HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդանոցը չի բավարարում նվազագույն պահանջները

Դեկտեմբերի 6-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, որով մեկնարկեց Ալավերդու առողջապահական հիմնարկների օպտիմալացումը (ըստ դրա` Ալավերդու առողջապահական հիմնարկները միավորվելու են մեկ կառույցի ներքո` «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ):

Մրցույթին մասնակցում էին «Ալավերդու հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մոսինյանը, «Պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սվետլանա Քառյանը եւ Սպիտակի նորվեգական հիվանդանոցի անեստեզիոլոգ Արթուր Դունամալյանը: Ըստ մրցութային հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Զոհրապ Թորոսյանի` հանձնաժողովի կողմից հաղթողներ ճանաչվեցին Արթուր Դունամալյանը, Ստեփան Մոսինյանը եւ Սվետլանա Քառյանը: Երեք օրվա ընթացքում Լոռու մարզպետը հաղթողներից մեկին կնշանակի «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն: 

Ի՞նչ է սպասվում Ալավերդու առողջապահական հիմնարկներին, որոնք հայտնվել են կաթվածահար վիճակում: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն իր պաշտոնավարության առաջին օրերին «Հետք»-ին տված հարցազրույցում հայտնել էր. «Իմ թիվ մեկ խնդիրը Ալավերդու հիվանդանոցն է, մինչեւ 2007 թ. մայիս-հունիս ամիսներին կտեսնենք հիվանդանոցի առողջացումը»: Սակայն անգամ դեկտեմբերին հիվանդանոցը, թեեւ ունեցած որոշ դրական տեղաշարժերին, դեռեւս չի կարողանում բավարարել Ալավերդու եւ Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքների բնակչության առողջության պահպանման նվազագույն պահանջները եւ ունի շուրջ 25,5 մլն դրամ պարտք: 

Թվում էր, թե մարզպետը հիվանդանոցի առողջացման գործում պետք է կարեւորեր հիվանդանոցի տնօրենի պաշտոնին բանիմաց եւ հեղինակություն վայելող կադրի նշանակումը, սակայն նրա կողմից մեկ տարվա ընթացքում երկու տնօրեն է նշանակվել, ինչն, անկասկած, իր բացասական հետեւանքներն է թողել: 

Սկզբում «Ալավերդու հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Ալավերդու «Պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սվետլանա Քառյանը: Պարզվում է` Ս. Քառյանի եւ հիվանդանոցի կոլեկտիվի ջուրը նույն առվով չեն հոսել, թեեւ նա հավաստիացնում է, թե պաշտոնակատար աշխատած 6 ամիսների ընթացքում հիվանդանոցում արձանագրվել են լուրջ հաջողություններ, կոլեկտիվի հետ խնդիրներ չի ունեցել եւ չի հասկացել, թե ինչու՞ է մարզպետն իրեն ազատել պաշտոնակատարի պարտականություններից: Հիվանդանոցում դժգոհեցին, որ Ս. Քառյանը բժիշկներին, իբր հիվանդանոցի ֆինանսական առողջացման նպատակով, պարտադրել է 20 հազար դրամ աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել: Պայմանագիր ստորագրած մանկաբույժ Զարուհի Մակիչյանն այդ կապակցությամբ վիրավորված ասաց. «20 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում` բուժքրոջ աշխատավարձի չափ»: 
Թերապեւտ, բաժանմունքի վարիչ Հասմիկ Մարանյանն էլ հայտնեց, որ ինքը հրաժարվել է ստորագրել այդ պայմանագիրը, որից հետո Ս. Քառյանը նրա հետ կնքել է 40 հազար դրամ աշխատավարձով պայմանագիր: 

Իսկ 2007 թ. հունիսի 11-ից «Ալավերդու հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Մոսինյանը: «Հիվանդանոցն ընդունել եմ 36 մլն դրամ պարտքով, որից ամենամեծը՝ Սոց. հիմնադրամի պարտքը եւ տույժը, կազմել են շուրջ 24 մլն դրամ: Առաջին երեք ամսվա ընթացքում բոլոր մայր պարտքերը փակեցինք, այլեւս տույժ ու տուգանքներ չեն գալիս, այսօրվա դրությամբ ունենք 25,5 մլն դրամ պարտք»,- ասաց Ս. Մոսինյանը: Վերջինս հիվանդանոցի առողջացման նպատակով ձեռնարկել է նաեւ այլ միջոցառումներ: 

«Մենք տեղական հեռուստաընկերության միջոցով բնակչությանը տեղեկացրել ենք պետպատվերի շրջանակներում բուժվելու արտոնություններ ունեցողների մասին: Ամբողջ անձնակազմի հետ բաց ենք աշխատում, յուրաքանչյուր գումարի մասին, որ մտնում է դրամարկղ, բուժանձնակազմին տեղյակ է պահվում` որ կոպեկն ուր գնաց եւ ինչի համար ծախսվեց»,- ասում է Ս. Մոսինյանը: 

Ստեփան Մոսինյանի գործունեության հետ հույսեր է փայփայում հիվանդանոցի կոլեկտիվը: «Հիվանդների քանակի ավելացում կա, ստացել ենք սպիտակեղեն, վերմակներ եւ ներքնարկներ, բոլոր հիվանդասենյակները տաք են, դեղորայքի խնդիրներ չենք ունենում, վերանորոգվել է ռենտգեն ապարատը, դա շատ մեծ օգնություն է, որոշ չափով բարելավվել է կապը Օձուն, Արեւածագ, Շնող գյուղերի բուժ. առողջարանական կենտրոնների հետ, սակայն շատ կարեւորում եմ հիվանդանոցում գոնե սոցիալապես անապահով հիվանդներին սնունդ տալը, այդ դեպքում նրանք չէին խուսափի ստացիոնար բուժվելուց»,- ասաց թերապեւտ, բաժանմունքի վարիչ Հասմիկ Մարանյանը: 

Վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հարություն Մակիչյանը, փաստելով դրական տեղաշարժերը, ասաց. «Բաժանմունքը շենքային վատ վիճակում է, կոշտ եւ փափուկ գույք գրեթե գոյություն չունի, օպերացիոն սրահը ցուրտ է, եւ միշտ միջանցիկ քամի կա, պատուհանները փոխման ենթակա են, անմխիթար վիճակում են բաժանմունքի սանհանգույցները, հիվանդանոցը բաղնիք չունի, ամբողջ բաժանմունքն ունի մեկ զուգարան, այն էլ` ոչ նորմալ վիճակում, հիվանդանոցը շուրջօրյա ջրամատակարարում չունի, տանիքը անմխիթար վիճակում է եւ կաթում է: Բաժանմունքը երեք հիվանդասենյակ ունի, հիվանդները գալիս են վիրահատվում եւ բուժվում»: Հարցազրույցի պահին վիրաբուժական բաժնում 11 հիվանդ էր բուժվում: Բժիշկները գտնում են, որ մինչեւ չհամակարգվի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի համակցված աշխատանքը, գործերը հիվանդանոցում չեն կարգավորվի: 

«Հիվանդներ կան, որոնք իրավունք չունեն ամբուլատոր բուժվելու, երեկ հիվանդ ենք ընդունել, որը թաղամասային բժշկի կողմից մեկ ամիս տանը բուժվել է: Երբ բուժող բժիշկը մեկ ամսվա ընթացքում նկատում է, որ նրա մոտ լավացում չկա, ինչու՞ է պահել, գոնե ռենտգեն չի արել: Երեկ արդեն ծանր հիվանդին մենք ռենտգեն ենք արել, վստահ եմ` նրա մոտ կամ ուռուցք է, կամ` տուբերկուլյոզ: Նախկինում այս կարգի դեպքերի համար բժիշկները պատասխանատվության էին ենթարկվում, հիմա պատասխան տվող չկա, առողջապահական հիմնարկներից յուրաքանչյուրում իրենց համար իշխանիկներ են նստած, հիվանդանոցի հետ նրանց համատեղ աշխատելն ինչ-որ մի տեղ ձեռք չի տալիս, քանի որ համագործակցության արդյունքում կոնսուլտացիայի, ռենտգենի կամ դեղորայքի համար գումար է փոխանցվելու»,- ասաց բժշկուհի Հասմիկ Մարանյանը: 

Մանկաբույժ Զարուհի Մակիչյանն էլ, թերապեւտիկ բաժանմունքի 5 մահճակալանոց, դատարկ հիվանդասենյակներից մեկը որպես մանկական բաժանմունք ներկայացնելով` ասաց. «Թեեւ անցած տասն ամիսներին այստեղ բուժվել են շուրջ 81 երեխաներ, այդուհանդերձ, Ալավերդիում երեխաներին տնային պայմաններում փորձում են բուժել մանկական առողջապահական թաղամասային կենտրոնների բժիշկները, բայց շատ դեպքերում դա նրանց չի հաջողվում, եւ ծանր վիճակում հայտնված երեխաներին ծնողները մի կերպ հասցնում են Վանաձոր կամ Երեւան»: 

Բաժանմունքում մանկական բուժքույրերի փոխարեն աշխատում են թերապեւտիկ պրոֆիլի բուժքույրեր, հիվանդանոցում չկան համապատասխան սարքավորումներ, մանկական վերակենդանացման կաբինետ: Թերապեւտիկ բաժանմունքի ծայրամասային հիվանդասենյակներից մեկում տեղավորված եւ վարագույրով առանձնացված էր ինֆեկցիոն բաժանմունքը: 

Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մոսինյանը հայտնեց, որ հիվանդանոցը չունի նյարդաբան, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջի եւ այլ պրոֆիլի բժիշկներ: Բժիշկներն իրենց մտահոգությունը հայտնեցին, որ հիվանդանոցը չունի ֆիլիոգրաֆ ապարատ, իսկ պոլիկլինիկայի ապարատը մեկ տարուց ավելի է չի աշխատում, մինչդեռ Ալավերդիում տարեցտարի ավելանում են չարորակ ուռուցքային հիվանդները, որոնց թիվը ներկայումս 450 է: 

Այն կարող է քաղաքին նվիրել պղնձաձուլարանը գործարկող «Վալլեքս գրուպը», որի հետ բնապահպանները կապում են քաղաքում շատ հիվանդությունների աճը: 

«Հիվանդանոցի փակման վտանգը թրի պես կախված է եղել մեր գլխին, անհանգիստ ենք եղել, այդ վտանգը վերացավ»,- ասում է վիրաբույժ Գայանե Խաչատրյանը: Ստեփան Մոսինյանն էլ հայտնեց, որ 2008 թ. «Կապիտալ վերանորոգումը հարմարեցնել հիվանդանոցային պայմաններին» ծրագրով ՀՀ կառավարության կողմից նախատեսված է վերանորոգել նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնի շենքը: Նշենք, որ վերջին 6 տարիներին սա այս շենքի երրորդ կապիտալ վերանորոգումն է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter