HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարի թաղի բնակիչները շարունակում են հետամուտ լինել թաղամասի խնդիրների լուծմանը

Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության միջնորդությամբ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում կայացավ Սարի թաղի բնակիչների անունից ներկայացած Գեղամ Պետրոսյանի և վարչության պետ Սամվել Մհերյանի հանդիպումը, որին ներկա էին նաև «Բարև Երևան» խմբակցության անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Գասպարյանը: Հանդիպման նպատակը թաղամասին վերաբերող մի շարք խնդիրների քննարկումն էր: Պետրոսյանը ներկայացրեց, որ անհրաժեշտ է լայնացնել թաղամասի ճանապարհային ոլորանները՝ տրանսպորտային միջոցների շրջադարձը հեշտացնելու նպատակով, վերանորոգել մայթերը՝ ասֆալտապատելով և եզրաքարեր տեղադրելով (ըստ նրա՝ մայթերին աճած բուսականությունը դրանք գրեթե անանցանելի է դարձրել), կառուցել վերգետնյա անցում:

Սամվել Մհերյանը տեղեկացրեց, որ Էրեբունի վարչական շրջանում 2013 թ. ընթացքում վերանորոգված ճանապարհների 15 %-ը պատկանում է Սարի թաղին: Ինչ վերաբերում է ոլորանների լայնացման խնդիրներին, ապա դրա վերաբերյալ պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, նոր նախագիծ կազմվի, եզրակացություններ պետք է տան նաև ճարտարապետներն ու ՃՈ համապատասխան մասնագետները: Մայթերի վերանորոգման առումով ասաց, որ հնարավոր ամեն ինչ կանի՝ հաջորդ տարվա ծրագրում և բյուջեում այն ներառելու համար: Իսկ վերգետնյա անցում կառուցելու առումով նշեց, որ այն քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով չի կառուցվում: Դրա համար պետք է ներդրողներ գտնել, որը դյուրին գործ չէ: Փոխարենը, համաձայն բնակիչների առաջարկության, նշված տեղում հետիոտնային նշագրված ուղղանկյուններ կարվեն («զեբրա»)՝ հետիոտնի անցումն ապահովելու համար:

Սարի թաղի տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով Գեղամ Պետրոսյանն ու «Բարև Երևան» խմբակցության անդամները օրեր առաջ հանդիպել էին նաև քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ Հարություն Մելքումյանի հետ:

Այս մասին հայտնում են «Բարև Երևան» խմբակցությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter