HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիչ կամ ինչու են սովետական կրթություն ստացած մարդիկ սիրում կլասիկ արվեստ

Դավիթ Կարեյան

«Սկզբում հարկ է նկարել սովորել, իսկ  հետո ազատորեն ծռմռել»:

Հայաստանում կրթություն ստացած ամեն մի նկարիչ կհիշի ուսանողական տարիներից շատ տարածված այս դրույթը, որն այսօր վերածվել է նկարչության ամենատարածված պատկերացմանը: Ի դեպ, «նկարել սովորել» ասելով` ի նկատի էին ունենում ռիալիստական արվեստը, իսկ ծռմռելու տակ` մոդեռնիզմը: Արդյունքում ձեւավորված արվեստը հիշեցնում է սյուրռեալիստական արվեստ (Մաքս Էռնեստ, Մագրիտ կամ Սալվադոր Դալի), սակայն ժամանակավրեպության եւ մեթոդային տարբերության պատճառով արվեստաբանների կողմից անվանվեց «կիչ»:

Բրեժնեւյան լճացման տարիներին, երբ գաղափարախոսական սոցռեալիստական արվեստը ինչ-որ առումով արժեզրկվել էր, ի հայտ եկան արեւմտյան մոդեռնիստական արվեստին դավանող մի շարք արվեստագետներ: Մոդեռնիստական նկարչությանն ավելացնելով ազգային բովանդակություն` նրանք սկսեցին պայքարել հանուն ազգային պետության ստեղծման:

Մերժելով պաշտոնապես ընդունված արվեստը եւ հիմնվելով մինչսովետական արվեստի մոդեռնիստական նկրտուների վրա` նրանք ստեղծեցին արվեստի մի ուղղություն, որը մերժում էր ցանկացած ակադեմիականություն: Այն հիմնվում էր արտ-բրուտի դրույթների եւ Պիկասոյի պնդման վրա, որ ցանկացած երեխա արվեստագետ է, սակայն խնդիրն այն է, թե ինչպես պահպանել այդ:

Այս գաղափարը Հայաստանում վերածվեց սովետական ինստիտուտների դեմ ուղղված պայքարի, որը գտավ իր հովանավորները ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ հարստացած սովետական քաղաքացիների կողմից, որոնք իրենց միջոցները ծախսելու դաշտ էին որոնում:

Մշակութային այս դիսկուրսում ձեւավորված նկարիչները, իրենց ավանդական, ռեալիստական կրթությանը ավելացնելով մոդեռնիստական դեֆորմացիաները, ապա միացնելով տեղային շուկայի գլամուրային պահանջները, ստեղծեցին մի արվեստ, որը համաշխարհայի արվեստաբանության մեջ անվանվում է «կիչ»:

Արվեստի այս ուղղությունը կարելի է համարել ամենամասսայականը աշխարհում, սակայն հեղինակավոր թանգարաններում կամ ցուցասրահներում դժվար է հանդիպել այդ ոճի արվեստի նմուշների: Պատճառն այն է, որ մոդեռնիստական արվեստը, հիմնվելով մարքսիստական գաղափարների վրա, ձգտում էր մարդուն ազատել շահագործումից: Երբ Ջեքսոն Պոլակը կաթեցնում կամ խզբզում էր կտավի վրա, պնդում էր, որ նկարիչը ազատ մարդ է եւ կարող է ազատորեն տնորինել իր ժամանակը, իսկ գնորդը` գնելով այն, քվեարկում է այդ գաղափարին կողմ:

Նկարչության պատմությանն անդրադառնալով` կնկատենք, որ նկարիչը միջնադարյան վարպետներին սահմանված համեստ դերից մի քանի հարյուր տարվա ընթացքում հայտվեց թագավորների կողքին, իսկ արդեն 20-րդ դարում դարձավ անկախ արվեստագետ: Հենց այս անկախությունը եւ ազատությանն է պաշտպանում եվրոպական եւ ամերիկյան հասարակությունն իր այսօրվա թանգարաններում  եւ ցուցասրահներում` անվանելով այն ժամանակակից:

Մեզանում ինչպես կոմունիզմն էր խեղաթյուրված, այնպես էլ ազատականությունը: Եթե այսօրվա զարգացած քաղաքակրթությունները մարդուն պաշտպանում են աշխատանքի շահագործումից, ապա մենք, ինչպես սովետական միությունում, կամ ստրկատիրական համակարգներում, աշխատանքը վերածում ենք պաշտամունքի: Ավելին`մտածելու համար անհրաժեշտ դատարկ տարածություններն ասոցացնելով պարապության հետ, ստեղծվում է կատարյալ քաղքենիական խուճապ:

Հայաստանում եւ նախկին սովետական միության գաղութներում վերջին 30 տարիների ընթացքում տարածում գտած «ծռմռած կլասիկ արվեստը» ոչ այլ ինչ է, քան ավազակային թալանի, ապա իշխանության ամրապնդման եւ շահագործման արդարացման պաշտպանություն: Ինչպես թագավորական միապետությանը նմանակող տոտալիտար արվեստում է երեւում անիմաստ աշխատանքի շահարկումը, այնպես էլ կիչի մեջ ակնհայտ է շողոքորթումը եւ երեսպաշտությունը իշխանության հանդեպ: Եթե Պուսենը կամ Մագրիտը իրենց ժամանակ պայքարում էին բարձր գաղափարների համար, ապա կիչում մենք հանդիպում ենք միայն հարմարվողականության: Հենց սա է,  որ անհնար է դարձնում կեղծակերպումների հարատեւությունը, քանի որ միչ այժմ դեռեւս չի ստեղծվել մի համակարգ, որ մարդուն հաշտեցնի ստի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter