Իմ ապրած մեկ օրը
Նաիրա Մխիթարյան
Ես ուսանող եմ: Այսօր ես կառուցում եմ իմ վաղվա օրը: Ես լի եմ երազանքներով: Ինձ ոգեշնչում է հարկավոր: Ես ուզում եմ ՔԵԶ պատմել իմ մեկ օրվա պատմությունը:
Առավոտ է, հիանալի, արևոտ մի առավոտ: Ժպիտը դեմքիս շտապում եմ դասի: Նստում եմ երթուղային: Բոլորը կանգնած են։ Ավտոբուսի շարժին զուգընթաց բազմությունը շատանում է։ Ավտոբուսն արդեն ճկվել է։ Ես կորցնում եմ ձեռքերս, որոնք ինչ-որ կնոջ իրանի հետևում են մնում։ Ինչ-որ մեկի գլուխն առանձնացել է մարմնից և չի կարողանում գտնել տիրոջը։ Ինչ-որ պարոն, առիթից օգտվելով, ձեռքը մոռացել է մեկ այլ տիկնոջ վրա։ Երեք ընկերուհի համառորեն փորձում են տեղավորվել մեկ աթոռի վրա: Մի իրական քաոս է: Բոլորը հնազանդ են։ Բոլորին ամեն ինչ սովորական և բնական է թվում։ Կարծես այդպես էլ պետք է լիներ։ Իջնում եմ երթուղայինից, ուղղում պարանոցս և մտածում. «Ա՜խ այդ կառավարությունը, մի՞թե դժվար է մի տրանսպորտի հարց լուծել»:
Գնում եմ բուհ: Հնչում է զանգը: Ներս է մտնում դասախոսը: Սկսվում է դասախոսությունը: Այնուհետև սկսվում է մի փոքրիկ և անկեղծ զրույց: Լսում եմ դասախոսիս հուսահատ կոչը մեզ. «Էս երկիրը երկիր չի. պիտի Նարեկը սրտումդ, Կոմիտասը հոգումդ թողնես և հեռանաս…»: Եվ սա նա ասում է ութսուն երիտասարդի, ութսուն ՀՀ քաղաքացու: Բոլորը լռում են, մի քանիսը պասիվ ընդդիմանում են:
Դուրս եմ գալիս բուհից ու քայլում փողոցով: Ականջիս է հասնում երկու փոքրիկի (5- 8 տարեկան) զրույցը, որոնք դերային խաղ են խաղում և որոշում են, թե որ հերոսին են մարմնավորելու։ «Ապե, դու էդ չես կարա իմանաս, իմ պապայի ընկերը իա թիկնապանա, իա դեմ խաղ չկա։ Մի բան ասես ընենց «կպիսկի»։ Ընենց որ, ես եմ ինքը։ Համ էլ իա տղերքը ավելի ուժեղ են։ Սաղ քաղաքի սիթիները իանն են»: Ահա մեր ժամանակների նոր հերոսը։
Քայլերս մտամոլոր ուղղում եմ «Էսպաս» կենտրոն՝ լավատեսություն, մոտիվացիա, խանդավառություն, նոր լիցքեր ու գաղափարներ գտնելու հույսով: «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի կինոսերների ակումբի շրջանակներում ուսուցողական ֆիլմ ենք դիտում, ապա խաղի միջոցով քննարկում ֆիլմը: Ակումբավարները մեզ բաժանում են երկու խմբի՝ մի խումբը կառավարությունն է, մյուսը՝ ժողովուրդը: Ժողովուրդը կառավարությանը պիտի ներկայացնի իր բողոքը: Կառավարությունը դուրս է գալիս սենյակից, և ժողովուրդը գրում է իր բողոքը: Ներս է մտնում կառավարությունը: Եվ այստեղ իմ աչքերի առաջ կատարվում է ֆանտաստիկ մի երևույթ։ Կառավարությունը ներս է մտնում դանդաղ։ Բոլորի դեմքին ինքնավստահ մի ժպիտ եմ նկատում: Ժողովրդի ներկայացուցիչները նստած են ինչ-որ անինքնավստահ կեցվածքով: Ժողովուրդը ներկայացնում է առաջին բողոքը, երկրորդը, երրորդը… Կառավարությունը երջանիկ, ինքնավստահ ժպիտով պատասխանում է ժողովրդին. «Մենք ոչնչում մեղավոր չենք», «Մեղավոր են բոլորը՝ բացի մեզանից»:
Հանկարծ փոխվում է ամեն ինչ. նախկին կառավարությունն այժմ դառնում է ժողովուրդ, իսկ ժողովուրդը, որի կազմում էի նաև ես, դառնում է կառավարություն: Երկրորդ ֆանտաստիկան է կատարվում. ես և ողջ խումբը սկսում է նույն ինտենսիվությամբ և ոգևորությամբ պաշտպանել կառավարությանը:Մենք՝ նախկին ժողովուրդը, պատասխան է գտնում նրանց յուրաքանչյուր մեղադրանքին: Մենք կերտում ենք մեր ճշմարտությունը: Մենք այնպես ենք ներկայացնում մեր ճշմարտությունը, որ սկսում ենք ինքներս էլ դրան հավատալ: Կողմերը չեն կարողանում լսել մեկը մյուսին: Եվ հանկարծ ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ես փորձում եմ արդարացնել կառավարության անարդյունավետ, երբեմն էլ՝ մեղսավոր գործունեությունը: Ու ես մի պահ կտրվում եմ խաղից։ Թիմակիցներս շարունակում են արդարացումներ հնչեցնել: Ի՞նչ կատարվեց։ Ի՞նչ էր դա։ Դե՞ր։ Մի՞թե խնդիրը այդ չարաբաստիկ դերն է, մի՞թե մենք խաղալիք ենք այդ դերի ձեռքում, մի՞թե դերն է կերտում մեր աշխարհայացքը: Այսինքն՝ տուր կառավարողի դերը յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, և նա կսկսի նո՞ւյնը անել։
Եվ ես գտնում եմ իմ ճշմարտությունը։ Մենք արժանի ենք մեր կառավարությանը, այն մեր հայելին է։ Խնդիրը մեր մեջ է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել