HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սարգսյան

Դավիթ Կարեյան. վերջին հարցազրույցը - 2

Սկիզբը

Դավիթ Կարեյանը անկախության շրջանի Հայաստանի ժամանակակից արվեստի առաջատար դեմքերից մեկն էր: Իրապես առաջնորդ եւ գաղափարների գեներատոր` նա 1990-ականների սկզբի նոր երիտասարդական «Ակտ» շարժման ակտիվիստներից էր: Տարիներ շարունակ աշխատել է ՆՓԱԿ-ում, բազմաթիվ նախագծերի, ցուցահանդեսների համադրող է, վերլուծական տեքստերի եւ ժամանակակից արվեստի կատալոգների հեղինակ: Դավիթը զոհվեց` 40-ը չբոլորած, ստեղծագործական կյանքի շրջադարձին, ապագայի բազմաթիվ ծրագրեր եւ նախագծեր դեռ չիրականացրած: 2010-ի նոյեմբերին կայացած «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» Դավիթի մասնակցությամբ վերջին ցուցահանդեսն էր, որի համադրողն էր նաեւ, եւ որի առիթով էլ կատարվեց այս ուղերձ-հարցազրույցը: Վերջինը…

Դավիթ, «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը վաղուց էր սպասված: Մարմնի խնդիրը հարում է նաեւ ինքնության խնդիրներին: Ինչպե՞ս կմեկնաբանեիր դրանց կապը:

Նախ` ցուցահանդեսի մասին ասեմ. նախաձեռնությունը արվեստագետ Արարատ Սարգսյանինն էր, որն իր ծրագրի` տարբեր ժանրերի հայկական գեղանկարը ցույց տալու մասն է: Մարմնի խնդրին անդրադառնալով` նա եւս երեք համադրող-արվեստագետ հրավիրեց, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր բաժինը:

Ես կարծես սպասում էի՝ տեսնեմ, թե ինչը բաց կմնա, եւ որոշեցի ներկայացնել 1999-2005 թթ., հատկապես ՆՓԱԿ-ում ներկայացված, մարմինը ներկայացնող արվեստի այն միտումը, որն անվանել եմ «Դիմադրության արվեստ», եւ որն այդ տարիներին, գոնե ՆՓԱԿ-ի տիրույթում, ընկալվում էր իբրեւ հեղափոխական արվեստի մի գործընթաց:

Անդրադարձ էր արվում մարմնի բողոքին ընդդեմ «հոգեւորի»: Հայտնի է, որ դարեր շարունակ մարմինը ճնշվել է, եւ քրիստոնեական դոկտրինում որքան այն ճնշվել է, այնքան բարձրացվել է հոգեւորը: Սրան եթե գումարենք մեր գեղարվեստական ավանդույթում ոչ պակաս կարեւոր դեր խաղացած սովետական խիստ կարգերը, կտեսնենք, թե մարդու մարմինը որքան է ստորադասվել:

Մարդն ասես ինքն է վեր ածվել գաղափարախոսության, եւ այդ գաղափարախոսության կոլապսից հետո պետք է տեղի ունենար արժեքների վերարժեւորում, եւ մենք պետք է անդրադառնայինք մարմնի թեմային: Սա, իհարկե, ամենալայն թեման է արվեստում` նախնադարից սկսյալ:

Մարմինն այն գործիքն է, որով ստեղծվում է արվեստը: Մարմնի դերը շատ կարեւոր է նկարչության մեջ: Եվ մենք տարբեր պերֆորմանսներով փորձեցինք ցույց տալ, թե «էքշն պէինթինգից» (գործողութենական նկարչություն) հետո նկարիչն ինչպես է խոսում իր մարմնով, ցույց տալ մարմնի սոցիալական ասպեկտները, նաեւ` սեռային եւ գենդերային խնդիրները, ցույց տալ, թե մարմինն ինչպես է ներգրավվում քաղաքական գործընթացներում եւ դառնում գործիք եւ, ի վերջո, ցույց տալ, թե որքան կարեւոր են ոչ միայն գաղափարական, այլեւ մարմնական ներդրումները:

Արվեստի այդ միտումը մինչեւ 2005-ն էր կարծես թե ակտիվ, որից հետո անկում եղավ: Փաստորեն, այսօր ես փորձեցի հավաքել, ի մի բերել անցած ցուցահանդեսներից թեմային առնչվող լավագույն գործերը:

Սա էր իմ կուրատորական դիրքորոշումն այս ցուցահանդեսում, որով ես ցանկացա ցույց տալ, թե ինչպիսին է սոցիալական մարմինն առնվազն վերջին 20-25 տարիների ընթացքում:

Բավարարվա՞ծ ես, արդյոք, ցուցահանդեսով:

Միայն ափսոսում եմ, որ ցուցադրական տարածքն էր փոքր, իսկ վիդեո ցուցադրելու համար ընդարձակ եւ մութ տարածություն է հարկավոր, որպեսզի մարդ տրանսցենդենտացիայի եւ կենտրոնացման հնարավորություն ունենա: Այնտեղ կային վիդեոներ, որոնք Հայաստանում չեն ցուցադրվել, օրինակ՝ Վենետիկի Բիեննալեում ցուցադրված իմ վիդեոն…

Ասեմ, որ ցուցահանդեսը հղացվել է գրեթե մեկ տարի առաջ, եւ գոնե ես չէի պատկերացնում, թե ինչ է լինելու: Կարծում եմ՝ սա մի գաղափար է, որ դեռ պետք է շարունակվի. գուցե կլինեն ուրիշ կուրատորներ, որոնք կիրականացնեն այս գաղափարի շուրջ ուրիշ նախագծեր:

Չկա մի նկարիչ, բացառությամբ, երեւի, Պարսկաստանի նկարիչների, որ մերկ մարմին նկարած չլինի: Ինստիտուտում մենք ժամերով մերկ ֆիգուր էինք նկարում: Սա եվրոպական ավանդույթ է, որը տարածված է ողջ աշխարհի նկարչական կրթական համակարգում` բացառությամբ, կրկնում եմ, իսլամական երկրների:

Իհարկե, ցուցահանդեսում ներգրավված արվեստագետները տարբեր ասպեկտներով են մոտենում մարմնի խնդրին. կա, անշուշտ, մարմնի` կին-տղամարդ հարաբերությունների եւ գեղագիտական տեսանկյունից մեկնաբանման կողմը, բայց ես ավելի կողմնակից եմ առավել խորը նայելուն մարմնի հասարակական դերին:

Հայաստանի ժամանակակից արվեստում մարմնի խնդիրը կարծես տրոհվել է երկու բեւեռային մոտեցումների` մարմինն իբրեւ սիրո, զգայական-գեղագիտական ապրումների աղբյուր եւ մարմինն իբրեւ հասարակական «օրգանիզմ»: Եթե փորձենք ընդլայնել երկուսն էլ եւ մոտեցնել ինքնութենական բարդույթներին, ապա կարո՞ղ ենք, արդյոք, ասել, որ տաբուներից ձերբազատումը եւ սեքսուալ հեղափոխությունը մնում են հրատապ խնդիրներ հայ հասարակության համար: Արդյոք մարմնից վախենալը չի՞ պատճառներից մեկը, որ մեր հասարակության մեջ շատ է ագրեսիան, եւ քիչ է սերը, ինչն էլ բազմաթիվ բարոյահոգեբանական եւ սոցիալական շեղումների է բերում:

Ես կարծում եմ, որ սեքսուալ հեղափոխությունը մեր հասարակության մեջ արդեն տեղի է ունեցել: Պերեստրոյկայից սկսած՝ հասարակական փոխակերպումները նաեւ փոխել են մարմնի մասին պատկերացումները: Անգամ երբ ես հեռուստատեսությամբ դիտում եմ սերիալները, շոուները, կարող եմ պահպանողական երեւալ, այսինքն՝ նոր երիտասարդները բավական ազատ են:

Այո, եթե խոսում ենք երիտասարդների մասին, ապա նրանց ինֆորմացիոն դաշտը բավական մեծ է, եւ անգամ ծնողները չեն կարողանում դիմադրել դրա էքսպանսիային: Բայց եթե խոսենք մշակութային ավանդույթների մասին` չհեռանալով մարմնի խնդրից կերպարվեստում, դու չե՞ս կարծում, որ յուրատեսակ «պատկերամարտության» միտում կա մեզանում` վախը մերկ մարմնից:

Չեմ նկատել: Դա բացահայտ է Պարսկաստանի պես երկրում, բայց, իմ կարծիքով, ոչ մեզանում: Դեռ մի 10-20 տարի առաջ բաց եւ գայթակղիչ հագնվելը հերոսության, ազատամտության նշան կարելի էր համարել, քանի որ խորհրդային տարիների «զինվորական» բարքերից ու հագուկապից հետո դա բնականոն ռեակցիա էր: Այսօր արդեն, եվրոպական հայացք եթե նետենք սրան, կհասկանանք, որ հասարակության մեջ գռեհկության աստիճանի մարմինը բացելը չի համապատասխանում մարդու պատշաճ հասարակական կարգավիճակին, եւ սա ազատության նշան չի:

Հավատացնում եմ` ես իրոք չեմ համարում, որ մեր հասարակությունն այդչափ հետամնաց է:

Իսկ մի՞թե մերօրյա Երեւանում հաճախ հանդիպող, չափազանց բաց եւ գռեհիկ հագնված աղջիկների` քո բերած օրինակը չի թաքցնում արժեհամակարգի կեղծումը. ասել կուզեմ, որ նման երեւույթների ետեւում, ցավոք, ոչ թե իրական ազատությունը կամ կնոջ ազատագրումն են, այլ հակառակը` սեփական անձն ու մարմինը առեւտրայնացնելու միտումը, ինչը նաեւ շուկայական հարաբերությունների ներխուժման արգասիք է:

Մի անգամ մի եվրոպացու հետ էինք զրուցում հայկական ընտանիքի մասին: Նա ասաց, որ Հայաստանում կարծես ընտանիք չկա:

Նա նկատել էր, որ տղամարդիկ ապրում են բավական ազատ եւ կյանքը վայելում են ընտանիքից դուրս, իսկ բարձրակրունկ կոշիկներ եւ գայթակղիչ հանդերձ հագած նրանց կանայք ցերեկը չգիտեն, թե էլ որտեղ շրջել այդ հագուստով, մինչդեռ այն նախատեսված է երեկոյան միջոցառումների համար: Սոցիալական կարգավիճակների մի խառնաշփոթ կա:

Կարծում եմ՝ սա ավելի շատ ֆեմինիստական, գենդերային հարց է. ինչպիսին է կինը, ինչ հարցեր է նա առաջ քաշում, որքանով է նա ֆինանսապես անկախ, որքանով է նա ուժեղ եւ կարող է, արդյոք, իր իրավունքները պաշտպանել, որքանով է նա ենթարկվում տղամարդու սարքած աշխարհի տրամաբանությանը:

Չէ՞ որ եվրոպացի ծանոթիս նկարագրած կինը ապրում է տղամարդու կառուցած կանոններով: Մինչդեռ, որքան ավելի համեստ հագնված լինի կինը, դրանով նա ավելի կհաստատի իր անկախությունը:

Մերկ մարմնի բացահայտումը հայ կերպարվեստում միայն նոր եւ նորագույն ժամանակաշրջանի ձեռքբերում է: Վերջերս մի այսպիսի զավեշտական մեկնաբանություն հնչեց այս խնդրի առնչությամբ, որ հայ կինը գեղեցիկ կազմվածք չի ունեցել, այդ իսկ պատճառով արվեստում մերկ մարմնի պատկերումը հետ է մնացել:

Ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես զանգվածային մշակույթի եւ այսպես կոչված «գեղեցկության արդյունաբերության» կողմից պարտադրվում են մարմնի գեղեցկության ստանդարտ, կարծրացած չափանիշներ: Բայց տարբեր ժամանակներում մարմնի գեղեցկության չափանիշները տարբեր են:

Այո, հիշենք, օրինակ, Ռուբենսի բնորդուհիներին, որոնք մերօրյա չափանիշներով պարզապես գիրությունից եւ ցելյուլիտից տառապող կանայք են:

Եվ դա, ինչպես հայտնի է, շատերին տրավմատիկ իրավիճակների եւ սեփական մարմնի հետ անհաշտության է բերում. անոռեքսիան, պլաստիկ վիրահատությունների մոլուցքը եւ այլն:

Կարծում եմ, որ այս ցուցահանդեսով մենք ինչ-որ իմաստով նաեւ փորձում ենք հաշտեցնել մարդուն իր մարմնի հետ, սիրել տալ մարմինը եւ խնամքով վերաբերվել դրան:

Որքան էլ որ մենք հավատանք հոգու անմահությանը, պետք է ընդունենք, որ գոնե առաջիկայում մարմինն է մեր միակ կացարանը, որն արժանի է սիրո եւ խնամքի:

Հայտնի է, որ քրիստոնեական գաղափարախոսության մեջ մարմինը համարվել է դիվական, մարմնական ցանկությունները` արատավոր, մարմինն ամեն կերպ ճնշվել է: Այս իմաստով, կարծում եմ, միջնադարն իրոք նման է մարդկության դեռահասությանը, երբ անչափ դժվար է լինում կառավարել մարմնական ցանկությունները, եւ այդ դեպքում ավելի հեշտ է հերքել մարմինը:

Մյուս կողմից, եթե հարցնեն, թե ինչպիսին է մարմնի ընկալումն այսօր, չէի ուզի մեկնաբանել այն կապիտալիստական բարքերի, որկրամոլության, նյութապաշտության, մարմնի կուռքի տեսանկյունից, քանի որ սա էլ մարմնի շահագործման մի փորձ է: Եվ սա հարում է բնապահպանական փիլիսոփայությանը: 20-րդ դարում մարդն ուզում էր իշխել բնությանը, բայց այսօր արդեն գիտակցվում է, որ իշխելով բնությանը` այն կարելի է նաեւ սպանել:

Բնությունը սպանելով՝ կարող ենք սպանել ինքներս մեզ: Մարմին-բնության մասին հոգ տանելն առավել խոհեմ մոտեցում է, հասուն գիտակցության արգասիք է, եւ այսօր, կարծում եմ, մենք պետք է ոչ թե սեքսուալ հեղափոխության մասին մտածենք, այլ բնությունը եւ մեր մարմինը սերունդների համար պահպանելու. մենք չենք կարող մեր գենը դեգրադացնել: Իսկ սեքսուալ հեղափոխությունն արդեն կայացել է. այսօր պետք է խոսվի ոչ թե «սեքսի», այլ «ապահով սեքսի» մասին:

Բնապահպանական սկզբունքն առնչվում է էթիկական խնդիրներին…

Այո, անշուշտ, աշխարհով տարածվող ՁԻԱՀ-ը, դեգրադացնող թմրանյութերը… պետք չի հիվանդանալ ու հետո մտածել հիվանդության մասին:

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter