HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սարգսյան

Նանա Արամյան. սյուրռեալիզմի հայ քրմուհին

Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում հայտնի ամուսնական զույգերից են Նանա Արամյանը եւ Նարեկ Ավետիսյանը: Գեղեցիկ զույգ, երկու տաղանդավոր արվեստագետ, երկու հայտնի արվեստագետների զավակներ, երկու «համակարգչային քրմեր»` երկուսն էլ գեղանկարչության խենթ նվիրյալներ… 2011-ի գարնանամուտը նրանք նշանավորեցին իրենց` վաղուց սպասված անհատական ցուցահանդեսներով:

Նրանք երբեւէ չեն ցուցաբերել համատեղ ստեղծագործության կամ փոխադարձ ազդեցության բացահայտ միտում: Սակայն, երկուսի որոնումներում առկա են մի շարք սկզբունքային ընդհանրություններ եւ ընդհանուր ակունքներ:

Նանան եւ Նարեկը, անկախության առաջին իսկ տարիներից մուտք գործելով Հայաստանի ժամանակակից արվեստ, երիտասարդական «ԱԿՏ» խմբի ակտիվիստներից էին, որը մեծապես կանխորոշեց Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացումը: Նրանք երկուսն էլ, ռենեսանսյան եւ հետռենեսանսյան դասական արվեստի երկրպագու լինելով հանդերձ, առաջիններից էին իրենց սերնդի արվեստագետների մեջ, որ մուտք գործեցին թվանշանային տեխնոլոգիաների տիրույթ եւ փորձարկեցին մաքուր գեղանկարչության եւ թվանշանային պատկերի սինթեզը: Յուրաքանչյուրի ստեղծագործության մեջ այդ սինթեզը յուրովի լուծում ստացավ, տարբեր եղանակներով ընթացավ, սակայն նույնն են նրանց տածած կիրքն առ կյանքն ու արվեստը, որոնք նույնանում են կենսականության հաստատման իրենց մղումներում:

Այսպիսով, Նանա Արամյանի «Սեւ մանուշակագույն զրույցներ» ցուցահանդեսը բացվեց մարտի 7-ին «Ակադեմիա» ցուցասրահում եւ կտեւի մինչեւ մարտի 19-ը: Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում. 33 ձեւափոխություններ ըստ Վերմեերի» նախագիծը, որին կանդրադառնանք հաջորդ համարում, մեկնարկեց մարտի 15-ին ՆՓԱԿ-ում:

Միշտ չէ, որ արվեստագետի լռությունը լռություն է: Հաճախ դա կուտակման գործընթաց է, որը պետք է հանգի տրամաբանական ժայթքման: Ն. Արամյանի վերջին տարիների ստեղծագործական ընթացքը հենց այդ դեպքն է, որի ապացույցը դարձավ նրա «Սեւ մանուշակագույն զրույցներ» անհատական ցուցահանդեսը:

Մարտի 8-ի նախօրեն էր: Մինչ այլուր խորհրդային իներցիայով դեռ կանանց տոնի առթիվ բացվում են կին արվեստագետների ստեղծագործությունների թեմատիկ «լայթ» ցուցահանդեսներ` կարպետի, կուժ ու կուլայի, վարդ-մանուշակի, նուռ ու խաղողի, պատմական անցյալի անվերջանալի պատկերներով, որոնք ավելի շուտ բացահայտում են կին արվեստագետի տարրալուծված ինքնությունը, Նանան իր ստեղծագործական մանիֆեստն ազդարարեց՝ հաստատելով կին ստեղծագործողի իր ինքնավար կեցվածքը:

Ն. Արամյանն անկախության առաջին սերնդի այն առանցքային կին արվեստագետներից է, ում ստեղծագործական որոնումները որքան անհատական են, նույնքան էլ արտացոլում են ժամանակակից հայ արվեստի որոշակի միտումներ: Դեռ 1990-ականների սկզբին՝ երիտասարդ առաջադեմ արվեստագետների «ԱԿՏ» խմբին անդամակցելու տարիներին, Նանայի ստեղծագործության մեջ ի հայտ եկավ զգացականությունը, հանրայինից անդին թաքնված անհատականին դիսկուրսիվ իմաստ հաղորդելու նրա փորձը:

Պարզ է, որ ուշռենեսանսյան ռեալիզմի հանդեպ տածած նրա ակնածանքը ուշպոստմոդեռնիստական իրավիճակում պետք է գար մի այնպիսի հանգրվանի, որում կարելի կլիներ սկզբունքորեն նորովի արծարծել հին վարպետների կամ պատմական ոճերի լեզուն: Ընդ որում, Նանան (ինչպես եւ Նարեկը) ավելի շուտ հրաժարվում է պոստմոդեռնիստական հղումների կոլաժից` հնի եւ նորի շաղկապման առավել օրգանական հյուսվածքներ փնտրելով:

Երաժշտություն եւ կիրք եւ գույն. Նանայի գեղանկարչության մեջ ոչ միայն զգացականությունն է տեսողական ձեւերի վերածվում, այլեւ միմյանցից հեռու թվացող պատմական դարաշրջաններն են հանդիպում. եթե «տանելու» հատկությամբ օժտված մանուշակագույնը անդրանցականության խորհրդանիշն է, ապա ոչ պակաս «տանող» բարոկկոյի պոլիֆոնիկ երաժշտությունը շատ մոտ է հարդ ռոքին: Վեր խոյացող հնչյունների բազմությունը, էքսպրեսիվ ճիչը, մարմնի պոռթկումը… կրքի արտահայտություների հարուստ գամման խուժում է Նանայի կտավների գույների եւ պատկերների մեջ: Երաժշտությունը Նանայի մշտական ուղեկիցն է եւ ոգեշնչման զորեղ աղբյուրը:

Նանային դասական գեղանկարչության մեջ գրավում է հատկապես շեշտված մարմնականությունը` կառուցված, օրինակ, կառավաջիզմի լուսային մոգականությամբ կամ դինամիկ ու դրամատիկ բարոկկոյի ծավալապաշտությամբ: Մարմինն այստեղ գլխավոր թեմայի` մարդկայինի եւ աստվածայինի հուզական բախման առանցքային արտահայտչամիջոցն է: Եվրոպական արվեստը ծագել եւ զարգացել է մարդ-աստված, մարմին-հոգի, երկրային-երկնային, մեկնելի-անմեկնելի, իրական-անդրանցական (եւ այլն) դուալիզմի անվերջ քննարկումների համատեքստում մարմնի կարգավիճակը որոշարկելով: Ժամանակակից արվեստում էլ ավելի են բարդացել եւ բազմացել մարմնի քննարկման դիսկուրսները:

Բայց կարծես ժամանակի ընթացքում չի վերացել մարմնի հետ առնչվող գլխավոր` տաբուի հարցը: Տաբուների առաջացումը կապված է մարդու համար անմեկնելիի, գաղտնիի, գերբնականի` հավատքի հետ, որը, հասարակայնացվելով, վեր է ածվում կրոնական ինստիտուտի եւ սոցիալական վարքագծի նորմեր թելադրում, ինչն արտացոլվում է նաեւ արվեստում: Պատկերամարտությունը կամ պատկերապաշտությունն արվեստում նախ եւ առաջ կրոնական (եւ հասարակական-քաղաքական) այս կամ այն դոկտրիններից բխող գեղագիտություններ են: Կարելի է ասել, որ մարմնի ապասրբագործումն ու նոր տաբուների բացահայտումը անցյալ դարից ի վեր ժամանակակից արվեստի գլխացավանքներից մեկն է, որի լուծման մունետիկը դարձան հոգեվերլուծությունն ու դասական սյուրռեալիզմը:

Նորություն ասած չենք լինի, որ սյուրռեալիզմը հայկական գեղանկարչության հողին դժվար պատվաստվող ուղղություններից է, թեպետ Նանան մի առիթով խոստովանեց, որ «սյուրռեալիզն իր արյան մեջ է»՝ ակնարկելով, անշուշտ, իր հոր` լուսահոգի Վաղարշակ Արամյանի գեղանկարչության ունեցած մեծ ազդեցությունն իր վրա: Ն. Արամյանը հայկական ժամանակակից գեղանկարչության մեջ դարձավ սյուրռեալիզմի վերաբացահայտողն ու արդիականացնողը` մի կողմից դրա լեզվական զինանոցը հենելով զգայականությամբ լեցուն իր սիրելի կառավաջիզմի եւ բարոկկոյի արտահայտչականությանը, մյուս կողմից այն կապելով թվանշանային տեխնոլոգիաների բերած` պատկերի տեսողական փոխակերպումների հետ: Անշուշտ, վերջին հանգամանքը որոշիչ դարձավ ոչ միայն Նանայի ստեղծագործության, այլեւ ժամանակակից գեղանկարչության մեջ առհասարակ:

Վիրտուալ իրականությունը՝ իր ողջ զինանոցով հանդերձ (համակարգչային խաղերից ու գրաֆիկայից մինչեւ սոցիալական ցանցերի տիրույթ), մի նոր հայելի է խոյացնում մարդու առջեւ. ինչպես եւ աստծուն, մարդն ինքն է ծնում այդ կեղծ իրականությունը, որպեսզի արդարացնի, բարելավի, թեթեւացնի իր գոյությունը, սակայն իր համար վերջիններս մնում են գերբնական կամ անդրանցական տիրույթներ. համակարգչի մեջ խորասուզված մարդը հաճախ նմանվում է աղոթող կամ տրանսի, մեդիտացիայի մեջ գտնվող հավատացյալի:

Մյուս կողմից՝ վիրտուալ իրականությունը, արվեստի եւ հավատքի նմանությամբ, նաեւ չիրագործված իղձերի, թաքուն մղումների արտամղման, երազի, նաեւ խոստովանանքի, այսինքն` ցանկալին, արգելվածը իրական դարձնելու, տաբուն խախտելու եւ զանցանքն արդարացնելու, օրինականացնելու մի նոր` խաղային տիրույթ է: Ճիշտ տեղին է հիշել լյուիսքերոլական անդրհայելիների աշխարհը:

Թեպետ Նանայի վերջին շրջանի կտավներն ավելի շուտ ոգեշնչված են ժամանակակից համակարգչային անիմացիայից, բայց իրականի կամ անդրանցականի սահմանային վիճակը, հոգեվերլուծական իմաստ կրող թինեյջերական ֆանտասմագորիան հենց քերոլյան Ալիսայի արքետիպին է հղում. դեռահաս աղջնակ, ով աշխարհաճանաչողության խրթին ճանապարհին երազներում հագուրդ է տալիս իր ֆանտազիաներին: Էական չէ այստեղ` էրոտիկ բնույթի՞ են այդ երազները, ինչպես Նանայի հերոսուհիների մոտ, թե՞ ոչ: Էական է հետաքրքրությունը հենց դեռահասության անցումային տարիքի նկատմամբ: Նանան, ըստ էության, անցումային վիճակների հետազոտող է:

Այո` մանուշակագույնը անցումի գույնն է, երազի գույնը. այն հուզական է եւ կլանող: Եթե վիրտուալ իրականությունը, երազի պես, իրականության նմանակն է եւ անդրանցականության եւս մի հանգրվան, ապա Նանայի գեղանկարչության թեմաներում անցումային վիճակների խորհրդանիշներ են նաեւ կիբեռ-հրեշները: Անշուշտ, ճեղքված մարմնի պատկերները, մարմնի ճեղքումն ինքնին մոդեռնիստական ծագում ունեն:

Ե. Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան», թերեւս, մարգարեական գործ է: Նանայի կտավներում արյունատար անոթներ հիշեցնող կարմիր-կապույտ լարերով էլեկտրոնային մարմինները իրական կենսաբանական մարմնի նմանակն են: Բոլոր մշակույթներում դիցաբանական հրեշները մարդու եւ տարբեր կենդանիների մասերից բաղկացած հիբրիդներ են: Համակարգչային անիմացիայի առաջացմամբ առաջացան եւ նոր տեսակի հիբրիդ-հրեշներ, այլազան կիբօրգներ` տրանսֆորմերներ, բիոնիքըլներ եւ այլն: Եվ մի՞թե թվանշանային տեխնոլոգիաները նոր դիցաբանություն չեն կերտում:

Մշակութայինի եւ կենսաբանականի հակադրությունը համադրության բերելու իր փորձերում Նանան հանգում է եւ «երրորդ բնության»` նոր տեխնոլոգիաների գործոնին, որոնք փոխում են աշխարհը, մարդուն եւ արվեստը:

Այդուհանդերձ, Նանան այն անվերապահ գեղանկարիչներից է, ով, տիրապետելով տեխնոլոգիաներին եւ տարիներ շարունակ աշխատելով համակարգչային գրաֆիկայի ոլորտում, իր արվեստում երբեք կախված չի դրանցից: Մի՞թե սա եւս ինքնավար ստեղծագործական կեցվածքի դրսեւորում չէ:

Նկարը` Նանա Արամյանի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter