HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազգային վերածնունդը» կոչ է անում բոլոր ոլորտներում ստեղծել մրցակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտնում է, որ այսօր Արցախի Ճարտար գյուղի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում տեղի է ունեցել կուսակցության 2-րդ համագումարը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել փետրվարին, Արցախի Խաչեն գյուղում: Գյուղերում համագումարներ անցկացնելը պայմանավորված է կուսակցության ծրագրում գյուղին և գյուղական աղքատության կրճատմանը տրված մեծ դերով: Մինչև այսօր կուսակցությունը ղեկավարվում էր ժամանակավոր մարմինների կողմից: Տարածքային բոլոր կառույցների ձևավորումներից հետո կայացավ երկրորդ համագումարը, որն էլ ընտրեց 11 հոգանոց գործադիր մարմին: Կուսակցության նախագահ ընտրվեց Հայկ Խանումյանը:

Իր ելույթում կուսակցության ղեկավարը կոչ արեց կուսակիցներին և համակիրներին քաղաքական դաշտում և բիզնեսի մեջ ստեղծել մրցակցություն: «Մենք հատկապես մտահոգված ենք Արցախի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակով,-նշել է արցախյան ընդդիմադիր կուսակցության ղեկավարը և շարունակել,-իշխանության և բիզնեսի անօրինակ սերտաճումը, կառավարման բարձր կենտրոնացումը, անարդյունավետությունը, գյուղական աղքատության առկայությունը, թույլ ենթակառուցվածքները  և ի վերջո տնտեսության տարբեր ոլորտներում նկատվող մոնոպոլիզացիան մենք համարում ենք լրջագույն մարտահրավեր, ինչը բերում է մեր հասարակության ոչ ռացիոնալ պատասխանին՝ արտագաղթին: Մենք կոչ ենք անում մեր բոլոր գաղափարակիցներին և կողմնակիցներին ամեն կերպ և բոլոր ոլորտներում ստեղծել մրցակցություն, բոլոր ոլորտներում՝ լինի դա քաղաքական դաշտում, թե բիզնեսի մեջ: Մենք կոչ ենք անում ամեն կերպ ուժեղացնել հասարակությունը՝ մեծացնելու իշխանությունների նկատմամբ վերահսկողությունը: Մենք ամեն կերպ աջակցելու ենք քաղաքացիական բոլոր այն նախաձեռնություններին և քաղաքացիների միություններին, որոնք ուղղված են հասարակության ինքնակազմակերպմանը և հասարակական շահերի պաշտպանությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter