HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչո՞ւ ավելի պահանջկոտ չեք կրթության որակին վերաբերող հարցերում». Արմեն Աշոտյանը` ուսանողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդության օրվա կապակցությամբ հանդիպել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին: Նախարարը շնորհավորել է նրանց երիտասարդության օրվա առիթով և  մի քանի  ուսանողական խորհուրդների պարգևատրել ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար:

Ա. Աշոտյանը շեշտել է, որ պարգևներն ուսանողական կառույցներում ընդգրկված նախորդ սերունդների աշխատանքի արդյունքն է: Շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ երկրի ապագայով ու խնդիրներով մտահոգ քաղաքացին՝ անկախ իր գործունեությունից ու քաղաքական կողմնորոշումից, երկրի համար կարևոր կապիտալ է. «Ես, որպես կրթության և գիտության նախարար ակնկալում եմ հետևողականություն կրթության որակի բարելավման հարցում:  

Այսօր դուք ավելի շատ հնարավորություն ունեք, քան երբևէ ունեցել եք` ներգրավվելու բուհերի կառավարման մարմիններում, ազդելու որոշումների վրա, պայքարելու բուհական  կոռուպցիայի դեմ՝ այդպիսով նպաստելով  կրթության որակի բարձրացմանը: Կա հայտնի բանաձև՝ եթե կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգում բարձր են, ապա դա ուղղակիորեն ազդեցություն է ունենում նաև կրթության որակի վրա: Այս իմաստով իմ պահանջներն ու ակնկալիքները, սիրելի ուսանողներ, ձեզանից մեծ են, ես խնդրում և պահանջում եմ՝ եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող  ցանկացած հարցում»,-իր խոսքում նշել է  Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կրթության որակի բերելավմանը միտված ՀՀ ԿԳՆ ծրագրերին, բուհերի դասախոսական անձնակազմի սերնդափոխությանը,  սփյուռքահայ ուսանողների իրավունքներին և մի շարք այլ խնդիրների: 

Նախարարը նշել է, որ բուհական համակարգում արդեն ներդրված են կրթության որակի ապահովման բոլոր եվրոպական չափանիշները, սակայն կարևոր է նաև, որ ուսանողներն իրենք փորձեն լինել նախաձեռնող:

«Ինչու ավելի պահանջկոտ չեք կրթության որակին վերաբերող հարցերում, չէ որ դուք ավելի լավ գիտեք, թե ովքեր են այն ուսանողները, ում համար գնահատական ստանալու ցանկալի տարբերակը կամ ճանապարհը գիտելիքը չէ»,- նշել է նախարարն ու հավելել, որ նախորդ քննաշրջանում շուրջ 1800 ուսանողներ կանգնած են եղել բուհից դուրս մնալու եզրին:

Նախարարի խոսքով սա ուսանողների մոտ 3,5 տոկոսն է և բավական մտահոգիչ ցուցանիշ է, որը միաժամանակ վկայում է, որ կրթության որակի չափանիշները բուհերում խստացվել են: ԿԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ կառավարությունն ԱԺ է ներկայացրել ուսման վարձի զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ չափանիշներ են սահմանվում ուսման վարձերի  վերաբերյալ:  

Ա. Աշոտյանը հորդորել է օրենքի ընդունումից հետո լինել հետևողական, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից:  Միաժամանակ ԿԳ նախարարի տեղեկացմամբ, հիմք ընդունելով կառավարության որոշումը, արդեն հաստատվել են սոցիալապես անապահով ուսանողների ցուցակները, ովքեր, ըստ իրենց սոցիալական անապահովության միավորի, ստացել են 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ:

«Նախարարության կողմից 1000 ուսանողի զեղչ էր նախատեսված, սակայն  նախապես սահմանված  առաջադիմության չափանիշներին համապատասխանում էր  ընդամենը 200 ուսանող: Մենք երկու անգամ իջեցրեցինք միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը՝ հաշվի առնելով, որ ծրագիրը մեկնարկում է առաջին տարին ու ամեն դեպքում խոսքն անապահով ընտանիքների ուսանողների մասին է»,- նշել է նախարարը  և հավելել, որ ձեռնարկված քայլերի արդյուքնում  ավելի քան 700 անապահով ընտանիքների ուսանողներ ստացել են ուսման վարձի փոխհատուցում պետության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter