HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ձերբակալվել է Արզաքանցյանի գործով կասկածյալներից մեկը

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի դեմ վերջերս մահափորձ կատարելու մեջ կասկածվող անձանցից մեկին:

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ` ձերբակալվածը նախկինում դրամաշորթության մեջ դատված, հանցավոր աշխարհում «Ալիկո» անվամբ հայտնի 35-ամյա Ալեքսանդր Սարիբեկյանն է, որն արդեն խոստովանել է իր մեղքը: 

Այս տարվա սեպտեմբերի 26-ին Սարիբեկյանն ընկերոջ հետ մտել էր Մոսկվայի «Մետրոպոլ» կազինո, որտեղ վեճի էր բռնվել Արզաքանցյանի հետ, դանակով եւ ատրճանակով վիրավորել պատգամավորին ու դիմել փախուստի: ՌԴ ՆԳՆ-ից երկուսուկես ամիս է պահանջվել «Ալիկոյին» բերման ենթարկելու համար: Մյուս հանցագործը դեռեւս ազատության մեջ է, չնայած ՆԳՆ-ից հայտնել են, որ նրան բռնելը երկար ժամանակ չի պահանջի: Դեռեւս գտնված չեն հանցագործության մեջ կիրառված դանակը եւ հրազենը: Դեպքի վայրում պարկուճներ չէին հայտնաբերվել, ինչից էլ ենթադրվում է, որ ատրճանակը եղել է ռեւոլվեր տիպի: 

Ըստ «Կոմերսանտի»` նախաքննությունը պարզել է, որ Ալեքսանդր Սարիբեկյանը Մոսկվայում գործող հանցավոր խմբերից մեկի անդամներից է, որոնք Հայաստանից են: Հանցավոր խմբին հայտնի էր դարձել, որ գործարար Արզաքանցյանը պատրաստվում է «գործ բացել» Մոսկվայում, ինչից հետո նրանք 1 մլն դոլար են պահանջել պատգամավորից` բիզնես սկսելու թույլտվության համար: Արզաքանցյանին մի քանի օր մտածելու ժամանակ է տրվել, որից հետո էլ վերոնշյալ երկու անձինք հանդիպել են նրան, եւ, ըստ էության, անակնկալ մերժում ստանալուց հետո անմիջապես տեղի է ունեցել միջադեպը: Չնայած կազինո մտնելիս եւ այնտեղից փախչելիս հանցագործները որեւէ արգելքի չէին հանդիպել, ամբողջ միջադեպն արձանագրվել էր տեսախցիկների միջոցով, ինչի շնորհիվ իրավապահները հաստատել էին հանցագործների անձն ու հետախուզում սկսել: 

Միջադեպից հետո Արզաքանցյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից դուրս գրվելուց հետո մեկնել է Եվրոպա` բուժման կուրս անցնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter