
Սամվել Ալեքսանյանը իր ընտրողներին «լավ լողացրել» է
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (մականունը՝ Լֆիկ Սամո) մեկ անգամ չէ, որ հայտարարել է պատգամավոր վերընտրվելու մասին, դարձյալ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքից: Ընտրողներին սիրաշահելու համար նա նույնիսկ իրեն պատկանող «Երեւան սիթի» խանութների ցանցի աշխատողներին է ընտրում այդ համայնքի բնակիչներից:
Քանի որ պատգամավորի մտադրությունները հստակ են, եւ ամենայն հավանականությամբ ստացել է ՀՀԿ-ի աջակցությունը, Սամվել Ալեքսանյանն արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Գործարար պատգամավորը ակտիվորեն սկսել է հովանավորել ուսանողներին, վճարում է նրանց վարձավճարները, հոգում հիվանդների առողջապահական ծախսերը: Մի խոսքով` իրեն պահում է իսկական «ընտրյալի» նման: Օրեր առաջ էլ Ս.Ալեքսանյանը Մալաթիա Սեբաստիա համայնքի մոտ 130 բնակչի իր հաշվին տարել է Վրաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Քոբուլեթի, եւ նրանց պատիվ է տվել: Պատգամավորն իր իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մարդկանց ծով է տանում, որ «լավ լողանան»:
Սամվել Ալեքսանյանն այն պատգամավորներից է, որ փողին փող չի ասում եւ, եթե ցանկանա, կարող է նույնիսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ամբողջ բնակչությանը տանել Քոբուլեթի ու «լավ լողացնել»:
Սամվել Ալեքսանյանի եկամուտները տարեցտարի ավելանում են: Պատճառը մի շարք ոլորտներում եւ ապրանքատեսակների գծով իր ընկերությունների գերիշխող դիրքն է: Օրինակ՝ իր գույքի եւ եկամուտների 2008 թ. հայտարարագրում Ս. Ալեքսանյանը հայտարարագրել է 316.145.910 դրամ եկամուտ: Պատգամավորի եկամուտները 2009-ին ավելի են մեծացել: Նրան չի խանգարել նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչի պատճառով շատ գործարարներ ուղղակի «սկեցին»:
2009 թ. Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել «Մերսեդես 500» եւ «ՎԱԶ 21124-110» ավտոմեքենաներ ու հետն էլ հայտարարագրել 439.513.440 դրամ: Անշուշտ, պատգամավորի եկամուտները ներկայացվածից մի քանի անգամ ավելի շատ են: Կառավարությունն այնպիսի «անատամ» որոշում է ընդունել եկամուտների հայտարարագրման համակարգում, որ որեւէ մեկը չի կարող ստուգել, ասենք՝ Սամվել Ալեքսանյանը 2 ավտոմեքենա է իրականում գնել, թե 12: Կամ 439 մլն-ի եկամուտ ունի, թե 839 մլն-ի:
Սամվել Ալեքսանյանի «բարեգործական» ակցիաների մասին տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք նրա բջջային հեռախոսահամարին: Զանգին պատասխանեց անծանոթ տղամարդ եւ ասաց, որ պատգամավորը Երեւանում չէ: «Լեննականում ա, երեւի մի շաբաթից նոր կգա»,- ասաց անծանոթը: Հարցին, թե իրականում պատգամավորը քաղաքացիներին Քոբուլեթի տարել է, թե ոչ, անծանոթ տղամարդը պատասխանեց. «Հա, ախպերս, տարել ա: Մնացածը իրանից հարցրա»:
Մեկնաբանություններ (23)
Մեկնաբանել