HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սարգսյան

Վաթսունականների մոհիկանը. քաղաքական եւ գեղարվեստական կեցվածքներ. որտե՞ղ է դիմադրության թիրախը

Նորություն ասած չենք լինի, որ ավանդական եւ արդիական արվեստի շատ ավանդական ու բնականոն հակադրությունը Հայաստանի գեղարվեստական դաշտում տասնամյակներ շարունակ առանձնահատուկ սրությամբ է հառնում. այն կամ ծայրաստիճան քաղաքականացվում է, կամ` ծայրաստիճան անձնականացվում:

Երբեմն այս եկու կեցվածքները գրկախառնվում են մեկ անձի կամ խմբի մակարդակում: Երկու պարագայում էլ, օբյեկտիվ հայացքի բացակայության պատճառով, խնդիրը խեղաթյուրվում է: Արդյունքում, արտիստական այդ դիմադրությունը, որը, թվում է թե, գեղարվեստական-գեղագիտական հենքի վրա պետք է առաջանար, այսօր Հայաստանում հասարակական-քաղաքացիական միջավայրի լարման գլխավոր բաղադրիչներից մեկն է:

«Արվեստը զենք է» հանրահայտ դարձվածքն իր թե՛ դրական, թե՛ բացասական մեկնաբանությամբ այսօր ավելի քան ակտուալ է դարձել: Ընդ որում, այն կարող է կիրառվել եւ անգամ շահարկվել թե՛ արմատական արդիապաշտ երիտասարդների կողմից` որպես հասարակական «սանիտարա-հիգիենիկ» պրոֆիլակտիկայի միջոց, թե՛ իշխանական կոնֆորմիստ ավանդապաշտների կողմից` որպես մշակութային քողի ներքո հանդես բերվող բռնատիրական քարոզչության միջոց:

Ավանդականի եւ արդիականի քննարկումների համատեքստում տարբեր առիթներով հաճախ են հարուցվում 60-ականների ազգային զարթոնքի կամ «ազգային մոդեռնիզմի» շուրջ ծավալվող բանավեճեր:

Բանավիճող բեւեռներից մեկը հանդես է գալիս 60-ականների արդիականության անունից, մյուսը` բնականաբար մեր օրերի: Շուրջ կեսդարյա պատմական սոցիալ-քաղաքական շրջադարձերից հետո սերունդների միջեւ առաջացած անդուդն ասես իսպառ զրկեց նրանց ընդհանուր լեզու գտնելու հնարավորությունից:

Այսպես` նշված բանավեճերում առավել հաճախ հանդիպող դիրքորոշումներից մեկն է. վաթսունականների «արմատական» սերունդը պաշտպանում է ժամանակակից հայ արվեստի պատմության մեջ իրենց բացառիկ առաջադիմական, հերոսական կեցվածքը, խորհրդային իշխանություններին դիմադրելու` իրենց նետած քաղաքական հայտի իրավունքը:

Գեղարվեստական հավակնությունների առումով այս կեցվածքի հիմքում միջնադարյան-ազգայնացված պլաստիկական լեզուն է` սինթեզված ֆրանսիական վաղ մոդեռնիստական տարրերի հետ, ինչը սոցռեալիզմի դոկտրինի գեղարվեստական այլընտրանքն էր:

Սա, անպատճառ, բերում է ազգային-ավանդականի ջատագովությանը մի կողմից, մաքուր արվեստի եւ ֆորմալիզմի սկզբունքներին` մյուս կողմից: Սակայն, վաղ մոդեռնիստական արտահայտչալեզուն ժամանակավրեպ էր արդեն 60-ականներին, երբ համաշխարհային կերպարվեստում հաղթահարվում էր մոդեռնիզմը եւ արմատապես վերանայվում արվեստը:

Ուստի, գլոբալ տեքստում հայկական ազգային մոդռնիզմի բացարձակ առաջադիմության գաղափարը բացահայտում է իր սնանկությունը, սակայն հայ կերպարվեստի լոկալ պատմության մեջ սա, իրոք, բարձր վերելքի շրջան էր:

Ստալինյան բռնատիրության համատեքստում «ազգային մոդեռնիզմը» դեռ կարող էր ընկալվել իբրեւ գեղարվեստականորեն արտահայտված քաղաքական դիմադրության ժեստ:

Սակայն խրուշչովյան եւ հետխրուշչովյան փուլում ազգային մշակույթների խրախուսումը հակաստալինիզմն իբրեւ սեփական փիառի թիրախ ընդունած նոր առաջնորդի կարգախոսներից մեկն էր (թող որ` որպես ազգային փոքրամասնություններին ուղղված «փաղաքշական ժեստ»):

Այլ բան էր անմիջականորեն իբրեւ խրուշչովիզմի, հետագայում էլ` բրեժնեւիզմի հանդեպ դրսեւորված դիմադրության ձեւ ռուսական սոցարտը` մաքուր քաղաքական արվեստ, որի որեւիցե դրսեւորում հայաստանյան իրականության մեջ չառաջացավ:

Ուստի, նոր արդիապաշտները գալիս են վիճարկելու քաղաքական առաջադիմություն լինելու վաթսունականների ներկայացուցիչների այս հավակնությունները` պատճառաբանելով այդ դիմադրության բացառապես գեղարվեստական-գեղագիտական ուղղվածությունը:

Վաթսունականցիներին բնորոշ մեկ այլ կեցվածք առհասարակ բացառում է դիմադրության գործոնը եւ հաստատում հետխրուշչովյան շրջանում ստեղծագործական բավարար ազատության փաստը:

Թե ո՞րն է այս տարօրինակ թվացող ֆենոմենի պատճառը, փորձեցինք պարզել Քնարիկ Հովհաննիսյանի հետ մեր զրույցի ընթացքում: Օրերս Նկարիչների միությունում բացված նրա անհատական ցուցահանդեսում ներկայացված են հիմնականում վերջին քսան տարիների գեղանկարները:

Բնանկարներ, ծաղիկներ, սակավ դիմանկարներ… Անսահման լիրիկականություն, կոլորիզմի կատարյալ որակ, պաստելային փափուկ կիսաեր, գունային միջավայր կառուցելու անգերազանցելի ունակություն:

Ամուր գեղանկարչություն եւ անսպառ քնքշանք. այսպիսին է Քնարիկ Հովհաննիսյանը` 60-ականների զարթոնքի մոհիկանը:

Իմպրեսիոնիստական եւ հետիմպրեսիոնիստական գեղանկարչության ազատ մեկնաբանությունները, «չեզոք» ժանրերի` բնանկարի, նատյուրմորտի, դիմանկարի գերապատվությունը եւ կերպարվեստի ազատականացման այլ սկզբունքներ գալիս էին հաղթահարելու ե՛ւ ստալինյան սոցռեալիզմի «բարձր թեմատիզմը», ե՛ւ խրուշչովյան «բարեփոխված սոցռեալիզմի» առօրեական պատմողական թեմատիզմը, հաստատելու մաքուր գեղանկարչության ինքնավարությունը:

Այսօրինակ «թավշյա դիմադրության» վառ ներկայացուցիչ է Քնարիկ Հովհաննիսյանը` իր պատկառելի տարիքում նույնքան նրբագեղ եւ իր կուռ գեղանկարչության սկզբունքներին միշտ անդավաճան

Զրույց Քնարիկ Հովհաննիսյանի հետ

Խորհրդային տարիներին ստեղծագործական ազատության կաշկանդման վերաբերյալ խոսակցությունները մինչ օրս չեն դադարում: Ինչպիսի՞ն են Ձեր զգացողությունները, Դուք ազատության պակաս զգացե՞լ եք:

60-ական թվականներին մենք ազատ էինք, նկարում էինք` ինչ ուզում էինք եւ ինչպես ուզում էինք:

Իսկ ո՞րն էր այդ ազատության գաղտնիքը:

Մեզ փրկեց պլեներիզը, որը թույլ էր տալիս խուսափել սոցռեալիստական թեմատիզմից:

Դուք համարվում եք հայ գեղանկարչության լավագույն կոլորիստներից մեկը: Ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը:

Նախ ասեմ, որ ես սովորել եմ խորեոգրաֆիկ ուսումնարանում, որից հետո ընդունվել եմ ճարտարապետական բաժին, սակայն թողեցի ճարտարապետությունը, քանի որ չէի սիրում ուղիղ գիծ գծել: Ինձ ավելի էր ձգում գեղանկարչությունը, ազատ վրձնահարվածի տարերքը: Այդպես ես մեկնեցի Լենինգրադ եւ ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, որտեղ իմ ուսուցիչն է եղել Բորիս Իոգանսոնը:

Նույն այն Իոգանսոնը, ով դասավանդել է Մինաս Ավետիսյանի՞ն:

Այո: Հենց Իոգանսոնի շնորհիվ եմ ես ձեռք բերել գունային միջավայր կառուցելու հմտությունը:

Ձեր եւ Մինասի գեղանկարչությունը, կոլորիստական սկզբունքները տարբեր են:

Այո, Մինասը հենց գունային միջավայր կառուցելը չվերցրեց Իոգանսոնից, նա գնաց ուրիշ ճանապարհով: Շատ էր սիրում կարմիրը: Ասում էի` այ Մինաս, էդքան կարմիր ինչո՞ւ ես օգտագործում, ասում էր` ախր շատ եմ սիրում:

Դուք ասում եք, որ հետամուտ էիք պլեներիզմին, սակայն Ձեր գործերից շատերում հեղինակային ազատ երեւակայության, ասոցիատիվ ընդհանրացումների չափը մեծ է:

Ինչ էլ որ ես նկարել եմ, միշտ հեռացել եմ նատուրայից եւ ավելացրել եմ իմ անհատական զգացողությունը: Օրինակ` 1990-ականների ճգնաժամի տարիներին ես ինչպե՞ս կարող էի նկարել միայն երեւակայությամբ: Ի դեպ, աքաղաղի պատկերով կտավը տեսա՞ք, ես այդ այլաբանական կերպարը նկարեցի որպես բողոք երկրում կատարվող իրողությունների դեմ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter