HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին: Անվանի երաժիշտը և նրա ղեկավարած նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-ին Երևանում հանդես են եկել համերգով: Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: Համերգները կայանում են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին՝ նախօրեին կայացած երևանյան հրաշալի համերգի համար, որից, ըստ նրա, բազմաթիվ հիացական արձագանքներ կան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Վլ. Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն հյուր չեն համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին և մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգևոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում: Այդ առումով կարևորվել է նաև Գյումրիի այսօրվա գալա համերգը: Նախագահը երախտագիտությամբ է նշել Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու բարձր առաքելության մասին ևս:

Վլ. Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան և չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս: Աշխարհահռչակ դիրիժորը պատրաստակամություն է հայտնել ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս առաջիկա տարիների ընթացքում երաժշտական փառատոն անցկացնել: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter