HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սարգսյան

Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում. 33 ձեւափոխություն ըստ Վերմեերի» նախագիծը. կրկին մարմնի եւ հոգու մասին

Մարտի 15-19-ը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում ներկայացվեց Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում. 33 ձեւափոխություն ըստ Վերմեերի» նախագիծը: Այս տեքստը գրված է այդ նախագծի կատալոգի համար:

Նարեկ Ավետիսյանը Հայաստանի հետխորհրդային ժամանակակից արվեստի առաջատար արվեստագետներից մեկն է, «մաքուր արվեստի» հետեւողական ջատագովը: Եթե հնարավոր է «կոնցեպտուալ» եւ «ձեւապաշտական» (ֆորմալիստական) սկզբունքները համատեղել «մաքուր արվեստի» հենքի վրա, ապա Ն. Ավետիսյանի ստեղծագործությունն այդ մոտեցման փայլուն օրինակն է:

Մնալով հանդերձ պոստմոդեռնիստական արվեստի տիրույթում՝ նա հեգնանքը փոխարինում է անկեղծ եւ անթաքույց հիացմունքով դասական արվեստի, այդ թվում` դասական մոդեռնիզմի հանդեպ: Հիմնականում զբաղված լինելով արվեստի մարմնի զննումով՝ Ն. Ավետիսյանը դիմում է ծագումով մոդեռնիստական` սինթեզման, փոխակերպման, դաջման, հերձման, տեղափոխման, պատվաստման մեթոդներին՝ դրանց կիրառումը տեղադրելով պոստմոդեռնիզմին հատուկ՝ արվեստի գործառական դիսկուրսի մեջ:

Ոմանք կասեն` ի սկզբանե դատապարտված ֆորմալիստական դեգերում, բայց հեղինակն ինքն է դե ֆակտո հակազդում դրան՝ խոստովանելով իր` «անհույս իդեալիստ» լինելը. մարմնի զննումներն իր համար հոգու բացահայտման միջոց են, այլ ոչ թե ինքնանպատակ:

Նախորդ դարն անցավ արվեստի վախճանաբանության գաղափարի հարուցած խուճապի ներքո: Այդ վախը կարծես թե փարատվեց, երբ արվեստի հարցը գոյաբանական-գեղագիտականից տեղափոխվեց գործառական (ֆունկցիոնալ) եւ կազմաբանական հարթություն. այն սկսեց զբաղվել ինքնաորոնմամբ, ինքնազննմամբ եւ ինքնաճանաչմամբ, որի ընթացքում ինչ հանգրվանների ասես, որ չհասավ:

Թվանշանային տեխնոլոգիաների կառուցած վիրտուալ տարածությունը դրանցից մեկն է: Կենսակերպի եւ սոցիալական հարաբերությունների նոր մեխանիզմներ մշակելով՝ այդ տեխնոլոգիաներն իրենց դաշտ են ներքաշում նաեւ արվեստը: Սակայն թվանշանային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում խաթարվում է բնօրինակի հասկացությունն առհասարակ եւ նրա եզակիության արժեքը:

Ն. Ավետիսյանի պարագայում թվանշանային տեխնոլոգիաներին դիմելը պարզապես լեզվական վարժանք կամ նորարարությանը մատուցված տուրք չէ, այլ արվեստի անատոմիայի ուսումնասիրության, բոլոր հնարավոր հենքերի եւ չափողությունների հայտնաբերման միջոց:

Մարմնի զննումը, ճանաչողությունը նրա կենսունակության եւ առողջության ապահովման երաշխիքն է, քանի որ դրա միջոցով բացահայտվում են գոյատեւման նոր ռեսուրսներ եւ պարզվում է, որ արվեստի մարմնի վախճանն ընդամենը նոր ռեինկարնացիաների սկիզբ է: Ն. Ավետիսյանի համար սա ռենեսանսյան ռացիոնալ ոգեղենությամբ ոգեշնչված` իր լավատեսության երաշխիքն է:

Նրա արտիստական հայացքի պարբերական շրջումները համակարգչից դեպի կտավ ու վրձին եւ հակառակ ուղղությամբ կարծես թե հանգրվանել են «Սիմուլակրում» հայեցակարգում: Ներկայացվող «Սիմուլակրում…»-ը ամբողջական սինթետիկ նախագիծ է` բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից եւ այն ուղեկցող երաժշտությունից:

Հատկանշական է այս պարագայում գեղանկարչի հետ երաժիշտ Վահան Արծրունու համագործակցութունը: Առաջին անգամ չէ, որ Վ. Արծրունին ժամանակակից արվեստի այսօրինակ մասշտաբային նախագծի համար երաժշտաշար է ստեղծում. այն ոչ միայն նախագծի վիզուալ հատվածի ուղեկիցն է, այլեւ, սիմֆոնիզմի շնորհիվ, գաղափարի համարժեք կրողը:

«Սիմուլակրում…»-ի հիմքն են կազմում 17-րդ դարի հոլանդացի հանրահայտ նկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 պատճեն-վարիացիաները` կատարված ըստ համաշխարհային, այդ թվում եւ հայ գեղանկարչության հայտնի ոճերի, գեղանկարիչների անհատական մաներաների:

Կտավները զուգակցվում են անիմացիոն տեսաշարով, որը շարժման եւ ժամանակի չափման մեջ է ցույց տալիս պատկերների վերածվելը մեկը մյուսին: Իհարկե, կանխատեսելի էր Ն. Ավետիսյանի համար մեծ նշանակություն ունեցող դիմանսիոնիզմի (տարածապաշտության) եւ հատկապես Ե. Քոչարի տարածաժամանակային սինթեզի փորձառության շարունակությունը թվանշանային չափման մեջ:

Քանի որ արվեստը հենված է գաղափարի` զգայապես ընկալելի ռեպրեզենտացիայի վրա, ապա պլատոնական իդեալիզմի ծնած սիմուլակրերի տեսությունն այստեղ հիմնարար նշանակություն ունի: Արվեստն, ըստ այդ տեսության, ոչ այլ ինչ է, քան մի մեծ սիմուլյակր:

Նարեկի օպտիմիզմը սնող պլատոնականությունն, այնուամենայնիվ, ընդունում է բացարձակ գաղափար-Բնօրինակի (հոգու) գոյությունը` անկախ մարդու գիտակցությունից: Դեկոնստրուկտիվիզմը գլխիվայր շրջեց պլատոնականությունը` հայտարարելով Բնօրինակի բացակայությունը:

Անշուշտ, պոստմոդեռնիստական արվեստում դասական նմուշների (արվեստի պատմության առումով «բնօրինակների», իսկ պլատոնականության տեսանկյունից` սիմուլակրերի) մեջբերումը հեգնական է, քանի որ խաթարված է հավատն առ իդեալը: «33 վարիացիաներում…» Նարեկը, դասական գլուխգործոցի նկատմամբ իր հիացումով հանդերձ, copy-paste-edit տրամաբանությամբ ստեղծում է պատճենի պատճեն` «կրկնակի սիմուլակր»:

Անիմացիոն եղանակով ցույց տալով արվեստի (կամ արվեստի պատմության արտեֆակտերի)` իրականում անվերջանալի, մարմնական փոխակերպումները, նա հաստատում է այդ մարմնի պայմանականությունը, վաղանցիկությունը, բայցեւ` արվեստի էութենական հավերժականությունը: Այս պարագայում պարզ է դառնում Ն. Ավետիսյանի կողմից դեկոնստրուկտիվիստական փիլիսոփայությունը շրջանցելու մարտավարությունը:

Հռետորական հարցի` «Կա՞, արդյոք, մեկը, ում զմայլած չլինի մարգարտե ականջօղով աղջիկը», ակնկալվող պատասխանը, կարծում եմ, կբավարարեր Նարեկին…

Lուսանկարը` Bravo.am-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter