HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Որ էդ մասին գրեք, կարո՞ղ ա նորից գան, ինձ ծեծեն»

70-ամյա Սիրանույշ Սարգսյանին ճակատագիրը կին ու մայր լինելու հնարավորություն չի տվել: Միայնակ կինը տարիներ շարունակ ապրել է ծանոթ-բարեկամների հյուրընկալության ներքո, իսկ վերջին տարիներին` որտեղ պատահի:

1999 թ., ինչպես ինքն է պատմում, բարի մարդկանց աջակցությամբ տեղավորվել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի (ներկայիս Պետական քոլեջի) հանրակացարանում: Էջմիածին քաղաքի Աթարբեկյան 1 հասցեում գտնվող այդ շենքում էլ ժամանակավոր գրանցվել ու ապրել է յոթ տարի:

Երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրակացարանի մասնաշենքերից առաջինը, որտեղ բնակվում էր Սիրանույշ մայրիկը, գնեց` սպայակազմին տրամադրելու նպատակով, բնակիչներին տեղափոխեցին խիտ բնակեցված 2-րդ մասնաշենք: Բացի Սիրանույշ Սարգսյանից, բոլորը սենյակ ստացան: 

«Աննա անունով մի աղջիկ, որ լավ հարաբերությունների մեջ էր վերեւինների հետ, թեւիցս ու մազերիցս քարշ տալով` ինձ դուրս շպրտեց»,- հիշում է տիկին Սիրանույշը: Նրա փոխանցմամբ` 2-րդ մասնաշենքում իրեն սենյակ տրամադրելու խնդրանքով բազմիցս դիմել է հանրակացարանի պատասխանատվությունը ստանձնած, ներկայիս Պետական քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանին ու ամեն անգան ստացել «տեղ չունենք» պատասխանը: 

Գագիկ Բալասանյանն ասաց, որ այդ շրջանում, իրոք, տեղ չեն ունեցել. եղածն ընդամենը ութ սենյակ է եղել, որն էլ հատկացրել են ընտանիքավորներին: Իսկ հիմա շենքն արդեն քաղաքապետարանի ենթակայությամբ է, եւ իրենք այլեւս որեւէ իրավասություն չունեն դրա նկատմամբ:

Փողոցում հայտնված կինը դիմել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Կառավարության աշխատակազմը Սիրանույշ Սարգսյանի նամակը վերահասցեագրել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, վերջինս էլ` Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանին:

Այս տարվա սեպտեմբերի 25-ին քաղաքապետարանից Սիրանույշ Սարգսյանին գրավոր տեղեկացրել են, որ հարցն ուսումնասիրման ընթացքի մեջ է:

«Ամեն օր գնում եմ քաղաքապետարան` հիշեցնելու խնդրիս մասին, բայց բանի տեղ չեն դնում: Խղճիս մեղք չանեմ, բայց մտածում եմ` կարո՞ղ ա սրանք մտածում են` ծեր կին եմ` օրերս հաշված, դրա համար հարցս ձգձգում են, մինչեւ հոգիս ավանդեմ»,- ասում է Ս. Սարգսյանը:

Հանրակացարանից վտարվելուց հետո ծեր կինը զրկվել է նաեւ ապրուստի միակ միջոցից` աղքատության ընտանեկան նպաստից: «Սոցապի աշխատողները գնում են հանրակացարան, որովհետեւ այնտեղ եմ գրանցված, տեսնում են, որ այնտեղ չեմ ապրում, դրա համար էլ նպաստ չեն տալիս»,- ասում է Ս. Սարգսյանը: 

Սոցիալական ծառայության Էջմիածնի գործակալության պետ Հրաչ Ավետիսյանը լավատեղյակ էր տիկին Սիրանույշի խնդրին: «Նման իրավիճակում նրան նպաստ տալ չենք կարող. երբ տեղեկանք ներկայացնի մշտական բնակության մասին, այդ դեպքում միայն իրավունք կունենանք հաշվառել նպաստառուների ցուցակում: Ցավում եմ, բայց կարգն է այդպիսին»,- ասաց Հրաչ Ավետիսյանը:

Սիրանույշ մայրիկը փորձել է աշխատել` հացի փող վաստակելու համար: Նա կարողացել է սրբապատկերներ ձեռք բերել Մայր Աթոռի տարածքում վաճառելու նպատակով: «Բայց մի օր միլիցեքն էկան, ծեծելով ինձ հեռացրին այդտեղից: Ընենց էին խփել գլխիս, որ մինչեւ հիմա ճակատիս հատվածում ցավեր եմ զգում»,- ասում է նա: Այս դեպքից ծեր կինն այնքան էր վախեցել ու ազդվել, որ պատմելիս վախեցած հարցրեց. «Որ էդ մասին գրեք, կարո՞ղ ա նորից գան, ինձ ծեծեն...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter