HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆանտան գյուղում համայնքապետ էին ընտրում

Սառա Պետրոսյան
Սեդա Գրիգորյան

Դեկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչները համայնքապետ էին ընտրում: «Ընտրություն» բառը տվյալ դեպքում հարաբերական էր, քանի որ առաջադրված միակ թեկնածուն Ֆանտանի համայնքապետ Նորայր Կարապետյանն էր:

Ֆանտանցիները ջրի տարաներով բեռնված սայլակները, որ քարշ էին տալիս գյուղամիջի աղբյուրից, կանգնեցնում էին դպրոցի առջեւ, ուր տեղակայված էր ընտրատեղամասը, ու մտնում քվեարկության: 

«Համայնքապետն ի՞նչ է արել գյուղի համար, որ ուզում եք վերընտրվի»,- հարցնում ենք նրանց:

«Գյուղ մտնող ճանապարհն է ասֆալտապատել, դաշտամիջյան ճանապարհն է հարթեցրել, 600 հատ դեկորատիվ ծառ է տնկել գյուղի մուտքի մոտ եւ ամեն շաբաթ իր միջոցնեով 35տ ջուր է բերել դրանք ոռոգելու համար»,- ասացին համայնքապետի համակիրները: 

«Շատ ճարպիկ, գործունյա տղա է, 10-րդն է ավարտել, բայց...»,- հավելեց համայնքապետարանի հաշվապահ Պայծառ Հովսեփյանը, որը տվյալ դեպքում ընտրական հանձնաժողովի քարտուղարն էր: Նորայր Կարապետյանի մրցակից չունենալու փաստը նա այսպես բացատրեց. «Ինքը որպես լավ աշխատող գյուղում մրցակից չի ունեցել, դրա համար էլ ուրիշները չեն առաջադրվել»: Տպավորությունն այնպիսին էր, թե այլընտրանք չկար: Երկրորդ թեկնածուի առկայությունը կամ դեմ քվեարկելը նույնիսկ մեղք էր թվում մեզ հանդիպած բնակիչների համար: Սակայն նրանց գովեստներին ամեն րոպե հակադրվում էին ջրի տարաներով բեռնված սայլերը: 

Ընտրական հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մկրտչյանը հայտնեց, որ Ֆանտանը 715 ընտրող ունի, բայց իրենք նախապես հաշվարկել են, որ «գյուղում փաստացի 550 ընտրող հազիվ լինի»: Սակայն, քվեարկության ավարտին հանձնաժողովն անսպասելի ցուցանիշներ է արձանագրել` 575 մասնակից, որից 3-ն են դեմ քվեարկել գործող համայնքապետին, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 566-ը, այսինքն` Ֆանտանում հանձնաժողովի հաշվարկած փաստացի բնակվողներից ավելին, գյուղի ճակատագիրը դարձյալ վստահել է գործող համայնքապետին:

Համայնքապետի թեկնածուն, թեեւ մրցակից չուներ, այնուամենայնիվ, ամեն ինչ արել էր ձայների հնարավոր մեծ քանակ ապահովելու համար: Օրը կիրակի էր, սակայն Չարենցավանի անձնագրային բաժինն այդ օրն աշխատում էր, եւ ֆանտանցիներից ոմանք, որ ամիսներ շարունակ իրենց անձնագրերը «մոռացել» էին այնտեղ, այդ օրը, անտեսելով առատ ձյան հետեւանքով առաջացած երթեւեկության դժվարությունները, գնացել էին անձնագրերը ստանալու: Չարենցավան-Ֆանտան երթուղու միկրոավտոբուսի ուղեւորներից մի քանիսը, որոնց հետ զրույցի բռնվեցինք օրվա թեմայի շուրջ, իրենց պատրաստակամությանը մի բացատրություն էին տալիս` «գյուղապետը լավ տղա է»: 

Ավելի իրազեկները թեկնածու-համայնքապետի դրական հատկանիշները թվարկելիս նշում էին, որ նա այս տարի անվճար սոլյարկա է բաժանել համագյուղացիներին եւ առհասարակ «աշխատասեր է` միլիցիայից հանելուց մինչեւ չգիտեմ ինչ հարցեր ինքն է անում»: Երբ սայլերով ջուր տեղափոխող մարդկանց հիշեցնում էինք անլուծելի մնացած իրենց ամենակենսական հարցի` գյուղի ջրազուրկ լինելու մասին, ոմանք կատակով ասում էին, թե դա վաղուցվա խնդիր է, այդ պատճառով էլ գյուղը նոր անունով են կնքել` «Սուխոյ Ֆանտան»: Մյուսներն էլ փորձում էին բացատրել, որ համայնքապետն այդ հարցում ոչ մի մեղք չունի, եւ դա անում էին շատ ավելի լավ, քան նույնիսկ ինքը` համայնքապետի թեկնածու Նորայր Կարապետյանը: 

Թեկնածու-համայնքապետը նախընտրական ժողովներ ու հանդիպումներ չէր կազմակերպել, նախընտրական ծրագիր չուներ եւ նույնիսկ իր ղեկավարած նախորդ երեք տարիների հաշվետվությունը չէր ներկայացրել ֆանտանցիներին, հետեւաբար, կարելի էր հասկանալ գյուղի բնակչությանը, որ նրանք չգիտեն, թե մինչեւ ե՞րբ են սայլերին լծված` ջուր կրելու: Փոխարենը «լավ տղու» համբավ ունեցող թեկնածուն այդ օրն իր տանը խնջույքի սեղան էր բացել, որին մասնակից շքեղ մեքենաներով ժամանած «դրսի» հյուրերին միանում էին նաեւ քվեարկողները: Չնայած, թեկնածուի ասելով, իսկական խնջույքը պետք է սկսվեր երեկոյան` քվեարկությունն ավարտելուց հետո:

«Գյուղապետը գյուղի տղա է, բոլորը ճանաչում են»,- նախընտրական ծրագրի բացակայությունն այսպես հիմնավորեց Ֆանտան գյուղի ընտրական հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մկրտչյանը: Համայնքապետարանի հաշվապահ Պայծառ Հովսեփյանը, որը, իր ասելով, մեկ տարի հաշվապահ էր աշխատել նաեւ «նախորդ` ինստիտուտավարտ համայնքապետի հետ», Ն. Կարապետյանի գործունյա լինելը հիմնավորեց նրանով, որ նախորդից նա 3 մլն բյուջետային պարտք էր ժառանգել, որն արդեն մարել է: Մնացել է միայն նախորդ համայնքապետի 500 հազար դրամ աշխատավարձը վճարի, բայց, քանի որ նա պաշտոնանկ լինելուց հետո մեկնել է արտագնա աշխատանքի, չի վճարել: Հարկերը նախկինի համեմատությամբ 3 անգամ ավել են հավաքում: Նորայր Կարապետյանը մեզ վստահեցրեց, որ այս տարի հավաքագրումը կհասցնեն 50%-ի: 

«Ի՞նչ նախընտրական ծրագիր ներկայացնենք գյուղացիներին, գիտենք` ինչ հոգսեր ունեն, ինչ թերություններ կան»,- ասաց համայնքի ղեկավարի միակ թեկնածուն` նշելով, որ գյուղի ամենամեծ խնդիրն այն է, որ մշակույթի տուն չունեն: Հետո ավելացրեց, որ կառուցելու ծրագիր կա: Թեեւ գործող գյուղապետը չգիտեր, թե Ֆանտանում ինչ ծրագրերով են կառուցելու մշակույթի տունն ու մանկապարտեզը, բայց հաստատ հիշում էր, որ գյուղ այցելած եւ ավերված մշակույթի տունը լուսանկարած անձինք «նեմեցներ» են: «Դաժե լրիվ Հայաստանով հեռուստացույցով խոսք են տվել, որ սարքելու են», - ասաց Ն. Կարապետյանը:

Ֆանտանը շատ վաղուց մանկապարտեզ չունի, իսկ մշակույթի տան կիսավեր շենքը հիմնովին քանդվել է 1988-ին: Մշակույթի տան փլուզումից հետո գյուղը գրադարանի գրքերն է միայն ժառանգել: Բայց ողջ Ֆանտանում գրադարանի համար տարածք չի գտնվել, եւ գրքերն ապաստանել են գրադարանավարուհու ավտոտնակում: «20.000 դրամ աշխատավարձ ենք տալիս գրադարանավարուհուն, շատ լավ սպասարկում է, դպրոցի գրադարանից էլ լավ»,- ասաց համայնքապետարանի հաշվապահը` Պայծառ Հովսեփյանը:

Բոլոր ժամանակներում էլ Ֆանտանի ամենամեծ հոգսը ջուրն է եղել: Խորհրդային տարիներին Սոլակ գյուղից ջուրը պոմպով են մղել, 1991 թ. սոլակցիները դադարեցրել են ջրամատակարարումը: Վերջին շրջանում Երեւանում գործող կանանց կազմակերպություններից մեկը (Ֆանտանում անունը չէին հիշում) անվճար ջրաչափեր է տրամադրել ֆանտանցիներին, 3 տարի առաջ ջրագծի ներքին ցանցավորում են կատարել գյուղում, բայց ջուրն այդպես էլ չի հոսել ծորակներից: Համայնքապետարանի հաշվապահի ասելով` համայնքապետն աջակցություն է խնդրել տարբեր կազմակերպություններից, եւ նրանք գումարներ են հավաքել ջրամղիչ պոմպ գնելու համար:

Ն. Կարապետյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ ժամանակամիջոցում գյուղը ջուր կունենա: Նրա ասելով` առաջ գյուղում ամբողջ օրը ջուր կար, ամեն փողոց իր ջրի ծորակն ուներ, որտեղից մարդիկ ջուր էին վերցնում, եւ պոմպը 10 օր առաջ է փչացել: «Մեր վրա չի, բայց պատվիրել ենք, պիտի գա: Բյուջե չունենք աշխատանքներ կատարելու համար, խնդիրները «ընկերներով» են լուծվում: Բյուջեով թեթեւ բաներ ենք անում ու աշխատավարձ տալիս»,- համայնքապետարանի ֆինանսական հնարավորությունների մասին այսպիսի բացատրություն է տալիս համայնքապետը: 

«Իսկ ընդհարապես ի՞նչ հարց են կարողանում լուծել սեփական բյուջեի հաշին» մեր հարցին ի պատասխան` նա հայտնեց. «Համայնքային բյուջեո՞վ, բյուջե չունենք, որ մի բան անենք: Մարդիկ փող չունեն, որ հարկերը մուծեն, մենք էլ մի բան անենք, համայնքապետարանի 9 հոգանոց աշխատակազմին աշխատավարձ հազիվ ենք տալիս: Հարկերն այս տարի մի քիչ լավ է, 50 տոկոս կհավաքենք»:

Իսկ թե ինչու՞ բյուջե չունեն, Ֆանտանի համայնքապետարանի հաշվապահ Պայծառ Հովսեփյանն ասաց. «Գյուղը 91թ.-ից ոռոգման ջուր չունի, գյուղացիները չեն կարողանում հողը մշակել, այդ պատճառով էլ հարկերը լրիվ չեն հավաքվում: Հողեր շատ ունենք, բայց չի պարարտացվում, պարարտանյութ չեն կարողանում ձեռք բերել»: Այնուամենայնիվ, հաշվապահի ասելով` ինչ-որ բան արել են` մեկ տարի առաջ «ՆՕՎԱ» կազմակերպությունը հանձն է առել գյուղի բուժկետի վերանորոգումը, որի համար գյուղի բյուջեից հատկացրել են 400 հազար դրամ: Գյուղի պահուստային ֆոնդի հողերի օտարումից ստացված գումարից (մոտ 20 մլն դրամ գումար է կազմել) ծառայողական «Գազ 31» մակնիշի մեքենա են գնել, մեկ ավտոբուս եւ մեկ աղբահավաք մեքենա:

Ֆանտանում ցորեն, հաճար ու գարի են ցանում, սակայն, նրանց ասելով, իրենց ապրուստի հիմնական միջոցը մեկ-երկու կովից ստացած կաթն է: Ֆանտանցիներից մեկը փորձել է ֆերմերային տնտեսություն հիմնել եւ 3 տարվա ընթացքում կովերի թիվը հասցրել է 60-70-ի, բայց չի կարողացել կաթն իրացնել: Ձախողակ բիզնեսմենից հետո այլեւս ոչ ոք ռիսկի չի դիմել: Գյուղում դրամ վաստակելու ելք չտեսնելով` Ֆանտանից ամեն առավոտ 100 տղամարդ գնում է Երեւան` շինարարության վրա աշխատելու: 

«Փոքր բիզնեսին չեն աջակցում, ես այս փոքր խանութով ավելի շատ հարկ եմ տալիս, քան Չարենցավանի ամենամեծ խանութը, որովհետեւ իմ «մեջքը թույլ է»,- գյուղերում ձեռնարկատիրական գործունեության բացակայության մասին իր պատկերացումները բացատրեց գյուղի խանութներից մեկի սեփականատերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter