HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդմոնդ Խուդյանը դիմում է գլխավոր դատախազին

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմել է ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Կարծում եմ, որ հայաստանյան իմ ներդրումների հետ կապված 2 քրեական գործերի մանրամասները ներկայացնելու կարիքը չկա, քանի որ շուրջ 3 տարի է, ինչ լրատվական կայքերով պարբերաբար հրապարակումներ են լինում այդ գործերի ընթացքի վերաբերյալ, բացի այդ` նշված գործերի հետ կապված իմ և իմ փաստաբանների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն բազմաթիվ դիմումներ են ներկայացվել, որոնց մի մասին համապատասխան ընթացք չի տրվել:

Նշեմ, որ այդ երկու քրեական գործերից մեկը 03.05.2011 թվականին հարուցված և ներկայումս ՊԵԿ-ում քննվող թիվ 83159711 քրեական գործն է, որով 2013 թվականի մարտ ամսից սկսած, կարծես թե, գոնե Վլադիսլավ Մանգասարյանի մասով մասնակի քննությունն է իրականացվում, իսկ Ղևոնդ Ղալումյանի դեմ ներկայացված փաստերով դեռևս ոչինչ չի արվում: Այդ գործով միլիոնավոր դոլարների վնասներ եմ կրել, սակայն առ այսօր տուժողի կարգավիճակ չունեմ: Այնուամենայնիվ այդ գործով, կարծես, «սայլը տեղից շարժվել» է և հուսով սպասում եմ քննության արդյունքներին:

Սակայն սույն դիմումով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ներկայումս ՀՀ Ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում 2011թվականի մարտ ամսին հարուցված թիվ 13118011 քրեական գործով 21.11.2012թ-ից առ այսօր դատախազների կողմից Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ իրականացվող հովանավորչության փաստին:

Ներկայումս այդ գործը, որպես թիվ ԵԿԴ 0226/01/12 քրեական գործ, գտնվում է ՀՀ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում: Տվյալ գործով ի սկզբանե հսկող դատախազ է հանդիսացել Արման Հակոբյանը, այնուհետև` դատական փուլում վերջինիս փոխարինել է դատախազ Լևոն Չարխիֆալակյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 2012թ. հոկտեմբերին  ՀՀ գլխավոր  դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին, խստորեն քննադատեց առանձին դատախազների անփութությամբ կամ չարամտությամբ պայմանավորված գործողությունները: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա»:

Այդ խորհրդակցությունից մեկ ամիս անց, ճիշտ այնպես, ինչպես նշեց հանրապետության նախագահը, թիվ 13118011 քրեական գործով հանցանք կատարած մի քանի անձինք դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ. ցուցումով մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում մնացին, իսկ իմ /վկա/ անունը անհիմն դրվեց կեղծ մեղադրանքի կողքին, չնայած իմ դեմ որևէ մեղադրանք չի առաջադրվել:

Այսպես. ի սկզբանե խարդախության փաստով հարուցված թիվ 13118011 քրեական գործով ձեռք բերված ապացույցներով ՀՀ Ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կամո Ներսիսյանը դեռևս 2011թ.-ին պարզել էր, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 6-ին նախնական պայմանագիր է կնքել շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարում է իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին: Հաջորդ օրը` HSBC բանկում, Լուսինե Գյուլխասյանի հայրը` ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի,  ընկերության հաշվապահ Պարույր Հակոբյանի ներկայությամբ, 37 մլն 200 հազ. ՀՀ դրամ գումարը հանձնել է Էդուարդ Եսայանին, որն էլ բոլորի ներկայությամբ գումարը մուտքագրել է ընկերության հաշվեհամարին, այնուհետև հաջորդ օրը Լուսինե Գյուլխասյանի հոր խնդրանքով Էդմոնդ Խուդյանը գումարը վճարված լինելու վերաբերյալ նաև ստացական է տրամադրել: 

Իսկ քրեական գործով նշանակված փորձաքննությամբ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 01-ին տրված 21 թերթից բաղկացած փորձագիտական եզրակացության  20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ 07.12.2007թ. «Արին Կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է 37 մլն 200 հազար ՀՀ դրամը, որից 15 մլն 891 հազար ՀՀ դրամ `Ռուբեն Մանգասարյանի անունից, որպես գույքի դիմաց վճարում, իսկ  21 մլն 309 հազար ՀՀ դրամը` Ղևոնդ Ղալումյանի անունից, որպես փոխառություն:

Այս փաստերի առկայության պայմաններում, յուրաքանչյուրի, այդ թվում նաև` դատախազ Արման Հակոբյանի համար, պետք է որ պարզ լիներ, որ`

  • Լուսինե Գյուլխասյանի հոր կողմից կատարված վճարումը ընկերության հաշվին մուտքագրվել է` հօգուտ գումար չվճարած Ղևոնդ Ղալումյանի ու Ռուբեն Մանգասարյանի, որոնցից Ղևոնդ Ղալումյանը  հետագայում 21.309.000 ՀՀ դրամ է ստացել ընկերությունից, որպես «փոխառության վերադարձ», իսկ Ռուբեն Մանգասարյանը ստացել է ընկերության պատկանող Մաշտոցի 33/1 հասցեի շենքի թիվ 22 բնակարանը:
  • Այս գործարքով 37 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով տուժել է Լուսինե Գյուլխասյանը, քանի որ վճարած գումարի դիմաց ոչինչ չի ստացել, ինչպես նաև` 21.309.000 ՀՀ դրամի չափով, տուժել է ընկերությունը և, այդ փաստով պայմանավորված, որպես շահագրգիռ անձ հանդիսացող`  ընկերության միակ սեփականատեր, Էդմոնդ Խուդյանս, քանի որ վճարված գումարի դիմաց բնակարանը հանձնելուց բացի` Ղևոնդ Ղալումյանը  նաև 21.309.000 ՀՀ դրամ է ստացել:

Մինչդեռ դատախազ Արման Հակոբյանն, արձանագրելով փորձաքննությամբ պարզված հանգամանքը, 21.11.2012թ.-ին  պարտադիր կատարման ենթակա ցուցում է տալիս ՀԿԳ ավագ քննիչ Կ.Ներսիսյանին` առաջադրել հետևյալ բովանդակությամբ մեղադրանք.

«Էդուարդ Եսայանին մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին է օգտագործել», այն է` քաղաքացի Լուսինե Գյուլխասյանից ստացած 37մլն 200հազ. դրամն առձեռն հանձնել է Էդմոնդ Խուդյանին, Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել վերջինիս համար»:

Այս շինծու մեղադրանքի տեքստում ի սկզբանե մի միտում եմ տեսել, որ դատախազությունն ամեն գնով կհովանավորի խարդախ գործարքի իրական հասցեատերերին և «Էդուարդ Եսայանը գործել է Էդմոնդ Խուդյանի օգտին» զրպարտիչ փաստի արձանագրմամբ դատավճիռ կկայացվի, այնուհետև այն կօգտագործվի Գյուլխասյանին և այլ խաբված գնորդներին իմ դեմ ուղղելու համար:

Եվ իրոք, գործը վերահսկող դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցումի հիման վրա նախ 2012թ. նոյեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվում, այնուհետև  այն տառացի ներառվում է մեղադրական եզրակացություն մեջ ու մի քանի օր անց գործն ուղարկվում է դատարան: Ըստ իմ ունեցած տեղեկությունների դատախազ Արման Հակոբյանի հայրը Ղևոնդ Ղալումյանի վաղեմի ընկերն է և այս ամենը դատախազ Արման Հակոբյանի կողմից արվել է Ղևոնդ Ղալումյանի համար և իմ դեմ:

  Վերը նշված ապօրինությունները ստուգելու և գնահատական տալու համար, ինչպես նաև մեկ այլ դրվագի կապակցությամբ 13.03.2013թ. դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին և 21.03.2013թ. ստացել եմ պատասխան, որ դիմումն ուղարկվել է թիվ ԵԿԴ 0226/01/12 քրեական գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին, իսկ պատճենը`ՊԵԿ` թիվ 83159711 քրեական գործով ընթացք տալու համար:

  Այնուհետև թիվ ԵԿԴ 0226/01/12 քրեական գործով դատաքննության ժամանակ, ինչպես նաև իմ փաստաբանների և լրատվամիջոցների ջանքերով, նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս, նոր վկաներ են հարցաքննվում և պարզվում է, որ Լուսինե Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը թվով 3 շինծու գործարքներով, կեղծ գնորդների միջոցով տնօրինել են Վլադիսլավ Մանգասարյանը, այնուհետև Սևակ Արզարունին, որից հետո` Արմեն Գալստյանը: Նրանցից առաջինն, ըստ էության ընդունեց այդ բնակարանին տիրելու փաստը, երկրորդն այդպես էլ դատարան չներկայացավ և դատարանը միջոցներ չձեռնարկեց բերման ենթարկելու համար, քանի որ իմ ընկերությունից ավելի քան 2մլն ԱՄՆ դոլար արժեքով գույքեր հափշտակած այդ անձը հովանավորչություն է վայելում և անգամ թիվ 83159711 քրեական գործով չի հարցաքննվել, իսկ Արմեն Գալստյանը հակասական ցուցմունքներ է տվել դատարանում:

Այս ամենից հետո մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի մոտ անգամ տարական հետաքրքրություն չի առաջանում դատաքննությամբ պարզված նոր հանգամանքներն ի մի բերելու, գնահատելու հարցում:

2013թ. սեպտեմբերի 30-ին ուշադրությամբ հետևում եմ ՀՀ ազգային ժողովում Ձեր համոզիչ ելույթին և հայտարությանը որ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՊԵՏՔ Է ՏԵՂ ՉՈՒՆԵՆԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՅՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է», այնուհետև տեղեկանում եմ ՀՀ ազգային ժողովի կողմից Ձեզ տրված բարձր վստահության քվեի մասին, Ձեր հետագա համարձակ կադրային քաղաքականության մասին: Այդ ամենն ինձ վստահություն է ներշնչում, որ դատախազական համակարգը վերածնունդ է ապրում և թիվ ԵԿԴ 0226/01/12 քրեական գործով մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի վարքագծում և դիրքորոշման մեջ դրական փոփոխություն կլինի ու գործին օրինական ընթացք կտրվի:

Սակայն թիվ ԵԿԴ 0226/01/12 քրեական գործով 21.10.2013թ.-ի դատական նիստի ժամանակ, դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցումի հիման վրա կազմած, դատախազ Լևոն Չարխիֆալակյանի ճառը փաստեց այն մասին, որ այդ դատախազը կամ` դեմ է Ձեր բարեփոխումներին և չի ցանկանում իր պարտականությունները պատշաճ իրականացնել կամ` շարունակում է իր նախորդ դատախազ Արման Հակոբյանին հանձնարարված պատվերը կատարելը կամ` էլ դատախազական համակարգ համար այս անցումային շրջանում փորձում է կոծկել եղելությունը, այն հաշվով, որ` դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցումը «ջրի երես դուրս չգա»: Ստացվում է, որ դատարանում իրական մեղադրանք պաշտանելու փոխարեն դատախազ Լևոն Չարխիֆալակյանը «դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցում»-ն է պաշտպանում:

Պարոն Կոստանյան, Դուք 2004թ.-ից ի վեր ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն եք հանդիսանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և վստահ եմ, որ Ձեզ համար սկզբունք է այն, որ` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները, ազատությունները բարձրագույն արժեքներ են և պետությունը պարտավոր է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Ստեղծված իրավիճակում, դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ապօրինի ցուցումի արդյունքում` այլոց ապօրինությունները կոծկող և ինձ զրպատող մեղադրանք է շարադրվել, ինչը հանրության, մասնավորապես տվյալ գործով տուժող Գյուլխասյանի մոտ տպավորություն է ստեղծում, թե իբր ես հանցակից եմ այդ հանցագործությանը և պարտավոր եմ հատուցել տուժողի կրած վնասները և դա այն դեպքում, երբ` սույն դիմումում հիմնավորումներ ներկայացրի, որ ես և իմ ընկերությունը նույնպես տուժել ենք այդ խարդախության արդյունքում: Իմ իրավունքների պաշտպանության այլ միջոց չունեմ, քան դիմել Ձեզ, որպեսզի գոնե դատախազության կողմից հստակեցում մտցվի տեղի ունեցածի գնահատման հարցում: Ի դեպ, 21.10.2013թ.-ի դատական նիստի ժամանակ տուժող կողմը նույնպես միջնորդեց` դատախազ Լևոն Չարխիֆալակյանին հորդորեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 309.1-ի 1-ին մասով սահմանված համապատասխան միջնորդությամբ հանդես գա:

Խնդրում եմ դիմումին համապատասխան ընթացք տալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter