Զանգակատուն
Խոսք՝ առ հայրենաց իշխանությանց
«Ո՛վ մեղավոր, իմացիր, որ այժմ քաղցրությամբ կանչում եմ քեզ ապաշխարության, և դու չես լսում ինձ: Զգուշացի՛ր, թերևս մեռնես առանց զղջալու» (Ս.Հ.Եփրեմ Խութի Ասորու)
Պարոնայք իշխանավորներ՝
Քանի դեռ ուշ չէ, սթափվե՛ք և անցողիկ այս աշխարհի հաճույքների, տենչանքների ու իշխանատենչ մոլոցքների մուժ մշուշը վանեք ձեզնից: Թոթափե՛ք ձեր վրայից սին հույսերն ու պատրանքները, ինքնակործան դեգերումները, օտարածին ու մերժելի իզմերի միջև, բդեշխական գորշությունն ու գորշությունը ցուցադրական խաչակնքումների: Արթնացե՛ք այդ մահաբեր, աղետածին նինջ կոչվածից, որ կուրացրել է ձեր բոլորիդ սիրտն ու հոգին: Մի պահ բացեք ձեր աչքերը, նայեք ձեր շուրջը, նայեք մարդկանց ու նայեք ձեզ, ուժ տվեք ձեր բթացած բանականությանը և մտաբերեք, որ բոլորս էլ մի կավանյութ շինվածքից ենք Տիրոջ ձեռամբ ստեղծված, Տիրոջ պատկերով ու նմանությամբ արարված: Հասկացեք, որ որպես Աստծո պատկերով ստեղծված բանական էակներ, լլինելով նրա ներկայացուցիչները աշխարհի վրա, կոչված ենք նաև խնամելու, պահպանելու և զարգացնելու նրա Երկիրը, նրա ազգը զորացնելու ու սիրելու, Հայրենիքն ու բնօրրանը սրբացնելու, ցուցաբերելու բացառիկ հոգատարություն նրա երկրի ու ժողովրդի և հարգանքն ու Փառքը Արարչի հանդեպ: Մի՞թե չէիք լսել, թե ինչ ասաց մեր Տեր Հիսուսը. «Եսայի մարգարեն ճիշտ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին ասելով (Այս ժողովուրդն ինձ մեծարում է լոկ շուրթերով, մինչ նրանց սիրտը շատ հեռու է ինձանից, նրանք զուր են պաշտում ինձ, քանզի իրենց ուսուցումները մարդկանց կողմից տրված պատվիրաններ են): Արդարև, դուք թողել եք Աստծու պատվիրանը և մարդկանց ավանդույթն եք պահում: Ձեր ավանդույթը պահելու համար լա՛վ եք գտել Աստծո ավանդույթը անարգելու ձևը» (Մարկոս 7): Հավատացե՛ք, երբ որ մենք փոխում ենք աշխարհը, ըստ Տիրոջ ուսմունքի, նրա օրենքների ու պատվիրանների, հնարավորություն ենք ստանում Աստծուն փառավորելու, դարձնելով նրա աշխարհը ավելի նման իր նախատեսածի տեսքին: Մենք պարտավոր ենք մեզ վրա կրելու Աստծո շնորհած հրաշալի պատասխանատվությունը օգնելու, օժանդակելու, սիրելու, խոնհարաբար ծառայելու Իր ժողովրդի ու Իր երկրի վերականգնման, վերածնման սրբագույն առաքելությանը, այնպես, ինչպես որ տիրոջ կամքն է թելադրում:
Բարձրյալ Տիրոջ գոյության, նրա անճառելի բնության և բացարձակ բարոյական օրենքների ուսմունքը տրված է համայն մարդկությանը: Բոլոր ժամանակների և բոլոր քաղաքակրթությունների ժամանակաշրջանում: Այն պարզորոշ երևում է տիեզերական, բնության, Աստծո պատմական գործերի, նրա անիմանալի դրսևորումների, անչափելի զորությունների և մարդկային այն խորհրդավոր զգացողությունների միջոցով, որ Աստված ի սկզբանե իր շնչով դրել է յուրաքանչյուր բանական էակի մեջ: Աստված տվել է մեզ հատուկ առաջնորդություն ինչպես ամենօրյա, նույնպես էլ հետագա իրավիճակների, այն ապահովում է մեզ ամենայն անհրաժեշտ առաջնորդություն բարության, սիրո, խոհականության, Աստծուն հաճելի գործերի համար: Մարդը ստեղծվեց Տիրոջ՝ որպես բնության ստեղծագործությունների պսակ, որը պիտի փառավորի նրան: Այս ճշմարտությունը կարող է ձեզ համար թվալ անիմաստ և դատարկ, եթե չփորձեք ըմբռնել դրա խոհափիլիսոփայական էությունն ու բնույթը, որը արտացոլում է Տիրոջը մեծագույն պատվի ու փառքի արժանացնելը՝ որպես կյանքի նպատակ: Ֆիզիկական դաշտում դրա կիրառումը մարդկային բնությանը հաղորդում է ձգտում դեպի կյանքը, որպես տրադիցիոնալ ձգտում դեպ Տերը, և կյանքը ստանում է բացարձակ իմաստավորում: Մենք՝ հայերս, լինելով անկյունաքարը և ստեղծված լինելով որպես բարոյական էակներ, որպես լույսի որդիներ՝ դրսևորում ենք տարբերակելու բարոյականի կատարյալ զգացողությունը, որպես Աստծո կատարյալ զգացողության արտացոլում: Մեր հոգին Աստծո էության արտացոլումն է և մեր մտքի ու մտածողության, զգացողության ու խոհականության դրսևորման ունակությունը հենց Աստծո արտացոլանքն է:
Ճշմարիտ հավատքն առ Աստված, մարդկային իմացությունը չի կարող հաստատել գիտության և բնագիտական աքսեոմով ու թեորեմներով, այլև այն կայացած է ի սկզբանե կենդանի Աստծուն իր մեջ կրելու գերագույն ակտով, քանզի այստեղ չկա փոփոխություն, չկա նյութ, դուրս է գալիս բոլոր ժամանակներից և հավիտենական է, ինչպես նաև ոչ թե որ զորությամբ է, այլ բացարձակ մշտապես ներգործությամբ: Նրանք, ովքեր հեռացել են Աստծուց և զրկվել են հավատքի լույսից, սա դիտարկում են որպես նյութական ու առարկայական տեսանկյունից՝ հիմնվելով գիտական դոգմաների վրա, ուստի այդ բանաձևումները չեն հանդիսանում Աստվածային, հետևաբար նրանց հավատքը կեղծ է, շինծու և ցուցամոլական: Պողոս առաքյալն ասում է. «Նրանք Աստծո ճշմարտությունը առաքելության հետ փոխեցին» (Հռոմ. 1:25):
Եվ ինչ եք դո՛ւք ստի ու կեղծիքի, շնության ու բազում մեղքերի մեջ բանտված հասարակության մեջ սոցիալական տարբեր դիրքեր զբաղեցրած, տարբեր տարիքի ու սեռի պաշտոնյաներդ, բոլորդ էլ ձեր իսկ ստեղծած պատրանքների մեջ, մեկդ մեկիցդ վեր, մեկդ մեկիցդ հպարտ, մեկդ մեկիցդ գերակա, ամբարտավան, գեներալ ու թագավոր: մինչդեռ ընդամենը մի գորշ ստվեր եք ու մեղքից ծնված: Եվ ամեն անգամ լույս աշխարհ եք գալիս որպես մի ստվեր ու ստվերի պես էլ հեռանում եք մեղքով մահածած՝ լուծվելու անհունի թանձր գորշությանը, խավարին ու մթին: Ու ամբողջ ձեր պատրանքային գոյության կռվում չեք հանդուրժում ձեր ստվերի ստվերացումը՝ մեկ ուրիշի գորշությունը ստվերելով: Հնարել եք դուք ձեզ համար կյանքի ձևեր, կեղծ արժեքներ, օրենք ու դատ, որքան ասես գաղափարներ՝ բութ ու ունայն և հայտնվել եք ձեր իսկ ձեռամբ ստեղծած այս գորշ լաբիրինթոսում և դատապարտվել աննկարագրելի պատուհասների: Դո՛ւք կուրացել եք ձեր հարստության առատությունից, կուրացրել եք նաև աղքատներին ձեր հարստության շլացոլքով: Եվ միայն մահվան ժամին է, երբ մեղավորդ՝ թագավոր, նախարար, չարչի և անգամ հզոր սպարապետ ու հաղթական զորավար ամբողջովին համակվում եք աննկարագրելի սարսափով, դեռ բաբախող սրտներդ դողդողում է ահից, ինչպես տերևը քամուց: Եվ միայն այս պահին եք զատորոշում ձեր իսկ ստեղծած քաղաքակրթական զավեշտալի պատրանքները բացարձակ ճշմարտությունից, երբ հանկարծակիորեն ձեր կուրացած աչքերը լայն բացելով՝ տեսնում եք ահեղ զորությունները երկնային, նոր ու զարհուրելի երևույթները իրենց ահեղ իշխանությամբ: Հասկանում եք, որ դատաստանի ժամը մոտ է, որ մահ կոչվածն այստեղ չկա և որ այստեղ հավիտենական անմահություն է, և որ ողորմելի մարդուս փրկությունը ոչ թե երկնքում է, այլ երկրի վրա՝ ամենագութ ու ամենամարդասեր Տիրոջ կողմից տրված ուսմունքի, օրենքների ու պատվիրանների կատարման մեջ: Սակայն արդեն ուշ է, մահվան դատապարտվածը անցնում է տրանսցենդենտալ տարածք, ուր մեծն չաստվածություն փողը, ոսկին, իշխանությունն ու հզոր բանակը ոչինչ են: Այստեղ անհուն խավարի մեջ սարսռում են անդադար ծվատող որդերից, որոնց պատճառած ցավն ու նողկանքը վախճան չունի: Սարսափում են ահեղազոր հրեշտակներից, որոնք մասնակիցն են լինելու դատաստանի և դողում են վերջ չունեցող պատիժներից: «Արդար դատավորը չի պահանջի ոչ ամբաստանողների, ոչ վկաների, կարիք չի ունենա կողմնակի ցուցմունքների կամ հանցանշանների, այդ բոլորը, ինչ-որ մենք արել ենք, ինչի մասին խոսել ենք, ինչի մասին մտածել ենք, այդ ամենն ի հայտ կբերի մեր մեղավորներիս աչքերի առջև: Այնժամ ոչ ոք չի բարեխոսի մեզ համար, ոչ ոք չի ազատի տանջանքներից, ո՛չ հայրը, ո՛չ մայրը, ո՛չ աղջիկը, ո՛չ բարեկամներից որևէ մեկը, ո՛չ ընկերը, ո՛չ հարևանը, ո՛չ բարեգործը: Եվ ոչինչը չի ազատի՝ ոչ ինչքերի բաժանումը, ո՛չ մեծ հարստությունը, ո՛չ կարողության հպարտությունը: Այս բոլորը որպես հող պիտի դառնա: Եվ դատապատյալը պիտի միայնակ սպասի դատավճռին, որն ըստ գործերի, կամ կազատի իրեն պատժից կամ կդատապարտի հավիտենական տանջանքների» (Ս.Կյուրեղ Ալեքսանդրացի): Եվ միայն այս ժամանակ կարող կլինեք գիտակցելու, որ ձեր աշխարհիկ բոլոր գործերում ու մոլուցքները սին էին և ունայն և ձեր հետ ոչինչ չեք բերել՝ ոչ գանձ, ոչ էլ իշխանություն, սակայն տառապանքներն ու ցավը, զրկանքներն ու խոշտանգումները, որ կատարել եք ժողովրդի հանդեպ, չաստվածությունն ու Տիրոջ կամքին հակառակ ընթանալը ձեր դեմ հավիտենականապես կփակի ներումի ու ողորմածության դատարանի դռները, քանզի դատավորը անկողմնակալ է, իսկ դատավճիռը՝ անբեկանելի: Ինչ է, չգիտեիք տերն ինչ ասաց. «Մի՛ դատեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի, մի դատապարտեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատապարտի: Ներեցե՛ք ուրիշներին, և Աստված էլ ձեզ կների: տվե՛ք, և Աստված կտա ձեզ. կտա լավ չափով, բերնեբեան, զեղուն առատությամբ: Ինչ չափով չափեք ուրիշներն, նույն չափով Աստված ձեզ կչափի» (Ղուկաս 6): Հիրավի առավելագույնս անչափելի են մեր Անստեղծ Տիրոջ շնորհներն ու պարգևները ճշմարիտ հավատացյալներին և բարեպաշտ բարեգործներին և նույնքան էլ առավել անպատմելի է անհավատներին և նենգավորներին հասցված աղետներն ու պատուհասները:
Ուստի կանգ առեք, ուշադրությամբ ու մեծ փափագով ականջ դրեք տիրոջ խոսքին, մի հեռացեք Սուրբ Եկեղեցուց և Սուրբ Հաղորդությունից, մարտնչեցեք ինքներդ ձեր դեմ Աստծու պատվիրաններով, պայծառացեք հոգևոր սթափությամբ, խեղդեք ձեր մեջ մեղավոր տենչանքներն ու մոլուցքները, խոնարհեցեք ձեր անձերն ու մաքուր սրտով տրվեք աղոթքներին: Հետ վերադարձրեք ժողովրդից խլվածը, նրա ապրելու իրավունքը, արդարությունը, նյութական կարողությունը, նրա ազատությունն ու հույսը: Հոգացեք ձեռք բերել պատրաստակամություն և սեր ծառայելու ժողովրդին ի փառս Տիրոջ, քանզի ասված է. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզվով, բայց սեր չունենամ, ինչով պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են» /Ա.Կորնթ. 13/: Հետևաբար ՍԵՐ դրեք բոլոր գործերի մեջ, սիրեք ժողովրդին և ապաշխարեք ու միգուցե այս «Զանգակատան» ղողանջները կընդունվեն Տիրոջ կողմից ձեր հոգիների փրկության համար անկեղծ հոգուց բխած որպես աղերսագին մի աղոթք:
Արմենակ Մնջոյան
ՀՅԴ-դրո գործով մահվան դատապարտված
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել