HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախ` կայանալ, հետո` համախմբվել

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Համախմբվելու, միավորվելու անհրաժեշտության մասին խոսակցությունները վերջերս կրկին հայտնվել են հայաստանյան հանրային օրակարգում։ Մինչդեռ, որպես կանոն, այդ թեման մոդայիկ է դառնում  ընտրական գործընթացի ժամանակ եւ վերջինիս բոլոր փուլերն ավարտվելուց հետո, շատ հաճախ գրեթե մոռացության է մատնվում։ Հատկանշական է նաեւ, որ այս անգամ համախմբվելու անհրաժեշտության մասին խոսում են ինչպես կուսակցականները, այնպես էլ անկուսակցականները, վերջիններս, միգուցե, նույնիսկ ավելի հաճախ։

Ընդհանրապես, լայն տարածում ունի այն տեսակետը, որ հասարակության անհաջողություների հիմնական պատճառն այն է, որ վերջինս չի համախմբվում։ Սակայն նկատվում է, որ այդքան մեծ կարեւորություն տալով այդ խնդրին՝ մարդիկ շատ հազվադեպ են անդրադառնում դրա էությանը, բովանդակությանը։  

«Համախմբում» կամ «միավորում», ըստ էության, նշանակում է տարբեր միավորներին մի տեղ հավաքելը, նրանց միասնական դարձնելը, նրանց միացման միջոցով թեկուզ ժամանակավոր  ամբողջություն, նոր միավոր ստեղծելը, ձեւավորելը։ Երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ միավորվելու կոչ է արվում, հիմնականում ակնկալվում է, որ գոյություն ունեցող տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերը կոալիցիա, դաշինք կստեղծեն, եւ ընտրողներն իրենց ձայնը կտան ոչ թե տարբեր կուսակցություններին, այլ միացյալ ընդդիմությանը: Այդպիսով ընդդիմադիր հանրությունն էլ յուրօրինակ կերպով հանդես կգա որպես մեկ ամբողջություն։ Ենթադրվում է, որ այդ դեպքում գործող իշխանություններին հաղթելու շանսերը մեծանում են։ Սակայն, արդյոք ապրիորի դա այդպե՞ս է։

Այն, որ դաշինքի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը առանձին հանդես գալու դեպքում ավելի քիչ քվե կհավաքեր, քան դաշինքը կհավաքի՝ արդարացված հաշվարկ է։ Սակայն, անպայման չէ, որ միավորվելու պարագայում միավորվող սուբյեկտների պոտենցիալ ձայներն առանց կորուստների գումարվեն իրար, եւ առավել եւս փաստ չէ, որ միավորվելը պարտադիր նպաստելու է հաղթական ձայների գոյացմանը։  Առաջինի պատճառն այն է, որ միավորվելու դեպքում միավորվող քաղաքական ուժերի պոտենցիալ ընտրողների՝ փոխզիջումներ չսիրող հատվածը կարող է դժգոհ լինել նրանից, որ, օրինակ, իր համար անընդունելի սուբյեկտի հետ է միավորվում իր նախընտրած կուսակցությունը եւ այդ պատճառով ընդհանրապես չմասնակցի ընտրություններին կամ նույնիսկ ցանկանա պատժել իր երբեմնի հարազատ կուսակցությանը ու քվեարկի այլ ուժի օգտին։ Իսկ պնդումը, թե փաստ չէ, որ դաշինքի ստեղծումը պարտադիր կնպաստի ընդդիմադիրների հաղթանակին, հիմնավորվում է նրանով, որ միավորվող սուբյեկտներից յուրաքանչյուրի  պոտենցիալ ձայներն առանձին վերցրած կարող են չլինել այնպիսի քանակի, որ դրանց գումարումը ապահովի հաղթանակ (եթե նույնիսկ միավորվելու արդյունքում այդ սուբյեկտները լիովին պահպանեն իրենց պոտենցիալ ձայները):

Բացի այդ, եթե ընտրությունները կեղծվում են, ապա գործող իշխանություններին ընդդիմացող հանրությունը միանգամայն այլ տրամաբանությամբ պետք է մասնակցի ընտրություններին, եթե, իհարկե, ընդհանրապես իմաստ է տեսնում մասնակցել նման միջոցառմանը։

Սակայն հարկ է նշել, որ թեզը, թե դաշինքով ընտրություններին մասնակցելը ապրիորի չի ենթադրում հաղթելու շանսերի ավելացում, դեռ չի նշանակում, որ բոլոր դեպքերում դաշինք կազմելն անիմաստ է: Որոշ պայմանների առկայության պարագայում ընդդիմադիր ուժերի համախմբումը կարող է դառնալ ընդդիմության հաղթանակի գրավականը։ Այդպիսի պայման կարող է լինել կուսակցությունների համեմատ դաշինքների վերաբերյալ ավելի դրական վերաբերմունքի առկայությունը հասարակությունում, կամ՝ երբ դաշինք կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը տիրապետում է այնպիսի ռեսուրսների, որոնք բացակայում են մնացածների մոտ: Սակայն ընդդիմադիր հանրության հաղթելուն նախ եւ առաջ «նպաստում է» դաշինքի անդամ սուբյեկտների կարողությունը, հասունությունը, պատրաստվածությունը եւ այլն: Անկարող, թույլ սուբյեկտների համախմբումը, որքան էլ դրանց քանակը շատ լինի, չի առաջացնելու հզոր եւ կարող միավորում: Ինչպես հնարավոր չէ, օրինակ, բազմաթիվ գավառական, ցածրորակ կայքերի խմագրությունների միավորմամբ ստեղծել բարձրակարգ մեդիակոնցեռն, այնպես էլ հնարավոր չէ թույլ եւ անկարող կուսակցությունների միավորմամբ ստեղծել հաղթող դաշինք:

Նույնը վերաբերում է ընտրական գործընթացներից դուրս մղվող որևէ պայքարի: Մի քանի տասնյակ, բայց չկայացած ՀԿ-ներ եւ քաղաքացիական նախաձեռնություններ կարող են միավորվել, բայց չկարողանան նույնիսկ փոքր խնդիր լուծել, մինչդեռ մեկ փոքրաթիվ, բայց կարող քաղաքացիական խումբ կարող է հասնել մեծ հաջողությունների: Պետք է նաեւ նշել, որ եթե պայքարող, բայց թույլ քաղաքացիական սուբյեկտներն ազնիվ մղումներ ունեն, ապա, ինչպես ցույց է տալիս սոցիալական շարժումների համաշխարհային փորձը, շատ կարճ ժամանակում նրանք կարող են դառնալ հզոր սուբյեկտներ, իսկ այդպիսինների համախմբումը իսկապես կարող է սարեր շարժել: 

Մեկնաբանություններ (1)

Նարեկ
Նյութում հետաքրքիրը բացատրելու ոճն է. տարրական բաներ են, բայց իսկապես բացատրելու կարիք կա: (Մեդիա կոնցեռնի մասին համամիտ չեմ, լավ էլ մեդիան գրավված է. այդ և ընդհանրապես միավորվելու հարցում կարևոր է ոչ թե բրենդը, այլ թրենդը. իսկ կոնկրետ 100ց միավորման մասին` տեսնո՞ւմ եք թրենդ, ուրեմն հեռանկար կա. չե՞ք տեսնում, ուրեմն չկա)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter