HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ կառավարությունը հստակեցնում է աուդիտ իրականացնող անձանց գործունեությունը

Այսօր ԼՂՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը :

Նոր փոփոխությունների ընդունմամբ, մասնավորապես, հնարավոր կլինի որոշ չափով կրճատել զենքի շրջանառության անվտանգությանը սպառնացող ռիսկը: Արդյունքում` կնվազեն ոչ իրավասու անձանց զենքով պարգևատրելու հնարավոր դեպքերը, կհստակեցվեն պարգև տրված զենքի, մասնավորապես, մարտական ժառանգման ընթացակարգերը, լիցենզիաները և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, կկանոնակարգվեն զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական ինքնապաշտպանական զենքի տեսակներից կհանվի անփող հրազենը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծով  առաջարկվող լրացմամբ պետական կառավարման մարմիններին տրամադրված կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են փոխանցվել այլ անձանց միայն ԼՂՀ կառավարության որոշման հիման վրա: Քարտեզների տրամադրումը հնարավոր կլինի ոչ միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այլև` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների: ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են անկախ գույքի գտնվելու վայրից  պետական գրանցման վարույթի հարուցման և տեղեկատության տրամադրման դիմումների ներկայացմանը,  ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: Սակայն,  հաշվի առնելով քաղաքացիների համար նման հնարավորություն ստեղծելու նպատակով ընթացիկ տարում անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը, անհրաժեշտություն է առաջացել 1 տարով երկարաձգել օրենքով սահմանված ժամկետը: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Կառավարության ընդունած մի շարք որոշումներ առնչվում են աուդիտ իրականացնող անձանց գործունեությանը: Դրանց ընդունումը պայմանավորված է  աուդիտորական գործունեության բնագավառը կարգավորող ԼՂՀ կառավարության որոշումների համապատասխանեցման, հասկացությունների միասնական կիրառման անհրաժեշտությամբ: Սահմանվել են եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը: Հաստատվել է  նաև աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը, որը տեղում ստուգումներ իրականացնելու ժամանակ ուսումնասիրվող հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակ է հետապնդում:

«Նիստում ընդունվեց որոշում, որով կհստակեցվի ձեռնարկատիրական գործունեություն վարող անձանց կողմից հարկային մարմին ներկայացման ենթակա հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների շրջանակը: Հաստատված կարգով այսուհետ հնարավոր կլինի հարկ վճարողի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում հայտնաբերել արտադրանքի և ապրանքների մնացորդի պակասորդը:

ԿԱ ոստիկանության ծառայության կողմից ներկայացված որոշումների նախագծերով, որոնք արժանացան կառավարության հավանությանը, առաջարկվում է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերում օգտագործել նաև «C» և «F» «Z» տառերը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են : Մեկ այլ որոշմամբ բարձրացվել է մեծ պահանջարկ ներկայացնող տրանսպորտային միջոցների համարանիշների վճարի չափը` առավելագույնը հասցնելով 8 մլն դրամի:

Կառավարությունը հաստատեց 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԼՂՀ տարածքում անընդհատ իրականացվող հողերի պետական հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության  և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշռը)՝ ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի, գործառնական նշանակության և սեփականության սուբյեկտների:

ԼՂՀ-ում անասնաբուժական վճարովի համակարգի ներդրման և այդ բնագավառում սպասարկման ոլորտը կատարելագործելու նպատակին է ուղղված վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգի սահմանումը:

Նիստում գործադիրի հավանությանն արժանացավ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, բաղադրամասերի  պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը, որով առաջարկվում է կարգավորել համապատասխան գործընթացները:

Նիստում ընդունված այլ որոշումներից մեկը վերաբերում է պատմական միջավայրի պահպանության բնագավառին, ըստ այդմ` գրանցված պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կհանձնվեն «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ պահպանության, հանրահռչակման և տնօրինման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter