HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Չեմ կարող հեռանալ այստեղից, քանի որ իմ ամուսինն այստեղ է կռվել եւ զոհվել

Մի քանի տարի առաջ Շուշիի փողոցներով քայլելիս շատերն էին հետ նայում եւ զարմացած հայացքով զննում նրան: Նախ՝ ուսի կիթառը, հետո էլ իր համար չնկատվող, բայց անցորդների ականջին հստակ հասնող քթի տակ երգելը ուշադրություն էին գրավում: Այսօր բոլորը նրան ճանաչում են եւ փողոցում հանդիպելիս կանգնում՝ բարեւելու եւ որպիսությունը հարցնելու համար:

Ջուլիետտա Առուստամյանը, ինչպես մտերիմներն են ասում՝ Ջուլիան, բարդ երգիչ է եւ աշխատում է Շուշիի մանկական երաժշտական դպրոցում: Սկզբում, երբ երաժշտական դպրոցը նոր էր բացվել, նա միաժամանակ եւ դաշնանամուրի, եւ վոկալի ուսուցիչ էր: Բայց արդեն 10 տարի է, ինչ Ջուլիան Շուշիի Ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավարն է:

«Ես վեցերորդ դասարանում էի սովորում, երբ իմ ավագ քրոջը յոթլարանի կիթառ նվիրեցին: Քույրս ընդհանրապես չնվագեց, իսկ ինձ հաջողվեց հանել մի լարը եւ դարձնել այն վեցլարանի: Քանի որ ես բարդ երաժշտությունը միշտ էլ սիրել եմ, սկսեցի կամաց-կամաց ինչ-որ բաներ հորինել ու նվագել: Եվ ահա վեցերորդ դասարանում առաջին անգամ երաժշտություն հորինեցի երիտասարդական ամսագրում տպագրված մի բանաստեղծության խոսքերի հիման վրա: Առաջին հանդիսատեսն իմ քույրերն էին ու նրանց ընկերները, ովքեր հաճախակի էին մեր տանը հավաքվում եւ միշտ խնդրում էին, որ ես երգեմ իրենց համար»,-պատմում է Ջուլիան:

Այդպես նա կամաց-կամաց ընկերացավ կիթառի հետ, եւ այն դարձավ Ջուլիայի կյանքի ամենադժվար պահերի մտերիմ «ընկերուհին»:

Նա խոստովանում է, որ «կիթառին պատմում էր» այնպիսի բաներ, որ չէր կարող անգամ մորը պատմել: Ջուլիան ծնվել ու մեծացել է ադրբեջանական Մինգիչավուր քաղաքում: Այնտեղ էլ նա երաժշտական կրթություն է ստացել. սկզբում տեղի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, ապա Վանաձորի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում:

1988 թ. նոյեմբերի 26-ին Ջուլիան, ամեն ինչ թողնելով ադրբեջանական Մինգիչավուր քաղաքում, ընտանիքով տեղափոխվեց Ղարաբաղ` հայրական Հաթերք գյուղ: Որոշ ժամանակ հետո չկարողանալով հարմարվել գյուղական կյանքին՝ նրանք հաստատվեցին Ստեփանակերտում:

«Ստեփանակերտում մենք ապրել ենք ուսանողական հանրակացարանում, մինչեւ ադրբեջանցիների կողմից դրա ռմբակոծումը: Այնուհետեւ 9 ամիս ապրել ենք Կիրովականում»,- պատմում է նա:

Շուշիի ազատագրումից անմիջապես հետո Ջուլիան, զավակի ձեռքը բռնած, ոտքով Ստեփանակերտից եկավ Շուշի ու մինչ այսօր ապրում ու աշխատում է այստեղ: Որպես հեղինակային երգիչ` նա հանդես է գալիս հիմնականում ընկերների նեղ շրջապատում, իսկ մեծ բեմերում հանդես գալու հնարավորություն չի ունեցել:

«1994 թ. Եղեգնաձորում կազմակերպված բարդ երաժշտության փառատոնին ես ներկայացրել եմ Արցախը եւ զբաղեցրել երրորդ մրցանակային տեղը: Այնուհետեւ 2002 թ. Արցախում կազմակերպված նմանատիպ փառատոնում առաջին տեղն եմ զբաղեցրել»,- ասում է Ջուլիան:

Նա ցավում է, որ նման փառատոները շատ քիչ են, համենայնդեպս Արցախում` չնայած ըստ Ջուլիայի՝ կան բոլոր նախադրյալներն դրանք կազմակերպելու: Արդյունքում եւ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա, եւ բարդ երաժշտությունը կզարգանա, եւ շատերը հնարավորություն կունենան իրենց տաղանդն ու կարողությունները ցույց տալ հանդիսատեսին:

«Ինչքա՞ն կարելի է խոհանոցում ընկերների համար նվագել: Երգը նման է նորածին մանուկի, երբ մայրը ուզում է բոլորին ցույց տալ, թե ինչ սիրուն ու քաղցր բալիկ ունի ինքը: Այդպես էլ երգն է հեղինակի համար. նա ուզում է, որ այն լսեն եւ գնահատեն: Շատ տաղանդավոր մարդիկ այսօր ստիպված են լինում հաճախ հեռանալ Արցախից, համենայնդեպս կայանալու համար: Կցանկանայի, որ ուրիշ կերպ լիներ»,- ասում է նա:

Աշխատանքին զուգահեռ Ջուլիան ստեղծել է երգի ստուդիա, որտեղ երեխաներին է փոխանցում իր գիտելիքները: Ջուլիան 30-ից ավելի երգերի հեղինակ է: Ռուսական կրթությունը բոլորովին չի խանգարում նրան հայերեն երգեր գրել: Իր գրած հայերեն երգը կատարելուց հետո նա ամոթխածությամբ ժպտաց ու ասաց, որ հայերեն ստեղծագործելիս իրեն «հաշմանդամ» է զգում, քանի որ այնքան էլ լավ չի տիրապետում:

«Բարդ երաժշտությունը գրելու համար պետք է մուսա լինի, այլապես միջին կարգի մի բան կստացվի: Իհարկե, կարելի է նստել ու գրել, բարդ երաժշտության ժանրը դա չի սիրում: Դու պետք է նախ եւ առաջ այդ ամենը զգաս, վերապրես, անցկացնես քո հոգու պրիզմայով, հետո միայն գրես»,- բացատրում է նա:

Ջուլիայի երգերի թեմատիկան բազմազան է, սակայն առանցքային թեման սերն է: Երգչուհու կարծիքով՝ երաժշտությունն ինքնին սեր է, որն օգնում է մարդուն կյանքի բոլոր պարագաներում, արտահայտում նրա ուրախությունը եւ սփոփում դժվարին պահերին:

Ջուլիայի կյանքում, երեք` Հույս, Հավատ, Սեր արժեքներից բացի, կա նաեւ Ազատության եւ Արդարության ծարավ: Ահա այդ ամենով էլ, ինչպես ինքն է խոստովանում, փորձում է ապրել, եւ դա արդեն ինքնըստինքյան է ստացվում:

Զրույցի վերջում պատասխանելով մեր այն հարցին, թե երբեւէ մտածե՞լ է Արցախից հեռանալու մասին` Ջուլիան ասաց. «Ես չեմ կարող հեռանալ այստեղից, քանի որ իմ ամուսինն այստեղ է կռվել եւ զոհվել: Մտքովս երբեք չի անցել եւ չի էլ անցնի, ինչ էլ որ ինձ խոստանան եւ ուր էլ որ կանչեն»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես շատեմ սիրում բարդ-երգի ժանրը. հատկապես կիթառով: Իմ ամենասիրելի երգչուհիներից մեկը այս ժանրում Մարիետա Բադալյանն է: Այսօր ինտերնետի միջոցով՝ (youtube և այլն) հնարավորություն կա հանդիսատեսին ներկայանալ,եթե հեռավոր ու փոքր բնակավայրերում են ստեղծագործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter