HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Թունդ» սիրահարվածը սեռական հարաբերություններից հետո լքել է աղջկան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դռնփակ ընթացակարգով քննվում է երկու տարվա վաղեմության բռնաբարության մի գործ: Ըստ քրեական գործի՝ դեպքը տեղի է ունեցել 2011թ-ի սեպտեմբերի 11-ին: Այդ օրը երեկոյան, ժամը 21-ի սահմաններում իրեն պատկանող «Գազել» մակնիշի մեքենայի հետնամասում ամբաստանյալը՝ 1985թ-ին ծնված Ն.Բ.-ն բռնի սեռական հարաբերություն է ունեցել տուժող 1988թ-ին ծնված Ս.-ի հետ՝ զրկելով նրան կուսությունից:

Տուժողը կատարվածի մասին ոստիկանությունում հայտարարություն տվել է միայն երկու տարի անց: Ն.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Ն. Բ.-ն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ ոստիկանությունում հայտարարել է, որ մատով անգամ չի դիպչել տուժողին: Նույնը Ն.Բ.-ն կրկնել է նաեւ դատարանում՝ հարցաքննության ժամանակ:

Հոկտեմբերի 29-ին սկսված դատավարությունը սկզբում ընթանում էր բաց ընթացակարգով: Մեղադրանքը պաշտպանող Շիրակի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Մխիթարյանը նիստը սկսելուց 15 րոպե անց 5 րոպե ընդմիջում խնդրեց դատավորից: Ընդմիջումից վերադառնալուց հետո, նիստը նախագահող դատավոր Էդվարդ Մանուկյանը հայտարարեց, որ դատը լինելու է դռնփակ եւ խնդրեց նիստին ներկա միակ լրագրողին լքել նիստերի դահլիճը: «Հետք»-ին քրեական գործի հետ կապված որոշ տեղեկատվություն փոխանցել են տուժողի հարազատները՝ տատիկը եւ հորաքույրը, ովքեր այս գործով դատակոչված վկաներ են:

Նրանց պատմելով Ս.-ն 8 տարեկան է եղել, երբ մայրը բաժանվել է ու աղջկան թողնելով ամուսնու խնամքին՝ հեռացել: Նրան պահել-մեծացրել են հայրական տատն ու հորաքույրը: Ամբաստանյալն ու տուժողը ծանոթացել են հենց Ս.-ի հորաքրոջ տանը, քանի որ, ինչպես նշեց զրուցակիցս՝ Ն.-ի հայրն ու իր ամուսինը ճանաչել են միմյանց, իրար տուն գնալ-գալ են ունեցել: Ծանոթությունից հետո երիտասարդները երկու տարի մտերմություն են արել: Հորաքրոջ պատմելով՝ իրենք նույնիսկ վստահ են եղել, որ իր վերջո զույգն ամուսնանալու է:

Դեպքի օրը սիրահարներն ինչպես միշտ հանդիպել են: Հորաքույրն ասում է, որ աղջիկը տանից գնացել է ժամը 18-ի սահմաններում եւ վերադարձել մոտ ժամը 22-ին: Պատմել է իր հետ տեղի ունեցածը: Քանի որ բռնի սեռական հարաբերությունից հետո Ս.-ն արնահոսել է, նրան շտապ հասցրել են Գյումրիի ծննդատուն, որտեղ հերթապահ բժշկուհին դադարեցրել է արնահոսությունն ու արձանագրել կուսաթաղանթի խախտում:

«Հետք»-ի հարցին, թե ինչու է Ս.-ն հաղորդում տվել ոստիկանությունում եւ այն էլ երկու տարի անց, հորաքույրը պատասխանեց, որ դեպքից երկու օր անց ինքը ցանկացել է դիմել ոստիկանություն՝ զայրացած Ն.-ի արարքից, սակայն Ս.-ն չի թողել:

«Կըսեր կսիրեմ, եթե իրան միլիցիա տաք, ես տնից կերթամ,-պատմեց հորաքույրը,-դե մենք էլ որոշեցինք լռել՝ մտածելով, թե ի վերջո սիրած տղեն է՝ կամուսնանան, ամեն ինչ վեջանա կերթա: Բայց էդ դեպքից հետո Ն.-ն սկսեց իրան շատ վատ պահել, լուրեր տարածել մեր աղջկա մասին՝ ըսելով, թե ինքը հեչ էլ մտադություն չի ունեցել ամուսնության, սկսեց վարկաբեկել, մեր աղջկա անունի հետ խաղալ: Մեզնից փող էր վերցրել պարտքով նախքան էս դեպքը՝ կալոս առնելու համար, էդ փողը չէր ուզե տար: Մենք էլի կհամբերեինք, եթե մեր աղջկան ուզելու էկածներից մեկին ըսած չէղնեին, թե էդ աղջկան ինչխ գուզեք, ինքը Ն.-ի բան էրածն է»:

Անցած երկու դատական նիստերի ընթացքում դատարանը լսել է տուժողին, ամբաստանյալին եւ դատակոչված 4 վկաներից երկուսին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter