Մուրացկանությունը դառնում է բիզնես
Կիմա Խաչատրյան
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, 4-րդ կուրս
Մուրացկանությունը շատերը դարձրել են հենց իրենց մասնագիտությունը: Պարզվում է սա բավականին շահութաբեր բիզնես է: Մուրացկանների գործը լավանում է, երբ եղանակը տաք է. ամռանը զբոսաշրջիկներ են լինում քաղաքում, իսկ քաղաքացիները օրվա մեծ մասն անցկացնում են փողոցներում:
«Ես մյուս բոլոր էրեխեքի նման չունեմ երազանքներ: Ես մեծ տղա եմ ու մենակ ունեմ մեծ նպատակներ: Ոչ մեկին հետաքրքիր չի, թե ես ինչի՞ համար եմ էս գործով զբաղվում: Փողոցի անցնողին հետաքրքիր չի, թե ես որտե՞ղ եմ ապրում, ի ՞նչ պայմաններում եմ մեծանում, ի ՞նչ եմ ուտում ամեն օր կամ էլ որտե՞ղ եմ գիշերում: Անցորդները մենակ անցնում են: Ես եմ իմ գլխի տերը »,-պատմում է տասներեք տարեկան Գոռը (անունը փոխված է), ով արդեն մի քանի տարի է Երևանի փողոցներում մուրացկանություն է անում և իր օրվա հացն է վաստակում:
Գոռի հետ ծանոթացա Մաշտոցի պուրակում, երբ ձեռքը մեկնեց ինձ՝ խնդրելով մի քիչ գումար իր և մոր սննդի համար: Սկզբում չցանկացավ ինձ հետ շփվել, բայց, երբ խնդրեց ձեռքիս եղած- չեղածը պահել (ձայնագրիչ, լուսանկարչական ապարատ) հանգստացավ և սկսեց պատասխանել հարցերիս:
«Պապան բերդում ա: Մամային բռնացրել էր: Տարան ու նստացրեցին: Քրոջս մանկատուն ա մաման տարել: Ընդեղ գոնե լավ ա: Լավ կլինի իրա համար: Կարևորը չի տենում էն, ինչը որ ես եմ տենում ամեն օր: Մամայի մասին սկզբում չգիտեի, թե ինչի ա գիշերները էդքան ուշ տուն գալիս: Հետո հասկացա: Մորս սիրածները մեր տունն են սաղ օրը: Ինձ հանում են տանից ու ստիպում, որ փող բերեմ իրանց: Մի օր չեմ դիմանա ու կդառնամ հանցագործ: Գիտեմ: Կսպանեմ մորս էլ, իրա հետ գալացողներին էլ: Բայց ես նպատակներ ունեմ: Հիմա ինձ ոչ մեկ աշխատանքի չի ընդունի: Ստիպված եմ էս գործով զբաղվում: Մի ժամում եքա փող եմ առնում: Ճիշտ ա, էդ հավաքածս փողից ինձ բան չի մնում, բայց գոնե մերս սոված չի մնում: Դպրոց համարյա չեմ գնում: Շոր չունեմ, իսկ մաման բանի տեղ չի դնում: Սկզբում Զեյթունի հանրակացարանում էինք վարձով ապրում: Էդ ժամանակվանից էլ սկսեցի մուրացկանություն անել»,- ասում է Գոռը:
Գոռին խնդրեցի թույլ տալ իրեն հետևել, պարզելու համար, թե մեկ ժամում որքա ՞ն գումար է հավաքում:
«Կակռազ էսօր շենքերով ֆռռալու օրն ա: Շենքերից միայն փող չի, որ տուն եմ տանում ՝ շոր, ուտելիք ու էլի մանր-մունր բաներ: Բնակիչներ կան, որ խխճում են ու տալիս, բայց դե չար մարդիկ էլ շատ կան: Նույն շենքը երկրորդ անգամ չեմ գնում: Մարդիկ ճանաչում են ու լավ են հիշում մեր դեմքերը »,- նշեց Գոռը:
Գոռին հետևելով ՝ շրջեցինք Երևանի թաղամասերից մեկում: Սկզբում Գոռը նայում էր շենքին, մտնում, թակում էր առաջին հարկի դուռը , հետո մյուսը և այդպես շարունակ: Մենք մեկ ու կես ժամ էր ինչ միասին շրջում էինք, և Գոռը հավաքեց 4570 դրամ:
« Էսօրվա համար հերիք ա: Օր կա լավ ա լինում, օր կա վատ: Պետք ա շենքը ճիշտ ընտրվի: Սա էլ ա բախտի բան»,- ուրախ խոսում էր Գոռը:
Նա մտավ մոտակա խանութներից մեկը, գնեց հաց, երշիկ ու ձու: Իսկ Գոռի մայրիկի հետ ծանոթանալու իմ փորձերը ապարդյուն եղան:
«Մաման ինձ կսպանի, որ իմանա, թե մեկնումեկի հետ խոսել եմ էս թեմայով»,- ասաց տղան: Գոռը խոստացավ մի օր էլ այս գործով չզբաղվել: Մենք միմյանց հրաժեշտ տվեցինք:
Արդեն մի քանի օր է հետևում եմ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հենց մուտքի առջև մուրացկանությամբ զբաղվող երեք կանանց: Երեքն էլ բավականին լավ հագնված են, ձեռքներին պայուսակ կա, մազերը խնմաքով հավաքած են: Երեքն էլ նույն տեղում են կանգնում: Երեքն էլ միևնույն ժամանակ ձեռքը մեկնում են եկեղեցի մտնող մարդկանց ՝ օրհնում կամ էլ անիծում են: Տաս դրամ չեն ընդունում: Գները սկսում են հարյուրից: Երբ հարսանիք, կնունք, կամ էլ մատաղի օրեր են լինում գործը ավելի հաջող է ընթանում: Մարդիկ առատաձեռն են լինում: Կես ժամ հետո, մեջտեղում կանգած կինը պայուսակից հանում է իր բջջային հեռախոսը, զանգահարում է ինչ որ մեկին, հետո մոտենում է եկեղեցու հենց հարևանությամբ գտնվող մթերային խանութին, գնում է բանան, խնձոր, և քիչ հետո իր հետևից է գալիս թանկարժեք մեքենայով մի երիտասարդ: Հետագայում պարզեցինք, որ այդ երիտասարդը տիկնոջ որդին է, ով ամուսնացած է, բայց չի աշխատում:
Կանանցից մեկը ռուսախոս էր ՝ մոտ հիսուն տարեկան: Կինը պատմեց, թե ինչպե ՞ս է սկսել զբաղվել մուրացկանությամբ և մոտավորապես որքան է հավաքում մեկ օրում:
«Ունեմ տուն, երկու որդի: Սա պարզապես ձեռքի հետ եմ անում: Փոքր-մոքր էրեխեքին էլ, երբ հանդիպում են բացատրում եմ այս գործի նրբությունները: Ես մի ժամանակ շրջում էի փողոցներով, շենքերով: Երբ բալիկս ձեռքս էր լինում, փող ավելի շատ էի հավաքում: Հիմա մեծացել եմ: Տղաներս էլ մեծ են: Ոտքերս լավ չեն աշխատում: Սա կախվածության նման մի բան է արդեն դարձել: Ունեմ լավ ընկերուհիներ: Մենք համերաշխ աշխատում ենք միասին: Էսպես գոնե իմ ծխախոտի գումարը ունենում եմ: Օրը գիտի, թե ինչքան փող կհավաքեմ: Հիմա մարդիկ էլ չեն էլ տալիս: Հավատներն ու խիղճը կորել ա: Էստեղ ոչ մեկ ինձ չի ճանաչում: Ես հանգիստ եմ: Հիմա կմտնեմ սուպերմակետ, ինչ սիրտս կուզի կառնեմ ու դուրս կգամ: Փող չունեցող մարդը ոչ մեկին էլ պետք չի», - պատմում էր տիկին Ասյան:
Որոշեցի պարզել, թե երեւանցիները մուրացկաներին փող տալի են թե ոչ: Քառասուն հարցվածներից 30–ը պատասխանեցին, որ տալիս են, իսկ 10-ը ՝ ոչ:
2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա, որոնցից 4-ը եղել են աղջիկներ: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011թ. Հայաստանում հաշվառվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 15 անչափահաս, որոնցից 2-ը` աղջիկ:
Ամենաշատ մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա հաշվառվել է Լոռու մարզում` 9 հոգի, Շիրակի մարզում` 3, Գեղարքունիքում` 2, եւ 1-ական նման երեխա էլ հաշվառվել է Կոտայքի մարզում ու Երեւանում: Մուրացիկ և թափառաշրջիկ 4 աղջիկներից 3-ը հաշվառվել են Լոռու մարզում, 1-ը` Գեղարքունիքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել