HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Անահիտ Հայրումյանը մինչեւ հիմա հարազատների փրկագնի պարտքերն է վճարում

Կյանքի գինը` 10.000 ռուբլի…

Անահիտ Հայրումյանը 16 տարեկան էր, երբ սեփական ընտանիքը կազմեց, ապա ծնվեցին նրա 4 զավակները` 3 տղա եւ 1 աղջիկ:

Մինչ Արցախյան շարժումն իր տեսած դժվարությունների մասին տիկին Անահիտը նախընտրեց լռել` ասելով միայն, որ շատ փոքր էր, երբ ամուսնացավ, իսկ ընտանիք պահելն այնքան էլ հեշտ գործ չէր: 60-ամյա Անահիտ Հայրումյանը ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում: 1989 թ. մայիսին Ստեփանակերտի օդանավակայանը ադրբեջանցիներն արդեն շրջափակել էին, երբ Անահիտը ամուսնուն Երեւան վիրահատության տարավ: 16 օրվա ընթացքում երկու անգամ վիրահատեցին ամուսնու` Կառլեն Հայրումյանի ստամոքսը: Որոշ ժամանակ մնալով հիվանդանոցում` հետ վերադարձան Ստեփանակերտ: «1990 թ. հունիսի 1-ն էր… Վիրահատությունից հազիվ 15 օր էր անցել, երբ ամուսինս երեք տղաներիս, իր եղբոր ու ընկերոջ հետ գնացին մեր խոտհարքի տեղը նախօրոք դիզված խոտը մեր մեքենայով տուն բերելու: ըՁՀ (զրահամեքենա) եկավ, կանգնեց, միջից զինված ադրբեջանցիներ դուրս եկան, կապկպեցին նրանց ձեռքերը ու մեքենայի հետ տարան Խոջալու»,- հիշում է տիկին Անահիտը:

Խոջալուում նրանց արդեն սպասում էր շարժիչը միացրած ուղղաթիռը, որտեղից էլ Ա. Հայրումյանի հարազատներին տարան Շուշիի բանտ: Տղաներից փոքրը 16 տարեկան էր, իսկ մեծը` 19-ը: Հարազատների ձերբակալման լուրն իմանալուն պես նա շտապեց խոտհարքի տեղը, բայց արդեն ուշ էր… Հայրումյանների տանն իրարանցում էր: Ոչ մեկը չէր հասկանում կատարվածի պատճառները: Երբ միջնորդներ հայտնվեցին, որոնք խոստացան կլորիկ գումարի դիմաց օգնել ազատ արձակել հարազատներին, ամեն ինչ դանդաղորեն սկսեց պարզվել. մարդու առեւտուր էր, իսկ մի մարդու նախնական գինը սկսվում էր 10.000 ռուբլուց:

«Այն երկու ամիսները, որ հարազատներս գտնվում էին Շուշիի բանտում, պարետային ժամի կանոններին չենթարկվելով` ամբողջ օրը բանտի մոտակայքում էի` փորձելով այնտեղից դուրս եկողից տեղեկություն իմանալ որդիներիս ու ամուսնուս մասին: Ամեն առավոտ գնում էի բանտի պարետային կետի մոտ կանգնում, իսկ երեկոյան քարշ տալով տուն էին բերում` խաբելով, որ այսօր կազատենք, վաղը կազատենք»,- հիշում է տիկին Անահիտը: Օրերն անցնում էին, իսկ միջնորդները, որոնք խոստացել էին օգնել, միայն գումար էին պահանջում, արդյունքում սայլը տեղից չէր շարժվում:

Մի օր միջնորդները գալիս են Անահիտի տուն` փրկագնի մյուս մասի հետեւից: Հաշվելով տեսնում են, որ պահանջվող գումարից պակասում է: Արդեն չկարողանալով զսպել արցունքները` տիկին Անահիտը վրդովված ասաց, որ «բարերարներն» (նկատի ունի միջնորդներին-հեղ.) այնքան անխիղճ էին, որ բացել տվեցին թոռների «գանձատուփը», որտեղ երեխաները կոպեկներ էին հավաքում: Եղած կոպեկներով էլ լրացրին պակասող գումարը:

Ձերբակալությունից անցել էր ավելի քան մեկուկես ամիս, իսկ հարազատների ազատ արձակման մասին խոսք անգամ չկար: Անահիտն իմացավ, որ Ստեփանակերտ էր եկել ադրբեջանցի մի պաշտոնյա` ոմն Գարիբով:

«50-ից ավել մարդ էր հավաքվել Ստեփանակերտի ոստիկանության շենքի առաջ, եւ ամեն մեկն ակնկալում էր ինչ-որ կերպ դուրս բերել իր հարազատին բանտից: Հավաքվածների խղճուկ դեմքերն ինձ նյարդայնացրին ու դիմելով հավաքվածներին` ասացի` ի՞նչ եք խեղճ-խեղճ կանգնել, եթե նրանք կարող են մեր հարազատներին ձերբակալել, ինչո՞ւ մենք էլ չենք կարող պատանդ վերցնել նրանց պաշտոնյային ու փոխանակել մեր հարազատների հետ: Կարծես համաձայնվեցին, ես ասացի, որ առաջինը ես ներս կմտնեմ, միեւնույն է` կորցնելու բան չունեմ»,- պատմում է տկն Անահիտը: Երբ ներս մտավ, պահակը կանգնեցրեց ու քաշքշելով փորձեց դուրս վռնդել նրան: Ձայները Գարիբովի ականջին հասան, եւ վերջինս տիկին Անահիտին իր մոտ հրավիրեց: Անահիտը խոստովանում է, որ մինչեւ ներս մտնելը հետ նայեց ու տեսավ, որ ինքը մենակ է. դրսում կանգնածներից եւ ոչ մեկն այդպես էլ չէր համարձակվել ներս մտնել: Տեսնելով, որ լացն արդեն կոկորդն էր խեղդում, Գարիբովը Անահիտին առաջարկեց նստել ու հանգիստ արտասվել, որից հետո միայն կխոսեն: Հանգստանալուց հետո Անահիտը ադրբեջաներենով կարճ ներկայացրեց իրավիճակը: Գարիբովը զարմացած էր լսածից ու խոստացավ օգնել:

«Երբ դուրս եկա ու բակում կանգնած սպասում էի, Մամեդով անունով մի ադրբեջանցի քննիչ, որը ամուսնուս լավ ծանոթներից էր, մոտեցավ ու ասաց, որ շատ է խղճում ինձ ու խոստացավ որդիներիս ու տեգրոջս ազատել: Նա ասաց նաեւ, որ ամուսնուս հարցով անկարող է որեւէ բան անել, քանի որ նրան արդեն գնդակահարման են դատապարտել եւ ուղարկել Բաքվի բանտերից մեկը: Երբ ասացի, որ պատրաստ եմ վճարել ինչքան պետք է, ի պատասխան Մամեդովն ասաց, որ միջնորդներին վճարած ավելի քան 250.000 ռուբլին այդպես էլ Շուշի չի հասել, դրա համար էլ մերոնց բաց չեն թողնում»,- ասում է նա:

Մամեդովի հետ հանդիպումից օրեր անց տիկին Անահիտը գնաց ոստիկանության շենքի մոտ եւ, ընկնելով Մամեդովի ոտքերը, ծնկաչոք աղերսեց իրեն էլ տանել Շուշի, բայց արգելեցին` հավաստիացնելով, որ մի քանի ժամից որդիներն ու տեգրը արդեն ազատության մեջ կլինեն: «Ինձ թվում էր, եթե մի քանի մետր էլ առաջ գնամ դեպի բանտը, մեծ օգուտ կլնի: Մեկուկես ժամ չանցած` «ՈւԱԶ»-ը կանգնեց ոստիկանության շենքի բակում, ու վարորդը ցատկելով դուրս եկավ մեքենայից, կողքից դուրս եկավ մի զինվորական` ավտոմատով, եւ հետեւից` եւս երկու զինվորականներ` ավտոմատներով, ու դռները փակվեցին: Մտածեցի` վերջ, այս անգամ էլ խաբեցին»,- հիշում է տկն Անահիտը: Մի քանի րոպե անց վարորդը, ակնդետ նայելով իրեն, ձեռքով նշան է արել` ամեն ինչ լավ է:

Մեքենայի թափքը բացել են, ու տեսնելով զավակներին` մայրն ուշաթափվել է:

Տղաներն անճանաչելի էին. պատռված հագուստ, տանջված, նիհարած ու կեղտի մեջ կորած: Կրտսեր տղան տիրող քաոսում չնկատեց հետեւում կանգնած մորը եւ երբ վերնաշապիկը հանեց, տկն Անահիտը տեսավ, որ որդու մեջքին մտրակով խաչ էր արված, իսկ ամբողջ մարմնի վրա ծխախոտի այրվածքներ էին: Մյուս որդիների կրած տանջանքները մեկը մյուսից անտանելի էին. մեկի եղունգների տակն ասեղներով էին ծակել, մյուսին` երկար ժամանակ կախած պահել, եւ այդ ամենը շարունակվել է ուղիղ 2 ամիս 2 օր:

Բանտից` ուղիղ դիրքեր…

Զավակներին տուն բերելով` Անահիտը հանձն առավ գնդակահարման դատապարտված ամուսնուն ազատելու գործը: Արդեն սկսել էին առաջին փոխանակումները: «Մի օր եղբայրս եկավ ու ասաց, որ փոխանակվողների ցուցակ են կազմում ու հարցրեց, թե ամուսնուս` Կառլենի անո՞ւնն էլ գրել տա: Եղբայրս ասաց նաեւ, որ մերոնք պատրաստվում են դիակ տալ ադրբեջանական կողմին, ու քանի որ դիակը դիակի հետ են փոխանակում, մտավախություն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կարող է Կառլենին սպանել ու հետո միայն փոխանակել: Որոշեցինք միառժամանակ սպասել: Շուտով եղբայրս Մալիբեյլուից մի ադրբեջանցի է պատանդ բերում, ու ես նրան սկսում եմ պահել իմ տանը, որ հնարավորության դեպքում փոխանակենք ամուսնուս հետ»,- ասում է Ա. Հայրումյանը:

Տուն վերադառնալու հաջորդ օրը տիկին Անահիտի 3 որդիներն էլ կամավորական ջոկատներին միացան: Տղաները մինչեւ ձերբակալվելն էլ առաջին կամավորական ջոկատների հետ դիրքերում հերթապահում էին: Տիկին Անահիտը խոստովանում է, որ որդիները երդվել էին մինչեւ վերջ գնալ ու իրենց հորն ազատել:

Խոջալուի ազատագրումից մեծ որդին` Արթուրը, ադրբեջանցի մայր ու տղա ու մի աղջիկ պատանդ բերեց: 4 ադրբեջանցու 3 ամիս իր տանը պահելով` տիկին Անահիտը հույս ուներ ամուսնու հետ փոխանակել: Ադրբեջանցի տղան ծանր վիրավոր էր թիկունքից, եւ տիկին Անահիտն ամեն օր նրան վիրակապում էր:

«Երբ որդիներս հետաքրքրվում էին փոխանակման հարցերով, լսեցին, որ ադրբեջանցի մի պաշտոնյա իր փոքր աղջկա դիմաց պատրաստ է անգամ 4 հայ տալ:

Լսելով այդ` տղաներս իսկույն ադրբեջանցուն իմաց տվեցին, որ նրա ավագ աղջիկը մեր տանն է, եւ մենք պատրաստ ենք ամուսնուս հետ փոխանակել նրան:

Ապահովության համար խորհրդակցելով որդիներիս հետ` որոշեցի բաց թողնել նաեւ ադրբեջանցի կնոջը, իսկ տղային պահել` հույս ունենալով, որ վերջինս վերադառնալով Բաքու` ամեն ինչ կանի, որ իր որդուն փոխանակեն ամուսնուս հետ»,- ասում է նա: Ստացվեց այնպես, ինչպես մտածել էին:

Կառլեն Հայրումյանին մինչեւ բաց թողնելն այնքան են ծեծել, իսկ Բաքու-Աղդամ ճանապարհին այնքան են խոշտանգել` ծակելով ասեղով ու ծխախոտով վառելով մարմնի բաց հատվածները, որ հետո, երբ անցել էր որդու կողքով, վեջինս նրան չէր ճանաչել: Եվլախում կանգ առան: Տիկին Անահիտի տանը գտնվող աղջկա ու տղայի հարազատները Կառլենին մի կերպ ապահով տեղ տարան: Բանն այն է, որ ադրբեջանցիները գիտեին, որ Կառլենը հայ է, ավելին` լավ ճանաչում էին նրան. շատերի հետ Կ. Հայրումյանը գործի բերումով առնչվել էր: Հավաքված ամբոխը գազազած էր ու պատրաստ էր Կառլենին պատառ-պատառ անել: «Ամուսնուս պատվին ճոխ սեղան էին պատրաստել, բայց նա չէր համարձակվում ինչ-որ բան ուտել: Երբ պնդեցին, ամուսինս հարցրեց, թե ինչի համար է այսքան պատրաստությունը, ասացին, որ մի օր առաջ նրա ծննդյանն օրն էր, ու որ պայմանավորվածության համաձայն` այդ օրը նա արդեն պիտի որ տանը լիներ, բայց, ցավոք, չի ստացվել: Ու մեղքը «քավելու» համար որոշեցին իրենք մեկ օր ուշացումով նշել ամուսնուս ծննդյան օրը: Երեկոյան միայն պայմանավորված վայրում մեր տանը որպես պատանդ պահած 3 ադրբեջանցիներին (մի տղամարդ, մի պատանի ու մի աղջիկ) փոխանակեցին Կառլենի հետ»: Կ. Հայրումյանի վերադարձը որդիների ընկերները դիմավորեցին ավտոմատներով օդում կրակելով:

Տիկին Անահիտը մի պահ լռեց, ապա ասաց, որ, ցավոք, դա դեռ վերջը չէր, ու նա մինչ այսօր շարունակում է հարազատների ազատ արձակման դիմաց վճարված գումարի պարտքերը փակել: Հայրումյանները միլիոնատերեր չէին, ինչպես առեւանգողներն էին կարծում, իսկ այդ կլորիկ գումարը կինը պարտքով էր վերցրել ծանոթ-բարեկամներից: Միջնորդներին վճարած գումարները տիկին Անահիտն այդպես էլ հետ չի ստացել, չնայած բազմիցս դիմել է համապատասխան ատյաններին:

19 հոգի` մի ավտոտնակում…

Պատերազմից հետո Հայրումյանների 19 հոգանոց ընտանիքը ստիպված էր ապրել Ասկերանի շրջանի Ջամիլու գյուղում, ռմբակոծություից կանգուն մնացած միակ ավտոտնակում: Երեկոյան, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, մի սենյակը ձեռքի թեթեւ շարժումով, այսինքն` վարագույրի օգնությամբ վեր էր ածվում ննջասենյակի. մի մասում տղամարդիկ էին քնում, մյուս հատվածում` կանայք երեխաների հետ: «Որդիներս որոշ ժամանակ անց տեղափոխվեցին Ստեփանակերտ: Այսօր երկու որդիներս ստիպված են իրենց ընտանիքներով ապրել մի տանիքի տակ: Բանվորություն անելով հազիվ ծայրը ծայրին են հասցնում: Երեք որդիներս էլ վիրավորվել են պատերազմի ժամանակ: Ավագ որդիս` Արթուրը, ձեռքից է վիրավորվել, ու ականի բեկորը մինչեւ հիմա էլ չի հանվել, ողնաշարն է վնասվել: Որոշ ժամանակ հենակներով է ման եկել, հետո մի կողմ շպրտել ու գնացել Շուշիի ազատագրմանը մասնակցելու: Բայց ամենից շատ տուժել է կրտսեր որդիս: Այսօր կինն ու երեխաները քաղցկեղով հիվանդ են, իսկ տղաս էլ մինչ այսօր նյարդային հիվանդ է, հաճախակի նոպաներ է ունենում եւ ահավոր գլխացավեր»,- ասում է տիկին Անահիտը:

Մայրը չի կարող անգամ հիվանդանոցում որդուն բուժման տանել, քանի որ Լեոնիդի դեռեւս խորհրդային անձնագիր ունի: Բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, պատասխանը մեկն էր` նման մարդ գոյություն չունի: Ինչպե՞ս կարելի է գոյություն չունեցող մարդուն անձնագիր տալ, իսկ հաշմանդամության կարգի ու այլ բժշկական ծառայություններից օգտվելու մասին տիկին Անահիտը ավելորդ համարեց խոսել:Բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու ու որդիներին ինչ-որ կերպ օգնելու համար Բաքվի բանտերում ծեծված ու հրաշքով կենդանի մնացած Կառլեն Հայրումյանը կնոջ հետ ստիպված շարունակում է ապրել Ջամիլու գյուղում, որ «հողի հետ կռիվ տալով» օրվա հացը վաստակեն: «Եվ այսպես` արդեն 19 տարի, լամպի լույսի տակ օր ու գիշեր չարչարվել ենք: Երկու ամիս է, ինչ էլեկտրականություն ունենք տանը, այն էլ երկար ու համառ բողոքներից հետո միայն»,- ասում է Անահիտն ու զարմանում, թե ինչպես այդ ամենը տարավ ու չգժվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter