HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անցյալ տարի Սյունիքում 1000 նորածնից 10-ը մահացել է մինչեւ 1 տարեկան դառնալը (վիդեո)

Վահե Սարուխանյան
Գրիշա Բալասանյան 

Հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ մարզերից առաջատարը Սյունիքն է, որտեղ հանքերը կենտրոնացած են հիմնականում մարզի հարավային` Կապան-Քաջարան-Մեղրի հատվածում: Բնապահպանական ու առողջապահական տեսանկյունից խոցելի են հատկապես Ողջի գետի կիրճով անցնող Կապան-Քաջարան ճանապարհին հարող տարածքներն ու բնակավայրերը:

Մարզկենտրոնի հարեւանությամբ է գտնվում Շահումյանի բազմամետաղային հանքը, որը հատկապես այժմ իսկական գլխացավանք է դարձել կապանցիների համար, Քաջարանում տասնամյակներ շարունակ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը շուտով ընդլայնելու է իր հանքերը մարզի մի շարք գյուղերի հաշվին, երեք տարի առաջ էլ Ողջիի կիրճում գտնվող Լեռնաձոր համայնքի մի քանի գյուղերի վրա կախվեց ուրանի հանքի շահագործման վտանգը: Ոչ ոք տեղացիներից ավելի լավ չգիտի, թե ինչ վիճակ է տվյալ գյուղում կամ քաղաքում:

64-ամյա լեռնաձորցի մանկավարժ Ռիտա Ստեփանյանը պատմում է, որ նախկինի համեմատ այսօր հիվանդությունները «երիտասարդացել» են: Գյուղում կան թե սիրտ-անոթային, թե ուռուցքային, թե շնչառական խնդիրներ ունեցողներ: Վերջիններից մեկն էլ հենց տիկին Ռիտան է: Ասում է, որ եղանակների տաքանալուն զուգահեռ սկսել է խռպոտություն զգալ, գիշերները դժվարանում է շնչել: Ըստ նրա` օդում իրենք երբեմն աղտոտվածություն են զգում, եւ գյուղում գրեթե չկա մեկը, որ չհազա: Տիկին Ռիտայի աղջիկը` Լիլիթը, նշում է, որ երեխաների մոտ հիմնականում աղիքային պրոբլեմներ են լինում, եւ քանի որ իրենց բուժկետը չի գործում, փոքրիկներին պատվաստումների ու առաջացած խնդիրների դեպքում տանում են Քաջարան, որը Լեռնաձորից 3-4 կմ է հեռու:

9 գյուղից բաղկացած Լեռնաձոր համայնքը տարբեր տեղերից է խմելու ջուր ստանում:

«Խմելու ջրի կեսը գալիս ա Քաջարանի խմելու ջրից, կեսն էլ, ըստեղ աղբյուր կա, դրանից ա գալիս,- պատմում է 80-ամյա լեռնաձորցի Ռաֆիկ Ավետիսյանը,- խմելու ջրի վրա մեծ բասեին են սարքել, հանքում պայթեցումը սիլիտրայի-բանի միջոցով են կատարում, հետո դա գնում նստում ա բասեինի վրա: Էդ ջուրն էլ ժողովուրդը խմում ա»: Վերջինս պատմում է, որ Քաջարանի կողմից եկած քամիներից ու անձրեւաբեր ամպերից հետո «ռեշոտկաների» վրա մի քանի միլիմետր դեղին հանքանյութ է նստում:

Ռաֆիկ պապի որդին` Վահրամն էլ փաստում է, որ ուռուցքային հիվանդությունները միջինից շատ են համայնքում: «Ճառագայթման ֆոնը պետք է նայել,- ասում է նա,- չեմ կարծում, որ Երեւանի 16-17 միլիռենտգենից շատ կլինի էս ֆոնը, բայց որ ինչ-որ սպեցիֆիկ հիվանդություններ կան... Մեր ջրերը որ ստուգում են, բոլորի մեջ թույլատրելիի սահմանը գերազանցում ա ծանր մետաղների պարունակությունը: Նույն թվում` Փխրուտի գետում, որով ջրում ենք մեր այգի»:

Ռ. Ստեփանյանն ասում է, որ գյուղում կան արդեն 2-3 տարի ամուսնացած զույգեր, որոնք երեխա չունեն: Եվ ընդհանրապես, երեխաներ Լեռնաձորում քիչ են ծնվում, առավելագույնը` 2-3-ը մեկ ընտանիքում: Այսօր գյուղի հիմնական (մինչեւ 9-րդ դասարան) դպրոցում շուրջ 40 երեխա է սովորում, այնինչ նախկինում այդ թիվն ավելի մեծ էր: Անցած ուստարում էլ առաջին ու հինգերորդ դասարաններ չեն հավաքվել: Տիկին Ռիտան չի հիշում խորհրդային տարիներին գրանցված աննորմալ ծնունդների կամ վիժումների մասին, սակայն երբ մի քանի տարի առաջ Քաջարանում գործարկվեց Զանգեզուրի կոմբինատի պղնձաձուլարանը, քաղաքում նման հաճախակի դեպքեր գրանցվեցին, ինչի մասին Լեռնաձորում շատ են լսել: «Մեկ-մեկ էլ էդ նեխած ձվահոտը մինչեւ մեր գյուղ էր գալիս»,- արդեն փակված ձուլարանի մասին հիշում է Լիլիթը: 

Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը համակարծիք է, որ հանքերի շահագործումը իր բացասական հետեւանքներն ունի բնակչության առողջության վրա, սակայն շեշտում է, որ արտառոց որեւէ բան իրենք չեն գրանցել. «Էկոլոգիական վիճակի հետ կապված բնակչության առողջության կտրուկ շեղումներ չեն հայտնաբերվել: Հիվանդությունների դինամիկան համաչափ է ընթանում» (Աղյուսակ 1): Իսկ ժամանակին Քաջարանում գրանցված վիժումների մասին ասում է. «Կարող եմ ասել, որ այդպիսի արտառոց բան չկա, թե իբր կտրուկ սկսել են կրկնապատկվել վիժումները կամ աննորմալ ծնունդները»:

Սյունիքի մարզի դեմոգրաֆիկ ցուցանիշների մեջ, այդուհանդերձ, աչքի է զարնում այն, որ 2010-ին նախորդ տարիների համեմատ կտրուկ աճել է 0-1 տարեկան երեխաների մահացությունը (Աղյուսակ 2): Ըստ մարզի ՔԿԱԳ-ի տվյալների` 2010-ին Սյունիքում գրանցվել է 1736 նորածին. ծնելիության ցուցանիշը այդ տարի կազմել է 11,3 պրոմիլե (այսինքն` ծնվածների միջին թիվը 1000 հոգու հաշվով): Այս ցուցանիշը 0,2-ով ցածր է 2008-ի եւ 2009-ի տվյալներից: Իսկ ահա մահացության դեպքերը 2010-ին մարզում եղել են 1243-ը կամ 8,1 պրոմիլե, որը հավասար է 2008-ի թվին եւ 0,3-ով ցածր 2009-ի ցուցանիշից:

2008-ին ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Քաջարանի քաղաքապետարանի պատվերով կատարել էր Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի էկոլոգաերկրաքիմիական գնահատում: Այս մասին «Հետքը» ժամանակին գրել էր: Լեռնաձորից ընտրված 5 երեխաների մազերում հայտնաբերվել էր սնդիկ, կադմիում, մկնդեղ, պղինձ, կապար, նիկել, որոնց մի մասը` նորմայից մի քանի անգամ բարձր չափով: Քաջարանից ընտրված երեխաների շուրջ 43 տոկոսի արյան մեջ էլ հայտնաբերվել էր բավականին բարձր քանակությամբ կապար, ինչը կարող է հանգեցնել նյարդային համակարգի, մտավոր կարողությունների, տեսողության, լսողության, խոսքի, երիկամների, ստամոքսի, նյութափոխանակության խնդիրների, երեխաների 3 տոկոսի մոտ էլ առկա է եղել տոքսիկացիա:

«Ես այդ տվյալները չունեմ,- ասում է մարզպետարանի առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատու Աշոտ Ծատրյանը:- Ճիշտ կլիներ, որ նման հետազոտություններ անելիս մեզ էլ տային տվյալները, որ մենք էլ մեր լիազորությունների շրջանակներում կարողանանք մի բան անել` դիմել համապատասխան առողջապահական մարմիններին»: Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նաիրա Գեւորգյանն էլ ասում է, թե իրենք ժամանակին դիմել են Քաջարանի բժշկական կենտրոն` տվյալները վերցնելու համար, այնտեղից էլ հայտնել են, որ դրանք քաղաքապետ Վարդան Գեւորգյանի մոտ են: Ամեն ինչ այդքանով ավարտվել է:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող հանքերին շատ ավելի մոտ է գտնվում Քաջարան գյուղը, որի տարածքների մի մասը Կառավարությունը նոր հանքի բացման համար տվել է կոմբինատին: Քաջարանցի Գալուստ Զաքարյանի ընտանիքը բաղկացած է 11 հոգուց: Նույն տանն են ապրում նրա 5 զավակներն ու թոռները: Գ. Զաքարյանը երկար տարիներ աշխատել է հանքարդյունաբերության ոլորտում եւ անմիջապես շփվել է թունավոր նյութերի հետ: Նրա ասելով` քաջ գիտակցում է, թե ընդերքից դուրս եկող նյութերն ինչ վնաս կարող են հասցնել մարդու առողջությանը: «Ես հանքում շատ եմ աշխատել, բացասական հետեւանքները շատ չեմ զգում իմ վրա, բայց փոքրերի վրա դա լուրջ հետեւանք է թողնում, ու դա արդեն զգացվում է: Հանքերի տարածքում ապրող մարդկանց մոտ արդեն տարածված են ստամոքսային, սրտային հիվանդությունները, շատացել են բրոնխիտն ու քաղցկեղը: Այս ամբողջը շահագործվող հանքերի հետեւանքն է»,- ասում է Գ. Զաքարյանը:

Ըստ նրա` գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող գործող հանքի պայթեցումների ժամանակ փոշին 50 տոկոսով հասնում է Քաջարան գյուղ, իսկ եթե գյուղի տարածքի հանքը շահագործվի, ապա ամբողջ գյուղը 100 տոկոս փոշի է շնչելու: «Մենք գտնվում ենք հանքերի անվտանգության գոտու սահմանների ներսում: Քաջարան գյուղի հարեւանությամբ շահագործվող հանքավայրը պարունակում է այնպիսի ռադիոակտիվ նյութեր, որ բացասական են անդրադառնում մարդու առողջության վրա, էլ չեմ ասում, որ ամբողջ փոշին նստում է գյուղի վրա»,- եզրափակում է Գալուստ Զաքարյանը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Isk AMENA-SARSAPELIN ayn e, vor aysor Կապան-Քաջարան-Մեղրիում /Սյունիքում CHKA erkarazhamket zargatsman MAKUR PLAN.......................VOCH MI PETAKAN andz/marmin CHI mtsatsum Կապան-2030,Քաջարան-2030, Մեղրի-2030, Սյունիք-2030-i masin. Ayl MIMIAYN Կապան-2011, Քաջարան-2011, Մեղրի-2011, Սյունիք-2011-i masin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter