HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հրանտ Մաթևոսյանի հրապարակախոսությունը

1984 թվականին ԵՊՀ-ում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ Հ.Մաթեոսյանը, անդրադառալով որոշ գրողների` իրենց գրականությամբ մարդուն, աշխարհը փոխելու, կյանքի ընթացքը շուռ տալու ցանկությանը, ավելացնում է. «Իմ ցանկությունները էդքան ագրեսիվ չէին…»: Ապա պատմում է երիտասարդ տարիներին պատահած մի դեպք: Իրենց գյուղում կոլխոզը դարձրել էին սովխոզ, իսկ դա նշանակում էր, որ ավելի էր պակասել գյուղացուն թույլատրված սեփական ունեցվածքի չափը, որ նա իրավունք ուներ պահել ավելի սահմանափակ թվով անասուն:

Նրա հայրը ստիպված վաճառել էր իրենց ձին, և վշտացած հորը սփոփելու համար նա ասում է. «Ես կգրեմ, և թույլ կտան դարձյալ ձի պահել»: Նկարագրում է հոր արձագանքը. «Էսպես, կասկածով նայեց, թե` էդ դու էդ ո՞վ ես, որ կանոնադրությունը փոխես, կոլխոզի օրինակելի կանոնադրությունը փոխես և ինձ ձի տաս…»: Ապա ամփոփում է. «Իսկապես, ամենաագրեսիվ ցանկությունս, ամենասիրված ցանկությունս, ինչքան որ գրել եմ, էդ է եղել` որ հորս ձին վերադարձնեն: Դա դարձավ, իմ կարծիքով սովորական, մի ակնարկի հենք ու հիմք, և ինձանից ավելի վախկոտները ակնարկը նշանավոր դարձրին… Դա եղավ նշանավոր «Ահնիձոր» ակնարկը»:

Իհարկե, «Ահնիձոր»ը ակնարկ է, որն ունի ակնհայտ հրապարակախոսական շեշտադրություններ, բայց կարո՞ղ ենք այն համարել հրապարակախոսություն: Մի կողմից` ձին վերադարձնելը իսկապես խիստ համեստ նպատակ է աշխարհը փոխելու ուրիշ գրողների ցանկության համեմատությամբ, բայց մյուս կողմից` այն նաև անհամեմատելի է խորհրդային հրապարակախոսության մասշտաբային խնդիրների հետ, թեև չպետք է մոռանալ նաև այն, որ ԽՄ-ի փլուզումից հետո մի հարցազրույցում, ափսոսալով կայսրության կործանման համար, Մաթևոսյանը նկատում է, որ իրենց նպատակն էր «կայսրության սրբագրումը»: Հոր ձին վերադարձնելը և կայսրությունը սրբագրելը, համաձայնեք, որ միմյանցից միանգամայն տարբեր, իրարից շատ հեռու գտնվող հավակնություններ են:

Քանի որ խոսելու եմ Մաթևոսյանի խորհրդային և ետխորհրդային շրջանների աշխատանքի մասին, ապա անխուսափելի է թվում մի պարզաբանում: Բազմաթիվ ուրիշ հասկացությունների ու տերմինների նման` հրապարակախոսության կամ հրապարակագրության մեզ ծանոթ իմաստը ևս ժառանգվել է խորհրդային ժամանակից, և կարծում եմ` կարիք ունի վերաքննության, վերանայման, քանի որ համոզված եմ, որ նախկին իմաստները արդեն խամրել կամ ջնջվել են, ինչպես նաև անհասկանալի են ներկա սոցիալական իրականության մեջ, իսկ նորերը կամ չկան, կամ կարիք ունեն նկարագրության կամ սահմանման:

Ռուսերեն պուբլիցիստիկա բառը հիմնված է Public բառի վրա, որը նշանակում է հանրային: Հայերեն տերմինը` հրապարակախոսություն կամ հրապարակագրություն, կառուցված է հրապարակ բառից և խորհրդահայ բառարաններում բացատրվում է որպես գրականություն, գրություն հասարակական-քաղաքական թեմաներով: Բացի դրանից` հրապարակ բառը ենթադրում է խոսելու կամ գրելու տարածություն, բայց այնպես խոսելու, որ լսելի լինի շատերին, որ լինեն արձագանքողներ, և թերևս այդ խոսքը դառնա քննարկման, բանավեճի առարկա, գուցե վերաճի համատեղ հրապարակային խորհրդածության և, որ նույնպես կարևոր է, ունենա այս կամ այն տեսակի գործնական հետևանքներ:

Ես չեմ փորձում քննարկել արևմուտքում ընդունված «հանրային ոլորտ» հասկացությունը (որ այս դեպքում միանգամայն տեղին կլիներ, բայց զեկուցման շրջանակը թույլ չի տալիս այդ բանն անել), ուստի պարզապես ցանկանում եմ մի քիչ էլ առաջ տանել իմ դիտարկումը: Հրապարակախոսությունը, ըստ ամենայնի, ենթադրում էր որոշակի ակտիվ քաղաքացիական կեցվածք, որը, իր հերթին, ենթադրում էր որոշակի հանձնառություն: Եվ այստեղ մենք մոտենում ենք կարևոր մի սահմանագծի` հրապարակախոսություն անունը կրող պրակտիկայի երկիմաստություններին և ծուղակներին:

Չենք մոռանում խորհրդային գրաքննության մասին` գրականության բովանդակության նկատմամբ, 1960-ականներին թեև մեղմված, բայց բնավ չանհետացած գաղափարաբանական, կուսակցական պարտադրանքի մասին: Հանգամանքներ, որ վճռականորեն սահմանում էին ոչ միայն գրականության, այլև թերևս էլ ավելի մեծ չափով` հրապարակախոսության անելիքները. ինչ ասել, ինչպես ասել և այլն…

Ոչ բացահայտ սոցիալիստական ջատագովությունը, ոչ էլ բացահայտ այլախոհությունը չէին կարող կոչվել հրապարակախոսություն: Կոպիտ ասած` հրապարակախոսը նա էր, ով ենթադրաբար ընդունում էր կուսակցական գաղափարախոսությունը, ով մեծ հավանականությամբ կոմունիստական կուսակցության անդամ էր: Հանգամանք, որ թույլ էր տալիս վայելել իշխանությունների վստահությունը և անհրաժեշտ հավաստիություն էր հաղորդում նրա խոսքին, նրա քննադատությանը կամ վերապահումներին, որոնք, ըստ էության, արվում էին դարձյալ ի շահ սոցիալիստական կարգի, եթե նույնիսկ խորքում հետապնդում էին, ասենք, ազգային նպատակներ. ի վերջո, սոցիալական շատ խնդիրներ կարող էին ընկալվել որպես ազգային:

Այսինքն` հրապարակախոսությունը ավելի բացահայտ ձևով, քան գրականությունը, դիրքավորվում էր գաղափարաբանությունը և սոցիալիստական իրականությունը ընդունելու և քննադատելու միջև տարածվող վտանգավոր գոտում: Վտանգավոր` առաջին հերթին այն իմաստով, որ այստեղ գտնվողն ավելի մեծ չափով էր ենթակա այդ նույն գաղափարաբանության հետ մեղսակցությանը, քանի որ, օրինակ, հաճախ զուգակցվում էր հրապարակախոսի անձնական հաջող կարիերայի հետ: Իսկ մյուս կողմից` հրապարակախոսը ռիսկի էր դիմում` կորցնելու իշխանության բարեհաճությունը:

Այսպիսով, հակառակ նրա, որ «Ահնիձոր» ակնարկն ուներ ակնհայտ հրապարակախոսական պաթոս, և Մաթևոսյանի հետագա ինքնաբնութագրումները և պարզաբանումները` Ծմակուտի «ակնարկագիր» կամ «լուսանկարիչ» կամ, մյուս կողմից, կայսրություն սրբագրելու հավակնոտ մտադրությունը նույնպես տալիս են որոշակի հիմք` քննարկելու հրապարակախոսության թեման` Մաթևոսյանի ընտրած ձևը չի տեղավորվում հրապարակագրության այս շրջանակում: Ավելին, գուցե նույնիսկ այն խնդրականացնում, հարցականի տակ է առնում այդպես հասկացված հրապարակագրությունը:

Մաթևոսյանը կուսակցության անդամ չի եղել. նրա տեքստերի տպագրությունը տարիներ շարունակ բախվել է դժվարությունների, բայցևայնպես, նրա գրություններում հաճախ կարելի է գտնել հրատապ սոցիալական խնդիրների հստակ արձագանքները, դրանց քննադատական մեկնաբանությունը: Սոցիալական հրատապություն ունեցող թեմաներ էին արդյունաբերացման և ուրբանացման ընթացքին զուգահեռ քայքայվող գյուղը, անհետացող գյուղացիությունը, սրա սոցիալական, մշակութային և բարոյական անդարմանելի հետևանքները:

Ասենք, խորապես բանաստեղծական և առերևույթ միայն գյուղական թեմա շոշափող «Գոմեշը» պատմվածքը արձանագրում է ժամանակի տագնապահարույց իրողություններ, ձևակերպում ոչ միայն խորհրդային կայսրության համար հրատապ, այլև համամոլորակային մասշտաբ ունեցող խնդիրներ: Ուրիշ բան, որ Մաթևոսյանի գրություններում այն, ինչ կարող ենք անվանել հրապարակախոսություն, ներկայացվում և օրինականացվում կամ ընդունելի է դարձվում ոչ թե իշխանության ուղղությամբ արվող ռեվերանսներով, այլ գրության բազմաշերտ հյուսվածքի մեջ ներգրավվելով, ոչ թե այն բանի հաշվին, ինչ անվանեցի «գաղափարաբանության հետ հավանական մեղսակցություն», այլ տեքստի բարդության, հարցադրումների մասշտաբի և խորության:

Մյուս պարզաբանող հանգամանքը, որ օգնում է պատասխանել` «ինչպե՞ս քննադատել, ինչպե՞ս արձագանքել հրատապ խնդիրներին` խույս տալով հրապարակախոսության ասպարեզի ծուղակներից և անցանկալի պարտադրանքներից» հարցին, Մաթևոսյանի գրականության մեկնակետի և գրողի ինքնանույնացման սոցիալական և աշխարհագրական որոշակիությունն է: Ինչպես թելադրում է խորհրդային մտավորականի կերպարի մասին պատկերացումը, հրապարակախոսը ստանձնում է հասարակության անունից խոսողի, շատերի կամ բոլորի կարծիքը, շահերը ներկայացնողի դերը:

Եվ այս միասնականության, համահասարակական հավակնությունների մեջ է, որ ճնշվում, դուրս է մղվում բոլոր լուսանցքային խավերի և խմբերի ձայնը: Մի բան, որ ընդունելի չէր Մաթևոսյանի համար: Հոր ձին վերադարձնելու, Ծմակուտի լուսանկարիչը լինելու, մունջ մշակի խոսքը ասելու գրողի հետևողականորեն կրկնվող ցանկության մեջ ամփոփված է խորին սոցիալական հանձնառություն: Հակառակ հավակնությունների մասշտաբին` «սրբագրել կայսրությունը», նա իրեն նույնացնում էր ոչ թե կայսրության կամ նույնիսկ Խորհրդային Հայաստանի, այլ առաջին հերթին անհետացող գյուղական համայնքի և արժեզրկված-անտեսված գյուղացու հետ:

Ետխորհրդային շրջանում, գրեթե չտպագրելով գրական ստեղծագործություններ, Մաթևոսյանը հրապարակում է բազմաթիվ հոդվածներ, տալիս անհաշիվ հարցազրույցներ: Տպավորություն ունեմ, թե Հայաստանում երբևէ ոչ ոք այդքան հարցազրույց չի տվել, որքան Մաթևոսյանը: Այսինքն` թվում է, թե ետխորհրդային շրջանում գործ ունենք գրեթե բացառապես հրապարակային խոսքի հետ:

Այս ծավալուն նյութի հետաքրքրական կողմերից մեկը կայսրության քննադատությունն է դրա կործանումից հետո: Այսպիսի քննադատությունը կենսական նշանակություն ուներ և այսօր էլ ունի, եթե իհարկե արվում է պատշաճ մակարդակով, որ խիստ հազվադեպ էր պատահում: Ինչո՞ւ է կարևոր: Քանի որ կայսրությունը դեռ չի անհետացել, այլ անթիվ ձևերով շարունակվում է և որոշադրում ներկա իրադրության ինչ-ինչ կողմեր:

Հետաքրքրական է և այն, որ իր հարցազրույցներում Մաթևոսյանը հաճախ ի հայտ է բերում իր խորհրդային շրջանի գրությունների հակախորհրդային քննադատության շերտերը, մի տեսակ հրապարակախոսական մակարդակ տեղափոխում այն քննադատությունը, որ ոչ բացահայտ, նուրբ ձևերով արդեն արված էր իր գրական տեքստերում:

Ահա, այդ հարցազրույցներից մեկում նա նկատում է. «Լավ, եթե նույնիսկ հարցերի պատասխանը գտնեմ, ես կարողանալո՞ւ եմ ասել` ահա, այդ հարցերի պատասխանը կա, հնարավո՞ր է ասել… պատմության հարցերը արծարծեմ, որ ի՞նչ: Եվ դժվար ես մտա այս նոր ժամանակի մեջ: Դժվար հասկացա, որ իսկապես ոչ ոք ինձ իմ հարցերի պատասխանը չի տալու…»:

Հրապարակախոսությունը ենթադրում է հասցեատեր` ոչ անպայման հզոր կայսրության, կուսակցության կամ տիրապետող գաղափարաբանության տեսքով, բայց ունկնդիր, ընդդիմախոս: Իսկ եթե լսող և արձագանքող չկա, եթե չի ակնկալվում բանավեճ, եթե չեն արվում եզրակացություններ, որոնք կարող են ունենալ գործնական հետևանքներ, ապա չի կարող լինել երկիրը սրբագրելու հավակնություն, չի կարող լինել հրապարակախոսություն բառի բուն իմաստով, այլ միայն հրապարակային մտորումներ ու կոչեր, հորդորելու, քաջալերելու, գոտեպնդելու փորձեր:

Հենց այդ պատճառով էլ` հաճախ խիստ հետաքրքրական այս մտորումները, վերլուծություններն ու պարզաբանումները անհնար է անվանել հրապարակախոսություն` ոչ թե խոսքի, այլ հրապարակի բացակայության պատճառով: Հրապարակ, որ այսօր էլ բացակայում է:

Հակառակ իմ զեկուցման վերնագրի` «Հ. Մաթևոսյանի հրապարակախոսությունը», ստիպված եմ եզրակացնել, որ, իմ կարծիքով, Մաթևոսյանը բառիս ընդունված իմաստով հրապարակախոս չի եղել ոչ խորհրդային, ոչ ետխորհրդային շրջանում, թեև նրա գրությունները, նրա խոսքը երբեք զերծ չեն եղել հրապարակախոսական ընդգծված չափումից:

ԵՊՀ-ում անցկացված «Հայ հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» գիտաժողով, մարտի 16, 2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter