ՀՀ վիճակագիրները կօգնեն ԼՂՀ գործընկերներին, երբ Արցախում մարդահամար անեն
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին: Վարչապետը կարևորել է հայկական երկու հանրապետությունների ազգային վիճակագրական ծառայությունների` հուշագրով ամրագրված փոխհամագործակցությունը հատկապես առաջիկայում, երբ Արցախի Հանրապետությունը 2015 թվականին նախապատրաստվում է մարդահամարի: Այս հարցում Ա. Հարությունյանն ակնկալում է հայաստանյան վիճակագիրների անմիջական օժանդակությունը: Նախքան մարդահամարի անցկացումը, կառավարության ղեկավարի խոսքով` անհրաժեշտություն է լինելու հանրապետությունում մի շարք ուսումնասիրություններ կատարել երկրի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակի գնահատման, տնտեսական մակրոցուցանիշների ճշտման վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը պատրաստակամություն է հայտնել փորձի ու գիտելիքների փոխանակման և այլ հարցերում:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են նաև երկու կառույցներին վերաբերող այլ հարցեր:
Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել