HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ շախմատիստուհիները առաջատար են Վարշավայում

Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը տոնել է 2 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի խաղացել:

Բուլղարների հետ մեկնարկային 2-2-ից հետո մեր թիմը 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Մոնտենեգրոյի թիմի նկատմամբ: Մովսեսյանը, Սարգսյանը, Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Արոնյանը առաջին տախտակի վրա սպիտակներով հաղթեց Ջուկիչին: 3-րդ տուրում մեր ընտրանին կրկին 2,5-1,5 հաշվով հաղթեց Ավստրիային: Արշակ Պետրոսյանի թիմը հանդես էր գալիս նույն քառյակով: Այս անգամ թիմին հաղթական միավոր բերեց Գաբրիել Սարգսյանը, ով 3-րդ տախտակի վրա սպիտակներով հաղթեց Կրեյսլին:

3 տուրից հետո մեր թիմն ունի 5 միավոր եւ գտնվում է մրցաշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: Առաջատարը չեխերն ու ֆրանսիացիներն են, որոնք 3-ական հաղթանակ են տարել, երրորդ տեղում հունգարներն են:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր հավաքականը կհանդիպի Ուկրաինային: Զարմանալիորեն ուկրաինացիները, որոնք վարկանիշով 4-րդն են մրցաշարում, եւ առաջատար համարվող ռուսները անհաջող են հանդես գալիս: Մեր այսօրվա մրցակիցը 9-րդն է առայժմ, իսկ ռուսներն ընդհանրապես նահանջել են 22-րդ տեղ: Կկայանան Արեշչենկո-Արոնյան, Մովսեսյան-Վոլոկիտին, Սարգսյան-Մոիսեենկո, Պետրոսյան-Ֆեդորչուկ պարտիաները:

Գերազանց են հանդես գալիս մեր շախմատիստուհիները: Առաջին տուրում խորվաթուհիներին 3,5-0,5 հաղթելուց հետո մեր թիմը նույն կերպ հաղթեց Բելգիայի թիմին: Միավորը կիսեց Մկրտչյանը, իսկ Գալոյանը, Կուրսովան եւ Հայրապետյանը հաղթանակներ տարան: 3-րդ տուրում մեր աղջիկները ոչ մի շանս չթողեցին կազմակերպիչ Լեհաստանի երրորդ թիմին՝ 4-0: Իրենց մրցակիցներին գերազանցեցին Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանը, Կուրսովան:

3 տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավոր է վաստակել, ինչպես Լեհաստանն ու Ուկրաինան, սակայն մերոնք մրցակիցներին գերազանցում են լրացուցիչ ցուցանիշներով:

4-րդ տուրում մեր ընտրանին ուժերը կչափի լեհուհիների հետ: Կկայանան Սոչկո-Դանիելյան, Մկրտչյան-Յ. Մայդան-Գաեւսկա, Ռայլիչ-Գալոյան, Կուրսովա-Կ. Շչեպկովսկա-Հորովսկա պարտիաները:  

Հիշեցնենք, որ զուգահեռաբար ընթանում է աշխարհի թագի Անանդ-Կառլսեն մրցախաղը: Աշխարհի չեմպիոնի հայրենի Չեննայում (Մադրաս) առայժմ կայացել է 2 տուր, որոնք ավարտվել են ոչ-ոքի: Այսօր հանգստյան օր է: 

Լուս.՝ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (armchess.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter