HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանցին նշեց իր քաղաքի օրը

Արմինե Ղուկասյան    

Սեւան քաղաքը նոյեմբերի 10-ին իր տոնացույցը հարստացրեց եւս մեկ օրով` «Քաղաքի օր» տոնակատարությամբ: Սեւանցիներն իրենց ջերմությամբ, տոնական տրամադրությամբ ձեռնոց էին նետել թխպոտ երկնքին ու անձրեւոտ օրվան:

Քաղաքի Հ. Դանիելյանի անվան հրապարկ ձգվող ճանապարհի մի հատվածը վերածվել էր բացօթյա ցուցահանդեսի: Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբավարների մտքի, ձեռքի ու ստեղծագործական երեւակայության շնորհիվ ծնունդ առած գործերը հեռվից գրավում էին իրենց գունախաղով, բազմազանությամբ, ինքնատիպ լուծումներով: Ողջ տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները նվեր էին սիրելի քաղաքին իր օրվա առթիվ:

Տոնական օրվա մեկնարկը տրվեց Հենրիկ Դանիելյանի անվան հրապարակից, որը սեւանցիներն անվանում են «Ձուկտրեստ» թաղամաս: Մինչ հանդիսության սկիզբն ազդարարելը հրապարակն ընդունում է մեծ ու փոքր սեւանցիներին: Շնորհավորանքների, ժպիտների, սպասված հանդիպումների, քաղաքին նվիրված պաստառների, երաժշտական դպրոցի փողային նվագախմբի խրոխտ հնչյունների, պատանի երկրապահների քայլերթի ուղեկցությամբ էլ մեկնարկում է օրվա առաջին մասը:

Սեւանի օրհներգով, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս սրբազանի օրհնությամբ ու բարեմաղթանքներով սկսված հանդիսությունը շարունակվում է քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի շնորհավորանք-ուղերձով: «2012թ.-ին մենք նշեցինք Սեւան բնակավայրի հիմնադրման 170-ամյակը, սակայն, որպես քաղաք` Սեւանը երիտասարդ է, ընդամենը` 52 տարեկան: Քաղաքների կայացման ու կենսագրության մեջ սա շատ կարճ ժամանակահատված է, սակայն սեւանցու համար` դժվարություններով ու հաղթանակներով, վայրիվերումներով ու վերելքներով գրված պատմություն, որի ստեղծողն ու ժառանգորդն ենք մենք:

Տասնամյակների ընթացքում մեր պատվարժան այրերի ու ղեկավարների, մանկավարժի ու բժշկի, շինարարի ու բանվորի, ազատամարտիկի ու մտավորականի,  պարզապես սրտացավ, բանիմաց ու հայրենասեր մարդկանց արարող, նվիրված աշխատանքի շնորհիվ Սեւանը կարողացավ իր դեմքն ու դիմագիծը ունենալ հանրապետությունում, անգամ դուրս գալ իր փոքրիկ տնից ու ներկայանալ աշխարհին:

Սա մեր տունն է, մենք էլ` այդ տան բնակիչները, որտեղ յուրաքանչյուր օր մեր աշխատանքի, բարեսիրական ծրագրերի շնորհիվ պետք է գրանցենք լուրջ առաջընթաց, զարգացում, որովհետեւ այլընտրանք չունենք. սա յուրաքանչյուրիս առաքելությունն է:

Այսօր պատեհ առիթ է գնահատելու նրանց վաստակը, պատվախնդիր աշխատանքը, ովքեր էջ առ էջ գրեցին Սեւան քաղաքի կենսագրությունը: Մեկը քաղաք կառուցեց ու ղեկավարեց, մյուսն այդ քաղաքում ապրողին ուսուցանեց ու բժշկեց, մեկը ձոն նվիրեց իր քաղաքին, մյուսը երիտասարդական թրթիռ հաղորդեց ու մանկան պարզություն: Յուրաքանչյուրն իր տեղում ու իր չափով արեց կարելին ու հնարավորը, որ Սեւանը ապրի, շնչի եւ առաջ նայի»,- ասված էր ուղերձում:

«Հանդիպում անցյալի հետ» գրական, գեղարվեստա-պատմական անցումը համահունչ էր Սեւանի տարածաշրջանին: Կողք կողքի են լիճն ու քաղաքը, երկուսն էլ` Սեւան անունով, ու լճի շուրջ ծավալված իրադարձությունները, պատմական դեպքերն իրենց անմիջական ազդեցությունն են թողել այս բնակավայրի վրա: Այս դեպքերը ձգվում են 5-րդ դարից` Մաշտոցից մինչեւ Աշոտ Առաջինի դուստր Մարիամի ապրած ժամակաշրջան, Աշոտ Երկաթի «Ծովամարտից» մինչեւ Սեւան լճի շուրջ հյուսվող ավանդույթներ: Ծով չունեցող Հայաստանը իր լճին Գեղամա ծով է կոչում` նրա հետ կապելով իր նվիրական երազանքները:

Հանդիսատեսների աչքի առաջ հաղթանակների բերկրանքով, հայ ժողովրդի լինելիության վավերագրերով, լճի երեկն այսօրվան կապող իրադարձություններով, «Կիլիկիա» նավի` 17-րդ դարից մինչեւ մեր օրերը ձգվող պատմությամբ շարունակվեց հանդիպումը անցյալի հետ, որը «ընդմիջվում էր» «Սեւան», «Սուինա-Սեւան», «Հայորդիներ» պարային համույթների կոմպոզիցիոն բեմադրություններով ու հայկական կատարումներով, որոնք մի նոր շունչ հաղորդեցին մատուցվող նյութին:

Տոնակատարության մասնակիցների հաջորդ կանգառը Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մերձակա տարածքն էր: Այստեղ բաց երկնքի տակ` եռագույն ժապավենների ներքո, միահյուսվել էին արվեստն ու արհեստը. ձեռքի աշխատանքների նմուշներից մինչեւ հայկական կենցաղավարության, առտնին առարկաների ցուցադրություն, որոնք արված էին խնամքով ու ճաշակով: Այստեղ ներկաներին սպասում էին նաեւ հյուրասիրության սեղանները` աշնան բերք ու բարիքով, հարիսայով ու գինով:

Օրվա հաջորդ կանգառը քաղաքի վեցերորդ միկրոթաղամասն էր, կամ սեւանցիների խոսքով` «Բելի դոմ»-ը: Ամռանը այս թաղամասի բակային տարածքը հիմնանորոգվեց, բարեկարգվեց, խաղահրապարակն էլ ստացավ երկրորդ կյանք Սեւանցի, այժմ Մոսկվայում բնակվող Արթուր Վարդանյանի բարեգործական ձեռնարկի շնորհիվ:    

 Քաղաքապետ Ռ. Ղուկասյանին եւ տոնակատարության մասնակիցներին այս թաղամասում ողջունեցին նախ` Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիչներն ու սաները: Տարվա ընթացքում լավագույն մարզիկների շնորհիվ գրանցվել էին հանրապետական ու միջազգային հաղթանակներ ու քաղաք էին բերվել մեդալներ, գավաթներ, որոնք տոնական օրը հպարտությամբ ներկայացրեց մարզադպրոցը: Քաղաքապետ Ռ. Ղուկասյանը եւ բարերար Ա. Վարդանյանը կտրեցին մարզահրապարակի կարմիր ժապավենը, որին հաջորդեցին մարզադպրոցի կարատեի խմբի սաների ցուցադրական ելույթները: Ֆուտբոլի խմբի սաներն էլ ընկերական  հանդիպում անցկացրին հիմնանորոգված խաղահրապարակում:

Օրվա երկրորդ կեսը շարունակվեց Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում: Պալատի նախասրահը մարդկանց դիմավորում էր Գեղագիտական դաստիարակության կենտրոնի Սեւանի մասնաճյուղի փոքրիկ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով, իսկ «Շնորհավոր տոնդ, Սեւան ջան» վերտառությամբ լուսանկարային տեսաշարը «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի ստեղծագործող երիտասարդների նվերն էր քաղաքին` Սեւանի առօրյայի, տեսանելի ու հաճախ աչքի չընկնող դրվագների, հանդիսությունների լուսանկարային պատմություններով:

Իրենց քաղաքը սիրող ակումբականները սեւանցիներին նվիրեցին իրենց իսկ հեղինակած «10 պատվիրան» վերտառությամբ թերթիկներ, որը եւ հիշեցում էր, եւ խորհուրդ, եւ պատգամ, իսկ ասելիքը մեկն էր` «Ապրիր քաղաքիդ կյանքով, դարձիր քաղաքիդ ապագան»:

Դեռեւս 2012թ.-ի նոյեմբերի 10-ին քաղաքին վերադարձվեց իր օրն ունենալու իրավունքը, որը 2013թ.-ին սեւանցին ու Սեւանում հյուրընկալվածները կրկին վայելեցին տոնն ու տոնի պարգեւած հաճելի պահերը: Անկախ օրվա համար պատրաստված միջոցառումների բովանդակությունից` խորհուրդը մեկն էր` քաղաքը կարիք ունի սիրո եւ ուշադրության, եւ դրանց դրսեւորումներն անհրաժեշտ են: Այն ամենից առաջ պետք է մեզ բնակիչներիս, քանի որ այսպես քաղաքն ու իր բնակիչն ավելի են մոտենում իրար, միմյանցից ստանում ջերմության, սիրո մեծ պաշար, որի արդյունքում ավելանում է իմաստավորված, բովանդակալից օրերի թիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter