Դեմոկրատական հանրության ինքնորոշումը
Էդգար Վարդանյան, Քաղաքական վերլուծաբան
Կա տեսակետ, որ դեմոկրատական, իրավական պետության հաստատմանը հնարավոր է հասնել միայն մի քանի սերնդափոխությամբ: Այս թեզի կողմնակիցները, որոնք շատ են նաեւ Հայաստանում, հղում անելով մի քանի ժամանակակից եվրոպական դեմոկրատական պետությունների ձեւավորման պատմությանը՝ հայտարարում են, թե անհիմն են սպասելիքները, որ Հայաստանի նման երկրում մոտ ժամանակներում կարող է ձեւավորվել դեմոկրատական ռեժիմ։
Անշուշտ, հատկապես 19-րդ դարում ձեւավորված առաջին ժամանակակից լիբերալ-դեմոկրատական պետությունների պատմությունը առանձնանում է հարյուրամյակներ տեւած այնպիսի ինստիտուտների ձեւավորմամբ, որոնք հիմք են ծառայել այդ երկրներում դեմոկրատական համակարգերի հաստատման համար։
Սակայն 1974-ից սկսված ժողովրդավարացման «երրորդ ալիքը» կարճ ժամանակատվածում ժողովրդավարական է դարձրել մի քանի տասնյակ պետություններ, որոնց թվում են միմյանցից շատ չափանիշներով տարբերվող այնպիսի պետություններ, ինչպիսիք են, օրինակ, Պորտուգալիան եւ Հարավային Կորեան, Լեհաստանը եւ Թայվանը, Չիլին եւ Բենինը եւ այլն։ Պետք է նշել, որ դրանց մեծ մասը դեմոկրատացման նախաշեմին ռազմական բռնապետություններ կամ միակուսակցական ռեժիմներ էին եւ զուրկ էին ժողովրդավարական հարուստ ավանդույթներից ու ինստիտուտներից, բայց ունեցել էին, թեկուզ թերի, դեմոկրատիայի կարճաժամկետ փորձ։
Հայաստանը հենց այդ տեսակի երկրներից է: 1918-20թթ. եւ 90-ականների ամենասկզբում այստեղ առկա է եղել քիչ թե շատ դեմոկրատական մթնոլորտ, իսկ այժմ փաստացի հաստատված է միակուսակցական օլիգարխիկ ռեժիմ։ Եվ եթե վերոնշյալ պայմանների պարագայում բազմաթիվ երկրների հաջողվել է կարճ ժամանակում կատարել արմատական դեմոկրատական փոփոխություններ, ուրեմն կարելի է նաեւ ենթադրել, որ Հայաստանում էլ է դա հնարավոր։
Նշենք, որ ժողովրդավարացմանը նպաստող պայմաններից են համարվում նաեւ միջին խավի առկայությունը, գրագիտության լայն տարածվածությունը, եկեղեցու պրոդեմոկրատական դիրքորոշումը (ինչպես, օրինակ, Լեհաստանում էր, երբ կաթոլիկ եկեղեցին բացահայտ սատարում էր «Solidarność» շարժմանը), գերպետությունների աջակցության առկայությունը եւ այլն։ Սակայն, ինչպես ցույց է տալիս դեմոկրատիզացիայի համաշխարհային փորձը, դեմոկրատիա դառնալու համար պարտադիր չէ, որ լինեն բոլոր այս պայմանները: Կան դեպքեր, երբ առկա են լինում առավելագույն նպաստավոր պայմաններ, սակայն դեմոկրատիայի հաստատում տեղի չի ունենում, եւ հակառակը՝ նվազագույն նպաստավոր պայմանների պարագայում պետությունը կարճ ժամանակում դառնում է դեմոկրատական։
Ի վերջո, ինչպես դիպուկ նշում է ամերիկացի հայտնի քաղաքագետ Ս. Հանթինգթոնը. «Ժողովրդավարական ռեժիմը հաստատում են ոչ թե միտումները, այլ մարդիկ։ Ժողովրդավարությունները ստեղծվում են ոչ թե պատճառներով (causes), այլ պատճառ (առիթ) հանդիսացողներով (causers)»։ Եվ այստեղ պետք է նշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում դեմոկրատիա հաստատվել է հիմնականում այն երկրներում, որտեղ եղել են հզոր պրոդեմոկրատական շարժումներ։ Իհարկե, դա դեռեւս չի նշանակում, որ դեմոկրատական ռեժիմը հաստատվել է հենց միայն այդ շարժումների շնորհիվ, բայց փաստ է, որ վերոնշյալ շարժումների առկայությունը եղել է դրա հիմնական պայմաններից մեկը, եթե ոչ՝ ամենահիմնականը։
Պրոդեմոկրատական շարժումը՝ տեսանելի ապագայում դեմոկրատական, իրավական կարգ հաստատելու նպատակ հետապնդող, ռազմավարություն, մարտավարութուն եւ դեմոկրատական ներքին կառուցվածք ունեցող, ոչ բռնի մեթոդներով ռեժիմին կազմակերպված դիմադրություն ցուցաբերող մարդկանց միավորում է։ Այդ տեսակի շարժումն այնպիսի նպատակներ եւ խնդիրներ է հետապնդում, որոնք հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու պոտենցիալ ունեն։ Պրոդեմոկրատական շարժումն ունենում է կորիզ խումբ, որը բաղկացած է լինում, այսպես կոչվող, «կարծիք առաջնորդողներից» (opinion leaders), որոնց համարձակ գաղափարներն ու կշռադատված վարքը, նախապես լավ մշակված գործողությունները պետք է կողմնորոշիչ լինեն մնացածների համար։ Այդ խմբի մեջ են մտնում նաեւ ամենօրյա ռեժիմով աշխատող փորձագետներ, որոնք կատարում են իշխող ռեժիմի բնույթի ուսումնասիրություններ, մշակում են գործողությունների պլաններ եւ այլն։ Կորիզ խումբը պետք է նաեւ գրագետ քարոզչական աշխատանք տանի հասարակության հետ, ինչն անհրաժեշտ է շարժումը ծավալելու, լայն հանրության շրջանում դրական իմիջ ձեռք բերելու համար։
Պրոդեմոկրատական շարժման ձեւավորումը դեմոկրատական արժեքներ ունեցող հանրության ինքնակազմակերպման գործընթաց է: Կարելի է ասել, որ դա ինքնորոշման յուրօրինակ ձեւ է։ Ինչպես ազգերն են ինքնորոշվում անկախ պետություններ ստեղծելով, այնպես էլ դեմոկրատական հանրությունները ավտորիտար, օլիգարխիկ պետություններում ինքնորոշվում են պրոդեմոկրատական շարժումներ հիմնելով։ Հարկ է նշել նաեւ, որ պրոդեմոկրատական շարժման գոյությունը չի բացառում դեմոկրատական փոփոխությունների համար պայքարող տարբեր սուբյեկտների առկայությունը: Դրանք, որպես կանոն, նպաստում են շարժման հզորացմանը։
Հայաստանում առկա են դեմոկրատական փոփոխությունների համար տարբեր ձեւերով պայքարող կուսակցություններ, ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ, ընկերային խմբեր, անհատ քաղաքացիներ, սակայն պրոդեմոկրատական շարժում դեռեւս գոյություն չունի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել