կլիներ քարե բազրիքների փոխարեն, որը ներկայանում է որպես հուշարձանի հավաստի մասնիկ, անել թեթև մետաղական կամ մեկ այլ ձևի բազրիքներ, որոնք կոպիտ կերպով չէին միջամտի կամրջի ճարտարապետությանը և շեշտված կլինեին որպես ժամանակակից ֆունկցիոնալ հավելում:

Ներկայացնելով կամրջի վերականգնման այս տրամաբանությունը՝ կարելի է հանգել այն եզրակացությանը, որ վերականգնման նման մեթոդի ընտրությունը, որն իրականում հուշարձանի նորովի վերստեղծում է, ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական մոտեցման, այլ նախ և առաջ մենթալիտետի՝ պատմության ընկալման և արժևորման մոտեցման արդյունք է: Մենք որպես պատմություն և մշակույթ ընկալում ենք միայն այն, ինչ պատկանում է հեռավոր անցյալին, այն, ինչը հեռավոր նախնիների ձեռքբերումների արդյունք է, նրանց ապրած կյանքի մասնիկ: Ընդ որում, կարևոր չէ՝ երևակայական կյանքի, թե իրական: Կարևորը, որ կարելի է դրան «պատմական» պիտակը կպցնել:

Բայց չէ՞ որ հուշարձանը կարող է այդպիսին համարվել որպես ներկայում ապրող մարդկանց հիշողության մասնիկ, ոչ միայն պատմական, այլև ներկա իրադարձություների մասնակից ու ականատես: Գառնիի կամուրջն իր անտաշ ու կոպիտ ճարտարապետությամբ արդեն պատմամշակութային հուշարձան էր ոչ միայն որպես գեղատեսիլ կառուցվածք կամ այս կամ այն կերպարով դարերի պատմություն ունեցող կամուրջ, այլև որպես մարդկության մի ստվար հատվածի հիշողության մասնիկ:  Ուրեմն, որքանո՞վ կարելի է դրա վերակառուցված կերպարին կպցնել «պատմական» պիտակը:

Նման շինարարական տեխնիկայով վերականգնումը իրականում ոչ միայն վերականգնում չի կարող համարվել, այլև՝ վերստեղծում: Սա պատմական հուշարձանի մասին փաստող բուտաֆորիա է, ոչ թե հուշարձանն ինքը: Այլ կերպ ասած՝ սա սիմվոլիկ հուշարձան է նվիրված երբեմնի հուշարձանի հիշատակին:

 

[1] Ստորև կամրջի վերականգնման մեթոդի ընտրության վերաբերյալ արված բոլոր մեկնաբանությունները հիմնված են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 20.01.2012 թ. կայացած N1 նիստի արձանագրությունների վրա: Ենթադրվում է, որ սղագրությունն արված է բարեխղճորեն և հաստատված է բոլոր մասնակիցների կողմից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter