HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Երեք կուսակցություն` երեք հայացք դեպի ապագան

Այս հոդվածը երեք քաղաքական գործիչների ելույթների վերլուծության փորձ է` Վազգեն Մանուկյան (28.11.2007), Վահան Հովհաննեսյան (30.11.2007), Արթուր Բաղդասարյան (10.12.2007) (Վ. Մանուկյանի եւ Ա. Բաղդասարյանի ելույթները կարելի է գտնել «Հետքի» կայքում, իսկ Վ. Հովհաննեսյանինը` www.yerkir.am կայքում)։

Նրանցից յուրաքանչյուրն իր կուսակցության թեկնածուն է գալիք նախագահական ընտրություններում։ Իհարկե, սրանք նախընտրական ծրագրեր չեն, բայց ակներեւորեն պարունակում են նման դրույթներ, կուսակցության եւ անձամբ թեկնածուի դիրքորոշումը բնորոշող պնդումներ։

Թեեւ երեք թեկնածուն էլ այս կամ այն ձեւով անկախ Հայաստանի իշխանության մաս են կազմել, նրանք արմատական քննադատության են ենթարկում ներկա եւ նախկին իշխանություններին։ Իսկ քննադատության թեմաները եւ ուղղությունները հաճախ համընկնում են գրեթե բառացիորեն կամ լրացնում են իրար. համատարած կոռուպցիա, իշխանության եւ հանցագործ աշխարհի սերտաճում, երկրի կառավարումը կլանային խմբավորումների կողմից, դատական համակարգի վերածումը իշխող խմբի շահերը սպասարկողի, տնտեսական եւ քաղաքական մրցակցության բացակայությունը.…

Գրեթե նույն բառերով են ձեւակերպվում նաեւ անելիքները. անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ (ՀՅԴ, ՕԵԿ), վերափոխել պետությունը (ԱԺՄ)։ Իսկ ինչպե՞ս հասնել այդ նպատակին։ Այստեղ ի հայտ են գալիս մոտեցումների տարբերությունները։

Եթե Վ. Մանուկյանը նախագահական ընտրություններին մասնակցելու հարուստ փորձ ունի, ապա մյուս երկուսը նորեկներ են, եւ սա նույնպես անդրադառնում է նրանց ելույթների տոնի վրա։

«Մենք ընտրում ենք ապագան»

Իր ելույթում Վ. Հովհաննեսյանը մեծ տեղ է հատկացնում Հայաստանի պետական համակարգի քննադատական վերլուծությանը` մատնանշելով մի շարք սկզբունքային խեղաթյուրումներ. անհավասարակշռությունը իշխանության եւ իրավունքի միջեւ («մեր երկրում իշխանությունը գերակայում է իրավունքի նկատմամբ»), «ուժը եւ փողը»` որպես «հեղինակության» միակ աղբյուր, գործադիր իշխանության գերակայությունը քաղաքական ուժերի նկատմամբ եւ այլն։

Նա փորձում է հիմնավորել իշխանությունների հետ ՀՅԴ-ի ինը տարվա համագործակցության արդյունավետությունը` միաժամանակ նշելով, որ այդ ընթացքում կուսակցությունը չի դավաճանել իր սկզբունքներին։

Ընդգծելով երկրում համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որը «պետք է ընդգրկի բոլոր ոլորտները եւ ուղղությունները», նա հարցնում է. «Ումի՞ց սպասենք, ումի՞ց պահանջենք անհրաժեշտ համակարգային փոփոխությունները… Եւ ինչու՞ պետք է ընտրենք անցյալի եւ ներկայի միջեւ… Մենք ընտրում ենք ապագան։ Մենք ընդունակ ենք եւ պատրաստ ենք ինքներս իրականացնել համակարգային փոփոխություններ»։

Կարելի է ասել, որ ՀՅԴ-ն իրեն նույնացնում է ապագայի հետ` խուսափելով ոտք դնել ապագայի երերուն հողի վրա եւ ինչ-որ ծրագրային որոշակիություններ մտցնել։ Առայժմ ունենք ընդհանուր ձեւակերպումներ «Հայաստանի եւ հայության կայուն զարգացման եւ անվտանգության ապահովման» (այս արտահայտությանը կանդրադառնամ ավելի ուշ), «երկրի առաջընթացի» համար արդեն արված աշխատանքի եւ ավելին անելու պատրաստակամության մասին։

«Ազգային պոռթկումը»

Եթե ՕԵԿ-ի առաջնորդի ելույթը շատ ընդհանուր բաներ ունի մյուս երկու ելույթների հետ ներկա իրականության արատավոր կողմերը մատնացույց անելու առումով, ապա խիստ տարբերվում է հռետորական ոճով։ Առաջին իսկ պարբերությունից հայտնվում է պայքարի թեման եւ համապատասխան բառապաշարը` կամք ու հավատ, զինակիցներ, արդար ու անկաշառ ձայներ (որոնց թիկունքում չկան բիրտ ճնշումներ եւ ընտրական կաշառքներ), համոզմունք, վստահություն, անկոտրում վճռականություն, վճռական պայքար, զրկանքներ եւ դժվարություններ, բռնաճնշումներ եւ ատելություն…. Այս պարբերության մեջ խտացված են ոչ միայն ելույթի հիմնական թեմաներից մի քանիսը, այլեւ արտահայտման ձեւը, փաստարկման եղանակը։

Ամբողջ ելույթում կուսակցությունը եւ մասնավորապես նրա առաջնորդը ներկայացվում է հարատեւ պայքարի ընթացքի մեջ, հետապնդումների ու ճնշումների ենթակա, բայց անկոտրում կամքով եւ մինչեւ վերջ գնալու վճռականությամբ։ Հռետորի խոսքը` իր կառուցվածքով, իր ագոնիստական երանգավորվածությամբ (մրցակցություն եւ պայքար, ճնշումներ եւ դիմակայություն), կոչված է մարմնավորելու եւ լսարանին հաղորդելու այդ ընթացքի զգացողությունը։

Խոսքի կառուցման հիմնական ձեւերից են եթե/ապա, մի կողմից/մյուս կողմից հակադրությունները, որոնք լրացվում են որոշ պարզաբանումներով եւ եզրակացություններով. «Եթե քաղաքակիրթ աշխարհում իրավունքով եւ օրենքով է սահմանափակվում իշխանությունը, ապա Հայաստանում իշխանությունն է բիրտ ուժով սահմանափակում մարդկանց իրավունքները (սա հիշեցնում է Վ. Հովհաննեսյանի ելույթի առաջին թեման - Հ.Բ.)։ Պատճառն ակնհայտ է. այն իշխանությունը, որ վախենում է իր ժողովրդից, սկսում է հսկել նրան, ասվածի վկան զանգվածային գաղտնալսումներն են եւ ոչ համարժեք բռնաճնշումները ազատ մտածող մարդկանց նկատմամբ….»։ Եւս մեկ հատված. «Հայաստանում իշխանության ուժը հիմնված է մի կողմից «բարեփոխումները լավ էլ առաջ են գնում» կարգախոսի վրա, եւ մյուս կողմից` այդ իրականացնելու համար օգտագործելով գրեթե հարյուր տոկոսով վերահսկվող հեռուստատեսային եթերն ու դատարանները։ Այդպես է իրականացվում վարչակարգի ունակությունը` հսկելու այն, ինչ ընթերցվում է, ասվում եւ խոսվում է, իսկ առողջ քննադատությունն ու ազատ խոսքը սվիններով է ընդունվում։ Հարկ է ընդունել, սակայն, որ այս ժամանակներն այլեւս անցել են, որովհետեւ հարկադրաբար այլեւս անհնար է ուղեղների լվացման զանգվածային գործընթաց իրականացնել, իսկ երեւութական այս դիմակահանդես-փառատոնին մասնակցողներից շատերն անտարակույս երկդիմի են, որովհետեւ գոյատեւելու համար պարզապես կատարում են գերիշխող գաղափարախոսության պահանջները»։

Բնութագրական է գնահատականներ տալու անուղղակի եղանակը. «…որոնց գործունեության մասին ժողովրդի գնահատականներում գերիշխում է գերազանցապես միայն բացասականը», հիմնավորումների յուրահատուկ, զուտ հռետորական ձեւը. «Մենք պետք է վերափոխվենք, որովհետեւ վերափոխում են պահանջում մեր ժառանգները»։ Ակնհայտ է ժողովուրդ, ազգ, երկիր, հայրենիք եւ հայրենասեր քաղաքական գործչին բնութագրող այլ նորմատիվային նշանների գերածախսը։

«Ամեն ինչում նկատվող հետեւողական հետընթացը», «բարոյական արժեքների խիստ նահանջը» ստիպում են հայտարարել «բարոյականության եւ հավատի վերածննդի հրատապ անհրաժեշտության» մասին։ Առանձնահատուկ իմաստ ունի «պոռթկում» բառը. «Ազգային պոռթկումը ազատությունն է, ուրեմն նաեւ` առաջընթացի եւ վերելքի պոռթկումն է…», «Մեզ նոր պոռթկում է հարկավոր…» եւ այլն։ 

Ըստ երեւույթին, բանախոսը ցանկացել է խուսափել «հեղափոխություն» բառից։ Չէ՞ որ հայ «սոցիոլոգները» մի բերան պնդում են, որ Հայաստանի բնակչությունը հեղափոխություն չի ուզում, իսկ պոռթկման մասին դեռ ոչինչ չեն ասել։ Թերեւս պոռթկումն այնքան ինքնաբուխ մի բան է, որ սոցիոլոգիական կամ քաղաքագիտական հիմնավորումների կարիք չունի էլ։

Վերջում Ա. Բաղդասարյանը խոսում է իր անունից. «Ես ուզում եմ դառնալ այն առաջնորդը… Հայաստանը պետք է հաղթի։ Դրա համար ես պատրաստ եմ զոհաբերել եւ դիմանալ…»։

Մի խոսքով, Հայաստանը քնած գեղեցկուհի է, որը սպասում է իր ասպետին, եւ ահա «Օրինաց երկրի» արքայազնը եկել է փրկելու նրան. «Հայաստա՛ն, բաց արա՛ քո աչքերը»… Չեմ հեգնում, իսկ եթե նույնիսկ հեգնում եմ, ապա նաեւ գիտեմ, որ Հայաստանի բնակչության մի զգալի մասը ոչ միայն կորցրել է հավատը քաղաքական գործիչների նկատմամբ, այլեւ առանձնապես ականջ չի դնում երկարաշունչ վերլուծություններին եւ տրամաբանական հիմնավորումներին։ Համոզված եմ, որ այսպիսի խոսքը կարող է ոչ միայն հարուցել կուսակիցների խանդավառությունը, այլեւ իր կողմը գրավել ընտրողներից շատերին։

Այս դեպքում նպատակը ոչ այնքան տրամաբանական լինելն է, որքան անկեղծ հռետորական ներշնչանքով լսարանին տոգորելը։ Այն մասին, թե ինչպե՞ս կարող է որեւէ նպատակի հասնելու բուռն ցանկությունը փոխակերպել մարդուն` համոզիչ դարձնելով նրա խոսքը թե՛ իր, թե՛ ուրիշի համար, շատ լավ նկարագրված է Աղասի Այվազյանի «Սուրբ ճշմարտություն» պատմվածքում։ Բայց այն, ինչ Ա. Այվազյանի հերոսը կարողանում է անել մեկ անգամ, քաղաքական գործիչը ստիպված է կրկնել պարբերաբար։

Բանավոր խոսքի եւ մտածողության նշանավոր տեսաբան Վալտեր Օնգը նշում է, որ բանավոր խոսքը եւ մտածողության համապատասխան ձեւերը դեռեւս մեծ տարածում ունեն տեխնոլոգիապես նվազ զարգացած երկրներում, եւ օրինակ է բերում Խորհրդային Միությունում ընդունված խոսքի` էպիտետներով հարուստ, բանաձեւային տեսակները` «Հոկտեմբերյան Մեծ հեղափոխություն», «Հայրենական Մեծ պատերազմ», «բոցաշունչ հեղափոխական» եւ այլն։ Ուրեմն, Հայաստանում զանգվածների համար նման խոսքի համոզչությունը կարելի է բացատրել նրանով, որ այն հիշեցնում է ոչ հեռավոր անցյալի խորհրդային շրջանի հռետորությունը (այս անգամ` ազգային բովանդակությամբ), ինչպես նաեւ` առհասարակ մարդկանց մտածողության մեջ բանավորության շարունակվող ազդեցությամբ (տպագիր խոսքը` որպես զանգվածային հաղորդակցության միջոց, Հայաստանում կարճատեւ պատմություն ունի)։ 

Հեգնականորեն, որոշ ժամանակակից տեխնոլոգիաներ, գրքի նկատմամբ հետաքրքրության նվազման հետ միասին (խոսքը Հայաստանի մասին է), նպաստում են բանավորության` նոր ձեւերով վերադառնալուն։ Հիմնականը, իհարկե, բջջային հեռախոսներն են, բայց նաեւ ինտերնետային զրուցարանները, բլոգերը եւ այլն, որոնց լեզուն, թեեւ լինելով գրավոր, շատ մոտ է առօրյա խոսակցական լեզվին։ Արժե ավելացնել, որ հայկական հեռուստակայաններում նույնպես ծաղկում է ժարգոնային լեզուն, որը հասարակության մեջ ռացիոնալ խոսքի եւ դատողության կարողությունները ջնջելու հետեւողական աշխատանքի դրսեւորումներից մեկն է։

Շարժման գաղափարները

Վ. Մանուկյանի ելույթում անկախության տարիների բոլոր նշանակալի իրադարձությունները, ինչպես նաեւ` այսօրվա անելիքները դիտվում եւ իմաստավորվում են 1988 թ. Շարժման բացած հեռանկարում։ Նշմարվում է Շարժման ակունքներին վերադառնալու եւ մի անգամ տանուլ տված գաղափարները վերագտնելու մոտիվը։ Ըստ նրա` այդ գաղափարները հայ ժողովրդի մեջ դրսեւորվեցին 1988-ին, եւ միայն դրանց վրա է հնարավոր կառուցել արդյունավետ պետական համակարգ։ Խոսքը երկու դոմինանտ գաղափարների` ազատության եւ ազգային ավանդական արժեքների կամ «ազգային կերպի» մասին է։

Հասկանալի է, որ վերացական գաղափարները շատ քիչ են, ուստի. «Մեր մտածողությունն ենք ուզում փոխել, պետությունն ենք ուզում վերափոխել»։ Բայց տեղին է նաեւ հաջորդ հարցը. «Եթե դա համատարած ժողովրդական շարժում չէ, եթե այդ մարդը տվյալ գաղափարի կրողը չէ, ապա ինչպե՞ս պետք է փոխվի»։ Հարց, որն, ըստ էության, անպատասխան է մնում, քանի որ պարզ չի դառնում` մարդը փոխվում է, քանի որ կրու՞մ է գաղափարը, թե՞ մարդը դառնում է գաղափարի կրողը, երբ փոխվում է, ե՞րբ է սկսվում ժողովրդական շարժումը եւ այլն։ Կարծում եմ` այս է պատճառը, որ Վ. Մանուկյանը ստիպված է լինում կատարել այնպիսի վիճահարույց պնդումներ, ինչպիսին սա է. «Հայ մարդը սիրում է ազատություն»։

Ներկա իրադրությունը որոշակի պատմական հետագծի վրա դնելու այս փորձը կլիներ շատ հետաքրքիր եւ օգտակար, եթե հասներ իր նպատակին, եթե անպատասխան չթողներ բազմաթիվ հարցեր։ Եթե փորձենք Շարժման գաղափարները, դրանց ծնունդը զետեղել իրենց ժամանակի պատմական համատեքստի մեջ, ապա, կարծում եմ, պարզ կդառնա, որ դժվար թե կարելի է հավատալ դրանց վերահայտնությանն այսօր, միանգամայն տարբեր պատմական իրադրության մեջ։

Ելույթի մեջ մարմնացել են վերլուծական անդրադարձից խուսափած մի շարք համոզմունքներ եւ պատկերացումներ։ Ամենաբնութագրականը «հայն» է, որը, կարծում եմ, ներկայացվում է խորհրդային տարիների ըստ էության անդասակարգ, միատարր հասարակության համար բնորոշ պատկերացումների մակարդակում։ Մի՞թե այսօր հնարավոր է այսպիսի պնդում. «Հայը սիրում է ազատություն» (հավանաբար այն ժամանակ, երբ նրան տալիս են այդ ազատությունը. «Տվե՛ք հային ազատություն…»)։ Մյուս կողմից` «Հայ մարդը նվիրված է իր ազգային ավանդական արժեքներին, ուզում է ապրել հայկական ավանդույթներով, հայկական նիստուկացով…»։ Մի՞թե ակնհայտ չէ, որ այսօր այլեւս չկա այդպիսի միարժեք «հայ», որ հայաստանյան հասարակությունը հարուստների եւ աղքատների բաժանող անդունդն այնպիսի տարբերություն է ծնել, որը չի կարող հաղթահարվել էթնիկական ընդհանրությամբ։ Հայաստանի հասարակությունն այլեւս բաժանված է մեծապես տարբեր խավերի, եւ այդ հանգամանքն ընդգծված է Վ. Հովհաննեսյանի զեկուցման մեջ. «…. իրենց անվերահսկելի տնտեսական գործունեությամբ վտանգավոր չափերի են հասցնում սոցիալական բեւեռացումը` բացառելով հասարակական համերաշխության հասնելու որեւէ հնարավորություն»։

Միեւնույն ժամանակ, «հայն այսպիսին է, հայն այնպիսին է» տիպի պնդումները կարող են հարուցել (ես կարծում եմ, որ հարուցում են) այլատյացության որոշ ձեւեր։ Այսպիսի արտահայտությունները գուցե այնքան էլ վատ չեն ներքին օգտագործման համար, բայց, իմ կարծիքով, այնքան էլ տեղին չեն տարածաշրջանային համագործակցության հեռանկարի տեսանկյունից, որի հույսը, թվում է, ունի Վ. Մանուկյանը։

Իսկ մի՞թե նոր ժամանակի Եվրոպայի պատմությունն ակնհայտ չի դարձնում, որ արդիականացումը (ուրեմն եւ արդիական իմաստով հասկացված ազատությունը, ժողովրդավարությունը եւ մնացած բաները) ավանդության դեմ պայքարի, վերջինիս նահանջի կամ փոխակերպման պատմություն է։ Ուրեմն այդ ի՞նչ «ազգային կերպ» է, որն անխռով գոյակցում է ազատության հետ (եւ այդ ի՞նչ ազատություն է), այդ ո՞ր ավանդական արժեքները եւ հայկական նիստուկացն է, որով իբրեւ թե ուզում են ապրել այսօրվա հայերը։ Ավելի ճիշտ չէր լինի՞ խոսել հայի եւ հայկականի փոխակերպման, ազգային կերպի (իրականում` բազմաթիվ կերպերի) վերակառուցման բարդ եւ հակասական ընթացքների մասին եւ հարցնել, թե որքանո՞վ է հասարակությունը պատրաստ դրան։

Տարբերությունների նկատմամբ անուշադրությունը շարունակվում է նաեւ այլ ուղղությամբ. մի՞թե Հայաստանում ապրում են միայն հայեր, ազգային փոքրամասնություններ չկա՞ն։ Հայկական ավանդության մեջ ակնհայտ (բայց ոչ հայության մենաշնորհ) եւ այսօր էլ բացահայտ գործող` կանանց եւ տղամարդկանց անհավասարության պայմաններում հնարավո՞ր է ազատ հասարակություն։

Ապագայի հեռանկարը եւ պատմական համատեքստը

Հայաստանի քաղաքական գործիչները սիրում են համեմատություններ կատարել ստանդարտ եվրոպական մոդելների հետ, օրինակները բերել արեւմտյան երկրներից, իսկ աֆրիկյանի եւ ասիականի մասին հիշում են, երբ պետք են բացասական օրինակներ։ Վ. Հովհաննեսյանը խոսում է «բոլոր պետությունների ներքին հասարակական եւ քաղաքական կյանքի պատմության» մասին, Ա. Բաղդասարյանը պնդում է բառացիորեն հետեւյալը. «Հարկ է գիտակցել, որ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի իշխանությունը ոչ ամերիկյան, ոչ եվրոպական եւ ոչ էլ ռուսական են։ Եւ ցանկացած վայրում ու ցանկացած ժամանակ տրվում է ընտրելու հնարավորություն…»։ Վ. Մանուկյանը հիշեցնում է, որ տասնյակ ասիական եւ աֆրիկյան պետություններ, 1960-ականներին անկախություն ստանալով, պատճենեցին ԱՄՆ-ի կամ Անգլիայի Սահմանադրությունը, բայց ոչնչի չհասան։

Իսկ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների կամ (նախկին) Երրորդ աշխարհի երկրների (այո՛, ասիական եւ աֆրիկյան) փորձը չի՞ կարող հետաքրքիր լինել Հայաստանի համար (որոնց նվիրված անհաշիվ ուսումնասիրություններ կան)։ Իսկ Հայաստանն իր Սահմանադրությունը չի՞ արտագրել ճիշտ նույն ձեւով, այլ ստացել է ի վերո՞ւստ։ Եւ Հայաստանի, ինչպես նախկին խորհրդային հանրապետություններից շատերի, մասին միջազգային տեղեկատվամիջոցները չե՞ն խոսում նույն լեզվով, ինչ վերոհիշյալ ասիական եւ աֆրիկյան երկրների։ 

Թե՞ ենթադրվում է, որ Հայաստանը նման չի նախկին գաղութային երկրներին։ Բայց եթե խորհրդային ժամանակը (դրանից էլ առաջ` ռուսական տիրապետությունը) գաղութային չէր, ապա ինչու՞ պետք է 1988 թվականի շարժումն առաջնորդվեր ազատության եւ ազգային արժեքների գաղափարներով։

Երրորդ աշխարհի թեման, թերեւս ակամա, հայտնվում է Վ. Հովհաննեսյանի ելույթի «Հայաստանի եւ հայության կայուն զարգացման եւ անվտանգության ապահովման» թեմայի մեջ։ Զարգացման գաղափարը, նրա բոլոր տարատեսակները, այդ թվում` «կայուն զարգացումը», ի հայտ եկան Երրորդ աշխարհի երկրներն արդիականացնելու արեւմտյան ծրագրերի հետ միասին։ Իհարկե, «հայության կայուն զարգացումը» ճիշտ ձեւակերպում չէ, բայց Հայաստանի նկատմամբ այդ գաղափարը կիրառելի է (թեեւ այստեղ էլ լուրջ վերապահումների տեղ կա)։ 

Հայաստանի համար Երրորդ աշխարհի փորձառության եւ հատկապես այնտեղ մշակված տեսական մոտեցումների կարեւորությունն ընդգծելու համար մտադիր էի պատմել սեւամորթ մտածող, Ալժիրի ազատագրման պայքարի մարտիկ Ֆրանց Ֆանոնի տեսական հայացքների մասին (անգլերեն լեզվով նրա գրքերը մատչելի են Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում), որոնք խորը հետք են թողել ետգաղութատիրության տեսության բնագավառի ձեւավորման եւ զարգացման վրա, բայց հոդվածի ծավալը մեծացավ, եւ ստիպված եմ բավարարվել մի դիտողությամբ։ 1961 թվականին հրապարակված իր գրքում նա դիտարկում է ազգայնականության եւ ազատության փոխհարաբերության հարցն այնպիսի խորությամբ, որ այդ թեմայով հայ քաղաքական գործիչների այսօրվա դատողությունները մանկական թոթովանք են թվում։

Նրանցից ոչ մեկը չի խոսում պատմական ներկա համատեքստի թելադրած լեզվով` Հայաստանի ռուսական վերագաղութացում, անդրազգային կապիտալի ազդեցության մեծացում, որի պատճառով էապես մեծանում է պետական համակարգի կոռումպացվածության աստիճանը (այն բնավ էլ զուտ ներքին խնդիր չէ, այլ կապված է միջազգային կազմակերպությունների կոռումպացվածության եւ աշխատաձեւերի հետ) եւ այլն։

Կյանքը ՀՀ վարչապետի հովանու ներքո

Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ բարեգործությունը պետք է դառնա նորմ (կարծեմ մի խումբ դպրոցականների անձնագրեր հանձնելու արարողության ժամանակ), նա արձանագրում է ներկա վիճակի անխուսափելիությունը, երբ պետական համակարգում նորմ են համատարած թալանն ու կոռուպցիան։ Մենք հասկանում ենք, որ դրանք վերացնելու մասին պետք չէ մտածել, այլ պետք է այդ նորմերի թվին ավելացնել եւս մեկը` բարեգործությունը։

Ըստ հայտնի բանաձեւի` նպատակն արդարացնում է միջոցները, գործում են երկու կողմերն էլ։ Այդ սկզբունքով են առաջնորդվում նրանք, ովքեր ցանկանում են այս նախընտրական պահն օգտագործել եւ հայ ժողովրդին երջանկացնել նոր ցուցահանդեսներով, ներկայացումներով ու համերգներով (որոնք անխուսափելիորեն անցկացվում են «ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո»)։ Առիթից օգտվելով` նրանք Հայաստան են բերում նաեւ «բարձր» բաներ` տեխնոլոգիաներ, արվեստ եւ այլն։ ՀՀ վարչապետը նույնպես առաջնորդվում է այդ բանաձեւով` եթե մարդիկ ընդառաջ են գալիս (սիրով ընդառաջ գնում են շատերը. հիշենք «Իմ զենքը իմ -ն է» պատկերաշարի հերոսների ստվար բանակը), ապա այսուհետեւ այդպես էլ պետք է լինի։

Վարչապետի այս կոչն արձանագրում է նաեւ Հայաստանի հասարակության բաժանվածությունը միանգամայն տարբեր խավերի` հարուստների եւ աղքատների (ինչի մասին խոսվեց վերը)։ Այսինքն` նա խոսում է այսօրվա իրողությունների` հասարակության ծայրահեղ բեւեռացվածության մասին եւ, ի միջի այլոց, առաջարկում հասարակական համերաշխության բանաձեւը` հարուստները դառնում են բարեպաշտ մարդիկ եւ մոլեռանդ բարեգործներ (հասկանալով, որ իրենք չեն կարող երջանիկ լինել, եթե իրենց հարեւանն աղքատ է)։ Եւ նա անձնական օրինակ է ցույց տալիս, որը շատերին դուր է գալիս, համոզիչ է թվում։ Իսկ ընտրություններից հետո, որպես հավատարիմ կոալիցիոն գործընկեր, ժողովրդի հովանու դերը կարող է ստանձնել, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, եւ այդպես շարունակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter