Վճարեք 400 դրամ եւ դուք կօգնեք անօթեւան մեկ ընտանիքի ձեռք բերելու բնակարան
«Մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես որ կկամենայիք, որ վարվեն ձեր հետ» աստվաշնչյան այս խորհուրդն է գրված գեղեցիկ ձեւավորված բացիկի մի դարձերեսին: Գյումրու Յոթ վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի անդամների հեղինակած այս բացիկները, որոնք վաճառվում են խորհրդանշական 400 դրամով, բարեգործական նպատակներ են հետապնդում:
«Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի՝ սա է մեր կարգախոսը,- ասում է ջոկատի անդամ Սոնա Խաչատրյանը,- մենք պատրաստել ենք 15 հազար բացիկ եւ մարդիկ, վճարելով ընդամենը 400 դրամ, կարող են մասնակցել այս ակցիային ու օգնել մեզ գնելու բնակարան գյումրեցի որեւէ անօթեւան ընտանիքի համար»:
Վաճառքից գոյացած 6 մլն դրամը ընտրված ընտանիքին առձեռն չի տրամադրվի: Գումարի շրջանակներում բնակարան կգնվի եւ կհատկացվի տվյալ ընտանիքին: Ճիշտ ընտրություն կատարելու համար ջոկատի անդամները մտադիր են համագործակցել անօթեւանների խնդրով զբաղվող «Շիրակ» հասարակական կազմակերպության հետ: Յոթ վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի անդամներն անցած երեք ամիսների ընթացքում հասցրել են 6 հազար բացիկ վաճառել:
Երտասարդ կամավորներից բաղկացած այս խումբը մեկ այլ նախաձեռնությամբ էլ է հանդես գալիս Գյումրիում: Նրանք փորձում են կամուրջ հանդիսանալ կարիքավոր, սոցիալապես վատ վիճակում ապրող անձանց եւ նրանց կարիքները, խնդիրները լուծելու պատրաստ թիրախային խմբերի միջեւ: Շիրակի թեմում գործող սոցիալ-կրթական կենտրոնը ստեղծման օրվանից ունեցել է սոցիալական հարցերով զբաղվող բաժին: Այստեղ բավական մեծ թվով գրանցված շահառուներ կան, որոնց կարիքներն ուսումնասիրում եւ փորձում են հնարավորինս աջակցել կենտրոնում:
Աջակցության նոր եղանակը ենթադրում է աջակցողի եւ կարիքավորի անմիջական շփում: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել կայքէջ, որտեղ կտեղադրվեն այն մարդկանց հասցեները, ովքեր որոշակի կարիքներ ունեն: Եվ անձինք, ովքեր կցանկանան օգնել նրանց դա կարող են անձամբ իրականացնել: Պարտադիր չէ, որ օգնությունը լինի գումարի տեսքով:
Կան մարդիկ, ովքեր ձեռք բերելով նոր սառնարան, հեռուստացույց եւ այլ կենցաղային իրեր, չգիտեն ինչպես վարվել իրենց հին, բայց աշխատող սառնարանի կամ հեռուստացույցի հետ: Եվ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չունեն թվարկված այդ իրերը: Հենց այս գաղափարի շնորհիվ կարող են կարիքավորն ու աջակցողը հանդիպել: «Այս գաղափարն իր հիմքում քրիստոնեական սեր է քարոզում նաեւ,- ասում է Կարեն Պետրոսյանը,- սա հնարավորություն է տալիս անձին անձնապես ծանոթանալ այն մարդու հետ, ում աջակցում է, գուցե մտերմանա եւ թեկուզ հետագայում եւս հանդես գա որեւէ խնդրի լուծմամբ: Մենք ցանկանում ենք, որ ի վերջո ձեւավորվի հոգածության ինստիտուտը մեր հասարակության մեջ»:
Յոթ վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի անդամ Սոնա Խաչատրյանն էլ իր հերթին հավելում է, որ «Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի» ակցիայի յուրաքանչյուր մասնակից, 15 հազար գնորդից յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ եւ հպարտանալ, որ մեկ անօթեւան ընտանիքի ապահովել է բնակարանով՝ վճարելով ընդամենը 400 դրամ: Ջոկատի անդամներն ասում են, որ գուցե ավելի հեշտ կլիներ դիմել մի քանի բարերարների եւ այդ բնակարանը գնել, սակայն ցանկացան առավելագույն ընդգրկվածություն ապահովել մարդկանց:
«Մեր քրիստոնեական հավատամքն ասում է, որ եթե մարդը լավ բան է անում, ինքն էլ է բարիանում,- ասում է Սոնա Խաչատրյանը,-այս երեք ամիսների ընթացքում, ինչ մեր ջոկատը կազմավորվել է, մենք 5 սիրիահայ ընտանիքի սնունդով ենք օգնել, 10-15 ընտանիքի՝ սոցիալապես ծանր վիճակում գտնվող, հագուստ ենք տրամադրել: Մեր կամավորները օգոստոս ամսին կանգնում էին գրախանութների մոտ եւ խնդրում էին մարդկանց գնել հավելյալ գրենական պիտույքներ: Այդ ամբողջը փոխանցվել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին: Եվ այս պահին իհարկե շատ կարեւորում ենք բնակարանի ձեռք բերման ակցիան, որ թեկուզ մեկ ընտանիքի կապահովի սեփական տանիքով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել