Վերաիմաստավորելով հանրային ոլորտը. սահմանադրական պետությունն ու ԱԿՏ խմբի հաստատողական քաղաքական գեղագիտությունը
Անժելա Հարությունյան
Մեր ժամանակներում, երբ «հանրություն» հղացքը յուրացվել է հասարակական կառավարման տեխնոլոգիաների կողմից՝ «հանրային կարծիքի» բռնապետության ու «հանրային բարիքի» գործիքայնացման (instrumentalization) միջոցով, իսկ Արևելյան ու Արևմտյան Եվրոպայում սոցիալիստական պետությունների կազմաքանդման հետևանքով մասնատվել հանրային մարմնի առևտրականացման պայմաններում, վարկաբեկվել՝ ասոցացվելով ստալինյան ու նացիստական ամբողջատիրության հետ, կարևոր է վերաիմաստավորել հղացքը՝ պատմական ու ժամանակակից իր եզակի հայտնությունների միջոցով։ Մինչ մի շարք հայտնի քաղաքական տեսաբաններ «հանրույթ» բառի գործածումից ընդհանրապես հրաժարվում են, ես կուզենայի վերհառնեցնել դրա անհրաժեշտությունը՝ ազատագրման ու ենթակայացման (subjectivisation) նոր հնարավորություններ բացելու համար։
Այս հոդվածում կանդրադառնամ 1990թթ. կեսերին Հայաստանում նոր պետականություն ստեղծելու դիսկուրսների համատեքստում գործող ԱԿՏ արվեստային խմբավորման օրինակին՝ վերամտածելու համար «հանրային ոլորտ» հասկացությունը՝ որպես իրավիճակային հասկացություն, որ ձևավավորվել է Արևտյան Եվրոպայի ներկայացուցչական ժողովրդավարությունից ու ազատական բուրժուական համատեքստից տարբեր պայմաններում։ Այնինչ, արևմտաեվրոպական ու հյուսիսամերիկյան համալսարանական համատեքստերում հանրային ոլորտը հիմնականում ասոցացվել է քաղաքացիական հասարակության դրսևորման ու ազատական ժողովրդավարության արժեքների հետ։ Նույնիսկ այն տեսաբաններն, ովքեր քննադատում են գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի՝ հանրային ոլորտի տեսաբանումը՝ ներառման ու բացառման քաղաքականության հանդեպ կուրության համար , միևնույն է, հենվում են հանրային ոլորտի՝ որպես ինքնության ներկայացման տարածքի ըմբռնման վրա։ Հանրային ոլորտն այս դեպքում կազմավորվում է որպես արդեն իսկ հաստատված կառույցներում ճանաչման ու լեգիտիմացման համար մղվող ճակատամարտի դաշտ։ Հասկացության ազատական բուրժուական իմաստավորումը միշտ խարսխված է պետական սանկցիայի ուղեծրում, և մնում է որպես ներկայացուցչության (representation) տարածություն։
Հետխորհրդային իրավիճակում՝ Արևմտյան ժողովրդավարություններից տարբեր պայմաններում, գործում են հանրային ոլորտի պետության հետ նույնացման տարբեր մեխանիզմներ։ Հարցադրելով այս հասկացության կառուցումը հետխորհրդային իրավիճակում՝ կքննարկեմ, թե ԱԿՏ արվեստային խումբը հանրային ոլորտի կազմավորման ինչ առաջարկներ էր անում, որոնք չեն խարսխվում զանցառման ու քննադատության ռազմավարությունների, այլ պետության քաղաքականության հաստատման (affirmation) վրա։
ԱԿՏ–ի գործունեությունը Հայաստանում 1990թթ. հանրային ոլորտի ձևավորման համատեքստում տեղակայելու նպատակով կքննարկեմ Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական փիլիսոփայությունը, նրա բանասիրությունը՝ որպես գիտական մեթոդ և այն մեխանիզմները, որոնցով ԱԿՏ–ը գերնույնանում էր այդ մեթոդի հետ։ Վերջապես, կուզեի քննարկել գեղագիտական պրակտիկաների բացած ազատագրական հնարավորությունները, երբ ի վերջո ոչ թե գեղագիտական ավանգարդն է հետևում քաղաքական ավանգարդի տրամադրած դիսկուրսներին, այլև առաջարկում է ազատագրման իր հնարավորությունները։ Նման վերամտածումը թույլ է տալիս երևակայել գեղագիտական ինքնավարություն, որ նաև ներառում է քաղաքական առաջարկ։
Բաղկացած լինելով Գեղարվեստի ինստիտուտում սովորող մոտ տասը երիտասարդ արվեստագետից, ում թվում էին Վահրամ Աղասյանը, Նարեկ Ավետիսյանը, Հրաչ Արմենակյանը, Դավիթ Կարեյանն ու Դիանա Հակոբյանը՝ ԱԿՏ–ը որպես գեղագիտական խումբ իր հայտը ներկայացրեց 1994թ., իսկ երկու տարի անց՝ 1996թ. կազմալուծվեց։ Այն մեծապես ձևավորվել է հակազդեցություն որպես ուշ խորհրդահայ 3–րդ հարկ խմբավորման արտահայտչական գեղագիտությանը, մեծաչափ աշխատանքներին ու բարձրագոչ մանիֆեստներին. այստեղից էլ՝ ԱԿՏ–ի գեղագիտությանը բնորոշ «մինիմալիզմը», խստությունը և երբեմն էլ՝ ապանյութականությունը։ Արվեստի նրանց ռազմավարությունների թվում էր միջամտությունը, փաստագրությունը, ռեդի մեյդի ու մասնակի ռեդի մեյդի գործածումն ու արվեստի համար ոչ բնորոշ նյութերի կիրառությունը, տեքստի գերակայությունը, պատկերամարտական միտումներն ու արվեստի գործի՝ որպես օբյեկտի թափանցիկությունը իր իսկ նյութականության հանդեպ։
1990թթ. կեսերին ԱԿՏ–ը հանդես եկավ հաստատողական (affirmative) գեղագիտական արարքներով՝ ի պաշտպանություն սահմանադրական պետության։ Սակայն, հակասականորեն, խմբի ակտիվիզմն իրագործվում էր արվեստի՝ որպես մաքուր ստեղծագործության տարածությունում, մի հղացք, որ խմբի անդամներից մեկի՝ Դավիթ Կարեյանի համոզմամբ՝ բնորոշում էր խմբի գեղագիտությունը։ Այսպիսով, ԱԿՏ–ի համոզմամբ՝ միայն մաքուր ստեղծագործության տարածության միջոցով էր, որ հնարավոր էր անել քաղաքականություն։ Նրանք հավատում էին, որ հետխորհրդային ճեպընթաց փոխակերումների համատեքստում՝ առաջադեմ արվեստագետները բացառիկ հնարավորություն ունեին լինելու այդ փոխակերպումների առաջամարտիկներ։ Սակայն այս մասնակցությունը հնարավոր էր միայն որպես մաքուր ստեղծագործություն։
ԱԿՏ–ը որպես հանրային ոլորտ/ԱԿՏ–ը հանրային ոլորտում
1995թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության չորրորդ տարեդարձին նվիրված իր ելույթի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
Հուլիսի 5–ին ընդունված Սահմանադրությամբ մենք փաստորեն ամրագրեցինք պետական եւ տնտեսական ինստիտուտների համակարգը, սահմանեցինք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների լիազորություններն ու գործունեության ոլորտները, ինչպես նաեւ մասնավոր սեփականության, ազատ ձեռներեցության իրավունքները: Սակայն պետության պարտքն է հոգալ ոչ միայն պետական ու տնտեսական կառույցների, այլեւ հասարակական եւ քաղաքական ինստիտուտների ստեղծման մասին: Ըստ այդմ, կուսակցությունների՝ որպես ժողովրդավարության հիմնական հաստատությունների ձեւավորումը մտնում է պետության կարեւորագույն խնդիրների մեջ:
Ելույթն արտասանվել է ՀՀ սահմանադրության ընդունումից ավելի քան երկու ամիս անց։ Հատկանշական է, որ այստեղ շեշտվում է, որ քաղաքացիական հասարակության ստեղծումը պետության խնդիրն է։ Այս հայտարարությունը կարծես թե հակադիր է դասական ազատականության հիմնարար դրույթներին, որից էլ բխում է հանրային ոլորտի Հաբերմասի այն սահմանում, համաձայն որի վերջինս պետության միջամտությունից զերծ գոտի է։
Ըստ Հաբերմասի՝ «հանրային ոլորտ» հասկացությունը պատմականորեն ձևավորվել է 19-րդ դարի Արևմտյան Եվրոպայի համատեքստում, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Անգլիայում, երբ բուրժուազիան զուտ տնտեսական խավից վերածվում էր մտավորական քաղաքային վերնախավի։ Հանրային ոլորտը կազմավորվել է տպագիր մամուլի ու հաղորդակցային գործողությունների միջոցով, որի ժամանակ մասնավոր անձինք կազմում են ժամանակավոր միասնականություն՝ քննարկելու, դատելու ու քննադատելու ժամանակակից մշակույթին, քաղաքականությանն ու հասարակությանն առնչվող հարցեր։ Կարճ ասած՝ հանրային ոլորտի Հաբերմասի ձևակերպումը պատմականորեն շաղկապված է ինքնության արտահայտություն որոնող բուրժուական դասակարգի հետ։
Այսպիսով, որպես պետության չմիջամտության գոտի, հանրային ոլորտը մի բացվածք է, որ առաջանում է պետության անհետացման արդյունքում։ Սակայն սա պետության անհետացման լենինյան հասկացությունը չէ, երբ կետրոնացված համակարգը փոխարինվում է ինքնավար ու ինքնակազմակերպվող բջիջներով, այլ սա մի ժամանակավոր անհետացում է, որպեսզի հանրային ոլորտի մաս կազմող մասնավոր անձինք կարողանան հասնել կոնսենսուսի ու վերջապես՝ վերհաստատեն ազատական պետության քաղաքական ուժը։ Հանրային ոլորտի՝ հաբերմասյան կազմակերպումը կախված է պետության ազդեցության ժամանակավոր դադարից՝ հաղորդակցական գործողությունների մեջ ներգրավված անձանց համաձայնության հասնելու հնարավորություն տալու նկատառումներով։
Ի տարբերություն Հաբերմասի սահմանած հանրային ոլորտի ազատական բուրժուական հասկացությանը, եթե տեղակայենք ՀՀ առաջին նախագահի ելույթը անկախությունից հետո նոր նյութականացող ազատական դիսկուրսների համատեքստում, ապա պարզ կդառնա, որ այստեղ կա պետության ու հանրային ոլորտի գերնույնացում. Տեր–Պետրոսյանը անթաքույց պետական պարտավորություն է համարում հանրային ոլորտի ձևավորումը։ Սա կարող ենք դիտարկել որպես հետխորհրդային իրավիճակը բնորոշող կարևոր առանձնահատկություն, և սա ընդգծելը նշանակալի է, եթե ուզում ենք ըմբռնել պետության կողմից ինստիտուցիոնալացված դիսկուրսների շրջանակում ԱԿՏ–ի քաղաքական ու հանրային մասնակցության հավակնությունները՝ մաքուր ստեղծագործության ընդգրկուն սահմանների մեջ։
Բազմակուսակցական, նույնիսկ ընդդիմադիր դաշտ ստեղծելու պետության պարտակավորվածության այս համատեքստում է, որ ԱԿՏ–ը հավակնեց կազմել պետական հանրային ոլորտի մաս։ Սա անելու համար վերջինս որդեգրեց ներկայացուցչական ժողովրդավարությանը բնորոշ արտահայտման ձևեր՝ հանրաքվե, հանրային ագիտացիա ու արտոնված հանրահավաք։
Այս համատեքստում՝ գեղագիտական ավանգարդի, քաղաքական համակարգի ու առօրյա կյանքի եռակողմ հարաբերությունը հասկանալու համար կարևոր է նշել, որ 1980թթ. վերջին ու 1990թթ. սկզբին, ազգայնական հակախորհրդային հեղափոխությունից հետո, վերջինիս հիմնական դերակատարներն ու կազմակերպիչները դարձան պետական գործիչներ։ Այս հանգամանքը ժամանակավոր հավատ ներշնչեց պետության՝ արդեն իսկ կարծրացող կառույցների նկատմամբ։ Հենց այս կառույցների մեջ է, որ ԱԿՏ–ն իրեն դիրքավորեց որպես մի մասնիկ, որ պետք է սատարեր պետական գործառույթների կայացմանը։ Այս մասնակցությունը սառն էր, բյուրոկրատական, պատկերամարտական, բանականորեն հաշվարկված, ընթացակարգային։ ԱԿՏ–ի քարողած նոր արվեստային սուբյեկտը նոր քաղաքացին էր, տեղեկացված մարդը, ավելի պակաս՝ նոր սպառողը, ով օժտված էր որոշակի սոցիալական դերերով ու գործառույթներով եւ ով պետք է ներգրավվեր պետության կայացման ու պետականորեն ամրագրվող հանրային ոլորտի կայացման գործի մեջ։ Կազմված լինելով գիտնականներից, պատմաբաններից ու գրողներից, ովքեր հակախորհրդային պոռթկումների առաջին շարքերում էին՝ երրորդ հանրապետության առաջին կառավարությունը երիտասարդ արվեստագետների մոտ այն պատրանքի ձևավորման պատճառ էր դարձել, թե ստեղծարարությունը բառացիորեն բերում է քաղաքական իշխանության։
ԱԿՏ–ի՝ հաստատողական քաղաքականությունն (politics of affirmation) ու գեղագիտությունը վառ արտահայտություն գտան նրանց` 1995թ. հայտնի արվեստի արշավի, կամ ինչպես իրենք էին անվանում՝ արտարշավի ու ցույցի ընթացքում։ Հուլիսի 12–ին, Սահմանադրության ընդունումից ուղիղ մեկ շաբաթ անց և Տապանի հարցը. Երևան–Մոսկվա ցուցահանդեսի ընթացքում, ԱԿՏ–ի անդամները, մի քանի այլ արվեստագետների ուղեկցությամբ, երթ կազմակերպեցին Մարտիրոս Սարյանի արձանից մինչև Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ էլ ընթանում էր ցուցադրությունը։ Մոտ քսան մասնակից կրում էր հայերեն և անգլերեն լեզուներով պաստառներ՝ կոչ անելով «Միջամտություն համակարգերում», «Համաշխարհային ինտեգրացիա», «Նոր Պետություն, Նոր Արվեստ, Նոր Մշակույթ», «Polit-Art», «Realization», և այլն։ Իրենց նպատակակետին՝ թանգարան հասնելուն պես, արվետագետները պաստառները կախեցին պատին՝ որպես Երևան–Մոսկվա խմբային ցուցահանդեսի ցուցադրանքի մաս։
Գործածելով ժողովրդավարություններում ընդունված քաղաքական մասնակցային ձևեր՝ արվեստագետներն արվեստի մասին ֆորմալ հայտարարություններ արեցին։ Չնայած արտարշավն ընթացավ փողոցում՝ որպես հանրային երթ, այն սկիզբ առավ արդիականության ներկայացուցիչ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ (ուր 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին տեղի էին ունենում Հայաստանում ժամանակակից արվեստի կայացման համար կարեւոր դեր կատարած բացօթյա ցուցահանդեսները) ու ավարտվեց ցուցադրության տարածքում։ Լոզունգները, որ վերցված էին ԱԿՏ–ի պոզիտիվիստական ոգեշնչումների բառապաշարից, վերածվեցին զուտ ֆորմալ միջամտության՝ թանգարանի պատերին։
Հատկանշական է, որ ցույցը անհարմարվողականության, չենթարկվելու կամ բողոքի գործողություն չէր։ Փոխարենը՝ այն կազմակերպվել էր որպես նոր ձևավորվող սահմանադրական պետության կայացմանն աջակցող միջամտություն։ Այդ պատճառով էլ՝ խմբի անդամների համար հույժ կարևոր էր ստանալ երթը արտոնելու թույլտվություն։ Թույլտվության համար ներկայացված հայցադիմումի մեջ արվեստագետները նշել էին՝ «ժամանակակից արվեստը վտանգավոր չէ» և «մենք միայն ամրապնդում ենք այն, ինչ արդեն իսկ պրոցեսի մեջ է»։ Թույլտվությունը երաշխավորում էր ցուցարարներին ոստիկանության ու շտապ օգնության մեքենաների ուղեկցություն։
Փաստորեն, ցույցն ընթանում էր սահմանադրական պետության թույլատվության սահմաններում, և «խիստ օրինական բնույթ էր կրում»։ Կնքված թուղթը երաշխավորում էր, որ արվեստագետները նոր պետականության մասն են կազմում՝ որպես քաղաքացիական գործորդներ (agents)։ Պետական արտոնությունը վերածվում է գեղարվեստական արարքը որպես քաղաքական գործողություն օրինականացնելու նախապայմանի։ Առանց այս երաշխիքի, արտարշավը կլիներ ընդամենը հանրային տարածության մեջ արվեստային միջամտություն։
Պետության հետ ԱԿՏ–ի գերնույնացումը առավել պարզ կդառնա, եթե դիտարկենք խմբի հռետորությունը Տեր–Պետրոսյանի դիսկուրսի համատեքստում։ Վարդան Ազատյանը պնդում է, որ ինչպես արվեստային այս խումբը, այնպես էլ հանրապետության նախագահը, ձգտում էին առասպելազրկել քաղաքականությունը, պատմությունը և մշակույթը՝ կառուցելով առասպելազրկման առասպելը։ Երկու դեպքում էլ՝ գործ ունենք պոզիտիվիզմի հիմնարար ըմբռնման հետ, համաձայն որի գոյություն ունի ճանաչելի օբյեկտիվ իրականություն, որից պետք է թոթափենք մոլորեցնող ու հետադիմական առասպելները, բայց այդ անելով, պոզիտիվիզմը կերտում է նոր դարաշրջանի նոր առասպելաբանությունը։ Եթե ԱԿՏ–ի լոզունգներում ու անտիպ գրվածքներում հաճախ գործածվող «ապամիֆականացում» բառը նպատակ ուներ ապաառասպելականացնելու անհատ արվեստագետի կերպարը, ապա Տեր–Պետրոսյանի համար այս հռետորությունը գործիք էր՝ հաստատելու «առասպելներից ու հանելուկներից» զերծ սահմանադրական պետության պոզիտիվիստական առասպելը։
Ըստ Ազատյանի՝
…իրավական պետությունը «մաքուր ստեղծագործություն» է՝ զերծ անհատ հեղինակի ռոմանտիզմից. այն սառն է ու պատկերամարտ, այն ապամարդկային է, չոր, «սև–սպիտակ», խիստ տրամաբանական։ Առասպելների դեմ Տեր–Պետրոսյանի արշավը այս լույսի ներքո ի հայտ է գալիս որպես կոնցեպտուալ արվեստի ռազմավարություն՝ զուտ ընթացակարգային և անանձնական լինելու իմաստով։
Այսպիսով, ըստ Ազատյանի, սահմանադրական պետությունը պատկերացրեց պետության կառուցումն իսկ որպես կոնցեպտուալ առաջադրանք, այնինչ ավանգարդ արվեստագետների խումբը պատկերացրեց արվեստային գործունեությունը՝ որպես ուղղակիորեն քաղաքական գործունեություն։ Խմբի անդամ Հրաչ Արմենակյանը հաստատում է.
Մեզ թվում էր, թե կգա մի ժամանակ, և մենք կգանք իշխանության, այսինքն՝ կժառանգենք երկիրը։ Հենց եկավ այդ պահը, որ պետք է հայտնվեինք իշխանության առաջին օղակում [sic], ինքներս ոչնչացրեցինք այն…Մենք պատրաստ չէինք մեր մտքերին…Մենք իրար ոչնչացնում էինք բժշկի նման, մեթոդիկ՝ մինչև վերջ։
Այն պայմաններում, երբ մտավորականները, մի կողմից կարող էին գործել առանց գրաքննության ու մտքի արտահայտման սահմանափակումների ու մասնակցել ընթացող հանրային դիսկուրսներին, բայց մյուս կողմից՝ բացակայում էր նրանց մասնակցության հասարակական ու քաղաքական պահանջարկը, պոզիտիվիզմը ԱԿՏ–ի համար մեծ պնդումների ու հավակնությունների հող տրամադրեց։ Ինչ որ առումով՝ պոզիտիվիզմը դարձավ դիսկուրսիվ մի գործիք՝ կառուցելու հանրային ոլորտը որպես քաղաքական գեղագիտական գործողություն։ Պոզիտիվիզմն ընկած էր նաև Տեր–Պետրոսյանի առաջադիմական ազգայնականության հիմքում, որը այդքան խանդավառում էր ԱԿՏ–ի անդամներին։
Հին աշխարհի փլուզման ու նոր արժեհամակարգի անորոշության պայմաններում թե՛ ԱԿՏ–ը, և թե՛ առաջին նախագահը հղեցին օպերացիոնալ դիսկուրսների՝ ստեղծելու կարգավորվածության պատրանք՝ իրենք իրենց տեղակայելով այդ կարգի մեջ որպես դրա պահպանման գործիքներ։ Երկու դեպքում էլ ականատես ենք հանրային ոլորտի կառուցման մեջ քաղաքականության ու գեղագիտության նույնացմանը. նախագահի դեպքում դա պետության կառուցման կոնցեպտուալ առաջադրանքն էր, իսկ արվեստագետների դեպքում՝ պետության հետ գեղագիտական մեխանիզմներով գերնույնացումը։ Այնուամենայնիվ, հավատարիմ պոզիտիվիստական ուսմունքին, որ հենված է Մարքսի ու Սեն Սիմոնի տեսությունների վրա, իսկ երիտասարդ արվեստագետների մոտ ոգեշնչանքը գալիս էր Բերտրան Ռասելից ու Լյուդվիգ Վիտգենշթայնից, թե՛ առաջին նախագահը, և թե՛ ԱԿՏ–ի արվեստագետները մտավորականներին վերագրեցին հասարակական առաջադիմության առաջամարտիկների դերը։ Սա պոզիտիվ ազատության ու արմատական անհատապաշտության յուրօրինակ խառնուրդ էր։ Երկու՝ քաղաքական ու գեղագիտական նախագծերի հիմքում էլ պոզիտիվիստական այն դրույթ էր, որ հասարակական երևույթներից կարելի է քաղել գիտականորեն հիմնավորված գիտելիք, ու կիրառելով այս գիտելիքը՝ հասարակական առաջընթացին միտված ապագայի կանխատեսումներ անել։ Այս պատճառով էլ ԱԿՏ–ը ջատագովում էր ծայրահեղ ինքնագործիքայնացում (self-instrumentalization), որը խորհրդային անցյալի համատեքստում հղում էր կոմունիստական հասարակարգում անդրպատմական ոգուն ծառայելու արվեստագետի գործիքայնացված դերին։ Սակայն երկու դեպքում էլ հենքը նաև արմատական անհատապաշտությունն էր ու ազատ խոսող սուբյեկտի ազատական բուրժուական գաղափարը։ Սա ներկայացնում է մի յուրօրինակ հիբրիդ, որտեղ արդիականության՝ արդեն ձախողված հայտարարված խորհրդային նախագիծը և հաղթարշավ տոնող Արևմտյան ազատականությունը միահյուսվում են ԱԿՏ–ի հռետորության մեջ։ Իմ կանխադրույթն է, որ պետության հետ հանրային ոլորտի գերնույնացումը հետխորհրդային Հայաստանին բնորոշ յուրահատուկ իրավիճակ էր, և սա այն է, ինչ ընկած է նշված հակասության հիմքում։ ԱԿՏ–ի կամավոր ինքնագործիքայնացումը պետականության կառուցման համար հակոտնյա է ազատականության հիմքում ընկած անհատապաշտությանը։
Կարգավորված ու տրամաբանական իրականությունը, որ Տեր–Պետրոսյանը պատկերացրեց քաղաքականության մեջ, իսկ ԱԿՏ–ը՝ արվեստում, որոշակի իմաստով փախուստ էր առօրյա թոհուբոհից ու անորոշությունից։ Այս երևակայական «իրականությունը» առաջին նախագահի ու ԱԿՏ–ի արվեստագետների համար իրականի գործառույթ ուներ։ Երևակայական իրականության անխուսափելի ձախողումը հանգեցնում է դրա ամբողջական փլուզմանը, երբ այն բախվում է առօրյայի տրավմատիկ պայմաններին՝ իրականին։ Պատահական չէ, որ ԱԿՏ–ի փլուզումը և Տեր–Պետրոսյանի քաղաքականության ձախողումը համընկան. երկուսն էլ՝ 1996թ., երկուսն՝ էլ շատ տարբեր, բայց զարմանալիորեն նման ընթացքներ։ Խումբը փլուզվեց, քանի որ արվեստագետներից շատերը, տնտեսական պայմաններին դիմակայելու անհնարինությունից դրդված, մեկնեցին արտագնա աշխատանքի, իսկ Տեր–Պետրոսյանը 1998թ. հրաժարական տվեց, քանի որ առաջացել էր անհաղթահարելի անդունդ իր գաղափարների ու հասարակության մեջ տիրող «առասպելային» մտածողության միջև։
Երբ արվեստի ու քաղաքականության կառուցած երևակայական տարածությունը հիմնավորվում է որպես իրական, այդ տարածությունը այլ ճանապարհ չունի, քան ոչնչացումը, երբ բախվում է առօրյա իրականությանը։ Նմանապես, երբ գեղագիտությունը հետևում է արդեն իսկ նախանշված քաղաքական ուղեծրի, այն միայն կարող է ձախողվել որպես քաղաքական ծրագիր։ Այն, ինչ հետևում է, լռությունն է, իսկ լռությունը ծնում է արվեստային–քաղաքական նոր առասպելներ։ Արմենակյանը խոստովանում է.
Մեզ թվում էր՝ մենք մոտենում ենք պատմական իդեալին։ Մեծ հիասթափություն ապրեցինք, երբ Լևոնը չկառչեց իշխանությունից…Ես գտնում էի, որ պետք է պահել իշխանությունը, նույիսկ եթե պահանջում է արյուն… ես նրա կողմից դավաճանություն տեսա իմ հանդեպ։ Ես պատրաստ էի կռվել, քանի որ դրանից հետո կորչում է այն, ինչին ես հավատում էի։
Այսպիսով՝ ինպե՞ս կարող է ԱԿՏ–ի փորձը մեզ օգնել այսօր՝ վերամտածելու քաղաքական արվեստի առաջարկած զորացման մեխանիզմները։ Ինչպե՞ս կարելի է խափանել պետական քաղաքականության ամրապնդման արվեստային խանդավառության ու մասնակցության և դրա ձախողման արատավոր շղթան։
Գործելով 1990թթ. կեսերի Հայաստանի յուրօրինակ մշակութային ու քաղաքական լանդշաֆտում՝ ԱԿՏ–ն առաջարկում է արվեստի հասարակական մասնակցության զորացնող հնարավորություն՝ պաշտպանելով արվեստի ինքնավար տարածքը՝ այս առաջադրանքի ողջ բարդությամբ հանդերձ։ Հակասականորեն՝ արվեստի ինքնավար լեզու քարոզելու հետ մեկտեղ նրանք այդ լեզուն ձուլում էին քաղաքական լեզվի հետ։ Եվ ահա այստեղ է՝ ինքնավարության կոչերի ու համաժամանակյա ինքնագործիքայնացման արանքում, որ Հայաստանում հնարավոր է հետխորհրդային հանրային ոլորտ։ Այն գերնույնացումն ու մեթոդաբանական լրջությունը, որով ԱԿՏ–ը հարաբերվում էր քաղաքական համակարգի հետ ի վերջո ունեցավ տրավմատիկ լուծում, երբ քաղաքականությունը ձախողվեց։ Այնուամենայնիվ, կարելի է պնդել, որ հենց ԱԿՏ–ի գերնույնացումն է քաղաքականության հետ, որ բացառում է գեղագիտական ձախողման հնարավորությունը։
Իմ համոզմամբ՝ ԱԿՏ–ի՝ որպես գեղագիտական ու քաղաքական փորձառության վերջնական ձախողման անհնարինությունը վերլուծական ընթացակարգը ու ճշմարտության ընթացակարգը քաղաքականության հետ նույնացնելու մեջ է, այնպես, ինչպես Տեր–Պետրոսյանի համար քաղաքական պրոցեդուրան նույնանում էր բանասիրության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփա Ալեն Բադյուն, հղելով մարդաբան Սիլվիան Լազարիուսին, հայտարարում է, որ եթե միտքն ու քաղաքականությունն ազատագրենք իրենց առարկայից և դիտարկենք քաղաքականությունը՝ որպես ճշմարտության ընթացակարգ կարող ենք վերաիմաստավորել առաջինի ազատագրական հնարավորությունները։ Բադյուն քննարկում է այն երեք ռեգիստրները, որոնցում գործում է միտքը։ Առաջինը՝ պատմությունն է, որը «միտքն է՝ որպես Պետության հարաբերություն»։ Երկրորդը մարդաբանությունն է, որը «միտքն է՝ որպես Իրականի հարաբերություն», և վերջապես՝ փիլիսոփայությունը, որը «միտքն է՝ որպես մտքի հարաբերություն»՝ սուբյեկտ, որ զրկված է իր օբյեկտից։
Հղելող Լազարիուսի՝ «մարդաբանության անուն» հղացքին, Բադյուն պնդում է, որ քաղաքականությունը որպես միտք երբեք սահմանելի չէ։ Այն ինքն իրեն ազատագրում է պատմական ժամանակից, որը միտքն է՝ որպես պատմության հարաբերություն, ու տեղակայում է իրավիճակայնորեն՝ վայրերի միջոցով, այնպես որ եթե վայրն անհետանում է, ընդհանուր քաղաքական դասավորվածությունը վերանում է։ Օրինակ՝ բոլշևիկյան քաղաքականությունը վերանում է Լենինի կողմից 1917թ. խորհուրդները ցրելուց հետո։ Սակայն քանի որ անունը նկարագիր չէ, այլ գործելու առաջարկ, այն անցյալի, ներկայի ու ապագայի արանքում է տեղակայված՝ այն բանի հետ հարաբերության մեջ, ինչ կա, և ինչ կարող է լինել։ Այսպիսով՝ այն կարող է տարբեր պայմաններում նորից գործառնական դառնալ։ Ինչպես գրում է Բադյուն. «Այժմ, առաջարկը (prescription) հնարավորի մասին միտք է՝ գոյություն ունեցածի հետ հարաբերության մեջ, և այն դեղատոմս է, որ ծնվում է մտքի հայտարարությունների հետ մեկտեղ»։ Այսպիսով, անունը մտքի եզակիություն է, որ հնարավոր չէ ամբողջացնել։
Քաղաքականությունը որպես միտք օբյեկտի կամ վերաբերյալի (referent- այն առարկան, որին վերաբերում է բառը) կարիք չունի (օրինակ՝ «շարժումը» կամ «քաղաքական գերնպատակը»). օբյեկտի ի հայտ գալուն պես՝ այն վերածվում է Պետության, Ամբողջի, Մեկի հետ հարաբերության։ Վերաբերյալը վերատեղակայում է անունը «բազմակիությունների միասեռ տարածքից Պետության միակ տեղանք»։ Այսինքն՝ քաղաքականությունը հնարավոր է մտածել՝ միայն առանց պետության։
Իմ համոզմամբ՝ ԱԿՏ–ը հարաբերվում էր քաղաքականության հետ որպես մաքուր մտքի՝ գերնույնանալով պետության հետ, քանի որ հետանկախ Հայաստանում պետությունն օբյեկտ դեռևս չուներ, իսկ քաղաքականությունը գործում էր որպես միտք՝ օբյեկտիվորեն։ Պետության օբյեկտի բացակայության պայմաններում ԱԿՏ–ը երեւակայում էր պետության առարկան արվեստով, և հենց այստեղ էր, որ այն ձախողեց: Նորանկախ Հայաստանի առօրյա իրականությունը միակ գեղագիտական եւ քաղաքական իրական սուբյեկտն էր, եւ այդ պատճառով էլ գործորդության հավակնող ցանկացած պրակտիկա, որը չէր ելնում այդ գլխավոր սուբյեկտից՝ առօրյա իրականությունից, այլ ինքնադրվում էր դրա վրա, ձախողվում էր: Սակայն, եթե թե՛ քաղաքականությունը և թե՛ գեղագիտությունը՝ որպես միտք իրավիճակային են, միգուցե հնարավո՞ր է վերակտիվացնել ԱԿՏ–ի փորձը ներկայիս քաղաքական–մշակութային պայմաններում՝ գիտակցելով հանդերձ որ դրա կրկնությունն ի վերջո անհնար է։
Հղումներ
Շնորհակալ եմ Վարդան Ազատյանից ու Հրաչ Բայադյանից հոդվածի նախնական տարբերակն ընթերցելու ու կարևոր դիտարկումների համար։
Casarino, Cesare and Negri, Antonio. In Praise of the Common. Minneapolis: University of Minnesota Press, 2009.
Fraser, Nancy. 1992. “Rethinking the Public Sphere: A Contribution to the Critique of Actually Existing Democracy” in Habermas and the Public Sphere (Craig Calhoun, ed.). Cambridge, MA: MIT Press. 109-142.
Կարեյան Դավիթ, «Մաքուր Ստեղծագործություն»,Գարուն, 8, 1994, էջ 59.
http://www.levonpresident.am/?catID=41&contID=90
Vardan Azatyan, “Art Communities, Public Spaces and Collective Actions in Armenia” in Art and Theory After Socialism, eds. Mel Jordan and Malcolm Miles. Intellect, 2008, p. 46.
Քրիստինե Տեր–Սարգսյան, անտիպ ձեռագիր, 1995, Հրաչ Արմենակյանի արխիվ։
Հրաչ Արմենակյանի հետ Վարդան Ազատյանի հարցազրույցից, 23.01.2008:
Վարդան Ազատյան, Հայ իրականության պատկեր-ացումները, դասախոսությունների շարք՝ ընթերցված Ուտոպիանայում, DVD հրատարակություն, Երևան, 2008:
Լևոն Տեր–Պետրոսյան, «Պատերա՞զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը», 01.11.1997, http://www.levonpresident.am/?catID=41
Ազատյան, նույն տեղում։
Արմենակյան, նույն տեղում։
Նույն տեղում։
Badiou, Allan, Metapolitics. Verso, London. New York, 2005, p. 36.
Նույն տեղում։
Շնորհակալ եմ Վարդան Ազատյանից սույն դիտարկման համար։
Մեկնաբանել