
ՀԱԿ և իշխանություն երկխոսություն. «արևելյան բազա՞ր», թե՞ հստակ դիրքորոշումներ
Իշխանության և ՀԱԿ-ի միջև բանակցությունները կարևոր են ներքին հանդարտության համար: Իսկ ընդհանուր առմամբ դրանք նմանվում են «արևելյան բազարի», որտեղ գնորդը և վաճառողը մեծ տարբերությամբ գներ են ասում, այնուհետև բանակցում են իրար մոտենալու համար:
Այսօր այս կարծիքը հայտնեց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Ես չգիտեմ՝ կմոտենա՞ն իրար, թե՞ ոչ, թե՞ պարզապես իշխանությունը այս ամենը օգտագործում է, որ փչացնի ընդդիմությունը»,- նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, բոլորովին չհամաձայնեց այս կարծիքին՝ պատճառաբանելով, որ Կոնգրեսը վաղուց հստակ առաջադրել է իր պահանջները՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի գլխավորությամբ:
«Եթե Կոնգրեսը բանակցությունների միջոցով չհասնի արտահերթ ընտրություններին, դա կանի աշնանը՝ հեղափոխության միջոցով»,- ասաց հրապարակախոսը: Նրա կարծիքով արտահերթ և հերթական ընտրությունների միջև մեծ տարբերություն կա. «Արտահերթի դեպքում ԿԸՀ-ին ոչ ոք կեղծելու երաշխիքներ չի տալու»:
Հակոբ Ավետիքյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ այսօր հասարակությունը չի ուզում մտածել ոչ մի ընտրության մասին:
Ավետիքյանը նշեց, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից քաղաքացիների կյանքի որակը գրեթե ոչ մի փոփոխություն չի կրում, ինչին Պասկևիչյանը արձագանքեց. «Կոնգրեսը հստակեցրել է, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը արտահերթ ընտրություններն են, և ի՞նչ այլ փոփոխություն պետք է լինի՝ բացի այն բանից, որ փոփոխվի ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել