Սյունիքի մարզում ներդրումային համաժողով կկազմակերպվի
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:
Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, եւ կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ եկամտի աղբյուրներ: Համաժողովին կմասնակցի նաեւ ԵԱՀԿ հրավիրված փորձագետը, ով Սյունիքի մարզի համար մշակելու է տնտեսական զարգացման փորձնական մոդելի տեխնիկական բնութագիրը: Հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներդրողներ: Դեսպանը նաեւ փոխվարչապետին հրավիրեց մասնակցել համաժողովի բացմանը:
Ա. Գեւորգյանը ողջունելի է համարել նախաձեռնությունը`առաջարկելով զարգացման մոդելի մշակման աշխատանքներում ներգրավել նաեւ շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ դիտարկել օրինակելի մոդել մշակելու տարբերակը, որը հնարավոր կլինի նաեւ հիմք ընդունել բոլոր մարզերի համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿՆ-ն:
Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց մասնակցել համաժողովի աշխատանքներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել