HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտ խմբի առասպելը

Դավիթ Կարեյան

Բազմակուսակցական, նույնիսկ ընդդիմադիր դաշտ ստեղծելու պետության պարտակավորվածության այս համատեքստում է, որ ԱԿՏ-ը հավակնեց կազմել պետական հանրային ոլորտի մաս։ Սա անելու համար վերջինս որդեգրեց ներկայացուցչական ժողովրդավարությանը բնորոշ արտահայտման ձևեր` հանրաքվե, հանրային ագիտացիա ու արտոնված հանրահավաք

Անժելա Հարությունյան

«Ակտ» խմբի ստեղծման եւ գործունեության մասին «Հետք Online» ինտերնետային կայքում հրատարակված Անժելա Հարությունյանի «Վերաիմաստավորելով հանրային ոլորտը. սահմանադրական պետությունն ու ԱԿՏ խմբի հաստատողական քաղաքական գեղագիտությունը» տեքստում առկա բազում ընդհանրացումներն ու սխալները, եւ հատկապես «Արտ դեմոնստրացիայի» մեկնաբանությունը, ոչ թե անփութության կամ պատմական փաստերը վատ իմանալու արդյունք է, այլ հատկապես հայ արվեստաբանների առապելաբանության հակում:

«Ակտ» խումբը ստեղծվել է 1995թ. «Նոյան Տապան» ցուցահանդեսում «Արտ դեմոնստրացիա» փերֆորմանսի կապակցությամբ: Հետագայում խմբի որոշ անդամներ վերակազմավորելով «Ակտ» խումբը ցուցահանդեսներ են կազմակերպել Ռոբոտաշինական գործարանում, Գրականության եւ արվեստի թանգարանում եւ ՆՓԱԿ-ում, «Հրաշալի առաջընթաց» վերնագրով:

Այնուհետեւ անհայտ պատճառներով կազմալուծվել է: Սակայն այս ցուցահանդեսների առկայության մասին ոչ մի նկատառում չկա տեքստում, քանի որ ոճից դուրս էին:

Նրանցից ոչ մեկում առկա չէին այն գաղափարները, որոնք տեքստի հեղինակը վերագրում է Ակտ խմբին: Ավելին` «Արտ դեմոնստրացիայի» գաղափարը հիմնված էր իմ 1993թ. նմանատիպ աշխատանք վրա, որը ցուցադրվել է Բոխում քաղաքում, հայկական մշակութային օրերի շրջանակում, եւ «Արվեստի ագիտացիա» փերֆորմանսի վրա` ցուցադրված «Ակտ» խորագիրը կրող ցուցահանդեսում, (EX VOTO ցուցասրահ 1994թ.):

Իմ այդ թվականի ստեղծագործություններում ինչպես նաեւ «Ակտ» խմբի հետ կազմակերպած «Արտ դեմոնստրացիայում» ես ձգտում էի արվեստ ստեղծել նոր միջոցներով, ոչ ավանդական ձեւով: Այդ ինչպես նաեւ «Արվեստի հանրաքվե» կամ «Արվեստի ագիտացիան» փերֆորմասում ես փորձում էի քաղաքական պայքարի ձեւերը բերել ցուցասրահ:

Քաղաքական բողոքի ձեւերը այդ կերպ գործառույթից հանելով, խոսել նրանց էզոտերիկ իմաստի մասին եւ դիտարկել, որպես նոր թատերական բեմականացումներ: Ի դեպ այդ գաղափարին ես հետագայում կրկին անդրադարձել եմ 1999թ. ՀՀ խորհրդարանի ահաբեչական ակտերի կապակցությամբ:

Սակայն Ա. Հարությունյանը, հիմնվելով Վ. Ազատյանի ճշմարտանման, սակայն իրականությանը չհամապատասխանող մեկնաբանության վրա, մոռացել է, որ խոսքը գնում է արվեստի գործի մասին, եւ «Ակտ» խումբը բացառապես ներկայացրել է, որպես սոցիալ քաղաքական խմբավորում, ինչպիսին օրինակ «Հիմա, հիմա, հիմա» խումբն է:

Տարեթվերի սխալականությունը կամ ցանկալի իրադարձությունների ստեղծումը, ինչպես օրինակ Ա. Հարությունյանի հարցազրույցներից մեկում հայտարարած առասպելը` թե «Ակտ» խումբը Դիլիջանում 1993թ. հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, թվում է հավանական, եթե հանկարծ չմտաբերենք, որ «Ակտ» խումբը ստեղծվել է 1995-ին:

Նմանօրինակ ընդհանրացումները երկրորդական պլան մղելով անհատ արվեստագետներին մեծացնում են արվեստաբանների դերը:  Նախընտրելով խոսել տենդենցներից, նրանք ջանք չեն խնայում ցուցադրել իրենց «ինտելեկտուլիզմը»:

Այս մոտեցումը բավականին հայտնի ձեւ է արվեստաբանների մեջ: Սեփական անհեթեթ մեկնաբանությունները արվեստին վերագրելու համար խոսել` իսկ այս դեպքում նույնիսկ ստեղծել ցանկալի խմբեր, տենդենցներ:

Ի դեպ, սա առաջին դեպքը չի, ավստրիացի համադրողներից մեկը 2003թ. «Ադյո փարաջանով» ցուցահանդեսի շրջանակներում կատարած պատմական ակնարկում, կրկին ոճային խմբագրումներ անելով, կոկիկացրել էր հայկական արվեստը, ավելի ընկալելի դարձնելու նպատակով:

Տեքստում հեղինակը պնդում է, թե իբր Ակտ խումբը ստեղծվել է «Երրորդ հարկ» խմբի դեմ եւ ձգտում էր իշխանության: Անհեթեթություն է, քանի որ այդ թվականներին նախկին «Երորդ հարկի» անդամներից շատերը համագործակցում էին մշակույթի նախարարության հետ, կազմակերպում պետական ցուցահանդեսներ եւ ցուցադրում «Ակտ» խմբի անդամներին: Այդ գործընթացը միչ օրս էլ շարունակվում է:

Ժամանակակից արվեստը այլեւս արգելված չէ, գուցե եվրոպական երկրների հետ համեմատելով ազատ ինքնադրսեւորումը պաշտպանելը դանդաղում է, սակայն կտրուկ փոփոխություններ կամ հետընթաց չկա, որքան էլ ցանկալի կլիներ «ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏԱԿԱՆ» դիրքերից քննադատելը:

Քաղաքացիական հասարակության ջատագող արվեստագետները, Լեւն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ավելի ակտիվորեն սկսեցի պայքարել մարդու հիմնարար ազատությունների համար:

Օրինակ 1999-2005թթ ձեւավորված դիմադրության նոր ալիքը, այնուհետեւ 2009թ կազմավորված Արտ լաբարատորիա խմբավորումը, որոնք անդրադառնալով մարդու մարմնի սոցիալականությանը ստեղծեց բազում տեսարժան ստեղծագործություններ: Իսկ Ակտ խմբի այլ արվեստագետներ, որոնք Հայաստանը լքեցին տնտեսական պատճառներով, ինչպես նշվում է տեքստում, այդպես էլ չկարողացան արվեստ ստեղծել թեկուզ օտարության մեջ, քանի որ արվեստը նրանց ավելի շուտ էր լքել քան նրանք հայրենիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter