HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սարգսյան

Ազգային ինքնություն եւ արվեստ

Նարեկ Ավետիսյանը Հայաստանի հետխորհրդային շրջանի ժամանակակից արվեստի նշանավոր դեմքերից մեկն է` 1990-ականների «ԱԿՏ» երիտասարդ արվեստագետների խմբի ակտիվիստ, հայ իրականության մեջ վիրտուալ արվեստի առաջին հեղինակը: Բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում` Վենետիկի միջազգային բիենալեի, մասնակից է: Նարեկ Ավետիսյանը «Մաքուր արվեստի» ջատագով է, ով փորձում է կոնցեպտուալացնել խնդիրը` այն տեղադրելով արվեստի ինքնության ներսում:

Ինչպիսի՞ն է, ձեր կարծիքով, ազգային ինքնության արտահայտությունն արվեստում: Ժամանակի մեջ, ավանդականի եւ արդիականի դիմադրության կոնտեքստում փոփոխվո՞ւմ է, արդյոք, դա:

Եթե մինչեւ 20-րդ դարը ինքնությունն արվեստում կարող էր արտահայտվել կրոնի, դիցաբանության, սովորույթների  միջոցով ուղղակիորեն, ապա 20-րդ դարում խնդիրը շատ է բարդանում: Երբ արվեստը դեռ թեմատիկ էր, գուցե պատմական թեմաների շնորհիվ կարելի էր ինքնությունը ճանաչել եւ հասկանալ: Հայ իրականության մեջ Մարտիրոս Սարյանը, հիմնվելով լանդշաֆտի հերոսական-էպիկական կառուցվածքի վրա, փորձեց ստեղծել հայկական պատկերը եւ պատմության հուշն արձանագրեց: 60-ականներին մի շարք հեղինակներ փորձեցին կրկին ազգային կերպարվեստի հարցը բարձրացնել, քանի որ տոտալիտար համակարգին հակադրվելու, ազատության դրսեւորման միակ ելքն էր: Երբ նրանց կերտած պատկերն անկեղծ հուշերի վրա է հիմնվում, ինքնությունն ավելի հստակ է երեւում, քան երբ փորձում են «մեծ թեմա» դնել պատկերի հիմքում: Բայց, միեւնույն ժամանակ, երբ փորձ էր արվում «ազգայինը» վերածել բանաձեւի ու ոճի, ոճավորված էթնոգրաֆիզմի կամ դիլետանտության մեջ հայտնվելու վտանգ էր առաջանում:

Կրկին հիշեցի Մինասի խոսքերը` ազգայինը պետք է փնտրել մեր արյան որակի մեջ, ոչ թե արտաքին ձեւերում: Մյուս կողմից, ինչո՞ւ աչքերը փակել եւ ձեւացնել, թե մենք չենք տեսնում ոտքի տակ ընկած մշակութային շերտերը: Հարցն այն է, թե մենք մեր պեղվածքն ինչպես կօգտագործենք: Ժամանակակից արվեստը արդեն հաղթահարել է սահմանափակ մտածողությունը, օրնամենտից կամ ավանդույթից պարզ իմաստով կառչած մնալու միտումը: Համամարդկային մտածողությամբ մենք կարող ենք աշխարհում մեզ էլ տեսնել: 21-րդ դարում ազգային ինքնության որոնման ուղղությամբ հատուկ ջանքեր գործադրելն անիմաստ է:

Կա՞ն, արդյոք, տիպական գծեր հայ նկարիչների գործերում, որոնք կարելի կլիներ վերագրել ազգային ինքնության դրսեւորմանը:

Կան, անշուշտ, հատկապես 60-ականների արվեստում: Ժամանակակից արվեստում ավելի դժվար է դա տեսնել: Օրինակ` լուսահոգի Մարկոս Գրիգորյանի մոտ, Համլետ Հովսեփյանի… Բայց չեմ ուզում միայն բացահայտ հողեղենությունը նշել, իրենց մոտ առավել խորքային դրսեւորումներ էլ կան: Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, հայ կոնցեպտուալիստների գործերում էլ կարելի է պեղել ազգային ինքնության շերտեր…

Խորհրդային քարոզչությունից արվեստում ժառանգվել է ձեւի եւ բովանդակության տարանջատումը: Իսկ ազգային ինքնության հարցն ինչպե՞ս է տեղավորվում ձեւի եւ բովանդակության հարաբերություններում:

Հիմնականում խնդիրը դրվել է ձեւի վրա, քանի որ ազգային ինքնությունը հնարավոր չէր ձեւակերպել: Այդ փորձը շարունակվում էր խոհանոցային խոսակցություններում, բայց մշակութային քաղաքականության պոզիցիայում դա չէր արտահայտվում: Տեղի էր ունենում երկու մշակութային քաղաքականությունների հակադրում: Մոդեռնիզմն այնքան գայթակղիչ էր… եւ ձեւի փոփոխությունները փորձում էին տեսնել նաեւ «ազգայինի» մեջ: Սակայն, այդ ձեւը էության հետ կապելը շատ դժվար էր: Ուզում եմ ասել, որ բովանդակային իմաստով ձեւակերպել այդ «ազգային ինքնությունը»` մնաց երազանք:

Այսօր ազգային ինքնությունը գերզգայականության միջոցով կարող է արտահայտվել: Արշիլ Գորկին սյուրռեալիստական-էքսպրեսիվ ֆորմալ միջոցներով, ամենավերացական ձեւով էության մասին է խոսել, նա միակն է հայ հեղինակներից, ով, թեպետեւ այստեղ չի դրսեւորվել, բայց ամենից շատ է մոտեցել ազգային էությանը: Ես դա տեսնում եմ հենց գերզգայականության մեջ, որը հարկավոր է այսօր բերել պրոյեկտի վիճակի, որպեսզի  մեր գերզգայականության զոհը չդառնանք:

Ազգային ինքնությունը ավանդաբար հուշարձանների միջոցով է արտահայտվել: Արդյո՞ք այսօր ժամանակակից հուշարձանն ունի նույնքան հնարավորություն` արտահայտելու ազգային ինքնությունը:

Հուշարձանների վերաբերյալ, օրինակ, մենք քանդակագործ Սահակ Պողոսյանի հետ ենք շատ խոսել եւ եկել այն համոզման, որ հուշարձանը պետք է վերափոխվի, նոր մտածողություն պետք է գա: Պետք է լինի կերպարայնությունից, կուռքայնությունից ձերբազատված ծավալատարածական մտածողություն: Մեծ չափսերի ցանկացած առարկա, եթե քանդակվում ու դրվում է քաղաքային միջավայրում, պետք է կարողանա տեւականորեն պահել այդ հիշողությունը: Կարծում եմ` եթե հուշարձանի նոր մոտեցումը հնարավոր լիներ կյանքի կոչել, ապա այն առավել ներունակ կլիներ` արտահայտելու ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը:

Հնարավո՞ր է այսօր էթնիկ դեկորը, որում որ ավանդաբար զմռսված են եղել պատմական հիշողության եւ ազգային ինքնության կոդերը, ձերբազատել զբոսաշրջային, հուշանվերային կարգավիճակից:

Կարծում եմ` ճարտարապետության մեջ, պատճենների տեսքով եթե օգտագործվեն մեջբերումներ միջնադարյան, հելլենիստական կամ ավելի հին շրջանների հուշարձաններից, ապա դա մշակութային քաղաքականության լավ օրինակ կլիներ եւ հրաշալի կրթա-մշակութային, քարոզչական միջոց: Ստիլիզացիա պետք չէ, ստիլիզացիան էգոիստական ես-ի դրսեւորում է, երբ ամեն արվեստագետ համարում է, որ ինքը յուրովի պետք է սինթեզի կամ բացահայտի «ազգային ինքնության կոդերը»: Այդպես չի:

Արդյո՞ք Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ազգայնական եւ էթնիկ սկզբունքները խանգարում են հայ արվեստի ճիշտ ընկալմանը:

Կարծում եմ` այո, քանի որ այս ոլորտում ճիշտ գեղագիտական եւ գաղափարական աշխատանք չի տարվում, մոտեցումները շատ միջինացված, ռաբիսացված են: Մինչ այդ, կարելի է գիտականորեն մոտենալ հարցին եւ դադարել ի լուր աշխարհի հայտարարել, թե ինչքան լավն ենք մենք: Բայց, միեւնույն ժամանակ, շրջագայությունների իմ փորձից ելնելով, Սփյուռքն էլ փոխվել է, կան եւ լուրջ մարդիկ, գիտնականներ… Ես իրականում շատ ազգասեր եմ, իմ մեջ տարեց տարի գենետիկական կապերն ամրանում եւ զգացնել են տալիս, բայց ես հասկանում եմ, որ պետք չէ միամիտ լինել ու չնկատել մշակութային շրջապատը: Մեզանում, ցավոք, մոռացության են տրվում կարեւոր շատ բաներ, փոխարենը մեծ միջոցներ են ծախսվում կեղծ փառատոնների եւ այլ միջոցառումների վրա: Կարծում եմ` Սփյուռքի հետ մշակութային հարաբերություններում պետք է հետազոտական, վերլուծական լուրջ մոտեցումներ ցուցաբերվեն, որպեսզի նոր սերունդը նորովի նայի ազգային խնդիրներին, որպեսզի չսառի, հակառակը` կապերն ու փոխադարձ ճանաչողությունն ավելի ջերմանան:

Ինչպիսի՞ն են արվեստի շուկայի եւ արվեստում ազգային ինքնության հարաբերություններն այսօր: Հայ արվեստի համաշխարհային ճանաչման եւ շուկայացման վրա սա ինչպե՞ս է անդրադառնում:

Այստեղ հակառակն է: Մեծ` համաշխարհային արվեստի շուկայում, ինքնությամբ չեն նայում արվեստին, այլ արվեստն են որոնում:

Իսկ ի՞նչ կասեք բրենդային անունների մասին:

Դեպքեր կլինեն, եթե կենսագրությամբ, սեփական առասպելի առումով կառաջնորդվեն արվեստագետի անվամբ: Արշիլ Գորկին` վառ օրինակ, կամ Մինասը: Ներկայում նկատի ունեմ, որ արվեստով են առաջնորդվում, նայում են` այսօրվա՞ հեղինակ է, թե՞ ոչ:

Ի՞նչ է նշանակում «ազգային արվեստ»: Արդյո՞ք սա ճշմարիտ կատեգորիա է, թե՞ կեղծ:

(Ծիծաղում է): Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ՞ որ ասաց, որ դա կեղծ կատեգորիա է: Արվեստը որոշ պատմական շրջաններում դրել է ազգային խնդիրներ, քանի որ դա ինքնապահպանմամբ է պայմանավորված եղել: Դա նաեւ կապված էր կրոնի հետ: Այսօր, եթե շարունակել փորձել արվեստում ազգայինի որոնումները բերել բանաձեւի, որպեսզի տարբերվենք, ապա չի ստացվելու, այդ մոտեցումը հարկավոր է փոխել: Պետք է պեղել, ուսումնասիրել, վերաիմաստավորել, մենք, իրոք որ, շրջապատված ենք պատմամշակութային բազմաթիվ շերտերով, դա պետք չէ անտեսել, դա հարկավոր է դիտել որպես պատմական հիշողության կրիչներ, շինանյութ, այդ նյութից օգտվել է պետք առանց բարդույթների: Իհարկե, մենք չենք փորձի հատուկ ստեղծել «ազգային արվեստ», բայց, եթե մեր մեջ կան ազգային որակներ, ապա դրանք անպայման կդրսեւորվեն: Ձեն-բուդդիզմի փիլիսոփայությամբ եթե առաջնորդվենք, մի բան եթե ուզում ես բռնել, անպայման կփախչի, այսինքն` հարկավոր չէ փորձել հատուկ «ազգայինը» բռնել արվեստում, դա ինքնաբերաբար կստացվի:

Պետական աջակցությունը ազգային հայկական արվեստին բավարա՞ր է:

Ես հասկանում եմ, որ մենք ունեցել ենք ազգային արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում են պարզվել, այլ բան է, որ ըստ արժանվույն դրանք միշտ չէ, որ գնահատվում են: Ժառանգությունը պահպանելու, արժեւորելու, գնահատելու գործառույթը, իհարկե, պետության խնդիրն է: Հայաստանի Հանրապետության ժամանակակից արվեստը պետք է լինի երկրի հպարտությունը, եւ այն անպատճառ պետք է արժեւորվի: Ինչպիսին որ «Ակտ» խմբի կարգախոսներն էին` նոր երկիր-նոր արվեստ: Անկախ երկրի ստեղծման պես ձեւավորվեց նոր սերունդ` իր նոր գաղափարներով: «Մեր հպարտությունը ժամանակակից արվեստն է» ,- ասելը քիչ է, հարկավոր է նոր ինստիտուցիաներ ստեղծել, ես չեմ համարում, որ ճգնաժամը պետք է պատճառաբանություն լինի մշակույթն անտեսելու համար, առավել եւս` ժամանակակից արվեստը: Մենք ունենք ուժեղ բանակ եւ այլն, եւ այլն, բայց դա շատ քիչ է, միայն սրով չէ, այդ դեպքում մեզ բարբարոսների տեղ կդնեն:

Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում «ազգային ինքնության» դրսեւորման եւ ժամանակակից հայ արվեստի հարաբերությունների մեջ:

Ես հեռանկարը տեսնում եմ արվեստագետների եւ գիտնականների համագործակցության մեջ: Ոչ թե միֆը եւ պոետի ոգեւորությունը պետք է առաջնորդեն, այլ ռեալ փորձը: Եթե երկրի մշակութային քաղաքականությունը պրոյեկտային լինի եւ զարգացման մեջ պահի արվեստը, ոչ թե կոնսերվացնի այն:

Կա՞, արդյոք, «հայկական դպրոց» հասկացությունը հայ արվեստի պատմության մեջ:

Գեղանկարչության մեջ եղել են դպրոցներ` թիֆլիսյան վտակը, գյումրվա վտակը, բայց ընդհանուր հայկական դպրոցի հասկացությունը խորհրդային տարիներին ձեւավորվել է առավելապես գույների զգայականության հետ ասոցացվող 60-ականների գեղանկարչության հիմքի վրա: Սովորաբար, հայկական գեղանկարչություն ասելիս Էքսպրեսիվ-լիրիկական մոտեցումն են նկատի առնում:

Կա՞, արդյոք, ազգային խնդիր այսօրվա հայ կերպարվեստում:  Ինչպե՞ս կձեւակերպեիք այն:

Կրթության մեջ կա, որը կձեւակերպեի առաջին հերթին ոչ թե որպես «ազգային», այլ «մարդկային»: Ես ոչ թե ապազգային, այլ առհասարակ անմարդկային միտում եմ տեսնում: Նախ եւ առաջ պետք է մարդկային կրթություն տալ, հետո հիշեցնել, թե որ մարդկանց եւ մշակույթի ժառանգներն ու կրողներն ենք, որպեսզի համաշխարհային մշակույթը ճանաչեն եւ տեսնեն, թե որտեղ է մեր տեղը դրանում, շփվել իմանան մյուսների հետ: Նորից կրկնեմ` պետք չէ իդեոլոգիա սարքել ազգային խնդրից:

հարցազրույցը՝ Լիլիթ Սարգսյանի

Լուսանկարը` Bravo.am-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter