HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը

Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից: Արձանագրվեց, որ  վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւոր  աշխատանքներ են իրականացվել` ձեւավորվել եւ գործում է միջկառավարական հանձնաժողովը, վերաբացվել է Երեւանում Իրաքի դեսպանությունը, նշանակվել է դեսպան: Երկու երկրների փոխվարչապետների գնահատմամբ` սա լավ հիմքեր է ստեղծում  բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ  առեւտրական կապերն ակտիվացնելու հարցում երկու երկրների գործարար շրջանակների կողմից  փոխադարձ հետաքրքրություն է առկա` ընդգծելով, որ արդեն  իսկ նկատելի է  ապրանքաշրջանառության ծավալների  աճ: Գործարար շփումների աշխուժացման նպատակով, հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երեւանում  անցկացվում է «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը:

«Մենք ցանկանում ենք, որ հայկական արտադրատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին եւ, փոխադարձաբար, Իրաքի ապրանքները մեր շուկա հասնեն: Մենք պատրաստ ենք  նաեւ քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, փոխադարձ բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար»,- նշեց Արմեն Գեւորգյանը:

Հանդիպումից հետո Ա.  Գեւորգյանի եւ Ռ.  Շաուեյսի համանախագահությամբ տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Համանախագահներն ամփոփեցին  2012թ. նոյեմբերին Բաղդադում կայացած  հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը:  Քննարկվեցին ներդրումային,  արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի,  զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ գիտության  բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք  կարեւորվեց գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, գործարար հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպումը Հայաստանում եւ Իրաքում: Կողմերը պայմանավորվեցին խրախուսել փոխադարձ ներդրումները տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

Արձանագրվեց, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա  նաեւ զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվեցին աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման  համար երկուստեք  անհրաժեշտ համարվեց  Հայաստանի եւ Իրաքի միջեւ  ուղիղ  օդային հաղորդակցության հաստատումը: Կողմերը պայմանավորվեցին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել: 

Կարեւորվեց գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ պահածոներ արտահանելու, ինչպես նաեւ  գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու եւ կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:

Կողմերն արձանագրեցին, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ:  Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`  իրաքցի 10 երեխաներ  բուժում կստանան Երեւանում: Երեխաներից հինգն առաջիկայում արդեն կժամանեն Հայաստան:

Էներգետիկայի բնագավառում եւս փոխգործակցության  լայն հնարավորություններ  կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում Իրաքում իրականացնել կիսակառույց եւ արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:

Երկուստեք կարեւորվեց մի շարք  ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը: Ներկայումս կողմերի քննարկման փուլում են գտնվում տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել երկրորդ նիստի արդյունքներով ստորագրվելիք արձանագրության կետերի կենսագործման ընթացքը համակարգող խումբ` հանձնաժողովի երկու կողմերի նախագահների տեղակալների գլխավորությամբ:

Նիստից հետո Ա. Գեւորգյանն ու  Ռ. Շաուեյսն այցելեցին  «Երեւան Էքսպո» կենտրոն, որտեղ բացվել է «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով ցուցահանդեսը: Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքին: Ցուցահանդեսին մասնակցում են  շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ: Ցուցահանդեսը կազմակերպվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության կողմից:

Նիստի արդյունքներով հանձնաժողովի համանախագահների կողմից կստորագրվի երկրորդ նիստի արձանագրությունը:

Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյաներն այցի ընթացքում  առանձին հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ:

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter