HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ես հայ եմ, բա ինչ եմ…

Էլմիրային չճանաչողի մտքով դժվար թե երբեւէ անցի, որ նա ազգությամբ հայ չէ. հստակ արտասանվող ղարաբաղյան բարբառ, «յան»-ով վերջացող ազգանուն եւ հայկական անձնագիր: Էլմիրային կարող է մատնել միայն այն, որ հայերեն կարդալ չգիտի:

Ազգությամբ ադրբեջանցի 60-ամյա Էլմիրա Սվարյանը 15 տարեկան էր, երբ Բաքվում ծանոթացավ ապագա ամուսնուն` ղարաբաղցի Սլավիկ Սվարյանին: 1965 թ., երբ Սլավիկը զորացրվեց, աղջկա ծնողներին մի կերպ համոզելուց հետո Էլմիրային իր հետ հարս բերեց հայրենի գյուղ` Մարտունու շրջանի Բերդաշեն (նախկին Կարաքենդ): «Ամուսնուս հարազատները խոզ էին մորթել ու լավ պատրաստություն տեսել: Բարեկամներն ու հարեւանները հավաքվել էին, բոլորին հետաքրքիր էր, քանի որ արդեն գյուղում լուր էր տարածվել, որ Սլավիկը թուրք աղջիկ է հարս բերել»,- հիշում է Էլմիրան:

Կինը վստահեցնում է, որ ամենասկզբում էր մի քիչ դժվար, այն էլ՝ զուտ լեզուն չիմանալու պատճառով: Ամուսնու ոչ բոլոր հարազատներն էին ռուսերենին տիրապետում, բայց շատ շուտով Էլմիրան սովորեց ղարաբաղյան բարբառը: Մինչեւ Արցախյան շարժումը ամեն ինչ լավ էր, Սվարյանների նորաստեղծ ընտանիքն էլ հաճախակի էր գնում Բաքու՝ աղջկա հարզատներին հյուր. որդիներից մեկը Բաքվում է ծնվել: Ամռանն էլ Էլմիրային այցելում էին կրտսեր քույրերը. մայրը միշտ աշխատել էր, իսկ քույրերին Էլմիրան էր խնամել:

«1989 թ. էր… Հայրս նոր էր մահացել, եւ ես գնացել էի նրա քառասունքին: Հետ եկա, ու հաջորդ օրը երկու կողմերն էլ փակեցին ճանապարհները: Սկսվեց «քրպրանոկը» (ղարաբաղյան բարբառով նշանակում է քարկոծել – հեղ.): Դա վերջին անգամն էր, որ տեսա հարազատներիս»,- պատմում է Էլմիրան:

Սկսվեց պատերազմը, եւ Սվարյանների երեք որդին էլ ինքնակամ միացավ կամավորական ջոկատներին: Էլմիրան այսօր ցավով է հիշում այն տարիները, երբ գյուղի վրա կրակ էին թափում, եւ միակ թոռանը կրծքին սեղմած` մի տնից մյուսն էր վազում, մի գյուղից` մյուսը: Կինը խոստովանում է, որ մի վայրկյան անգամ չի մտածել ընտանիքը լքելու ու Ղարաբաղից հեռանալու մասին:

«Երբ էս գյուղ հարս եկա, հո չգիտեի՞, որ պատերազմ կլինի: Այն ժամանակ մենք` երկու ազգերս, իրար հետ համերաշխ ապրում էինք: Երբեք տարբերություն չեմ դրել ազգերի միջեւ. ինձ համար կարեւորը մարդն է, իսկ թե ի՞նչ ազգության է, արդեն այդքան էլ կարեւոր չի»,- ասում է Էլմիրան: Նա համոզված է, որ ոչ ոք չէր գուշակում մոտալուտ պատերազմը:

Ադրբեջանցիներն իրենց գյուղում աշխատում էին, իրենք էլ Աղդամի շուկայից էին օգտվում: Այն հարցին, թե արդյոք նոր պատերազմի վախ չկա, ի պատասխան՝ Էլմիրան ասաց միայն, որ իրենք պատերազմից չեն վախենում, արդեն սովորել են, «եթե, իհարկե, կարելի է պատերազմ կոչվածին հարմարվել»: Էլմիրայի միակ մտահոգությունն այն է, որ հիմա չորս թոռ ունի:

«Մենք էլ պատերազմ չենք ուզում. ես 1994 թ. Վեյսալու գյուղի մատույցներում մի որդի եմ կորցրել, հերիք է: Ինչքան մայրեր են որդիներ ու կանայք` ամուսիններ կորցրել…»,- չկարողանալով զսպել արցունքները` ասում է Էլմիրան:

Այսօր Է. Սվարյանն ապրում է կրտսեր որդու ընտանիքի հետ: Արդեն երկու տարի է՝ մահացել է ամուսինը` Սլավիկը: Կնոջ առողջությունն էլ այն չէ, իսկ բժշկի դիմելու համար հնարավորություն չունեն: 7 հոգուց բաղկացած ընտանիքի հոգսը տան տղամարդու` Մարտիկ Սվարյանի ուսերին է:

«Որդիս բանակում է ծառայում. ջուր է բաժանում դիրքերին: Ամեն օր կրակի բերանով անցնելով՝ նա ընդամենը 100.000 հազար դրամ է ստանում: Իսկ այդ գումարն, ինքներդ լավ գիտեք, շատ քիչ է ընտանիք կերակրելու համար: Ես էլ թոշակ դեռ չեմ ստանում, իսկ երբ փորձեցի հիվանդության համար նպաստ ստանել, ասացին` չի հասնում: Որպես զոհված ազատամարտիկի մայր` ամուսնուս մահից հետո նպաստ էլ չեմ ստանում. ասում են՝ եթե թոշակառու չեմ, իրավունք չունեմ»,- վրդովված ասում է Էլմիրան:

Շուտով լրանում է որդու` Մարտիկի ծառայելու ժամկետը, իսկ թե ինչով պիտի զբաղվի հետո, չգիտեն. գյուղում աշխատանք չկա: Սվարյանների ավագ թոռը, ֆինանսների բացակայության պատճառով, չկարողացավ մեկնել Ստեփանակերտ՝ համալսարանում սովորելու: Թոռնուհին ստիպված Մարտունու ուսումնարանում է սովորում:

Անցած տարի Էլմիրան չեզոք տարածքում քույրերին տեսնելու ակնկալիքով մեկնել էր Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկ՝ աղջկա մոտ: 7 ամիս այնտեղ մնալով՝ այդպես էլ չէր հաջողել քույրերի հետ տեսակցել: Կինը պատմում է, որ քրոջը դժբախտություն էր պատահել. որդին էր ավտովթարից մահացել: Դրանից հետո քրոջ առողջությունը վատացել էր` գումարած ֆինանսական խնդիրները:

«Հեռախոսով կարողացա խոսել քրոջս հետ, ես այնտեղ էի լացում, նա էլ` այնտեղ: Երկար չկարողացա մնալ Նալչիկում. ամեն օր աղջկաս շտապեցնում էի, որ ինձ հետ ուղարկի հայրենի գյուղ: Վախենում էի օտարության մեջ մահանալ»,- ասում է Էլմիրան:

Նրա առողջությունը գնալով վատանում է, եւ միակ ցանկությունը մահանալուց առաջ քույրերին գեթ մեկ անգամ տեսնելն է:

Վերջում հարցրինք` երբեք մտքով չի՞ անցել թողնել ամեն ինչ ու ընտանիքով տեղափոխվել արտերկիր: Էլմիրան, առանց մտածելու, ասաց, որ կյանքի մեծ մասը` 45 տարի, Բերդաշենում է ապրել. դա արդեն իր տունն է, հարազատ օջախը:

Իսկ այն միտքը, որ կարող էր օտար երկրում հանկարծ մահանալ, կնոջ համար սարսափելի է. «Այսքան տարի այստեղ ապրելով՝ ինձ ոչ մեկը մի վատ բան ասած կամ արած չկա: Միշտ ասում եմ` չնայած ես ազգությամբ հայ չեմ, բայց 45 տարի ապրելով հայ ամուսնու հետ՝ կարող եմ ասել, որ հայ եմ, բա ինչ եմ…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter