Հատուկ պահպանության հանձնված մեքենան քանդած էր, իսկ սպանվածի հեռախոսում առկա էր քննիչի հեռախոսահամարը
2012թ. ապրիլի 12-ին սպանված Կարեն Եսայանի մեքենայի զննությունը նախորդ դատական նիստին չկայացավ, քանի որ, ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Մատին Սարոյանը, մեքենայի բանալին դատարանում չէ, այլ Երեւանում՝ քրեական գործի վարույթն իրականացրած քննիչի մոտ: Դատավորը 15 օրով ընդմիջեց նիստը: Ընդամենը 120 կմ հեռավորություն ունեցող վայրից մեկ բանալի Շիրակի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հասցնելու նպատակով երկշաբաթյա ընդմիջումը պաշտպանական կողմը հերթական անգամ որակեց որպես գործի քննության արհեստական ձգձգում:
Նոյեմբերի 6-ի դատական նիստը, որ նշանակված էր ժամը 12-ին, սկսվեց միայն 14:30-ին մեղադրող Արմեն Մարուխյանի եւ տուժողի իրավահաջորդ Արմեն Մելքոնյանի ուշացման պատճառով: Կողմերը եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները դատավորի որոշմամբ տեղափոխվեցին Գյումրու ոստիկանության քննչական բաժանմունքի բակ, որտեղ հատուկ պահպանության էր հանձնված իրեղեն ապացույց համարվող մեքենան:
Փաստաբան Լուսինե Սահակյանը մեքենայի վրայից ծածկոցը հեռացնելուց հետո ներկաների ուշադրությունը հրավիրեց մեքենայի դռների եւ բեռնախցի վրա, որոնք կնքված չէին:

Միայն վարորդի կողմի դռան վրա երեւում էր ինչ-որ թղթի կտոր, այն էլ՝ վնասված վիճակում: Սա այն դեպքում, երբ դեպքի վայրի զննության եւ մեքենան այլ վայր տեղափոխելուց հետո կազմված արձանագրության մեջ նշված էր, որ մեքենան կնքվել է, ու դա կատարվել է ընթերակաների ներկայությամբ:

Քանի որ նախորդ նիստը ընդմիջվել էր մեքենայի բանալու բացակայության պատճառով, որքա՜ն եղավ ներկաների զարմանքը, երբ պարզվեց, որ դրա կարիքն ընդհանրապես չկա: Փաստաբան Հունան Բաբայանն առաջարկեց մեղադրող Արմեն Մարուխյանին նախ ստուգել՝ բա՞ց են, թե՞ փակ մեքենայի դռները, հետո նոր օգտագործել բանալին: Պարզվեց, որ հատուկ պահպանության հանձնված իրեղեն ապացույց համարվող մեքենայի դռները բաց են, եւ բանալու կարիք ամենեւին էլ չկար:
Վարորդի կողմի դուռը բացելուց հետո ներկաները արձանագրեցին կոպիտ միջամտության փաստ: Ինչ-որ մեկը քանդել էր ղեկի ներքեւի հատվածը: Քանդուցքի մնացորդները պահպանվել էին մեքենայի հատակին: Վարորդի նստատեղին դեռ երեւում էին արյան չորացած հետքերը, սակայն չգիտես ինչպես այնտեղ հայտնվել էր հողաշերտ եւ ծառի տերեւներ: Փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրեց դատարանին արձանագրել իրեղեն ապացույց համարվող մեքենայի հետ կատարված միջամտությունների փաստը: Նա հայտարարեց, որ սպանվածի մեքենան որպես ապացույց այսուհետ անթույլատրելի է:
Արդեն դատական նիստերի դահլիճում պաշտպանական կողմը դատավոր Մարտին Սարոյանին ներկայացրեց լուսանկարներ, որոնք արվել էին 2012թ. ապրիլի 12-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից եւ ժամը 22:25 րոպեին տեղադրվել լրատվական կայքերից մեկում: Այդ լուսանկարներում սպանված Կարեն Եսայանի մեքենան էր: Լուսանկարներից երեւում էր, որ մեքենայի ղեկի հատվածը սարքին վիճակում է: Սպանությունից մեկ կամ 2 ժամ անց արված լուսանկարներում եւս բացակայում էին դռների կնիքները: Այնինչ տեղազննությունից եւ մեքենան իրեղեն ապացույց դիտարկելուց հետո, ըստ կարգի, այն պետք է կնքվեր:
«Վստահ ենք, որ լուսանկարներն արված են մինչեւ զննությունը, քանի որ ոտնակներն առկա են, իսկ դրանք առգրավվել եւ իրեղեն ապացույց են համարվել միայն ապրիլի 13-ին»,- նշեց Լուսինե Սահակյանը: Մեղադրող Արմեն Մարուխյանն էլ իր հերթին հայտարարեց, որ կա տեղազննության արձանագություն, եւ որ մեքենան զննվել է ընթերակաների ներկայությամբ, այնուհետեւ կնքվել: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ ընթերակաները պիտի հրավիրվեն եւ հարցաքննվեն դատարանում: Մեղադրող կողմը չառարկեց այդ հայտարարության դեմ:
Դրանից հետո փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ եւ միջնորդությամբ: Քանի որ սպանվածի մեքենան դեպքից հետո էվակուատորով տեղափոխվել էր Ախուրյան համայնքում գտնվող «Թելման-94» ՍՊԸ-ի տարածք եւ մեկ օր պահվել այնտեղ, պաշտպանական կողմը որոշել էր հանդիպել այն ընթերակայի հետ, ով աշխատում է այդ կազմակերպությունում: Ինչպես նշեց փաստաբան Հունան Բաբայանը, «Թելման-94» ՍՊԸ-ի աշխատակից Գրիգոր Գասպարյանը հայտնել է այնպիսի տեղեկություններ, որ դատարանը չի կարող չգնահատել:
Գրիգոր Գասպարյանը օրն ու ժամը չէր հիշել, սակայն պատմել էր, որ իրեն զանգել ու ասել են, որ գա գարաժը բացի՝ պիտի մեքենա բերեն: Քանի որ տունը մոտ է եղել գազալցակայանին, գարաժի բանալին էլ իր մոտ է եղել, ինքն անմիջապես եկել է: Տեսել է, թե ինչպես էվակուատորով մի հատ արծաթագույն մեքենա են բերել ու հրելով մտցրել գարաժ: Հետո բավական ուշ ժամի եկել է Գագիկ Շամշյանն ու սկսել լուսանկարել: Գարաժը փակելուց հետո ինքը բանալին տվել է քննիչ Վահրամ Բեյբությանին:
Հաջորդ օրը ոստիկանությունից մարդիկ են եկել, հանել մեքենան եւ սկսել զննել: Ինքը հատուկ մոտիկ չի գնացել: «Ես զննությանը չեմ եղել, ինձ ոչ ոք ոչինչ չի բացատրել եւ ես չգիտեմ անգամ «ընթերակա» բառի նշանակությունը: Ես հատուկ հեռու եմ գնացել, որ այդ ամենին մասնակցություն չունենամ: Ես չեմ հիշում՝ այդ օրը որեւէ թղթի տակ ստորագրե՞լ եմ, թե՞ ոչ»,- արձանագրության մեջ նշել էր Գրիգոր Գասպարյանը:
Փաստաբան Հունան Բաբայանը միջնորդեց դատարանին արձանագրությունը ճանաչել իրեղեն ապացույց: Պաշտպանական կողմը միջնորդեց նաեւ Գագիկ Շամշյանի արած լուսանկարները կցել քրեական գործին եւ ճանաչել իրեղեն ապացույց: Դատավորը հրաժարվեց լուսանկարները կցել գործին եւ դրանք վերադարձրեց պաշտպանական կողմին, թեպետ վերջիններս հրաժարվեցին վերցնել դրանք, իսկ արձանագրության հետ կապված ասաց, որ որոշում կընդունի ապացույցների հետազոտման փուլի ավարտին: Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ դատարանը կարող է լուսանկարները ապացույց չճանաչել, սակայն պետք է այն կցի գործին, այլապես ապօրինություն է թույլ տալիս:
Այնուհետեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը դատարանին ներկայացրեց Կարեն Եսայանի հեռախոսը, որը քննիչի կողմից իրեղեն ապացույց չէր ճանաչվել եւ վերադարձվել էր տուժող կողմին: Դատարանում հեռախոսի զննության արդյունքում պաշտպանական կողմը հայտնաբերեց մուտքային մեկ եւ ելքային զանգեր՝ գործում տեղ չգտած հեռախոսահամարներից:
«Ես իմ պրակտիկայում այսպիսի դեպքի դեռ չէի հանդիպել, որ սպանության գործը քննող քննիչը զանգի զոհին, քանի որ մուտքային այս մեկ զանգն արվել է քննիչ Խ. Հայրապետյանի կողմից: Հեռախոսում առկա այս մեկ համարը նրան է պատկանում,- հայտարարեց Լուսինե Սահակյանը,- ինչպե՞ս կարող էր 20:15 դիակը հայտնաբերած, Երեւանից դեպքի վայր ժամանած ու գործի քննությանը մասնակցած քննիչը զանգահարել սպանվածին, լրիվ անհասկանալի է»:
Պաշտպանական կողմը հայտարարեց նաեւ, որ հեռախոսից ջնջված են գործում առկա բոլոր հեռախոսահամարները, որը նշանակում է, որ եղել է միջամտություն: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց առգրավել հեռախոսը եւ ճանաչել իրեղեն ապացույց:
Այս նիստում հրապարակվեցին նաեւ կարեւորագույն վկա համարվող Հակոբ Կարապետյանի նկատմամբ նշանակված դատահոգեբանական, դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքները: Նման միջնորդությամբ օգոստոսի 13-ի նիստին հանդես էր եկել պաշտպանական կողմը: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի՝ այս վկան տեսել էր, թե ինչպես է ամբաստանյալը դեպքի նախորդ օրը նստում ինչ-որ մի արծաթագույն մեքենա: Պաշտպանական կողմը պնդում էր, որ օլիգոֆրենիայով տառապող անձի մասնակցությունը նախաքննությանը վկայի կարգավիճակով անթույլատրելի էր, հետեւաբար դատարանում տված նրա ցուցմունքները եւս չէին կարող իրավական հիմք ունենալ:
Դատարանում հրապարակված համալիր փորձաքննության արդյունքները հաստատեցին պաշտպանական կողմի պնդումները: Մտավոր թերզարգացածությամբ տառապող Հակոբ Կարապետյանն այս գործով վկա այլեւս չի կարող համարվել: Նրա ցուցմունքները չեն կարող դրվել քրեական գործի հիմքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել