Համայնքապետերը զբաղված են միայն հարկահավաքությամբ
Նարեկ Խաչատրյան
Դվինի համայնքապետ Արծրուն Աբրահամյանը Արարատի մարզի Արտաշատի վարչատարածքի եզակի համայնքապետերից մեկն է, որ բարձրագույն կրթություն ունի:
Եզակի է նաեւ նրանով, որ չունի այդ «պաշտոնը» զբաղեցնողների մեծամասնությանը բնորոշ վախվորած պահվածքը: Գյուղացիները դա բացատրեցին վերջինիս կրթությամբ եւ էությամբ: «Դաշնակ էր, բայց քանի որ ինքնուրույն էր, հաճախ կուսակցական ղեկավարների «խորհուրդները» չէր լսում` վտարեցին: Երբեմն մարզպետին էլ է հակադրվում, դրա համար էլ աչքի լույսը չի»,-ասաց գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Համայնքապետ Ա. Աբրահամյանն այն կարծիքին է, որ մեզանում տեղական ինքնակառավարման ինստիտուտը կայացած է: Թե որքանո՞վ, դժվարացավ ասել: Դվինում ավագանին պետք է ունենար 10 անդամ, բայց ընդամենը 7 հոգի է առաջադրվելու ցանկություն հայտնել: Այնպես որ, այս գյուղում ավագանին ի սկզբանե «լիարժեք» չէր: Ավագանու անդամների մեծ մասը կուսակցական են: Չորսը Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունից են: «Ավագանիներից բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչ ասել է բյուջե: Մինչդեռ քննարկումներին այնպիսի լուրջ ու մտախոհ հայացքներով են հետեւում...: Քվեարկելուց էլ նայում են կողքիններին ու «կողմնորոշվում»,- ավագանուն այսպես բնութագրեց համայնքապետը: Ավագանու նիստեր այստեղ գումարում են ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերոբ Վարդանյանն ավելացրեց. «Միշտ չէ, որ գալիս են: Չեկողներն էլ մյուսներին երաշխավորում են քվեարկել իրենց փոխարեն»:
Ի սկզբանե մեռած այս մարմնին շունչ տալու համար համայնքապետն առաջարկում է ի թիվս մի շարք փոփոխությունների նաեւ կրթական ու տարիքային ցենզ կիրառել: «18 տարեկան երեխային ավագանի են ընտրել: Ախր անունն ու բովանդակությունն էլ մի քիչ պետք է համապատասխանեն: Շատ էլ, որ տառաճանաչ է»,- ասում է համայնքապետը:
«Աբսուրդ է, բայց դա է իրականությունը, ի՞նչ կարող ենք անել,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերոբ Վարդանյանը եւ շարունակում,- առաջիկայում պետք է ատեստացիա անցնեմ եւ, ի թիվս այլոց, հանձնաժողովի մեջ լինելու է նաեւ ավագանու անդամ «կռուտոյ Ճարպոն», որ ութերորդ դասարան չհասավ: Ախր, այս կերպ մեզ հիմար վիճակի մեջ են դնում»: Իմ դիտարկմանը, թե այդ դեպքում իրենք ավելի ազատ կարող են գործել, հակակշիռ գրեթե չունեն, հակադարձեցին, թե նմանների հետ աշխատելը շատ ավելի դժվար է, երբ ոչինչ չեն հասկանում եւ իրենց տեղական մասշտաբի քաղաքական գործիչներ են երեւակայում:
Դվին գյուղի այս տարվա բյուջեն 12 մլն դրամ է կազմում, որից 7 մլն-ը պետք է ձեւավորվի հողի հարկից: Բայց, ինչպես ներկայացրեց համայնքապետը, քանի որ տարին գյուղի համար անբարենպաստ էր, կարողացել են գանձել նախատեսվածի ընդամենը 30%-ը: Մարզի որոշ համայնքներ, ի տարբերություն անցած տարիների, այս տարի հիմնականում գոյատեւում են դոտացիայի հաշվին: Անգամ համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի մի մասը դոտացիայից է տրվել (եւ ոչ միայն այս գյուղում): Դվինի համայնքապետարանում հայտնեցին, որ իրենց անցյալ տարվա բյուջեի կատարողականը բավականին բարձր էր, եւ կարողացել են աշխատավարձ վճարելուց բացի նաեւ այլ հարցեր լուծել: Այս տարի հավաքագրումների վիճակը վատացել է բազմաթիվ գյուղերում, այնքան, որ մարզային խորհուրդն անդրադառնալով հարցին` որոշել է արգելել պետության հատկացրած դոտացիայի հաշվին աշխատավարձ վճարել (դոտացիան տրվում է համայնքում զարգացման ծրագրեր իրականացնելու համար):
«Ստիպված ենք լինելու կոշտ միջոցների դիմել, ժողովրդին խեղդենք, որ փող հավաքենք: Բայց եթե մարդը փող չունի, ինչ ուզում ես` արա: Մարդ կա` մտնում ես տունը ու հասկանում, որ ուտելու հաց չունեն, նմանին, եւ ընդհանրապես հողի հարկի համար, ես ինչպե՞ս մարդկանց քարշ տամ դատարան: Եթե դատարան դիմեմ, նշանակում է նրա հողը, որ նույնն է, թե վերջին կտոր հացը, ձեռքից խլեմ, դա չեմ անի: Մնում է խնդրել, համոզել: Վաղը ես համայնքապետ չեմ լինելու, բայց այստեղ եմ ապրելու եւ պետք է կարողանամ իմ համագյուղացիների աչքերին նայել»,- ասում է պրն Աբրահամյանը:
Վերջինս, իհարկե, ընդունում է, որ կան նաեւ այնպիսիները, որ հնարավորություն ունենալով հանդերձ` տարիներ շարունակ հարկեր չեն վճարում: «Փաստորեն, ունենք մարդկանց երեք խումբ. մարդիկ, որոնք, հողի հարկը վճարելու հնարավորություն չունեն, մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, բայց չեն մուծում, եւ մարդիկ, որոնք անկախ հնարավորություններից` պարտաճանաչ մուծում են,- ասում է Արծրուն Աբրահամյանը:
Անհավասար, բարոյական առումով անընդունելի իրավիճակ է, որի լուծումն օրենքով չի երեւում: Այդուհանդերձ, համայնքապետի ներկայացմամբ` վերջին տարիներին հարկերի հավաքագրման առումով զգալի առաջընթաց կա գյուղում: «Փորձում ենք գանձել նախկին տարիներից, բայց դեռ 1994թ. հարկերից պարտքեր ունեցողներ կան»,- ասում է համայնքապետը: 2002թ., երբ վերջինս ընտրվել է համայնքապետ, հարկերի հավաքագրման կատարողականը կազմել է 21%, հիմա 60-70% է:
Դվինում հարկերի հավաքագրումը, հետեւաբար եւ բյուջեի կատարողականն էապես պայմանավորված են ծիրանի բերքով. դրանք ուղիղ համեմատական են: Նախորդ տարիներին Դվինում 400-500 տ ծիրանի բերք էր ստացվում, մինչդեռ այս տարի ուտելու ծիրան չեն ունեցել: «Դրա համար էլ դատարկ նստած ենք»,- բացատրեցին համայնքապետարանում:
Համայնքապետը համագյուղացիների սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշ է համարում նաեւ այն, որ նրանք չեն կարողացել գյուղին հատկացված զեղչ գներով (պարկը 3,7 հազար դրամ) սելիտրան գնել: «60 տ-ի հայտ էր տրվել Դվին գյուղին եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է գումարը հավաքեինք: Հայտարարությունն ամսից ավելի է մի քանի տեղ փակցված է: Ժամկետը լրացավ, եւ ընդամենը 2 տոննայի փող էր հավաքվել: Ցանկացողները շատ-շատ էին, սակայն այս հսկա գյուղի ուժն ընդամենը 2 տոննայի հերիքեց»,- ասում է համայնքապետը:
Հարկերը թերի հավաքագրելու պատճառներից մեկն էլ գյուղացիների կատարած առքուվաճառքի գործարքներն են, որից անտեղյակ է համայնքապետարանը: Գյուղացին հողը վաճառում է, համապատասխան բոլոր ձեւակերպումներն արվում են եւ միայն տարեվերջին հարկերը հավաքելիս պարզվում է, որ այդ հողը նոր սեփականատեր ունի: Այն դեպքում, երբ վաճառողը հողի հարկի բավականին լուրջ պարտքեր ունի: Կադաստրը պետք է նախօրոք համայնքապետարանին տեղյակ պահի այդ մասին, որպեսզի վերջինս վաճառող գյուղացու հետ ունեցած հարցերը ճշտի, նախապես համայնքապետարանից պետք է համապատասխան տեղեկանքներ տրվեն: «Գործարքը վավերացնելուց առաջ ճիշտ կլիներ, որ կադաստրը տեղեկանք պահանջեր համայնքապետարանից: Թե չէ տարեվերջին գյուղացուց հարկ ենք ուզում, ասում է` հող չունեմ, գարնանը վաճառել եմ: Մինչդեռ համագործակցության դեպքում հնարավոր էր պարզել, թե ով որքան հող ունի: Ստացվում է, որ իրականում մենք չենք տիրապետում իրավիճակին, չգիտենք, թե ինչ է կատարվում մեր իսկ տանը: Բայց քաշքշուկին, բողոքներին ու վեճերին, որ անպակաս են (որոնց մեծ մասը դարձյալ կադաստրի շնորհիվ է), շատ մոտիկից տեղյակ ենք, չնայած լուծել էլ չենք կարողանում»,- ասում է համայնքապետը:
Համայնքային բյուջեից այս տարի 2,5 մլն դրամ հատկացրել են օգնության ֆոնդին, որի հիմնական մասը «գնում է թաղումներին»: «Միջին հաշվով 30-50 հազար դրամով ենք օգնում, որն ընդամենը դագաղի փող է»,- հայտնեց Արծրուն Աբրահամյանը: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես ներկայացվեց, գյուղի բյուջեն այնքան անզոր է, որ դրանով կարողանում են լավագույն դեպքում մասնակի վերանորոգումներ իրականացնել:
«Որեւէ լուրջ բան անելու համար մուրացկանի պես ձեռքներս մեկնած ողորմություն ենք խնդրում: Ուզում ենք գյուղամիջյան ճանապարհները մի քիչ կարգի բերել, բայց գումար չունենք, ջրագծերն ենք ուզում փոխել, էլի գումար չկա: Մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նման հարցերի լուծումը վերապահում է համայնքին»,- ավելացրեց համայնքապետը:
Այս պահին պետական բյուջեի հաշվին վերանորոգվում է մշակույթի տան տանիքը: Դրանից առաջ Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով (10%-ը հատկացրել է համայնքապետարանը) վերանորոգվել է դպրոցի տանիքը:
Համայնքապետարանի աշխատակիցների ասելով` նախկինում դոտացիան տվել են ու թելադրել, թե ինչ անել, որտեղ ինչքան գումար փոխանցել: Հիմա նման բան չկա: Ավելին, վերջին երկու տարիներին այն ամբողջությամբ թողնում են համայնքապետարանի տնօրինությանը: «Իհարկե, մարզպետարանում էլ են ասում, մենք էլ ենք հասկանում, որ ցանկալի է այդ գումարներով բարեկարգման աշխատանքներ կատարել»,- ասում է աշխատակազմի ղեկավարը: Նման աշխատանքներից են գյուղամիջյան ճանապարհների փոսալցումները: Վերջին օրերին շուրջ 100 մեքենա խիճ են լցրել փողոցները: Մեր ունեցած տեղեկություններով` Արարատի մարզի գյուղերը պարտադիր խիճը գնում են ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի (Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբոր) ձեռնարկությունից:
Այս տիպի աշխատանքները հիմնականում կատարվում են գնանշմամբ կամ մրցույթով: «1 մլն դրամից ավելի ծախսի դեպքում գործն արվում է մարզպետարանի հսկողությամբ: Նման դեպքերում նամակ ենք գրում մարզպետին` խնդրելով, որ տվյալ նպատակի համար այդքան գումար ծախսվի: Վերջինիս համաձայնությունը պարտադիր է»,- ասում է համայնքապետը: Սա գործող կարգի պաշտոնական ներկայացումն էր: Մինչդեռ, հարցազրույցից հետո համայնքապետարանի աշխատակիցները շատ ավելի ազատ էին իրենց գնահատականներում ու մեկնաբանություններում:
Նրանց կարծիքով` գործարքներ կատարելու օրենքով նախատեսված իրավունքը խլված է համայնքապետարանից, եւ պետք է վերացվի մարզպետարանի ճիրանային վերահսկողությունը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը բավականին լուրջ լիազորություններ է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին, իրականում գրեթե ոչինչ չի թույլատրվում: «Ամեն ինչ տրված է մարզպետարանին եւ համապատասխան մարմիններին: Համայնքապետը որոշում է կայացնում, որը պարտադիր քննարկվում է մարզպետարանի իրավաբանական վարչությունում: Ինչու՞: Բյուջեով գումար է հատկացված ինչ-որ աշխատանք կատարելու համար, ավագանին հաստատել է, բայց նշանակություն չունի, մարզպետը պետք է համաձայնություն տա: Դա չի՞ նշանակում, որ ամեն ինչ ձեւական է»,- ասում են համայնքապետարանի աշխատակիցները:
«Իրավիճակը շտկելու համար տեղական ինքնակառավարումը պետք է իրական տեղական ինքնակառավարում լինի: Ներկայումս տեղական ինքնակառավարումը, բացի հարկահավաքությունից, ուրիշ ոչ մի լծակ, իրավունք չունի: Օրենքով իբրեւ կա, իրականում ոչ մի իրավունք չունենք: Մարդը աղբը թափել է փողոցի մեջտեղում եւ չի համաձայնվում հավաքել, նրան կարգի հրավիրելու միակ տարբերակը բնապահպանության վարչություն դիմելն է, որպեսզի այնտեղից գան, համապատասխան ակտ կազմեն եւ ուղարկեն դատախազություն: Լուրջ չի»,- ասում է Արծրուն Աբրահամյանը:
Արարատ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել