HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցեր` կենսաթոշակային համակարգի փոփոխությունների վերաբերյալ

«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսթոշակային համակարգին» նախաձեռնությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է կենսաթոշակային համակարգի փոփոխություններին վերաբերող հարցեր և ակնկալում է պատասխան վարչապետից, ինչպես նաև «Կենսաթոշակային hամակարգի իրազեկման կենտրոնից»: Հարցերը ներկայացնում ենք ստորև.

«1. Ինչո՞վ է հիմնավորված 1974թ-ի ընտրությունը: Չե՞ք կարծում, որ այս օրենքի արդյունքում, տարիքային խտրականության հետևանքով` գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել 1974թ.-ից ուշ ծնվածներին:

2. Պետության կողմից 5%-ի վճարումը պետբյուջե ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված: Չէ՞ որ պետբյուջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:

3. Ինչո՞ւ է այս ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում պետբյուջեի վրա: Այսինքն՝ քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական:

4. Ինչո՞ւ է որոշվել տվյալ ֆոնդերի գումարները տրամադրել, այսպես կոչված, միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնավոր կազմակերպություններին, որոնք էլ, այսպես կոչված, ցածր ռիսկային ոլորտներում պիտի ներդրումներ կատարեն: Այսինքն՝ գումարները պետությունից դուրս պիտի հոսեն: Ինչո՞ւ փոխարենը այդ գումարների տնօրինումը մեր պետությունը չի ստանձնում և ներսում ներդնելով, տնտեսությունը զարգացնելով ու նոր աշխատատեղեր ստեղծելով` ավելի նպաստավոր պայմաններ չի ստեղծում: Աշխատատեղերի ստեղծման արդյունքում կշատանա նաև մուծողների քանակը, արդյունքում այդ ֆոնդերը ավելի կենսունակ կլինեն: Օրինակ՝ ՏՏ ոլորտը բավականին հեռանկարային է, և ներդրումները հաստատ կփոխհատուցվեն ու բավականին կարճ ժամկետներում: Ընդ որում, նման առաջարկներ եղել են կառավարությանը: (Ի դեպ, միջազգային մասնավոր կազմակերպություններին տնօրինելու փաստը թույլ է տալիս ենթադրել, որ սա միգուցե դրսից պարտադրված օրենք է…)

5. Ինչո՞ւ հաշվի առնված չի Արգենտինայի և նման երկրների դառը փորձը: Այսինքն՝ համաշխարհային ճգնաժամի արդյունքում այդ ֆոնդերի կենսունակ չլինելու իրողությունը:

6. Ինչո՞ւ հաշվի առնված չեն դեֆոլտի դեպքում գոյություն ունեցող ռիսկերը: Չէ՞ որ նման իրավիճակներում պետությունը ի վիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել, նույնիսկ՝ ողջ բյուջեի հաշվին:

7. Ինչո՞ւ հաշվի առնված չեն աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ գյուղատնտեսության, անտառտնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողների չընդրկումը այդ նախագծի մեջ չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական իրավիճակի էլ ավելի վատթրացմանը: Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու այդ ոլորտի մարդկանց կենսաթոշակները:

8. Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու չաշխատող մարդկանց կենսաթոշակները: (Բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց գրանցված չեն):

9. Ինչո՞ւ հաշվի առնված չեն աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում` սա նպաստելու է ծնելիության նվազմանը:

10. Ինչո՞ւ է այս վճարումը գանձվելու նաև նվազագույն աշխատավարձից: Չէ՞ որ նվազագույն աշխատավարձը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում, գանձման հետևանքով նույնիսկ այդ նվազագույն շեմը չի ապահովվում:

11. Ինչո՞ւ են ընդունվում այնպիսի որոշումներ, որոնք նպաստելու են ստվերային տնտեսության աճին: Այս որոշումը հաստատ նպաստելու է դրան: Շատերն են դրա հիմնավորումները ներկայացնել:

12. Չե՞ք կարծում, որ տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի հերթական արտագաղթի ալիքին: Խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է, այլև պետության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:

13. Ինչո՞ւ նման համաժողովրդական հարցերը չեն դրվում հանրաքվեի:

14. Ինչո՞ւ է օրենքը սահմանվում որպես պարտադիր: Չէ՞ որ նման բան պարտադրելը հակասահմանադրական է:

Այս «Ինչո՞ւ»-ների շարքը կարելի է շարունակել, բայց մի պահ կանգ առնենք և դեռևս այսքանի պատասխանները գտնենք …»

Մեկնաբանություններ (2)

Գևորգ
Այդ գումարները կարող են դրվել ՀՀ ՖՆ ավանդային հաշվին և ստացված տոկոսներով հնարավոր կլինի շոշափելի չափով բարձրացնել այսօրվա թոշակառուներին հատկացվող կենսաթոշակները,ինչպես նաև ռեալ երաշխիքներ ստեղծել ապագա թոշակառուներին բարձր կենսաթոշակներ հատկացնելու խնդիրը հաջողությամբ լուծելու համար:Յուրաքանչյուր աշխատող հստակ կզգար,որ այսօր ինքն օգնում է իր ծնողներին,իսկ վաղը կստանա շոշափելի օգուտ:Իսկ եթե վաղը սնանկանա այսպես կոչված միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնավոր կազմակերպությունը,ով է վերադարձնելու այդ գումարները:Չի բացառվում,որ այօրվա չինովնիկները կարող են իրենց փյաբաժինը ունենալ այդ կազմակերպությունների հետ ֆինանսական հարաբերություններից:
Aram
Մեզ ոչինչ չի հետաքրքրում, պարտադիր կետը պիտի հանվի ու վերջ: Մնացած հեքիաթները թող իրենց ընտրազանգվածին` մարշրուտկու շոֆերներին պատմեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter