HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արգիշտի Կիվիրյան. «Բոլոր միջոցներով պայքարելու եմ ոստիկանական, քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ»

Հատուկ քննչական ծառայությունում «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան, քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սուտ մատնություն) հատկանիշներով:

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը, ազատելու, երթեւեկությանը չխոչընդոտելու եւ բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Ըստ մեղադրանքի`Արգիշտի Կիվիրյանը Կոմիտասի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին ավտոմեքենայով տեղափոխվելու ընթացքում ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է ավտոմեքենայի դռան արտացցված մասին եւ դրա արդյունքում ճակատի, կոպի ու քթի շրջանում ինքն իրեն պատճառելով մարմնական վնասվածքներ՝ իրեն բերման ենթարկող ոստիկաններին սպառնացել է վնասվածքների պատճառումը վերագրել նրանց:

Հետագայում իրագործելով իր վերը նշված սպառնալիքները՝ Ա. Կիվիրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել քրեական գործ հարուցելու իրավասությամբ օժտված մարմիններին` հայտնելով, թե ինքնավնասման հետևանքով ստացված վերոհիշյալ մարմնական վնասվածքները ստացել է ոստիկանության աշխատակիցների կողմից` իր նկատմամբ բռնություն գործադրելու արդյունքում: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արգիշտի Կիվիրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այն ինչ տեղի է ունեցել Կոմիտաս 5 հասցեում, հայտնի է այնտեղ ներկա բազմաթիվ լրագրողներին եւ հասարակության ներկայացուցիչներին, եւ կան բազմաթիվ տեսագրություններ, որոնք վկայում են ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ իրականացրած բռնությունների մասին: Ակտիվիստին բռնությամբ նստեցնում են ոստիկանական ավտոմեքենա եւ տանում են Արաբկիրի բաժին: Ա. Կիվիրյանն ասաց, որ առկա են նաեւ տեսագրություններ, թե ինքն ինչ վիճակում է գտնվում Արաբկիրի բաժնում, որտեղից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում է հիվանդանոց:

«Առկա են ակնհայտ փաստեր, որ իմ նկատմամբ ոստիկանության աշխատակիցները կիրառել են բռնություններ, սակայն, անտեսելով այս ամենը, նախաքննական մարմինն ինձ մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով` 316 հոդվածի 1-ին մասով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հասել ենք աբսուրդի այն թատրոնին, որ նախաքննական մարմինը փոխանակ քննի եւ մեղադրանք առաջադրի իմ դեմ ապօրինություններ, բռնություններ կիրառած անձանց, սարքում են գործ, թե իբր ես եմ բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ: Հերիք չի բռնություն եմ կիրառել, դեռ զրպարտել, սուտ մատնություն եմ իրականացրել այդ անմեղ մարդկանց նկատմամբ»,- ասում է Արգիշտի Կիվիրյանը:

Նրա ասելով՝ քրեական օրենսգրքի 333 հոդվածի կիրառումը շատ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ. այս հոդվածով նախատեսված մեղադրանքը հատուկ է առաջադրվել, որպեսզի այսուհետ ոչ ոք չբողոքի ոստիկանության ապօրինությունների դեմ:

«Ես բողոքել եմ այդ ապօրինության դեմ, իրենք ասում են՝ նման բան չի եղել, եւ ինձ են մեղադրանք առաջադրում, որ իբր զրպարտել եմ անմեղ ոստիկանին: Դրանով քաղաքացու աչքն են վախացնում, որ թեկուզ նրան ծեծեն, ջարդեն, ինչ ու,զեն անեն, ինքը վախենա՝ գնա բողոքի ոստիկանի դեմ, որ հանկարծ իրեն լրացուցիչ մեղադրանք չառաջադրեն»,- հավելեց Ա. Կիվիրյանը:

Նա նշեց, որ այս ամենը քաղաքական հալածանքներ են իր նկատմամբ եւ ուղղակիորեն կապված են իր քաղաքական, հասարակական, լրագրողական, իրավապաշտպանական գործունեության հետ:

Նա պատմեց, որ գրեթե մեկ ամիս այս գործը սառեցված է եղել: Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հրապարակավ ներկայացրել է կատարվածը եւ դրա հաջորդ օրը`ամսի 6-ին, ՀՔԾ-ում իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշում է կայացվել:

«Պատրաստվում եմ բոլոր միջոցներով պայքարել Հայաստանում առկա ոստիկանական, քրեաօլիգարխիկ այս ռեժիմի դեմ, ինչպես նաեւ պայքարելու եմ, որ իմ դեմ ապօրինություն, բռնություն կիրառած բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- հավելեց Արգիշտի Կիվիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter