«Սփյուռքը պետք է առաջադրի պայմաններ եւ առաջարկներ, այլ ոչ թե` անձեր»
Վազգեն Մանուկյանը պատասխանում է սփյուռքահայ ընթերցողների հարցերին
Էդվարդ Պապելյան -Հայաստանում կա կոռուպցիա եւ, բացի այդ, իշխանությունները կարծես թե առանձնապես հարգանք չունեն օրենքի նկատմամբ: Բայց այս երկուսն էլ կապ չունեն ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ղարաբաղի հարցի հետ: Կոռուպցիան թաքցնելը եւ դրա դեմ պայքարելը նույն բանը չեն:
Ո՞րն է Ձեր մոտեցումն այս կարեւոր հարցերի վերաբերյալ:
Վ. Մանուկյան - Կոռուպցիայի տարրերն, իհարկե, եղել են այն ժամանակ, երբ մենք ապրել ենք դեռ ցարական Ռուսաստանում: Կոմունիստների ժամանակ (60-70-ական թթ.) այն աճեց: Երբ մենք եկանք իշխանության, այդ կոռուպցիան կար: Դա մի երեւույթ է, որի դեմ պայքարելու համար իրական ժողովրդավարական համակարգ է պետք՝ անկախ դատարան, քաղաքացիական հասարակություն: Ցավոք, մեզ մոտ այդպես չէ: Իմ ելույթում ես նշել եմ, որ այժմ կոռուպցիան ոչ թե ուղղակի շատացել է, այլ դարձել է պետական մեխանիզմն աշխատեցնելու ամենակարեւոր գործոններից մեկը: Մեր ժողովրդի մեջ ես չեմ կարծում, որ կոռուպցիան խորը արմատներ ունեցող, արդեն բնավորություն դարձած երեւույթ է, ինչպես մի շարք արեւելյան պետություններում: Նույնիսկ Սովետական Միության ժամանակ, երբ ընկերներով կամ ընտանիքով գնում էինք Վրաստան կամ Ադրբեջան, տեսնում էինք, որ Հայաստանում էապես ավելի քիչ էր կոռուպցիան, այսինքն՝ մեր ժողովուրդն ավելի քիչ է հակված կոռուպցիայի։ Եվ նորմալ օրենքների դեպքում, նորմալ վերահսկողության ներքո էապես կարելի է նվազեցնել այն, մանավանդ եթե իշխանություններն իրենք հակված չլինեն կոռուպցիայի:
Ինչ վերաբերում է օրինականությանը, ապա մեր երկրում չի աշխատում օրինականություն հաստատելու դեմոկրատական պետության մեխանիզմը` իշխանությունը չի ընտրվում եւ հեռացվում ժողովրդի քվեով: Եվ այստեղ է թաքնված այն հանգամանքը, որ կոռուպցիան Հայաստանում դառնում է իշխող երեւույթ:
Եվ դուք մի շատ կարեւոր բան նկատեցիք. եթե նախորդ ժամանակաշրջաններում, նախորդ դարերում մենք միշտ ասում էինք, որ մենք` հայերս, մեղք չունենք, որ կորուստներ ենք ունենում, ապա այսօր այդ կորուստների մեղավորը մենք ենք:
Էդվարդ Պապելյան - Քոչարյանն էլ է սխալներ գործում, բայց ԼՏՊ-ն վախ է առաջացնում եւ վերջում էլ կապիտուլյացիայի կոչ է անում: Չե՞ք կարծում, որ հանրահավաքների ժամանակ հայտնում է պետական գաղտնիքներ միայն այն պատճառով, որ թշնամություն ունի «հին ընկերների» նկատմամբ:
Վ. Մանուկյան - Ես անհանգստացած եմ այն թույնից ու ագրեսիայից, որոնք այժմ տարածվում են մեր հասարակության մեջ ոչ միայն հանրահավաքների միջոցով, այլ նաեւ թերթերի եւ հեռուստատեսության: Այդ ճանապարհը չի բերի Հայաստանի վիճակի բարելավմանը:
Էդվարդ Պապելյան - Հայաստանում արդեն կարծես թե չկա քաղաքական կուլտուրա, թեկնածուների մեծ մասն էլ, կարծես թե, ուղղակի վրեժխնդրության համար է պայքարում: Որո՞նք են Ձեր ծրագրի հիմնադրույթները:
Վ. Մանուկյան - Բոլոր թեկնածուները չէ, որ վրեժխնդրության համար են պայքարում: Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, ապա վերջին 20 տարիների ընթացքում ես հետեւողականորեն գաղափարական գիծ եմ առաջ տարել, որն այժմ երկու խոսքով հնարավոր չէ նկարագրել: Կարող եք կարդալ իմ վերջին ելույթը ԱԺՄ 17-րդ համագումարում:
Էդվարդ Պապելյան - Ի՞նչ եք կարծում Արեւմտյան Հայաստանի եւ Ցեղասպանության հարցի մասին:
Վ. Մանուկյան - Ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարցը մեզ համար ոչ միայն պատմական հիշողության հարց է: Վերջին 90 տարիների ընթացքում հայությունը ստիպված ապրում է Եղեռնի հետեւանքներից բխող իրողությունների մեջ: Իսկ այդ իրողություններից գլխավորներն են պատմական Հայրենիքի մեծագույն մասի կորուստը, ահռելի մարդկային կորուստները, այլ երկրներ բռնագաղթած հայության երկու-երեք սերունդների վատնած մեծ ջանքերը` հյուրընկալ երկրներում ուշքի գալու եւ ազգային բնականոն կյանք կազմակերպելու համար, խորն անհանգստությունը Հայրենիքի մի փոքր մասի վրա ձեւավորված հայկական պետականության անվտանգության երաշխիքների հարցում, մշակութային անդառնալի կորուստները եւ այլն, եւ այլնգ
Ակնհայտ է, որ այս ամենը հայության մեջ միշտ վառ են պահում պատմական արդարության հաստատման բնական ձգտումը, ինչը կարող է դառնալ նաեւ մեր ընդհանուր ապագան կառուցելու եռանդի մի կարեւոր աղբյուր: Եվ այս առումով Սփյուռքի թափած ջանքերը` համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման գործում, ետեւում ունենալով ողջ հայության եւ պետականության աջակցությունը, ինչպես նաեւ՝ հայոց պետականության կայացումն ու հզորացումը, Սփյուռքի հետեւողական եւ արդյունավետ օժանդակությունը, մեր ընդհանուր եւ հզոր առաջընթացի կարեւորագույն գործոններն են:
Մհեր - Ինչպե՞ս Դուք կամրացնեք եւ կմեծացնենք Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ անկեղծ եւ թափանցիկ երկխոսությունը, ինչպես նաեւ՝ համագործակցությունը: Մասնավորապես` երկու իրականությունների հասարակ մարդկանց միջեւ:
Վ. Մանուկյան - Ովքեր մոտիկից ծանոթ են մեր գաղափարական սկզբունքներին, հիմնադրույթներին, գիտեն, որ այդտեղ կարմիր թելի պես անցնում է Հայաստան-Սփյուռք գործակցության անհրաժեշտությունը: Դա առանձնակի նշանակություն է ստացել գլոբալիզացման ընթացքի պայմաններում, երբ ողջ երկրագնդով մեկ տեղի է ունենում ազգերի եւ պետությունների համագործակցություն եւ մրցակցություն միաժամանակ: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը «հայությունը` որպես համաշխարհային ազգ» մեր առաջարկած հասկացության կարեւորագույն բաղադրիչն է: Սա չափազանց կարեւոր եւ լուրջ խնդիր է այստեղ համառոտ ներկայացնելու համար: Մի բան կարող եմ նշել, որ եւ՛ Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք, եւ՛ Հայաստանի հայության ու սփյուռքահայերի միջեւ արդյունավետ գործակցություն հաստատելու գլխավոր նախաձեռնությունը եւ համակարգումը պետք է բխի մեր պետության կողմից: Ցավոք, մինչեւ այժմ խնդրի խորությանը եւ կարեւորությանը համապատասխան վերաբերմունք Հայաստանի Հանրապետության կողմից ցուցաբերված չէ:
Հարմիկ Ազատյան - Գրեթե բոլորին պարզ է, թե ով է լինելու Հայաստանի նախագահը: Չնայած ընդդիմադիր շատ գործիչներ չեն ընդունում ԼՏՊ-ին, բայց գոնե նա ներկա իշխանություններին այլընտրանք է: Ինչու՞ ընդդիմությունը չի համախմբվում նրա շուրջը: Ի՞նչ եք կարծում, ԼՏՊ-ն շանս ունի՞:
Վ. Մանուկյան - Նախեւառաջ, ի տարբերություն Ձեզ, ես միարժեք չեմ ասի, թե հայտնի է` ով է լինելու 2008թ. Հայաստանի նախագահը: Ինչ վերաբերում է ԼՏՊ.-ին, ապա ես բավականին ցածր եմ գնահատում նախագահ դառնալու իր հնարավորությունները, մանավանդ որ իր թիմը միավորելու փոխարեն վանում է իրենից շատերին:
Սաքո - Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ԼՏՊ-ն կհանձնի Ղարաբաղը, եւ եթե Դուք լինեք նախագահ, ո՞նց կլուծեք Ղարաբաղի հարցը:
Վ. Մանուկյան - Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված իմ մոտեցումները ես արդեն հայտնել եմ իմ ելույթում, որին կարող եք ծանոթանալ «Հետք» ինտերնետային թերթի էջերում:
Ռամիկ - Ինչու՞ Սփյուռքեին պետք է հետաքրքրի, թե ո՞վ պետք է լինի Հայաստանի նախագահը, եթե ՀՀ քաղաքացիներին դա չի հետաքրքրում: Գուցե Դուք մի բան գիտեք, մենք չգիտե՞նք:
Վ. Մանուկյան - Ես գիտե'մ, որ Հայաստանի քաղաքացիներին հետաքրքրում է, թե ով պետք է լինի նախագահ, որովհետեւ դա միշտ է հետաքրքրել, քանի որ մեր կյանքն էապես կախված է նրանից, թե ո՞վ կլինի ՀՀ նախագահը: Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա ես կարծում եմ, որ, իսկապես, Սփյուռքն առանձնապես չպետք է հետաքրքրված լինի անձի հարցով: Սփյուռքին պետք է հետաքրքրի Հայաստանում հաստատված պետական կառույցների որակը եւ արդյունավետության աստիճանը` դիտարկված ինչպես ազգային շահերի տեսանկյունից, այնպես էլ մեր երկրի քաղաքացիներին տրված ազատությունների եւ իրավունքների տեսանկյունից, ինչը, ցավոք, հաճախ անտեսվում է մեր որոշ սփյուռքահայ եղբայրների կողմից: Եթե կառույցները եւ ուղղվածությունն այդ իմաստով ընդունելի են, արդեն մեծ նշանակություն չունի, թե ով է երկրի նախագահը: Ներկա պահին դա կարող է հետաքրքրել միայն այն առումով, թե ո՞վ կարող է նախաձեռնել եւ իրականացնել նման կառույցների կայացումը:
Այսինքն՝ Սփյուռքը պետք է առաջադրի պայմաններ եւ առաջարկներ, այլ ոչ թե` անձեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել