
«Անբարոյականություն է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուն կողմ քվեարկելը»
Ազգային ժողովը 69 կողմ, 31 դեմ, 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ մոտ երեք տասնյակ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մինչեւ քվեարկությունը հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները աղքատ անձինք չեն: Նրանց երեխաներն ու ծնողները քաղցած չեն, մինչդեռ Հայաստանում շուրջ 1 մլն մարդ կիսաքաղցած է քնում:
Նա կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին, քանի որ անբարոյականություն է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուն կողմ քվեարկելը:
ՀՀԿ-ական պատգամավորները բուռն արձանագրեցին Զ. Փոստանջյանի հայտարարությանը: Իր անհամաձայնությունը հայտնեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ պատգամավորներն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը, հետեւաբար պետք չէ վիրավորել գործընկերներին:
ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը եւս հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Իսկ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ այս իշխանությունն իրավունք չունի բարձրացնել իր աշխատավարձը, այլ պետք է բարձրացներ հաջորդ իշխանության աշխատավարձը:
Նշենք, որ նախագծին դեմ է քվեարկել ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել