HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. Եղնուկյանի ահազանգում նշված փաստերը չեն հիմնավորվել

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանից ահազանգ է ստացվել, որ Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում իրեն հետևում են «Ֆոլքսվագեն» մակնիշի 10 VS 100  պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 10 ՍՕ 010 պետհամարանիշի ավտոմեքենաներով, իսկ ինքը վարում է սև գույնի «Ֆորդ ֆյուժն», 34 VO 758 պետհամարանիշի ավտոմեքենա:

Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները ցուցումի համաձայն՝ անմիջապես մեկնել են Կողբացի-Բուզանդ փողոցների խաչմերուկ, որտեղ նրանց է մոտեցել մի քաղաքացի, ներկայացել որպես Կարո Եղնուկյան և հայտնել ահազանգով տեղեկացրածը: Ոստիկանության ծառայողները շրջագայել են նշված տարածքում, սակայն նման մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաներ չեն հայտնաբերել: Ոստիկանները Եղնուկյանին հրավիրել են ոստիկանության Կենտրոնական բաժին, բայց նա հրաժարվել է՝ հայտարարելով, որ բաժնում իր տվյալները կան:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից հեռախոսակապ է հաստատվել Եղնուկյանի հետ, նրան կրկին հրավիրել են բաժին՝ իր ահազանգի վերաբերյալ բացատրություն տալու, բայց նա հրաժարվել է: Եղնուկյանի հետ ևս մի քանի անգամ հեռախոսակապ է հաստատվել նույն նպատակով, բայց նա կտրականապես հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն՝ տարբեր պատճառաբանություններով (ժամանակ չունի, հոգնած է, դեռ չի ընթրել և այլն):

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Եղնուկյանի նշած համարանիշերով «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ գոյություն չունեն: Հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են հրավիրվել այդ պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները իրենց «Լեքսուս» և «Նիվա» ավտոմեքենաներով: Նրանք բացատրություն են տվել այն մասին, որ իրենց մեքենաները նշված օրը կայանված են եղել և չեն շահագործվել Կենտրոնի վարչական տարածքում ոչ իրենց, ոչ ուրիշ անձանց կողմից:

Քանի որ ձեռնարկված միջոցառումներով Կ. Եղնուկյանի ահազանգում նշված փաստերը չեն հիմնավորվել, ստեղծված նյութերը կցվել են ի շարք:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Եթե Եղնուկյանի նշած համարանիշներով «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ գոյություն չունեն ապա դա նշանակում է, որ նրան հետապնդող մաֆիայի անդամները օգտվում են կեղծ համարանիշներից: Շտապ անհրաժեշտ է վերլուծել տեսագրությունները և դրանք համադրել ՀՀ-ում գոյություն ունեցող ավտոմեքենաների ցանկի հետ, պարզելու համար թե որքան այլ ազնիվ քաղաքացիներ են շարունակվում հետապնդվել ավազակների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter