Ինձ մի՛ խոսեցրեք
Վանո Եղիազարյան
«Հետքի» հարգելի խմբագրություն, Ձեզ հայտնի է, որ Լեռնապատի գյուղապետի դեմ պարոն Արտաշես Թումանյանի կողմից կազմակերպվել էր մի հալածանք, որի արդյունքում հարուցվել էր անգամ շինծու քրեական գործ, ինչպես գիտեք այն կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, այժմ ես այլևս գյուղապետ չեմ արդեն մեկ տարի շնորհիվ նաև այդ մարդու, սակայն իմ դեմ շարունակվում է վարկաբեկիչ հոդվածները, որն ակնհայտորեն նրա պատվերն է: Ժամանակին Ձեր թերթն էլ գրել է այդ մասին, ձեզ պիտի հիշեցնեմ, որ ես ոչ միայն գյուղապետ եմ, այլև գիտնական, դասախոս, ով ունի հազարավոր ուսանողներ, որոնց աչքի առաջ մի բիզնեսմեն փորձում է վարկաբեկել մի մտավորականի, ում փորձեցին հանցագործ պիտակավորել, սակայն չստացվեց: Օրերս մի կայքում կարդացի մի հարցազրույց, որի պատասխանը գրել եմ և խնդրում եմ Ձեզ, որպես հեղինակավոր թերթի տպագրել իմ պատասխանը` հանուն ճշմարտության և լրագրողական անաչառության, կից ներկայացնում եմ հոդվածի տեքստը, շնորհակալ եմ նախապես
Օրերս «Հայկական ժամ» կայքում կարդում եմ, որ ոմն Ամալյա Սահակյան հոդված-հարցազրույց է տպագրել «Սա Հաջղարն է, իմ հերոս գյուղը» վերնագրով, որտեղ հոդվածագիրը գրում է. «Ընթերցողին հիշեցնենք, որ նախկինում, երբ Լեռնապատ համայնքի ղեկավար էր աշխատում ՀՀԿ-ական Վանո Եղիազարյանը, գյուղապետ եւ գյուղացի հարաբերությունն այնքան լարված էր, որ նրանց միջեւ ծագող վեճերի պարզաբանման համար շատ անգամ նրանց բողոքները հասնում էր մինչեւ դատարան»:
Ապա հոդվածագիրը հարցնում է գործող գյուղապետին` «Գյուղը քաղաքականացվա՞ծ է»: Խոսվում է, որ համայնքի վարչական տարածքում գործող քարհանքերի սեփականատերերի միջեւ ծագող վեճերին մասնակից էին նաեւ համայնքաբնակներն ու նախկին համայնքի ղեկավարը:
Իսկ անկուսակցական, բայց նախկին զինավորական նորընտիր համայնքի ղեկավարը հերքում է. «-Չէի ասի, որ քաղաքականացված է»:
Որպեսզի ինքս չհերքեմ այս կանխամտածված տարածվող մոլորությունը, պարզապես հղում անեմ «Քարաբերդ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Ս. Հարությունյանի բաց նամակից, որը նա 2011թ. դեկտմբերի 7-ին ուղղել էր լրատվամիջոցներին. «Թերթելով այդ թեմայով մամուլում երկու տարվա տպագրվածը` տպավորություն ես ստանում, որ մամուլը կամ դիտավորյալ է այդպես գրել, կամ պատվեր է կատարել, կամ պարզապես չի խորացել երեւույթի էության մեջ: Հուսալով, որ լրագրողները չեն խորացել երեւույթի մեջ` դիմում եմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք այս երկու տարվա ընթացքում գրել են Լեռնապատի մասին եւ մակերեսային պատկերացում են ստեղծել Լեռնապատում տիրող վիճակի մասին` խնդիրը ներկայացնելով իբրեւ գյուղապետի եւ բնակիչների հակամարտություն:
Մինչդեռ իրականում թե ես, թե Լեռնապատի գյուղապետը դարձել ենք Արտաշես Թումանյանի սեփականատիրական մոլուցքի զոհը: Պայքար է ծավալվել իմ դեմ, որպեսզի ես Արտաշես Թումանյանի քարհանքի կողքին նոր քարհանք չբացեմ, եւ նա պահպանի իր գերիշխող ու մոնոպոլ դիրքը բազալտ քարի եւ ավազի շուկայում ու աշխատաշուկայում: Թումանյանը լավ գիտի, որ գյուղապետը ինձ հետ բաժնետեր չէ, սակայն վերջերս էլ գյուղապետի` իբր բաժնետեր լինելու մասին գրվեց «Երկիր» օրաթերթում Թումանյանի քարհանքի պահակ Կամսար Թամարյանի բերանով: Արտ. Թումանյանը իր քարհանքի պահակ Կամսար Թամարյանի եւ նրա մերձավորների միջոցով պարբերաբար շանտաժի է ենթարկում Լեռնապատի գյուղապետին, որ գյուղապետը խզի ինձ հետ կնքած վարձակալության պայմանագիրը եւ տեսնելով, որ գյուղապետը չի խզում այն, Թամարյան եղբայրները իրենց մերձավորների հետ պահանջում են գյուղապետի հրաժարականը: Թումանյանի նպատակն այն է, որ գործող գրագետ եւ սկզբունքային գյուղապետի փոխարեն գյուղապետ դառնա իր կամակատարը», http://hetq.am/arm/news/7680: Ինչպես տեսնում եք Արտ. Թումանյանի նպատակն արդեն իրականություն է. «Սա Հաջղարն է, իմ հերոս գյուղը» հոդվածը այդ նպատակի վառ ապացույցն է:
Ընթերցողներին հիշեցնեմ, որ այս բիզնես կռվի թեմայով կարող են կարդալ նաև այլ հոդվածներ, օրինակ` «Ինչպես է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանն «օգտագործել ու դեն նետել» իր թիմակիցներին», «Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին», որի հեղինակը Սամվել Հարությունյանն է /hetq.am/, «Կառատի» և «Քարաբերդի» կռիվը Լեռնապատում /HayNews.am/, «Լեռնապատի «առասպելը»» և այլն:
Բանն այն է, որ տարիներ շարունակ իմ դեմ հանիրավի սկսվել էր մի համառ ու խելագար հալածանք` հանուն բիզնեսի: Իմ «մեղքն» այն էր, որ 20 հա արոտի բաց մրցույթ էի հայտարարել և շահել էր «Կարատ» ՍՊԸ-ն` ի դեմս տնօրեն Ս. Հարությունյանի: Վերջինս Արտաշես Թումանյանի նախկին մտերիմն ու քարհանքի տնօրենն է եղել: Եվ Թումանյանն իր մրցակցին հարվածելու նպատակով, որոշել է սկսել ինձնից: Սկզբում մի խումբ բնակիչներ, որոնք Թումանյանի քարհանքի աշխատողներն էին և նրանց հարազատները, շանտաժով պահանջում էին իմ հրաժարականը, ապա տեսնելով, որ ես հրաժարական չեմ տալիս, հարուցել տվեցին քրեական գործ` տարածելով, թե ես հանցագործ եմ, վատնել եմ համայնքի բյուջեն: Այս ամենի հետևում, թաքնված էր Արտաշես Թումանյանը` իր հզոր իշխանական կապերով: Նույնիսկ հաղորդում հեռարձակեցին «Ազատ գոտի» հաղորդաշարով: Մինչ այդ ես չէի արձագանքում լրատվամիջոցներում իմ դեմ տարածվող հերյուրանքներին ու զրպարտություններին, սակայն ,,Ազատ գոտու,, ստոր հաղորդմանը պատասխանեցի հերքումով, որը Հ1-ը եթեր չհեռարձակեց` խախտելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, և ես այն ստիպված տեղադրեցի յութուբում: Ապա զրպարտությունների համար հայց ներկայացրեցի դատարան և դատարանի վճռով Լեռնապատի երեք զրպարտիչներ` Կամսար Թամարյանը (Արտաշես Թումանյանի քարհանքի պահակն է և բողոքողների պարագլուխը), Գևորգ Մելքոնյանը, Ղարիբ Միտիչյանը հրապարակայնորեն ներողություն խնդրեցին ինձնից «Ժամանակ» օրաթերթով (2012թ., մայիս):
Ի վերջո, շուրջ երկու տարի տևած նախաքննությունից հետո, քրեական գործը կարճվեց` հանցակազմի բացակայության պատճառով: Սակայն հանրության գիտակցության մեջ մնաց, որ Լեռնապատի գյուղապետը, ով բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՀՀԿ-ական հանցագործներից է, ով վատնել է համայնքի բյուջեն, քանի որ շուրջ երկու տարի իմ դեմ մամուլը գրում էր պատվիրված հոդվածներ:
Արդեն մեկ տարի է համայնքի ղեկավար չեմ և հենց լիազորություններս վայր դնելու օրը նշանակվել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի աշխատակազմի ղեկավար, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր, և այդ օրից մինչև հիմա գիտակցաբար չեմ էլ խառնվել համայնքի խնդիրներին: Սակայն անգամ այս պարագայում նորից փորձ են անում գործող համայնքի ղեկավարի բերանով վարկաբեկել ինձ: Ահա թե ինչ է գրում նախկին զինվորականը, ով Արտաշես Թումանյանի մտերիմն է. «Ընտրություններին ես մասնակցել եմ, որ բարոյահոգեբանական խաղաղ մթնոլորտ ստեղծեմ իմ գյուղում: Իմ թեկնածությունը ներկայացնելու ժամանակահատվածում գյուղում թեւածում էր մի թեզիս, թե բաժանի՛ր որ տիրես, սակայն ես դրա հետ համամիտ չեմ: Ոչ թե բաժանիր ու մասնատիր գյուղը, որ տիրես այլ համախմբիր ու միասնական դարձրու եւ այդ դեպքում քո համագյուղացու կողմից կհարգվես ու կմեծարվես»:
Նրան պարզապես պիտի հիշեցնեմ, որ ուղիղ 13 տարի եղել եմ այն համայնքի ղեկավարը, որն այժմ պատահաբար «ղեկավարում է» ինքը (480 ձայն ստացել եմ ես, 486 ձայն «հաղթողը» իսկ 32 ձայն եղել է անվավեր): Բնականաբար, հարգանքի արժանի եմ եղել իմ կատարած գործերով (գազաֆիկացվել է համայնքը, վերանորոգվել հիվանդանոցը, կառուցվել դպրոց, համայնքային կենտրոն, 120 բնակարան, խմելու ու ոռոգման ջրագծեր, հիմնվել համայնքային պտղատու այգի և այլն), որ ինձ 4 անգամ ընտրել են որպես իրենց գյուղապետ, մինչդեռ երբևէ մեծարանքի կարիք չեմ ունեցել:
Իսկ «Սա Հաջղարն է, իմ հերոս գյուղը,, հերոսական հոդվածով տպավորություն են փորձում ստեղծել, թե իբր գյուղացիների և համայնքի ղեկավարի վեճը հողի հարկի համար դատարան «քարշ տալն է» եղել (հիշեցնեմ, որ 2500 բնակիչ ունեցող գյուղից 5 բողոքավորի, ովքեր երկու տարի անընդհատ իմ դեմ բողոքներ են գրել, դատի եմ տվել հարկային պարտավորությունները միտումնավոր չկատարելու և ինձ զրպարտելու համար): Ապա իմաստնաբար հայտարարվում է, թե գյուղացուն «նախօրոք պետք է հոգեբանորեն պատրաստել» , որ հողի հարկ վճարի (երևի այնպես, ինչպես Օստապ Իբրահիմովիչ Բենդերն էր հոգեբանորեն նախապատրաստում Կորեյկոյին):
Վերջում պրոֆեսորի դիրքերից ուսուցանելու նպատակով հիշեցնեմ, որ Լեռնապատի հին անունը Հաջղար չէ, այլ Հաջիղարա, իսկ Ղարաքիլիսայի հերոսամարտը ոչ թե 15, այլ 1918 թվի մայիսյան օրերին է եղել, Սարդարապատի ու Բաշ Ապարանի հետ միասին: Մինչդեռ հերոս գյուղի գյուղապետը, ով այդ գյուղում չի էլ ապրում, հերոսաբար հայտարարում է. «15 թվականին կանգնել են. հայրենիք պաշտպանել, որ ասում են Ղարաքիլիսայի ճակատամարտը դա իմ գյուղացիներն են կռվել, սա Հաջղարն է, իմ հերոս գյուղը»:
Իսկ այն տպավորությունը, որ շարունակաբար փորձում են ստեղծել մամուլում, թե իբր իմ և գյուղացիների մեջ եղել է իրական հակամարտություն, պարզապես ծիծաղելի է, քանի որ ողջ գյուղը գիտի, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ մի քանի գյուղացիները, ովքեր բողոքում էին իմ դեմ:
Հ.Գ. Սա իմ հարթությունը չէ, որտեղ այժմ իջել և պատասխանում եմ. ես սովորաբար լռել եմ` մտածելով, որ ինձ ճանաչողը գիտի` ես ով եմ, իսկ չճանաչողի ինչին է պետք` ինչպիսին եմ: Այդ էր պատճառը, որ երեք տարի շարունակաբար իմ դեմ գրված հարյուրավոր հոդվածներին պատասխանել եմ ընդամենը երկու անգամ: Սակայն վերջին մեկ տարվա մեջ, երբ այլևս գյուղապետ չեմ, արդեն երրորդ հոդվածն է գրվում իմ դեմ, և որոշ մարդկանց թվում է, որ եթե շատ ասեն, թե մածունը սև է, դա համոզիչ կդառնա: Զուր ջանքեր մի’ գործադրեք և աշխատեք ինձ այլևս չխոսեցնել, մանավանդ ես դրա առիթը չեմ տալիս, իսկ գործող գյուղապետին խորհուրդ կտամ վերլուծել ոչ թե իմ անցած ճանապարհը, այլ իր մեկ տարվա անպտուղ գործունեությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել