HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

Վաղը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարին կմասնակցի հետեւյալ կազմով. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան: Թիմի մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը: Մարզիչը Արթուր Չիբուխչյանն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարին ներկայանում է օլիմպիական եւ աշխարհի չեմպիոնի կոչմամբ: Մեր թիմը 2006, 2008 եւ 2012 թթ. օլիմպիական ոսկե մեդալակիր է, իսկ երկու տարի առաջ էլ նվաճել է նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեր ընտրանին 1999-ին Բաթումում Լպուտյան-Մինասյան-Անաստասյան-Արոնյան-Պետրոսյան կազմով նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը, 1997-ին եղել է երկրորդը, իսկ 2007-ին՝ երրորդը:

2011-ի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություններ ուներ, սակայն մնաց ձեռնունայն, փոխարենը բոլորին անակնկալ մատուցեց Գերմանիան, որն առաջին անգամ դարձավ հաղթող:

Եթե ներկա՝ 19-րդ առաջնությունում Հայաստանը հաղթի, ապա կմիավորի օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կոչումները, ինչը մեծագույն նվաճում կլինի:

Կանանց մեր ընտրանին Եվրոպայում լավագույնն է դարձել 2003-ին բուլղարական Պլովդիվում (Դանիելյան-Մկրտչյան-Աղինյան): 2007-ին մեր հավաքականը երկրորդն էր: Կանանց այս առաջնությունը 10-րդն է թվով:   

Վարշավայի առաջնությունում մեր տղամարդկանց թիմն իր 2715 վարկանիշով զիջում է միայն Ռուսաստանին (2747): Իսկ կանանց թիմը 6-րդն է (2386), որից առաջ են Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Գերմանիայի թիմերը:

Առաջնությունը կտեւի մինչեւ նոյեմբերի 18-ը, իսկ պաշտոնական բացումն այսօր է: Եվրոպայի առաջնությունից հետո թուրքական Անթալիայում կկայանա աշխարհի թիմային առաջնությունը: Ընդ որում՝ այսօր մեկնարկում է նաեւ աշխարհի թագի համար երկար սպասված Անանդ-Կառլսեն մրցամարտը:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter