
Երկու կին, մեկ ճակատագիր…
Առավոտյան ընկերուհուս հետ ճանապարհվեցինք Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ՝ հեռուստահաղորդման համար ազգային կերակրատեսակներ նկարահանելու:
Երբ հասանք, մեզ արդեն սպասում էին ազգային կերակրատեսակների համեղ տեսականին ու հյուրասեր հաթերքցի տանտիկինը:
69-ամյա Վալյա Անտոնյանն ամեն մի կերակրատեսակի բաղադրության ու պատրաստման գաղտնիքները բացելով՝ «բացեց» նաեւ իր կյանքի պատմությունը:
5-րդ դասարանից հետո Վ. Անտոնյանն իր դասընկերների հետ հայրենի Զագլիկից գնում էր հարեւան Հաթերք գյուղի դպրոցը:
«8-րդ դասարան էի փոխադրվել, երբ իմ ապագա ամուսինը` Գրիշան, առաջին անգամ տեսավ ինձ: Չնայած ես խուսափում էի նրա հետ շփվելուց, նա ամեն ինչ անում էր իմ ուշադրությունը գրավելու համար: Ես նրան պարզ ասացի, որ դեռ փոքր եմ եւ ամուսնանալու մտադրություն չունեմ, եւ ընդհանրապես ինձ ուրիշն է դուր գալիս, ու ես խոստացել եմ սպասել նրա բանակից վերադառնալուն»,- հիշում է նա:
Սկզբում Գրիշան ասում էր, որ կսպասի Վալյան ուսումն ավարտի, հետո միայն կամուսնանան: Բայց շուտով բանակից ծանուցում եկավ, եւ Գրիշան որոշեց փախցնել աղջկան:
Սովորականի պես դպրոցից տուն էր գնում, երբ Գրիշան զոռով թեւից քարշ տալով՝ նրան հասցրեց մինչեւ գյուղի վերջը, այնտեղից էլ ընկերները ձի բերին, մեջքով դրեցին թամբին ու տարան: Ճանապարհին ձիու թամբն այնքան է ցավացրել Վալյայի մեջքը, որ վերջինս ցավից ուշագնաց է եղել:
«Մինչեւ ուշագնաց լինելս դիմադրում էի, ինչքան կարող էի. Գրիշայի ձեռքերը կսմթում էի, կծում, բայց մեկ է՝ նա ինձ բաց չէր թողնում: Դրանից հետո ոչինչ չեմ հիշում: Սթափվեցի դեմքիս ցանած սառը ջրից»,- պատմում է Վալյա Անտոնյանը:
Ուշքի գալով՝ առաջինը, ինչ նա նկատեց, պատառոտված ու ցեխոտ հագուստն էր: Փորձեց իրեն կարգի բերել, ուղղել հագուստը, չստացվեց:
Մատները վախից ու ցավից քարացել էին: Գրիշան ուղղեց ամեն ինչ եւ փորձեց հանգստացնել:
Գիշերն անցկացրին մոտակա ձորում` շրջապատված մոշի թփերով:
Վալյայի փախչելու փորձն անհաջողությամբ պսակվեց, նկատեցին ու հետ բերեցին:
«Հաջորդ օրն իմ ապագա կեսրայրը եկավ ու ինձ ձիով տարավ հարեւան գյուղ` իրենց ծանոթներից մեկի տուն: Գիշերը ինձ տեղավորեցին տանիքում: Տանտիրուհուց մի շոր խնդրելով՝ իմ պատռված հագուստը փորձեցի լվանալ ու կարգի բերել: Առավոտյան ոստիկաններ եկան իմ հետեւից, բայց տանտիրուհին փակեց բերանս, որ ձայն չհանեմ»,- ասում է Վ. Անտոնյանը:
Նույն օրը գիշերը ոստիկանները թաքուն տիկին Վալյային տարան Մարտակերտի ոստիկանություն: Քանի որ ապագա սկեսրայրը ոստիկան էր, հարցը լուծեցին «գեղական կարգով»:
Թուղթ ու գրիչ դնելով Վալյայի ձեռքը եւ ատրճանակի ծայրով սեղանին խփելով` ստիպեցին ծնողներին գրել, որ ինքնակամ է փախել:
Որոշ ժամանակ հետո ծնողները ոստիկանություն եկան եւ տուն տարան աղջկան, բայց հանգստացնելու փոխարեն մեղադրում էին ու «հարամ շուն» անվանում:
Չդիմանալով այդ ամոթանքին՝ Վալյան ինքնասպանության փորձ արեց, բայց հայրը ժամանակին հասավ ու ձեռքից խլեց դանակը: Այդ դեպքից հետո ծնողներն ամենուր հետեւում էին նրան, որ հանկարծ նման բան չանի:
Տիկին Վալյան խոստովանում է, որ մթնոլորտը ճնշող էր, մի կողմից ծուռ ու ամոթանքով լի հայացքները, մյուս կողմից` սեփական տանը բանտարկյալի զգացողությունը. «Մի շաբաթից հետո Գրիշայի եղբայրը մի քանի բարեկամների հետ խնամախոսության եկավ: Ես այլ ելք չունեի, քան համաձայնվել: Տիրող իրավիճակն արդեն անտանելի էր: Այդպես ինձ հարս տարան, իսկ Գրիշային էլ զորակոչեցին: Ես մնացի իմ ջադու կիսրոջ մոտ»:
Այդպես 15 տարեկանից դպրոցի փոխարեն Վալյան տեգոր կնոջ հետ սկսեց կոլտնտեսությունում աշխատել: Շուտով նաեւ ամուսինը զորացրվեց: Հինգ երեխա ուներ, երբ դժբախտ պատահարից մահացավ տիկին Վալյայի ամուսինը:
31 տարեկան միայնակ կնոջ խնամքի տակ էր մնացել 5 զավակ. մեծը 12 տարեկան էր, իսկ կրտսերը` ընդամենը 7 ամսական: Որպես միայնակ ու բազմազավակ մայր տիկին Վալյային տարբեր աշխատանքների էին տեղավորում, շատ հաճախ էլ մեկի փոխարեն մի քանի տեղ էր աշխատում:
Երբ արդեն զավակները մեծացել էին, մի քանիսին հասցրել էր ամուսնացնել, իսկ տունն էլ արդեն տան նման էր, սկսվեց Արցախյան պատերազմը: Երեք որդիները ինքնակամ միացան կամավորական ջոկատներին:
«1992 թ. հունիսի 4-ին համագյուղացիների հետ ամեն ինչ թողնելով՝ մազապուրծ փախանք Ստեփանակերտ: Երբ ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել, ես թոռանս էի լողացնում. հասցրի կրծքիս սեղմել ու նկուղ վազել: Հաջորդ օրը ճանապարհվեցինք Կիրովական (այժմ` Վանաձոր-հեղ.): 1993 թ. փետրվարին գյուղը ազատագրվեց, մայիսին մենք հետ եկանք Հաթերք»,- հիշում է տիկին Վալյան:
Գյուղն ամբողջությամբ վառվել էր. կանգուն էին մնացել միայն տան պատերը եւ գոմը: Ու նորից սկսեցին զրոյից ստեղծել ու կառուցել: 1993 թ. որդիներից Մասիսը աղջիկ փախցրեց:
Ինչպես պատմում է վերջինիս կինը՝ Սեդան, ճակատամարտից առաջ Մասիսը ինքնաձիգով ու նռնակներով զինված եկավ իրենց տուն ու ասաց, որ եկել է փախցնելու:
Նա ահաբեկում էր, որ չհամաձայնվելու դեպքում կպայթեցնի տունը: Սեդան համաձայնեց ու, թաքնվելով Մասիսի զինվորական բաճկոնի տակ, գիշերով հարս գնաց:
«Ճակատ մեկնող տղաները մթության մեջ սկզբում չհասկացան, թե ով անցավ իրենց մոտով ու անգամ չբարեւեց: Երբ հասկացան, սկսեցին մեր հետեւից ծափ տալ ու երգել»,- հիշում է Մասիսը:
Տիկին Վալյան պատմում է, որ կեսգիշեր էր, երբ որդին կանչեց ու ասաց, որ հարս է բերել: Նա իսկույն վեր կացավ ու, մթության մեջ խարխափելով, մի ափսե գտավ, դրեց դռան մուտքին, որ հարսը ջարդի, նոր ներս մտնի:
Մասիսի օգնությամբ ափսեն ավանդության համաձայն կոտրեցին, հարսը տուն մտավ, իսկ փեսան շտապեց միանալ ճակատ մեկնող տղաներին:
Երբ հանդիպման վերջում հարցրի` ինչպե՞ս կդասավորվեր կյանքը, եթե նրան կամքին հակառակ չփախցնեին, տիկին Վալյան առանց մտածելու ասաց, որ ինքը կրթություն կստանար եւ սիրած մարդու հետ կամուսնանար:
Նա ժպտալով պատմեց. «Մի օր ոտքերս ցեխում կորած՝ ես բանջարանոցն էի ջրում: Հանկարծ մեկը ինձ ձայն տվեց: Այն տղան էր, ում ես սիրում էի եւ խոստացել էի սպասել: Տեսնելով իմ վիճակը՝ երկու ձեռքով իր գլխին տվեց ու ասաց` բա ես քեզ ադպես կպահեի՞, բա դու դրա՞ն ես արժանի: Ի՜նչ արած, արդեն ուշ էր, շատ ուշ»:
Մեկնաբանել